Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանի վերացող ինքնիշխանությունը. ԵՄ-ՌԴ կռվադաշտ լինելու հետևանքները

analitik.am

Արտաքին առևտրի հաշվեկշիռը թեև համարվում է զուտ տնտեսական ցուցանիշ, բայց այն կարող է լիարժեք մատնանշել երկրի քաղաքական և սոցիալական խնդիրները: Արտահանման և ներմուծման տարբերությունի վրա հպանցիկ հայացք գցելով կարելի է հասկանալ, թե տվյալ երկրի տնտեսությունն ինչ վիճակում է: Մի փոքր ավելի խորանալու դեպքում՝ առևտրաշրջանառության ապրանքներն ուսումնասիրելով, կարելի է պարզ տեսնել տնտեսության մրցունակության աստիճանը։ Արտահանման և ներմուծման աշխարհագրությունն էլ կարող է հուշել արտաքին քաղաքական գերակայությունների մասին, իսկ ուղիների աշխարհագրությունն ապրանքատեսակների և դրանց ծավալի հետ համադրելիս էլ կարելի է բավականին հետաքրքիր տվյալներ ստանալ տվյալ երկրի ներքաղաքական յուրահատկությունների վերաբերյալ։

Հայաստանի արտահանման առաջատար ուղղությունը ԵՄ շուկան է՝ այնտեղ է հոսում մեր արտահանման մեծ մասը կազմող հումքային ռեսուրսը։ Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ սպառելով հիմնականում մեր մթերքն ու ալկոհոլը: Հաշվի առնելով այն փաստը, որ հումքային ռեսուրսի սպառման շուկաներ գտնելն ավելի հեշտ է՝ Ռուսաստանը շատ ավելի հզոր ճնշման լծակներ ունի ՀՀ-ում, քան ԵՄ-ը: Կոպիտ ասած , եթե ԵՄ-ը մեր պղինձը չգնի, մենք այն առանց դժվարության կվաճառենք, օրինակ, Չինաստանին: Սակայն, եթե ՌԴ-ն արգելի մեր ծիրանի կամ կոնյակի մուտքն իր երկիր, այդ ոլորտներն աղետալի վիճակում կհայտնվեն։

Ավելի մտահոգիչ վիճակում է ներմուծումը, որտեղ 20%-ը կազմում են էներգակիրները (գազն ու նավթամթերքը), որոնք գրեթե ամբողջությամբ ներմուծվում են ՌԴ-ից՝ հիմնականում երկու պետական հիմնարկի միջոցով՝ «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի, որոնք երկուսն էլ Հայաստանում պաշտպանված են չափազանց բարենպաստ մենաշնորհային պայմանագրերով: Նույնիսկ, եթե ՀՀ կառավարությունը քաղաքական կամք դրսևորի և ցանկանա դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծման աշխարհագրությունը, կնշանակի, որ այն խախտում է նախապես ստանձնած պարտավորությունները։ Անգամ նշված քաղաքական կամքի առկայությունն է մեծ հարցի տակ, և դա ունի զուտ մաթեմատիկական հիմնավորում: ՀՀ խոշորագույն արտահանողներն իրենց ֆինանսական կարողություններով ոչ մի կերպ չեն կարող մրցել խոշորագույն ներմուծողի հետ: Այսինքն, երկրի ներսում չկա ֆինանսական ռեսուրս, որը թույլ կտա իր վրա հենվելով հակադարձել ներմուծողի շահերին: Նույնիսկ, եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետականացվի և վերջինիս ռեսուրսները ներառվի պետական բյուջեի մեջ, այն չի կարողանա այնքան միջոց տրամադրել ԶԼՄ-ներին, քաղաքացիական դաշտին և կուսակցություններին, որքան կարողանում է «Գազպորմ»-ն առանց կողմնակի աջակցության։

Մեկնարկային տվյալներով Հայաստանի նման Ղրղստանը կարողացել է ինքնիշխանության համար շատ ավելի բարենպաստ արտաքին առևտրային հարաբերություններ ստեղծել: Այդ երկիրը մոտ 700 միլիոն դոլարի ոսկի է արտահանում և ունի երկու անգամ ավելի մեծ ֆինանսական ռեսուրս, քան ներմուծման մեջ խոշորագույն 8%-անոց մաս կազմող բոլոր նավթամթերք ներմուծողները միասին վերցրած։ Այսինքն, Ղրղստանում ոչ մեկ չի կարող պետության հետ մրցել ԶԼՄ-ակտիվիստ-կուսկացություն ֆինանսավորման հարցում: ԵԱՏՄ-ի մնացած երկրներում ավելի բարվոք վիճակ է, թեպետ պետք է նշել, որ նրանցից ոչ ոք ստիպված չէ քառորդ դար պատերազմել շատ ավելի հարուստ երկրի հետ:

Ավելին, եթե սրա հետ հաշվի առնենք այն, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը. չցանկանալով լուրջ տնտեսական լծակներում ներդրում կատարել, այնուամենայնիվ, սեփական շահերը սպասարկող բազմաթիվ դոնորներ ունեն Հայաստանում, որոնք նույն ԶԼՄ-ակտիվիստ-կուսակցություն տրիադայի վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում, ապա պարզ կդառնա, որ հայկական պետությունը արտահանման և ներմուծման ներկայիս կառուցվածքով չի կարող վարել սեփական շահերից բխող ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին քաղաքականություն:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանը սպառում է մոտ երկու անգամ ավել, քան արտադրում է, ինչը նշանակում է, որ մենք տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար «մինուս» ենք գրանցում, որը դեռևս ծածկվում է ՌԴ-ից եկող տրանսֆերտների և արևմուտքից ստացած վարկերի շնորհիվ: Սրանք ևս երկու լծակներ են, որով թե՛ ՌԴ-ն և թե՛ արևմուտքը կարող են սեփական շահերից բխող որոշումներ պարտադրել Հայաստանին:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պետականամետ գործիչները կարող են բաժանվել միայն երկու ճամբարի՝ նրանք, ովքեր առաջարկում են գերտերությունների կռվադաշտ չդառնալու համար դադարել կոմպլիմենտարիզմի քաղաքականությունը և ընտրել մեկ գործընկեր՝ ներկա պահին դա կարող է լինել միայն Ռուսաստանը, քանի որ Հայաստանին ոչ ԵՄ-ում են սպասում, ոչ էլ ՆԱՏՕ-ում, երկրորդ խումբն էլ առաջարկում է կոմպլիմենտարիզմի խորացում՝ վերոհիշյալ երկու բևեռներին ևս մեկը ավելացնելը: Թե՛ առևտրաշրջանառության, թե՛ ներդրումների առումով վերոհիշյալ երկու բևեռների հետ կարող է մրցել և փաստացի արդեն մրցում է ՀՀ երրորդ առևտրային գործընկեր Չինաստանը՝ երկիր, որն ունի քաղաքակրթական շահերի բախում ԵՄ-ի հետ, տնտեսական շահերի բախում ՌԴ-ի հետ և էկզիստենցիալ հակասություն Թուրքիայի հետ:

Կան իհարկե քաղաքական գործիչներ, որոնք չգիտեն թե ինչպես է հաշվարկվում ՀՆԱ-ն կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն պնդում են, որ Հայաստանը կարող է միանալ եվրոպական ընտանիքին, հետապնդել համամարդկային արժեքներ և այլն... Հուսով եմ՝ ինձ կներեք, եթե այդ տարբերակին և այդ մարդկանց ես չանդրադառնամ: Միայն խորհուրդ կտամ ուշադիր հետևել Մոլդովայի, Ուկրաինայի ու Վրաստանի առևտրաշրջանառության ցուցանիշներին ԵՄ-ի հետ ասոցացվելուց հետո...

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից