Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Մեկ անպատժելիության ժամագրություն. Այսպես է կերտվում «ռեժիմը»

analitik.am

Ինչպես գիտենք, վերջերս Երևանի փողոցներից մեկում միջադեպ տեղի ունեցավ․ Նախկինում օրենքի հետ բազում խնդիրներ ունեցած անձը, էականորեն գերազանցելով արագության թույլատրված սահմանները, խաչմերուկում բախվեց ոստիկանական մեքենային և երկու ոստիկանի մահվան պատճառ դարձավ: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ սկսվեց անպատժելիության երաշխավորման նպատակով պարբերաբար շահագործվող մեքենայի մոբիլիզացումը:

Դեպքից մեկ օր անց հետախուզում հայտարարվեց կասկածյալի եղբոր նկատմամբ: Սա անխուսափելի էր, քանի որ Քննչական Կոմիտեն, հասկանալով, որ հնարավոր չի լինի խուսափել ուշադրությունից, դիմեց այս քայլին։ Նշենք, որ կասկածյալի եղբոր նկատմամբ հետախուզում հայտարարվեց երկրորդ քրեական գործը հարուցելուց 40 օր անց, մինչդեռ առաջին քրեական գործի շրջանակներում նա ազատվել էր՝ որպես խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալն ընտրելու միջոցով։ Պարզ չէ, թե ինչու քննիչը նույն անձի մասով երկրորդ քրեական գործը ստանալուն պես, նույն օրը հետախուզում չի հայտարարել։ Այս դեպքից մի քանի օր անց պարզվեց, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի հայրը կասկածյալներին հովանավորող պապու գործընկերն է:

Ժամեր անց դեռևս չպարզված աղբյուրների կողմից համացանցում տարածվեց միջադեպի ձայնագրությունը: Իրենց ընդդիմադիր համարող ակտիվիստներն ու վարչապետի հետ փոխկապակցված այլ անձիք սկսեցին արդարացնել կասկածյալին՝ հղում անելով այն փաստի վրա, որ ոստիկանները վթարի ժամանակ խաչմերուկը կարմիր լույսի տակ երթևեկելով են հատել։ Քչերին հետաքրքրեց այն, որ նախ ոստիկանության մեքենաները, եթե ազդանշանը միացրած է, իրավունք ունեն երթևեկել կարմիր լույսի տակ, իսկ եթե մեքենան ոստիկանական չլիներ, ապա միևնույն է պատասխանատվությունը կրելու էր թույլատրված արագությունը գերազանցած անձը: Որևէ մեկին չհետաքրքրեց նաև այն փաստը, որ միջադեպի ձայնագրությունը միանգամից հայտնվեց համացանցում։ Լրագրողներին և ակտիվիստներին կասկածելի չթվաց այն զուգատիպությունը, որ ԱԱԾ արտաքին վերահսկողության վարչությունն ուղղակիորեն ենթարկվում է վարչապետի խնամուն:

Վարչապետի վարկանիշին հնարավոր հարվածները կանխարգելող քայլեր ձեռնարկեցին նույնիսկ «Սասնա Ծռեր» խմբավորմանը սատարող ճանաչված ՖԲ օգտատերերը: Միջադեպի հաջորդ օրը նրանք սկսեցին վստահեցնել, որ վարչապետը կապ չունի կասկածյալների հետ: Սա տեղի ունեցավ նախքան թերթերից մեկում հայտնվեց այն տեղեկությունը, որ կասկածյալները վարչապետի սանիկներն են, իսկ ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ վարչապետը և կասկածյալների պապը համատեղ բիզնես ունեն։ Հետաքրքիր է, որ մինչև այդ պահը բոլոր հնարավոր ներքին և արտաքին քաղաքական թեմաներով արտահայտվող «Սասնա Ծռեր»-ի հետևորդները երբևէ չէին անդրադարձել վարչապետի անձին: Նա եզակի անձեռնմխելի պաշտոնյաների ցանկում էր: Այդ վերաբերմունքը փոխադարձ է եղել՝ վարչապետն էլ իր հերթին երբևէ չի անդրադարձել «Սասնա Ծռեր»-ին, իսկ քաղբանտարկյալների մասին իրեն տված հարցին էլ, պատասխանել է, որ չգիտի՝ կան արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՝ ոչ:

Հաջորդ փուլում արդեն ԶԼՄ-ները սկսեցին շահագրգիռ խմբերի «սրբադասման» գործընթացը։ «Հայկական Ժամանակ»-ը տեղեկացրեց իր ընթերցողներին, որ կասկածյալը շտապում էր, քանի որ իր հղի կնոջ համար ինչ-որ բան պետք է բերեր տանից: Խմբագրությունն անհրաժեշտ համարեց այս նյութը տարածել նաև ռուսերենով: Այնուհետև «Հրապարակ» օրաթերթը հրապարակեց հոդված, որտեղ կասկածյալների հանդեպ Ոստիկանության գործողություններն անվանվեցին «վենդետա» և 37 թվին հարիր «ռեպրեսիա»՝ մի տեսակ անտեսելով այն փաստը, որ նույնիսկ, եթե դա այդպես է, ապա ոստիկանությունը զուտ կատարում է քննիչների կողմից տրված հրահանգը: Քննչական Կոմիտեի արդարացմամբ ավանդաբար զբաղվող «Ժողովուրդ» օրաթերթն էլ մի ամբողջ օր երանելի հաճախականությամբ ընթերցողներին տեղեկացրեց, թե ինչ ջերմ են Աղվան Հովսեփյանին ընդունել Ապարանում:

Քննչական մարմինների և «չորրորդ իշանության» ներկայացուցիչների համագործակցության փաստը նորություն չէ: Նշենք, որ «Անալիտիկ»-ի խմբագիրը բանտից ազատվելուց հետո անմիջապես հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի և քննչական մարմինների համագործակցության մասին: Երբ անհրաժեշտ է անմեղ մարդուն բանտ նստեցնելուց առաջ հակագովազդային արշավ սկսել ԶԼՄ-ներում, որպեսզի նախապես հանրային կարծիք ձևավորվի և քննիչները ապահովագրված լինեն հանրային ճնշումից, հասարակական կազմակերպությունների հոծ բազմությունը, որն ակտիվանում է, կարելի է ասել, բացառապես Զինված Ուժերին և եկեղեցուն հարվածելու անհրաժեշտության դեպքում, առանձնահատուկ սառնասրտությամբ գործին վերաբերվեցին։ Թափանցիկ կառավարման, բարելավված վարչարարության և այլ հնչեղ նպատակների համար գրանտներ տրամադրող արևմտյան կառույցներին զարմանալիորեն չի հետաքրքրում այն միջադեպերը, որտեղ հնարավոր չէ Պաշտպանության նախարարի կամ Ոստիկանապետի մեղքը գտնել: Ապարանում ահռելի չափսի պոստապոկալիպտիկ գրոտեսկի դասական օրինակ հանդիսացող մի խաչ սարքած Աղվան Հովսեփյանի հանդեպ անտարբեր են մեր լիբերալ դեմոկրատները, մինչդեռ խաչեղբայր Պաշտպանության նախարարը, ըստ իրենց, կղերապետության խորհրդանիշ է:

Այս ամենը տեսնելով շարքային քաղաքացիների մոտ պետք է հարց առաջանար՝ լավ բա ո՞վ պիտի համակարգը մաքրի․ Եթե հանցավոր տարրերի հովանավորչությունը կազմակերպվում է առնվազն երկրորդ դեմքի մակարդակով, եթե անձամբ քննիչներն են շահագրգռված հանցագործության չբացահայտմամբ, եթե քննիչների և բարձրագույն իշխանավորների հետևից վերահսկողություն իրականացնելու առաքելություն ունեցող ԶԼՄ-ները զբաղված են հանցագործների ու նրանց հովանավորների արդարացմամբ, եթե իրենց ազատատենչ հերոսներ հռչակած զինյալներն ակնհայտորեն այս շրջապտույտի մասնիկն են կազմում, լավ, բա ո՞վ պիտի դուրս գա մի խմբի դեմ, որը նման ահռելի վարչական, ֆինանսական, ուժային, ահաբեկչական, քրեական, քաղաքական ու մեդիա ռեսուրսների է տիրապետում: Ինչպե՞ս անել, որ այս բուրգը հանցագործից ու ահաբեկչից հերոս չսարքի, իսկ օրինապաշտ քաղաքացուն էլ չսարքի շորթող լրագրող, բռնապետական ռեժիմի մասնիկ կամ, պարզապես, Սերժի ստրուկ: Նույն «Սերժից» ակնկալիքները շատ քիչ են, քանի որ նրա հարցը մեկ «Իգլա» տեսակի հրթիռով լուծվող է:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից