Ուկրաինայի պատճառով ի հայտ եկած ռազմաքաղաքական առճակատման պայմաններում հատուկ տեղ են գրավում ռազմավարական առումով կարևոր տարածքները: Խոսքը ափամերձ շրջանների մասին է, որոնք աշխարհաքաղաքական պայքարի ժամանակ անգնահատելի նշանակություն են ձեռք բերում: Ծովային տերությունները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը մշտապես ձգտում են իրենց վերահսկողության տակ պահել այդ տարածքները, որպեսզի թույլ չտան ցամաքային տերություններին ելք ունենալ դեպի ծով և հնարավորինս չափով նրանց հետ մղել դեպի մայրցամաքի խորքերը: Ուկրաինայի ճգնաժամը առիթ հանդիսացավ Ռուսաստանի համար հետ վերադարձնել անչափ կարևոր ռազմավարական տարածք հադիսացող Ղրիմի թերակղզին: Կարճ ժամանակահատվածում Ղրիմի վերամիավորումը ԱՄՆ-ի և նրա ղեկավարած ՆԱՏՕ-ի զինված բլոկի համար՝ հանդիսացավ ռազմաքաղաքական լիակատար ձախողում: Շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի՝ Ղրիմը համարվում է Սև ծովի գլխավոր ռազմաստրատեգիական տարածք:
Ով տիրապետում է Ղրիմը՝ նա վերահսկում է Սև ծովի ամբողջ ավազանը: Այս հանգամանքը լավ են գիտակցում Վաշինգտոնում ու ցավոտ ընդունում այդ փաստը: Արևմուտքը պահանջում է Ռուսաստանից հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ խոստանալով հրաժարվել պատժամիջոցներից: Սակայն, բոլորի համար էլ ակնհայտ է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվի Ղրիմից: Նման ստեղծված իրավիճակում Ռուսաստանը ձեռք է բերում լուրջ ռազմական առավելություն ՆԱՏՕ-ի զինված ուժերի նկատմամբ: Կրեմլը գործնական քայլերով է ապացուցում այս ակնհայտ ճշմարտությունը: Ռուսաստանը հզորացնում է իր ռազմաօդային ուժերը թերակղզում՝ նոյեմբերին Բիլբեք օդանավակայանում տեղաբաշխելով 30 հատ Սու 30 կործանիչներ և ստեղծելով թերակղզու նոր ավիագունդ: Ռուսաստանի կողմից իրականացված այս գործողությունները մտահոգություն են առաջացնում ՆԱՏՕ-ի զինված ուժերում: Պատահական չէ, որ որոշ բարձրաստիճան սպաներ Ղրիմը համարում են սևծովյան տարածաշրջանի սպառնալիք: Ղրիմի կորուստը նվազեցրեց Ուկրաինայի աշխարհաքաղաքական դերը միջազգային հարաբերություններում: Առանց Ղրիմի Ուկրաինան փաստացի վերածվել է խոշոր ցամաքային պետության և կորցրել է հզոր ծովային երկիր դառնալու հնարավորությունը:
Ե՛վ Կիևում, և՛ Ուկրաինայում բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ղրիմը կորցրել են անվերադարձ, ու շատերը հաշտվել են այդ փաստի հետ, սակայն գերադասում են բարձրաձայն չարտահայտվել այդ մասին: Ներկայումս ՆԱՏՕ-ի զինված ուժերի վերահսկողության տակ են գտնվում Սև ծովի հարավային ու արևմտյան հատվածները, իսկ Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի ռազմական դաշնակից դառնալու հանգամանքը թույլ կտար ամերիկյան ռազմանավերին խարիսխ գցել ծովի հյուսիսային ափամերձ շրջաններում, սակայն առանց Ղրիմի ՆԱՏՕ-ի ուժերը չեն կարող ամբողջությամբ վերահսկել Սև ծովի ավազանը: Առանց Ղրիմի Ռուսաստանը անվտանգոըթյան տեսակետից չափազանց խոցելի կլիներ հակառակորդ ուժերի համար: Դրա հետ մեկ տեղ՝ Ղրիմը թիկունքից ապահովում է Հյուսիսային Կովկասի անվտանգությունը, որը հանդիսանում է Ռուսաստանի ամենաանկայուն ու հաճախակի դարձած ահաբեկչական գործողություններով տարածաշրջանը: Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատած Ռուսաստանը, ինչ որ չափով փոխհատուցեց Կրեմլի քաղաքական անհաջողությունները Ուկրաինայում, սակայն, այս քայլի համար Մոսկվան դեռ երկար ժամանակ շատ թանկ է վճարելու: Արևմուտքը շարունակելու է տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ կիրառել, բայց նման տնտեսական դժվարություններ հանուն Ղրիմի արժե կրել: Ղրիմը բոլոր առումներով՝ սկսած ռազմաքաղաքականից՝ մինչև պատմամշակութային Սևաստոպոլ նավահանգստով՝ հանդիսանում է Ռուսաստանի ռազմածովային կարևորագույն ռազմաբազան:
Սարգիս Լևոնյան