Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Պակիստանում չինական ռազմական նավահանգիստ կառուցելու լուրերն անհանգստացնում են ԱՄՆ-ին

analitik.am

Չինաստանը բանակցում է Պակիստանի հետ իր երկրորդ արտասահմանյան ռազմական նավահանգիստը կառուցելու շուրջ. Այս մասին գրում է Washington Times-ը: Ակնկալվում է, որ նավահանգիստը կառուցվելու է Պակիստանի Ջիվանի քաղաքում, որը գտնվում է անմիջապես Իրան-Պակիստան սահմանին և թույլ է տալիս վերահսկողություն սահմանել ամբողջ Պարսից ծոցի նկատմամբ:

Չինաստանի առաջին արտասահմանյան ռազմական բազան Ջիբութիում է կառուցվել։ Չինաստանը պնդում է, որ այն զուտ լոգիստիկ կենտրոն է, որը սպասարկում է ծովահենների դեմ պայքարող իրենց ռազմածովային խումբը: Սակայն փորձագետները միանշնական արձանագրում են, որ այդ ռազմաբազան կոչված է վերհասկողություն սահմանել Կարմիր ծովի և Սուեզի նեղուցի նկատմամբ: Այսպիսով, Պակիստանում ռազմաբազա ավելացնելով Չինաստանը հնարավորություն կստանա ամբողջովին վերահսկել Արաբական թերակղզու ծովային ուղիները, իսկ Իրանի «քաղաքական բարեկամների» օգնությամբ վերահսկել նաև աշխարհի խոշորագույն նավթի արդյունաբերություն ունեցող Սաուդյան Արաբիայի ցամաքային ճանապարհները:

Հավանաբար, ԱՄՆ նախագահը, հունվարի 1-ին Պակիստանին մեղադրելով ահաբեկիչներին թաքցնելու մեջ, իրականում հենց այս իրողությանն էր արձագանքում, քանի որ Պակիստանի բարդ հարաբերությունները ծայրահեղ իսլամականների հետ նորություն չպիտի լինեին ոչ մեկի համար, առավել ևս՝ մինչ այդ Պակիստանի հետ սերտորեն համագործակցող ԱՄՆ-ի նախագահի համար: Պակիստանը, սակայն, ակնարկը արհամարեց՝ 4 օր անց  պատասխանաելով, որ ծրագրում է Չինաստանի հետ առևտրային հարաբերություններում անցնել չինական յուանի կիրառմանը։ Սա մի կողմից ռևերանս է Պակիստան-Չինաստան տրանսպորտային միջանցքում չինական ներդրումների կտրուկ ավելացմանը, մյուս կողմից հակահարված էր երբեմն չափազանց էքսցենտրիկ ԱՄՆ ղեկավարի թիմի սրբերի սրբոց համարվող դոլարին:

Այս զարգացումները պետք է ՀՀ արտաքին գերատեսչության ուշադրությանն արժանանա, քանի որ Իսրայել-Պակիստան-Սաուդիան Արաբիա եռյակը տասնամյակներ շարունակ եղել է տարածաշրջանում ԱՄՆ ներկայության հենասյունը: Հենասյուն, որի հիմքը, փաստորեն, խարխլվում է Չինաստան-Իրան զույգի կողմից: Հիշեցնենք, որ այդ եռյակից երկուսը՝ Պակիստանն ու Սաուդիան Արաբիան, Հայաստանի գոյությունն առհասարակ չեն ընդունում դիվանագիտական դաշտում ու բավական կոշտ են արտահայտվում քաղաքական ելույթներում: Մինչդեռ, Իսրայելը, զուտ դեկորատիվ դիպլոմատիկ հարաբերություններ պահպանելով Հայաստանի հետ, այնուամենայնիվ, ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին, այլ նաև իր ԱԹՍ-ների օպերատորների միջոցով մասնակցել է Արցախի Հանրապետության դեմ 2016-ին սանձարձակված պատերազմին և բազմաթիվ կորուստներ հասցրել ՊԲ անձնակազմին և կամավորներին:

Մեկ այլ հետաքրքիր զուգադիպություն էլ. Պակիստանի առաջատար անգլալեզու պարբերականում վերջին երկու շաբաթում տեղ գտած երկու հոդվածները հետևյալ վերնագրերով են. 1) Կարող է արդյո՞ք հարիսան ջերմացնել հայ-պակիստանական հարաբերությունները, 2) Հայոց լեզվի և ՈՒրդու լեզվի անակնկալ նմանությունները: Թեպետ երկու հոդվածներ էլ տպված են մշակութային նորությունների բաժնում, բովանդակությունը բավականին քաղաքական է՝ հայ-պակիստանական հարաբերությունների կարգավորման կոչերով լի:

Միգուցե արժե՞, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուշադրությունը հայոց ցեղասպանության փաստը մերժող Իսրայելից շեղի դեպի արտաքին քաղաքական այլընտրանքային վեկտորներ հաստատող Պակիստան։

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից