Երեկ երեկոյան ՖԲ հայկական տիրույթում ԵԼՔ դաշինքի որոշ անդամներ, արտատպելով թանկացումների դեմ պայքարելու կոչերով ստատուսները, համաքաղաքացիներին հրավիրեցին երթի՝ ի նշան բողոքի: Նույն օրը որոշ վերլուծաբաններ հասցրեցին նկատել այդ կոչերի նմանությունը հարևան երկրում անկարգություններ հրահրած կոչերին: Ու թեև հանրությանը հղվող մեսիջների մակարդակով նմանություն իրոք կա, բայց բուն թանկացումների պատճառահետևանքային կապն այլ է։
Իրանը, թեև ռեսուրսներով բավականին հարուստ երկիր է, ստիպված է բավականին ձիգ կապել գոտին, քանի որ տասնամյակներ շարունակ գտնվում է պատժամիջոցների ազդեցության տակ, ինչը թույլ չի տալիս այդ երկրին լիաթոք շունչ քաշել առանց տնտեսության ռազմավարական ճյուղերի մասնավորեցման, ասել է թե՝ արևմտացման: Այդ երկրի քաղաքական առաջնորդները հավատարիմ են իրենց տեսլականին՝ պատժամիջոցներից ձերբազատվել պարտադրանքի, այլ ոչ թե զիջումների միջոցով։ Ըստ այդմ, Իրանն ահռելի գումաներ է ներդնում արտաքին մշակութային էքսպանսիայի և անվտանգության ծառայությունների մեջ: Սա իր հերթին բավականին ազդում է այդ երկրի քաղաքացիների գնողունակության վրա: Ոչ բոլորն են կիսում երկիրը ղեկավարող կրոնավոր առաջնորդների անկոտրուն դիրքորոշումը, ուստի պարբերաբար բնակչության որոշ զանգվածների մոտ դժգոհություն է կուտակվում, որը այս կամ այն դրդապատճառներից ելնելով արտացոլվում է զանգվածային անկարգությունների միջոցով:
Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է. այստեղ տեսլականը ոչ թե արևմուտքի հետ սկզբունքային պայքարում գաղափարական հաղթանակն է, այլ զուտ ֆիզիկական անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը: Պետության հիմնական նպատակն է ապահովագրել իր բնակչությանը կործանարար պատերազմից և հիմնական քաղաքական դիսկուրսները պտտվում են այդ առանցքի շուրջ: Նույն առանցքի շուրջ էին նաև ԵԱՏՄ մտնելու ամենահնչեղ հիմնավորումները: Սա է պատճառը, որ թե անդամակցելուց և թե նույն ԵԼՔ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին լսումների ժամանակ մեծ մասամբ արհամարվեց դրա տնտեսական ենթատեքստը: Մինչդեռ, տեղի ունեցած թանկացումները բխում են հենց այն կարգավորումներից, որոնք նախապես հայտնի էին և որպես արտոնություն հետաձգվել էին: Հարկ է նաև նշել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով Հայաստանը ոչ միայն ստորագրեց անխուսափելի թանկացումների տակ, այլ նաև խուսափեց էներգակիրների և թանկարժեք քարերի ներմուծման մաքսատուրքերի կտրուկ աճից: Սա կարևորագուն հանգամանաք է, քանի որ առաջինը ներմուծումների հիմնական հատվածն է, իսկ մյուսը՝ արտահանման մոտ 5 տոկոսն է կազմում: Կոպիտ ասած, առանց լուրջ տնտեսական հետազոտության, շատ դժվար է ասել՝ արդյո՞ք նույն մթերքը չէր թանկանա էլ ավելի շատ, եթե Հայաստանը չմտներ ԵԱՏՄ: Ցավոք, իրենց ելույթներում ընդդիմադիրները նման հետազոտությանը հղումներ չեն անում:
Սակայն, սա, անշուշտ, որևէ կերպ չի նվազեցնում բողոքի հնարավոր ակցիայի պոտենցիալը: Պոտենցիալը կարող է նվազեցվել բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներով՝ սկսած հռետորների ունակությունից, վերջացրած տաղանդով, սակայն ազդեցության գործոններում օբյեկտիվ մաթեմատիկական հաշվարկը լինելու է վերջին տեղերում: Ավաղ, սա է արդի քաղաքական մշակույթը Հայաստանում: Զրկված լինելով թե քաղաքական և թե տնտեսական ակադեմիական հենքից՝ այն սերտաճած է քաղաքացիական հարթության հետ և դժվար է տարբերվում:
Ըստ այդմ, բուն քաղաքացիական բողոքի թեմա հանդիսացող թանկացումների փաստը շատ հանգիստ կարող է վերածվել քաղաքական ենթատեքստով պայքարի: Սա, ի դեպ, ևս մի նմանություն է մեր հարևաններին: Այնտեղ սկսում էին բողոքել հավկիթի թանկացումից, շարունակում էին աշխարհաքաղաքական ամբիցիաների զսպման կոչերով, իսկ ավարտում վանկարկելով «մահ Ռուհանիին» և նույնիսկ, ինչքան էլ անհավանական թվա «անզեն» աչքին՝ «մահ Ռուսաստանին»:
Հաշվի առնելով Հայաստանում այս տարվա գարնանը նախատեսված համակարգային տրանսֆորմացիաները դեպի պառլամենտական հանրապետություն, մեր երկրում նույնպես մսի և կարագի թանկացումը շատ հանգիստ կարող է վերածվել բանակում կորուստների դեմ բողոքի ակցիայի, որն էլ իր հերթին՝ բանտարկված անձանց ազատման պահանջի և ավարտվել վարչապետի կամ գոնե նախագահի պաշտոնի հարցում կոմպրոմիսի փնտրտուքով: Ընդ որում, եթե «մահ Ռուսաստանին» կոչը Իրանում եզրափակում էր անկարգությունների օրակարգը, մեր դեպքում այդ կոչի հնչեցումը կարող է սահմանափակվել միայն ամենասկզբնական փուլերով:
Հեղինակ՝ Արթուր Դանիելյան