Մարդկության պատմության ընթացքում հզոր տերությունների պայքարի ժամանակ փոքր ազգերն ու պետությունները չկարողանալով խուսանավել հնարավոր սպառնալիքներից առաջին հարվածն իր վրա էին ընդունում: Հատկապես, դա ցայտուն երևաց Սառը պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ-Արևմուտք սուր քաղաքական առճակատման պայմաններում արյունալի զինված ընդհարումներ էին տեղի ունենում:
Այդպես էր նաև Կորեայում, որը մինչ օրս Սառը պատերազմի հետևանքով մասնատված է երկու հատվածների: Կորեացիների դառը ճակատագրին արժանացավ նաև Հնդկաչինի թերակղզու ժողովուրդը: 50-ակնների վերջում Դուայթ Էյզենհաուերի վարչախմբում փոխնախագահի պաշտոնը ստանձնած Ռիչարդ Նիքսոնը պնդում էր, որ անհրաժեշտ է ռազմական ճանապարհով Վիետնամում արմատախիլ անել կոմունիստական «վարակը», հակառակ պարագայում՝ այն կտարածվի ամբողջ Հարավ-արևելյան Ասիայով և կուժեղացնի այդ տարածաշրջանում ԽՍՀՄ-ի ազդեցությունը:
Տասնամյա պատերազմի ընթացքում սպանվեցին 2 միլիոնից ավել վիետնամցիներ, իսկ երկրի տնտեսությունը վերածվեց ավերակների, սակայն, ամերիկացիները չկարողացան հասնել իրենց նպատակին՝ կրելով քաղաքական ու ռազմական դառը պարտություն: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ երկու տերությունների միջև առկա աշխարհաքաղաքական պայքարը մտավ նոր փուլ, որի առաջին զոհը հանդիսացավ սերբ ժողովուրդը: Բալկանյան պատերազմի ընթացքում Արևմուտքը պաշտպանում էր կաթոլիկ խորվաթներին և մուսուլման բոսնիացիներին ու ալբանացիներին: Արևմուտքը ձգտում էր հնարավորինս թուլացնել ու մասնատել ուղղափառ սերբերին, որոնք Եվրոպայում Ռուսաստանի միակ հավատարիմ և վստահելի դաշնակիցն էին: Արդյունքում՝ Սերբիան ունեցավ տարածքային կորուստներ, իսկ սերբ ազգաբնակչության զգալի հատվածը կամ դուրս մնաց սերբական պետությունից կամ դարձավ փախստական: Ներկայումս էլ սերբերի դժվարությունները չեն ավարտվել, Բրյուսելը Բելգրադից պահանջում է ճանաչել Կոսովոյի անկախությունն և պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, հակառակ պարագայում կարգելի Սերբիային անդամակցել ԵՄ-ին:
Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հետևանքներից տուժում են նաև այլ փոքր պետություններ: ԱՄՆ-ն ձգտելով սահմանափակել ռուսական էներգակիրների մուտքն Եվրոպա՝ պարտադրեց բուլղարական կառավարությանը հրաժարվել «Հարավային հոսք» նախագծից: Բուլղարիան կարող էր դառնալ Արևելյան Եվրոպայի ռուսական գազի մատակարարման տարանցիկ կարևոր երկրներից, սակայն, չդիմանալով Վաշինգտոնի ճնշումներին՝ հրաժարվեց այդ նախագծից: Այս որոշումը թանկ նստեց Բուլղարիայի համար, վերջինս ոչ միայն զրկվեց հսկայական եկամուտներից, այլև կորցրեց տարածաշրջանում կարևոր տնտեսական գործոն դառնալու հնարավորությունից:
Այսօր Ռուսաստան-Արևմուտք հակամարտության թատերաբեմ է դարձել հետխորհրդային հանրապետությունների տարածքները: Անհաշտ պայքար է ընթանում յուրաքանչյուր հանրապետության համար և այդ պայքարի թեժ գծերն անցնում են Ուկրաինայի ու Վրաստանի տարածքներով: Սակայն, չի բացառվում, որ Մոլդովան նույնպես վերածվի թեժ գծի, Կրեմլը բացահայտ զգուշացնում է Քիշնևին եվրաինտեգրման քաղաքականության շարունակության դեպքում՝ կճանաչի ու կպաշտպանի Մերձդնեստրի բնակչության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև գագաուզների Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ստեղծելու ձգտումները: Վրաստանի նման փոքրիկ Մոլդովան չի կարող դիմանալ ազգամիջյան երկու հակամարտություններին և կկանգնի մասնատման սպառնալիքի առջև: Աշխարհաքաղաքական պայքարում չկան լավ և վատ կողմեր, յուրաքանչյուրն իրականացնում են «միջոցներն արդարացնում են նպատակը» հայտնի քաղաքկանությունը:
Այս դառը ճակատագրից անմասն չմնաց նաև հայ ժողովուրդը, որի ցայտուն ապացույցն էր Մեծ Եղեռնը: Հայերին կոտորելու գլխավոր դրդապատճառներից էր Թուրքիայի մրցակից Ռուսաստանի հավատարիմ դաշնակից լինելու հանգամանքը: Այսօր էլ Հայաստանը վճարում է իր քաղաքական քայլերի ու դիրքորոշումների համար:
Պաշտոնական Երևանի ԵՏՄ-ին անդամակցելու հայտարարությունից հետո, ՄԻԵԴ-ը չեղյալ հայտարարեց Դողու Փերինչեկի վերաբերյալ Շվեյցարիայի դատարանի ընդունած վճիռը՝ համարելով այն խոսքի ազատության խախտման դեպք, իսկ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց, որի համաձայն Արցախն ու ազատագրված հողերը համարվում են օկուպացված տարածքներ: Ինչքան սրվում են Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունները, այնքան մեծանում է Հայաստանի նկատմամբ վնասակար գործողությունների հնարավորությունը, և քանի որ մեր դիվանագիտությունը, մեղմ ասած, չի փայլում, մնում է հուսալ, որ գերտերությունների ուշադրությունը սևեռված կլինի Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Սիրիայի վրա, իսկ Հայաստանը, հուսանք, որ զերծ կմնա քաղաքական փոթորիկների հետևանքներից:
Սարգիս Լևոնյան