Վերջին տարիներին Իրանում և ԱՄՆ-ում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխությունները կողմերին ստիպել են վերանայել իրենց քաղաքականությունը: Իրանի միջուկային խնդիրը, որը երկար տարիներ Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունների հիմնական պատճառ է դարձել, զարմանալիորեն միջոց հանդիսացավ երկկողմ համագործակցության և հարաբերությունների կարգավորման համար:
Ի տարբերություն Իրանի նախկին նախագահ Ահմադի Նեժադի` Հասան Ռոհանիի Իրանի նախագահ ընտրվելուց հետո, Իրան-ԱՄՆ հարաբերություններում կատարվեցին կտրուկ փոփոխություններ:
Իրանի նոր իշխանությունների համար որպես կարևորագույն խնդիր դրվեց երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից, հնարավորինս մեղմացնել պատժամիջոցները, կանգնեցնել տնտեսության անկման գործընթացը:
34 տարվա լռությունից հետո,հեռախոսազրույց ունեցան Իրանի և ԱՄՆ-ի նախագահները, որին հաջորդեց 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև համաձայնագրի ստորագրումը:
Ոչ միայն Իրանի տնտեսությունը, այև ամերիկյան ու եվրոպական ընկերությունները (հատկապես նավթագազային ընկերությունները) տարեկան միլիարդավոր դոլարների վնասներ են կրում` պարզապես իրանական շուկայում բացակայելու հետևանքով:
Ներկայումս նավթի շուկայում խոշոր առաջարկ ներկայացնող երկրներն են՝ Սաուդիան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Քուվեյթը, Իրաքը, Վենեսուելան, Կատարը, Նիգերիան:
Հետաքրքիր է, որ այս տարի բացի գների շեշտակի անկումից նավթային շուկայում տեղի ունեցավ ևս մեկ ակնառու փոփոխություն՝ նավթի արդյունահանման ծավալներով ԱՄՆ-ն դուրս եկավ առաջին հորիզոնական, երկրորդ և երրորդ տեղում թողնելով Սաուդյան Արաբիային և Ռուսաստանին:
Իրանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից են եղել նաև Մեծ Բրիտանիան և Եվրամիության առանցքային երկրները: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի էներգետիկ և այլ բնագավառների խոշոր ընկերություններ պատրաստ են Իրանի հետ համագործակցությանը։
Իրանաամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար են ազդել ԱՄՆ-ի և’ տարածաշրջանի մյուս երկրների՝ հատկապես Սաուդյան Արաբիայի, և’ Թուրքիայի, ինչպես նաև` Իրանի արևելյան հարևան Պակիստանի հետ դաշնակցային կապերը: Այդ երկրները երբեք էլ շահագրգռված չեն եղել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարելավվեն:
Իրանաամերիկյան հարաբերությունների բարելավումը երկուստեք էներգետիկ-տնտեսական հետաքրքրությունների արդյունք են, դրանք թեև լուրջ փոփոխությունների են հանգեցնելու, սակայն միաժամանակ կապահովեն տարածաշրջանի հավասարակշռության համար ավելի կայուն նախադրյալների ձևավորումը:
Հետևաբար, շատ խնդիրների լուծում, այդ թվում Իրանի միջուկային հարցը, կախված են իրանաամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքից:
Արմինե Բեգլարյան