Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Աջ ղեկով մեքենաների արգելքը՝ Տիգրան Սարգսյան-Կարեն Կարապետյան անտոգոնիզմի համատեքստում

analitik.am

ՀՀ Կառավարությունը, հետամուտ լինելով ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, որոշել է արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: Հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ-ը Հայաստանում առանձնապես չի փայլում իր վարկանիշով՝ որոշ հարցումների համաձայն մոտ 30% մարդ է այդ միությանը դրական վերաբերվում, ՀՀ կառավարությունն արգելքները հիմնավորելիս այլ պատճառներ է բերում՝ հիմքում դնելով անվտանգությունը։ Ավելին, չեն էլ փորձում հիմնավորել դիրքորոշումն օբյեկտիվ ցուցանիշներով․ Չի հրապարակվել աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ ավտովթարների վիճակագրություն, գուցե նման տվյալներ չկան էլ, իսկ եթե կան՝ այդքան ձեռնտու չեն այս օրինագիծն առաջ տանողների համար:

Հայաստանը ՃՏՊ-ների քանակով աշխարհում առաջատար երկրներից է, սակայն հարկ է նշել, որ ԱՄՆ-ում խախտումների ցուցանիշով հայաբնակ Գլենդել քաղաքն ամենաանպարտաճանաչ վարորդների մասով զբաղեցնում է «պատվավոր» երկրորդ հորիզոնականը։ Մենք, իհարկե, լրջագույն խնդիր ունենք ճանապարհների անվտանգության հետ կապված, սակայն համապատասխան կարգավորումները նախ պետք է թիրախավորեն կրթական համակարգը, աղավաղված մեդիա դաշտը, պետական քարոզչության ընդհանուր միջավայրը, հետո միայն աջ ղեկով մեքենաների նման մանրուքներով զբաղվեն:

Իրականում խնդիրն այն է, որ Ռուսաստանում արդեն գործում են աշխարհի բոլոր խոշոր ավտոարտադրողների գործարանները, իսկ որոնք էլ չկան ՌԴ-ում, կան Ղազախստանում, Բելոռուսում, նույնիսկ Ղրղստանն է Ուզբեկստանի հետ բանակցում «իրենց» Հարավ կորեական կոնցեռներից մեկի հետ պայմանագիր կնքելով: Այս երկրներին պետք չէ ավելորդ մրցակցություն՝ ի դեմս ներմուծվող երկրորդական շուկայի, առավել ևս էականորեն ավելի էժան ճապոնական երկորդական շուկայի: Սա է պատճառը, որ արգելվում են ոչ միայն աջ ղեկով մեքենաները, այլ նաև մեքենա ներմուծողները լուրջ խոչընդոտների են հանդիպելու: ԵԱՏՄ-ի հանձնաժողովն էլ շատ իրավաչափ ձևով ԵԱՏՄ-ի շուկան «նստեցնում» է ԵԱՏՄ-ի արտադրանքի վրա:

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները, իմանալով, որ ինչ-որ պահի լինելու է այդ արգելքը, վաղաժամ սկսել էին համապատասխան աշխատանքներ իրականացնել և հիմա բացի Հայաստանից բոլորն ունեն ինչ-որ հզորություններ, ինչն էլ թույլ կտա պայքարել ԵԱՏՄ ավտոշուկայում ինչ-որ տոկոս ունենալու համար։ Հայաստանում «Երազ» գործարանը դարձել է «Երազ» թաղամաս, որովհետև արտագաղթից չորացող երկրին բնակելի տարածքն ավելի անհրաժեշտ էր, քան ավտոարդյունաբերությունը:

Կրկնեմ՝ ԵԱՏՄ-ի որոշումը միանշանակ ճիշտ է: Ներքին շուկան պետք է պաշտպանել և շահագործել, սա ոչ պակաս ռեսուրս է, քան նավթն ու մոլիբդենը: Ուղակի ստացվում է, որ մենք մեր պղինձն ու մոլիբդենը սեփականաշնորհել ենք, իսկ Ռուսաստանը պետականացրել է նավթը ու Հայաստանին նստացրել իր նավթի վրա: Նրանք դա արել են նաև գազի, զենքի, բանկերի, կապի և բազմաթիվ այլ բնագավառներում, հիմա էլ ցուցակին ավելացնում են ավտոշուկան: Այժմ մենք պետք է ռուսական բենզինն ու գազը սպառենք Ռուսաստանում արտադրված մեքենաներով։ Կրկնում եմ երրորդ անգամ՝ սա միանգամայն իրավացի և ճիշտ ռազմավարություն է:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը կարողանում է ամեն կերպ շահագործել այս միությունը: Նույնն ավելի քիչ չափով անում են Բելոռուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Սակայն Հայաստանը չափազանց սուբյեկտիվ պատճառներով դուրս է մնում ինտեգրացիոն գործընթացներում սեփական շահերը պաշտպանելու այս մրցավազքից:

ԵԱՏՄ-ի հայազգի պաշտոնյաների հետ մասնավոր առանձնազրույցների ժամանակ հաճախ կարելի է լսել նրանց արդարացի զայրույթը ՀՀ կառավարության հանդեպ: Կոնկրետ նշվում է, որ ԵՏԱՄ-ի նախաձեռնություններն ընդունվելուց առաջ շրջանառվում են անդամ պետությունների նկատողություն-առաջարկները ստանալու համար: Միայն Հայաստանն է, որ առարկություններ չի ունենում, անգամ չեն փորձում շահագործել այն փաստը, որ ներկա պահին ԵԱՏՄ ղեկավարը ՀՀ նախկին վարչապետն է: Կարեն Կարապետյանի խանդը Տիգրան Սարգսյանի նկատմամբ հասել է այն մակարդակի, որ երկիրը կորցնում է մրցունակություն ունենալու բոլոր հնարավորությունները՝ նախընտրելով իր քաղաքացուն անվանել «կամիկաձե» մի քանի հեռախոսազանգ կատարելու փոխարեն:

Թերարժեքության բարդույթներից զուրկ կառավարություն ունենալու դեպքում կարելի էր հասնել նրան, որ ուզբեկական ծիրանում մի վիտամին ավել-պակաս կհայտնաբերվեր ու կարգելվեր, վրացական ու մոլդովական գինիները նորից թունավոր կհամարվեին, իսկ չինական կոշիկը մի ինչ-որ ԳՕՍՏ-ի չէր համապատասխանի՝ տեղ բացելով հայկական արտադրանքի համար։ Մինչդեռ, դրա փոխարեն 170 միլիոնանոց շուկան օգտագործում է 3 միլիոնանոց Հայաստանը՝ հիմա էլ արգելելով աջ ղեկով մեքենաները:

Թվում է, թե Հայաստանին ՌԴ տրանսֆերտներն են պահում, որոշ չափով դա ճիշտ է, սակայն մեր արտահանման վիճակագրությունն ու կապիտալի արտահոսքի թվերը հակառակի մասին են վկայում: Միայն «Գազպորմ»-ը տարեկան 600 միլիոն դոլար է վաստակում Հայաստանում, բայց եթե չլինեին ՌԴ տրանսֆերտները, քաղաքական առումով մեծ հավանականություն կա, որ գազի համար շատ ավելի քիչ կվճարեինք։ Գազպրոմից բացի ռեկորդներ խփող տասնյակ միլիարդների կապիտալի արտահոսքը Ռուսաստան ապահովում է էներգետիկան, բանկերը, «Ռոսնեֆտ»-ը, «Ռոստելեկոմ»-ը և այլն։

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

 

Նույն շարքից