Միջազգային համայնքը Արցախի հիմնախնդրամի լուծումը պատկերացնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով և համառորեն պնդում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Միջնորդ կողմերը Արցախի հիմնահարցը փորձում են լուծել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների համատեղ կիրառման միջոցով: Ըստ նրանց պատկերացումների արցախահայությունը ԼՂԻՄ-ի սահմաններում պետք է ստանա ազատ կամաարտահայտման իրավունք և ունենա ցամաքային ուղիղ կապ Հայաստանի հետ, որը կհանդիսանա Լաչինի միջանցքը: Իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնելու ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս ազատագրված պատմական հայկական տարածքները: Հիմնախնդրի լուծման նման ճանապարհը անընդունելի է հակամարտ երկու կողմերի համար, Երևանը չի համաձայնվի Հայաստանի ու Արցախի միջև ընդամենը 30 կիլոմետր լայնությամբ ցամաքային միջանցք ունենալուն, իսկ Բաքուն՝ ամբողջ Արցախի կորստին:
Ստեղծված իրավիճակում խոսել մոտ ապագայում տվյալ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման մասին, պարզապես միամտություն է: Բայց դա չի խանգարում, որպեսզի արցախահայությունն ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում շարունակի ապրել ու արմատներ գցել արյան գնով ազատագրված հայրենիքում: Զինադադարից հետո համայն հայությունը իր ձեռքը մեկնեց պատերազմից ավերված ու արյունաքամ եղած Արցախին: Այս գործում իր անփոխարինելի ավանդն ու հսկայական ներդրումն ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Արդեն երկու տասնամյակ է ինչ հիմնադրամը իրականացնում է դրամահավաք ու աշխարհի տարբեր ծայրերից հայերի նվիրաբերած գումարներն ուղղում Արցախի ավերված ինֆրաստրուկտուրայի՝ հատկապես հաղորդակցման կոմունիկացիաների վերականգմանը: Այսպես, 1998 թ. շահագործման հանձնվեց Արցախը Հայաստանին կապող «Կյանքի ճանապարհ» կոչված մայրուղին: Դրանից հետո հիմնադրամը հանձն առավ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը, որի շնորհիվ կյանքի կոչվեց Արցախի ողնաշար հանդիսացող Մարտակերտ-Հադրութ ավտոճանապարհը:
Հիմնադրամի գործունեությունը կենսական նշանակություն ունի ոչ միայն Արցախում բնակվող հայերի, այլև ամբողջ հայության համար: Հիմնադրամը նպաստում է Արցախի սոցիալական պայմանների բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը, որի արդյունքում բարձրանում է բնակչության կենսամակարդակը: Դրա հետ մեկտեղ, հիմնադրամի ակտիվ գործունեությունը հզոր ազդակ է հանդիսանում համայն հայության համախմբման ու հայապահպանման գործընթացի համար: Հիմնադրամն իրականացնում է հումանիտար և մարդասիրական ծրագրեր՝ ջրագծերի անցկացում, ուսումնական կրթօջախների և բուժհիմնարկների կառուցում: Այս ամենով հանդերձ, հիմնադրամի գործունեությունն անուղղակիորեն ազդում է քաղաքական գործընթացների վրա:
Մինչև անցած տարի, հիմնադրամը ծրագրերն իրականցնում էր ԼՂԻՄ-ի սահմաններում և Լաչինի միջանցքում, այսինքն այն տարածքներում, որտեղ ըստ միջազգային հանրության կարծիքով արցախահայությունը պետք է որոշի իր ապագա քաղաքական ճակատագիրը: Հիմնադրամը բարեգործական ծրագրեր չէր իրականացնում ազատագրված տարածքներում, որոնք միջազգային հանրությունն ընկալում է գրավյալ շրջաններ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Սակայն անցած տարի հիմնադրամի հոգաբարձուները որոշեցին ամբողջապես վերականգնել Քարվաճառի տարածքով անցնող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը, որը ոչ միայն կդառնա Արցախը Հայաստանին կապող երկրորդ հուսալի ցամաքային ճանապարհը, այլև բարերար տնտեսական ազդեցություն կունենա մայրուղու մոտակայքում գտնվող Քարվաճառի հայկական գյուղերի համար:
Այսպիսով, հիմնադրամը սկսում է ծավալել իր գործունեությունն այն տարածքներում, որոնք միջնորդների ենթադրությամբ պետք է հանձնվեն թշնամուն: Հայտնի է, որ հանգանակված գումարների առյուծի բաժինը ստացվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հայությունից: Այսպիսով, միջնորդ երկրների հայազգի քաղաքացիները նպաստում են ազատագրաված տարածքներում տնտեսական ծրագրերի իրականացմանը: Այս երևույթը վերջին քսան տարիների ընթացքում հայկական սփյուռքի հասարակական ու քաղաքական կարևոր ձեռք բերումներից մեկն է: Հայ համայնքը ստեղծում է մի իրավիճակ, որի հետ ստիպված են լինելու հաշվի նստել միջնորդ կողմերը, քանզի բոլորին է հայտնի այն պարզ ճշմարտությունը, որ հողը պատկանում է նրան, ով ապրում է այդ տարածքում: Եվ այսօրվա հեռուստամարաթոնը նպաստելու է ոչ միայն ավտոճանապարհի կառուցմանն ու Քարվաճառում բնակվող մեր հայրենակիցների տնտեսական խնդիրների լուծմանը, այլև վերահաստատելու է պատերազմից հետո Արցախի ուԱդրբեջանի միջև ձևավորված պետական սահմանի իրողությունը, որը ոչ պակաս կարևոր խնդիր է քան Արցախի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը: Յուրաքանչյուր հանգանակություն ամրապնդելու է հայկական երկրորդ պետության քաղաքական դիրքերն ու ուժեղացնելու նրա աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում:
Սարգիս Լևոնյան