Քաղաքական Միջազգային Վերլուծական 

Աշխարհաքաղաքական մեծ խաղ է սկսվում կամ երրորդ համաշխարհային պատերազմ

Բեռլինի պատի քանդումից և սոցճամբարի փլուզումից հետո ավարտվեց աշխարհաքաղաքական մեծ խաղի փուլերից մեկը, որն ավելի շատ հայտնի է Սառը պատերազմ անունով: Մեծ խաղը անգլո-սաքսոնական ծովային տերությունների դեմ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ)  պայքարն է  ցամաքային տերությունների (Գերմանիա, Ֆրանսիա,  Ռուսաստան) դեմ:

 

Սառը պատերազմի ավարտից հետո,  Վաշինգտոնը հետևողականորեն իր ռազմաքաղաքական ազդեցությունն էր  հաստատում Արևելյան Եվրոպայում՝ երբեմն կիրառելով  «փափուկ ուժ»  իսկ երբեմն՝  գործի դնելով ռազմական ուժերը, ինչպես եղավ Հարավսլավիայում: Արդյունքում ձևավորվեց միաբևեռ աշխարահահամակարգ, որին բացահայտ ընդդիմանում էր Ռուսաստանը: Մոսկվան հատկապես ցավոտ ընդունեց Եվրոպայում իր միակ վստահելի դաշնակցի՝ Սերբիայի  դեմ իրականացրած ՆԱՏՕ-ի օդային հարվածները, որի արդյունքում Բելգրադը կորցրեց Կոսովոն:

Ուկրաինայի ճգնաժամի ի հայտ գալն ու Ղրիմի միակցումը Ռուսաստանին՝  աշխարհաքաղաքական Մեծ խաղի նոր փուլը եղավ: Այսօր շատերն են խոսում Սառը պատերազմի վերսկսման մասին՝ զգուշացնելով, որ այն կարող է ծանր հետևանքներ ունենալ հակամարտ կողմերի համար, քանի որ վտանգ կա որ այն կվերածվի թեժ պատերազմի: Այս դիրքորոշման հետ կարելի է մասամբ համաձայնվել, սակայն,  պնդել, որ աշխարհը թևակոխում է նոր Սառը պատերազմ՝ այդքան էլ ճիշտ չէ:

 

 Անցած դարի երկրորդ կեսում ստեղծված միջազգային դրությունը արմատապես տարբերվում է ներկայումս իշխող իրավիճակից: ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի առճակատման գլխավոր պատճառ հանդիսացող գաղափարական պայքարն այսօր վերափոխվել է տարբեր արժեհամակարգերի պայքարի: Արևմուտքն առաջնային տեղ է տալիս անհատի ազատություններին ու իրավունքներին, իսկ Ռուսատանի համար կարևոր տեղ են զբաղեցնում հոգևոր արժեքներն ու բարոյական նորմերը: Բացի այդ մեր օրերում համաշխարհային անվտանգությանը սպառնում են բազմաթիվ վտանգներ, որոնք առկա չէին անցած դարում՝ծայրահեղ իսլամիստների գործունեությունը,ահաբեկչության աննախադեպ ընդլայնումը, միջուկային զենքի տարածումը, կլիմայի փոփոխությունը և այլ սպառնալիքներ:

 

Այս ամենը նպաստում է, որպեսզի աշխարհաքաղաքական առճակատման մեջ գտնվող գերտերությունները ընդհանուր եզրեր գտնեն և դիմագրավեն մարդկության գլխին կախված վտանգները: Չնայած՝  երկու կողմերի լրատվական միջոցներն իրականացնում են բացահայտ քարոզչական պատերազմ, իսկ մեծ թվով քաղաքկան գործիչներ հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով, որը խորացնում է Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունները, միևնույնն է թե՛  Կրեմլում, թե՛ Սպիտակ տանը գիտակցում են այն հնարավոր սպառնալիքները, որն ի հայտ կգա ռազմական բախման պարագայում:

 

Այդ իսկ պատճառով ոչ Մոսկվան և ոչ Վաշինգտոնը երբեք չեն անցնի կարմիր գրծը: Սակայն դա չի խանգարի նրանց շարունակել աշխարահաքաղաքական պայքար մղել միմյանց դեմ: Մեծ խաղի նոր փուլի պայմաններում Ռուսաստանը գտնվում է աննախանձելի ու բարդ կացության մեջ: Տնտեսական ծանր իրավիճակը և քաղաքական մեկուսացումը դժվարացնում են Կրեմլին հավասար պայքար իրականացնել և դիմագրավել Արևմուտքի առաջխաղացումը դեպի արևելք: Ռուսաստանը, թե՛ տնտեսապես, թե՛  ազգաբնակչությամբ մի քանի անգամ զիջում է նախկին ԽՍՀՄ-ին, որը կործանվեց Սառը պատերազմի հետևանքով: Ներկայումս Մոսկվան Արևմուտքի հետ առճակատման պայմաններում փաստացի գործում է միայնակ, որն էլ ավելի է բարդացնում վերջինիս իրավիճակը:

 

Ռուսաստանին անհրաժեշտ է թուլացնել Արևմուտքի հետ լարված հարաբերություններն ու միջանկյալ լուծում առաջարկել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների հարցում: Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում Վ. Պուտինը մի կողմից մեղադրեց Ռուսաստանը Հարավսլավիայի նման մասնատելու ձգտումների մեջ և վերահաստատեց Ղրիմի անվերադարձ վերամիավորումը Ռուսաստանին, սակայն, մյուս կողմից՝  բառ անգամ չարտասանեց Լուգանսկի ու Դոնեցկի անջատականների մասին: Կարելի է եզրակացնել, որ Մոսկվան պատրաստ է Արևմուտքի հետ փոխզիջման գալ Դոնբասի հարցում : Իր հերթին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը բացասաբար վերաբերվեց Կիևի ոչ միջուկային երկրի կարգավիճակից հրաժարվելու ցանկությանը, որը կարող է ստիպել Ռուսաստանին դիմել էլ ավելի կտրուկ միջոցների: Սակայն,  սա չի նշանակում, որ Վաշինգտոնը չի շարունակելու ամեն կերպ աջակցել Կիևի իշխանություններին: Պարզապես երկու կողմերը փորձում են  ժամանակավորապես հանգստացնել քաղաքական կրքերը և ժամանակավոր դադար առնել նոր վճռական գործողություններից առաջ: Այսպիսով,  աշխարհաքաղաքական Մեծ խաղի նոր փուլը հետզհետ մտնում է իր իրավասությունների մեջ և հետագայում հսկայական ազդեցություն է  ունենալու միջազգային քաղաքական կյանքում:          



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից