Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Անպատասխանատու լինելու արվեստը. Կարապետյանի ամփոփիչ հարցազրույցի վերլուծություն

analitik.am

2017-ի քաղաքական տարին փակվեց բավականին հագեցած օրակարգով: Կառավարությունը վերջին շաբաթներում արագացված տեմպով որոշումներ էր կայացնում՝ հաճախ կարևորագույն հարցերն ընդունելով առանց զեկուցելու: Ընդ որում, եթե իրանական գրանտով սարքած բաշխման ցանցը «Գազպրոմ»-ին անհատույց ու անժամկետ նվիրելն ընդունվեց առանց զեկուցվելու՝ քաղաքական ռիսկերից խուսափելու համար, ապա այլ, ոչ պակաս կարևոր նախագծեր, հապճեպ ընդունվում և ուղարկվում էին ԱԺ, քանի որ մինչև տարեվերջ պարտադիր ընդունման ենթակա նախագծեր կային: ԱԺ-ն էլ իր հերթին էր ցայտնոտի մեջ, մի արտահերթ նիստի ընթացքում փորձում էր քննարկել մինչև քսան հարց: Ընդդիմադիրների բողոքներն առ այն, որ ֆիզիկապես հնարավոր չէ հասցնել նման սեղմ ժամկետներում ուսումնասիրել նախագծերը, մնում էին անարձագանք, որովհետև նպատակներից մեկն էլ հենց դա էր՝ հնարավորինս զերծ մնալ «շառոտ» նախագծերի քննարկումից և դրանց հետ կապված վարկանիշային ռիսկերից:

Սակայն, սա համարվում է քաղաքական հագեցած օրակարգ՝ իր ավանդական, ակադեմիական բնորոշմամբ: Մինչդեռ, Հայաստանի կայացած քաղաքական մշակույթի ներքո տարվա քաղաքական օրակարգը սպառվեց Ազգ-Բանակ հայեցակարգի շրջանակներում նախագծերի ընդունմամբ: Օրակարգը սպառվեց, որովհետև մեծ առումով ո՛չ ընդդիմադիրներին, ո՛չ ԶԼՄ-ներին, ո՛չ էլ քաղաքացիական հասարակությանը երբեք հետաքրքիր չի եղել՝ ինչու պետք է արդյունաբերական ֆոտովոլտային կայանների սակագինը հիմք հանդիսանա մանր արտադրողների համար հարցը: Վիգեն Սարգսյանի արտաքին տեսքի նրբությունները հետաքրքիր էին, իսկ բնակչության կոմունալ ծառայության սակագինը՝ ոչ։

Անշուշտ, այս ուշադրության ցրվածության ու ամանորյա հոգսերի հաշվարկով էր կառավարությունը վերջին օրերին թողնում պոտենցիալ աղմկահարույց որոշումները: Տարվա վերջին օրերին էր թողնված վարչապետի պաշտոնավարման ընթացքում առաջին՝ իրականին նմանվող հարցազրույցը: Իր ոճով առանձնացող Կարեն Կարապետյանը հարցազրույց տալուց նույնպես առանձնացավ յուրահատկությամբ՝ իր հետ հարցազրույցի բերեց կառավարության ևս 7 անդամ: Մի կողմից դեկտեմբերին 28-ին որևէ ԶԼՄ նույնիսկ ցանկության դեպքում չէր կարողանալու անդրադառնալ մի հարցազրույցի, որտեղ տետ-ա-տետ ֆորմատով շատ դժվար կլիներ սովորության համաձայն հարցերի պատախանները լղոզել, մյուս կողմից «հրաշալի յոթնյակից» բաղկացած «թիկնազորը» հարկ եղած դեպքում կօգներ էշը ցեխից հանել: Իսկ եթե անդրադառնային էլ, աշխարհում նախադեպը չունեցող, էքսկլյուզիվ տետ-ա-տետ+տետ+տետ+տետ+տետ+տետ+տետ+տետ ֆորմատով հարցազրույցն ամանորի շեմին կարդացող չէր ունենա:

Բուն հարցազրույցը, ինչպես նաև Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ամբողջ ընթացքը, անցավ անպատասխանատվության մթնոլորտում: Ընդ որում, եթե պաշտոնավարման սկզբում նա անպատասխանատու խոստումներ էր տալիս, ապա հիմա, կոնկրետ այս հարցազրույցում նա արդեն ստիպված էր խուսափել փաստացի արդյունքներին վերաբերող հարցերից: Առհասարակ, պետք է նշել, որ ներկայիս վարչապետի մեկ ու կես տարվա այս «նախընտրական արշավը» շատ ծանր փորձություն կլիներ ցանկացած գործչի համար: Միայն ԱՄՆ-ում է, որ գործող նախագահը նորից առաջադրվելիս ստիպված է 18 ամսի քարոզարշավ անել և պատասխանատվություն ստանձնել իր կառավարության փաստացի արդյունքների համար:

Լրագրող Բաբկեն Թունյանի առաջին իսկ հարցին, թե արդյոք Կարապետյանը կարող է նշել գոնե 3 կետ, որոնցից բավարարված չէ, վարչապետը խուսափում է պատասխանել՝ հասկանալով, որ նախաապրիլյան արշավի վերջնամասում վտանգավոր է առանց այդ էլ դեմոռալիզացված թիմին հարվածել (հարցազրուցի հրապարակվելուց օրեր անց մամուլում գրեցին, որ Էներգետիկայի նախարարը խնդրել է իրեն ազատել պաշտոնից): Ընդ որում, այս մոտեցումը նա պահպանել է պաշտոնավարման ողջ ընթացքում՝ «վատամարդ» լինելու, այսինքն պատժելու պատասխանատվությունը բարդելով նախագահի վրա։ Վարչապետը շարունակաբար թիրախավորել է միայն այն «թիմակիցներին», որոնք իր թիմի անդամ չեն և ակնհայտ է, որ չեն լինի ապագայում, օրինակ՝ Արծվիկ Մինասյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արամայիս Գրիգորյանը, որոշ քաղաքապետեր (նույնպես Արարատի մարզում): Մինչդեռ, Կարապետյանի հիմնական մրցակից Վիգեն Սարգսյանն ակտիվորեն հեռացնում ու նույնիսկ քրեական գործեր էր հարուցում ՊՆ-ում, իսկ կառավարության այլ մարմիններում այդպես էլ չիմացանք՝ ով էր պատասխանատու նախկին չարաշահողների համար:

Լրագրողի մյուս հարցը վերաբերում էր ստեղծված իրավիճակի պատճառներին, որին ո՛չ վարչապետը, ո՛չ «գերազանց յոթնյակը» չպատասխանեցին: Կարապետյանը սահմանափակվեց ընդհանրական ձևակերպումներով՝ «օբյեկտիվ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր, կառավարման մեջ թերացումներ» և հավելեց՝ «էջը փակեցինք» ի նշան իր նախորդներին ձեռք չտալու սկզբունքին: Սա նույնպես շատ տրամաբանական է, քանի որ Վիգեն Սարգսյանին վարչապետ դառնալու համար անհրաժեշտ է միայն Սերժ Սարգսյանի քվեն, ինչը կնշանակի, որ նույն պաշտոնին հավակնելու համար Կարապետյանին անհրաժեշտ են հանրապետությունում բոլոր մնացած քվեները՝ չհաշված Վլադիմիր Գասպարյանին, Սուրիկ Խաչատրյանին, Արամայիս Գրիգորյանին և նախագահին անվերապահորեն հավատարիմ այլ մարդկանց: Այս առումով, ոչ մի դեպքում չի կարելի բացել Գագիկ Բեգլարյանի, Հովիկ Աբրհամայանի և այլոց «փակված էջերը»: Կարելի է բողոքել Հյուսիս-Հարավից, բայց չի կարելի պատասխանատու գտնել: Վերջիվերջո, յուրաքանչյուրն իր պահարանում ունի նմանատիպ մի «Հյուսիս-Հարավի» կմախք:

Երբ հերթը հասավ երևի թե ամենաշատ արծարծված 850 միլիոն դոլարի ներդրումների թեմային, վարչապետը փորձեց լղոզել՝ ասելով՝ «մենք չենք ասել՝ դրանք ներդրումներ են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են», իսկ հետո ավելացրեց, որ կա տեխնիկական խնդիր կատարված ներդրումները հաշվառելու հետ: Թունյանի ճշգրտող հարցին՝ արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ համեմատել 2017-ի ու 2016-ի տվյալները, վարչապետը բացասական պատասխանեց՝ պատճառ բերելով վիճակագրության բացակայությունը: Համապատասխան թիվ ձեռքի տակ չունեին նաև հարցազրույցին մասնակցող մնացած 7 կառավարության անդամները: Փաստացի արդյունքների փոխարենը նրանք նորից պատմեցին, թե ինչ ներդրումներ է պլանավորվում տարբեր ոլորտներում: Էներգետիկայի նախարարը պատմեց ակնկալվող ներդրումներից Շնող ՀԷԿ-ում, կոշտ թափոնների վերամշակման ոլորտում: Նա պատմեց նաև TESLA-ի կուտակիչների անհրաժեշտության մասին՝ ակամայից վկայելով, որ իր փոխնախարարը, ով համատեղման կարգով նաև վարչապետի փեսան է, առնվազն անբարեխիղճ էր, երբ նույն տարվա մայիսին հայտարարում էր, որ կուտակիչների մեջ ներդրում կատարելը «բացարձակապես... առավելություն չի տա»:

Հաջորդ հարցը վերաբերում էր այն ծրագրերին, որոնք տարբեր գերատեսչություններ զարգացրել էին ու պիտի ներկայացնեին պոտենցիալ ներդրողներին: Լրագրողը հետաքրքվեց դրանց փաստացի ընթացքից: Վարչապետը նորից երկար խոսեց ապագա անելիքներից ու նշեց, որ 100 ծրագրից 24-ը իրագործվել է, իսկ 19-ը քննարկվում է: Թե ինչ գումարների կամ բնույթի ծրագրերի մասին է խոսքը, չմանրամասնեց, սակայն նշեց, որ փողը կա, ծրագրեր՝ չկան: Լրագրողի ճշգրտող հարցին, թե կֆինանսավորվե՞ն ներդրումների կայքում առկա տասնյակ ծրագրերը, վարչապետը պատասխանեց՝ «Այնպես չէ, որ փողն անվերջ է»: Այդ պահին «շեֆին» փորձեց օգնել գարուն-ամառ 2017 մեդիա մանիպուլյացիաների սեզոնում սեփական մոտալուտ հրաժարականի մասին «լուրեր» կարդացող Կարայան Սուրենը, ով ի դեպ բավականին տպավորիչ թվեր ներկայացրեց իր գերատեսչությունից:

Այն հարցին, թե արդյո՞ք վարչապետն իր սեփական միջոցներից ներդրումներ արել է, Կարապետյանը պատասխանեց՝ «անելու եմ, և անում եմ», բայց փակագծերը կբացվի, երբ որ իրագործվի: Այսինքն, անելն ու իրագործելն այս դեպքում տարբեր բան էին նշանակում:

Այնուհետև Թունյանը հարցնում է՝ արդյո՞ք վարչապետը հետամուտ է լինելու իր խոստմանը՝ վերանայել հարկային օրենսգիրքը, եթե հարկային հավաքագրման հետ խնդիր չլինի: Վարչապետի՝ երկու պարբերությունից բաղկացած պատասխանում բավական երկար ժամանակ պատասխան ման գալուց հետո ես հանձնվեցի: Կարապետյանը հերթական անգամ հավաստիացրեց, որ կառավարությունը տրամադրված է «որպեսզի Հայաստանում ձևավորվի այնպիսի բիզնես միջավայր, որ բիզնես անելը հեշտ լինի, բիզնես անողի համար մաքսիմալ կոմֆորտ լինի, բիզնեսմենն իրեն ապահով և անվտանգ զգա»:

Հերթը հասավ արտաքին առևտրին և այն փաստին, որ կառավարության կողմից արձանագրած ռեկորդները իրականում վկայում են նրա մասին, որ առևտրի բացասական սալդոն միայն աճում է, վնաս հասցնելով տնտեսությանը և անհնար դարձնելով վարչապետի՝ արտահանումը և ներմուծումը հավասարեցնելու խոստումը։ Այս հարցի շուրջ վարչապետը նշեց՝ «ներմուծման մեջ 51%-ից ավելին կապիտալ և շրջանառու միջոցներն են» ու անմիջապես «բռնվեց», քանի որ լրագրողը հիշեցրեց, որ ԱՎԾ տվյալներով կապիտալ ապրանքների ներմուծումը, ոչ թե 51, այլ 15 տոկոս է: Հասկանալով անհաջող արդարացման փորձի խայտառակ տապալումը՝ նախարարների կեսը, իրար հերթ չտալով, փորձեցին փրկել իրավիճակը: Արդյունքում հանգեցին հաջորդ վիճակագրական գլուխկոտրուկին։ Ընթերցողի համար գաղտնիք մնաց նաև, թե ինչպես կարող է սպառումն աճել մի երկրում, որտեղ եկամուտները չեն աճել: Այս հարցի շուրջ տարիներ շարունակ պիտի գլուխ կոտրեն բազմաթիվ տնտեսագետներ:

Հաջորդ «պատրոնի» վրա գրած էր աղքատություն: Թունյանը հիշեցրեց վարչապետի խոստումը՝ 6 տարում աղքատությունը նվազեցնել 12 տոկոսով և հարցրեց՝ արդյո՞ք դա հնարավոր կլինի անել, հաշվի առնելով, որ երկու տարի արդեն անցել է, իսկ աղքատությունը չի նվազել: Վարչապետը Թունյանին վստահեցրեց, որ լավ է լինելու: Թի ինչպես կամ ինչի հաշվին, կրկին չասաց:

Զրույցի մնացյալ մասում նույնպես որևէ հարցի որևէ կոնկրետ պատասխան չհնչեց՝ բացառությամբ մեկի՝ արդյո՞ք ապագա վարչապետի անվան անորոշությունը չի՞ ազդում բիզնեսի և տնտեսության վրա, վարչապետը պատասխանեց կարճ ու կոնկրետ՝ «Ցավոք սրտի, այդպես է»: Ըստ էության, սա միակ հարցն էր, որին վարչապետը ցանկացավ կամ կարողացավ պատասխանել: Հարկ է նշել, որ Թունյանը խուսափեց շոշափել բազմաթիվ սկանդալային թեմաներ: Որպես տեխնոկրատ ներկայացող վարչապետից նա ապարդյուն փորձում էր ստանալ տեխնիկական բնույթի պատասխաններ:

Պատասխաններ չկային, որովհետև պատասխանելու դեպքում պատասխանողը պետք է ստանձներ պատասխանատվություն, ինչը ուղղակիորեն հակասում է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքական հետագծին: Անհրաժեշտ է հնարավորինս հեռու մնալ «շառոտ» թեմաներից՝ ԵՄ-ի շրջանակայինից, ընտանեկան բռնությունից, Ազգ-բանակից՝ փոխարենը սահմանափակվելով անշառ թվացող կենացներով: Սակայն պրակտիկան և սոց հարցումները ցույց տվեցին, որ այս մարտավարությունը, մեղմ ասած, անհաջող էր և, ըստ այդմ, Կարապետյանի նախընտրական արշավը տապալված է:

Ցավոք, սա նշանակում է, որ, ինչպես 2016-ի ամռանը, 2018-ի գարնանը նույնպես Հայաստանում հեղաշրջում անելու միակ ճանապարհը կմնա բռնությամբ զուգորդվող գործողությունները: Մնում է հուսալ, որ այս անգամ ՀՀ իրավապահները չեն հապաղի:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից