Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Անբովանդակ Ազգային ժողովը և մեր կոմունալ վճարները

analitik.am

Հունվարի 15-ին մեկնարկեց ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը՝ իր 26 հարցից բաղկացած օրակարգով: Օրակարգում, բացի զուտ ֆորմալ կետերից, օրինակ՝ Տաջիկստանի ու Հայաստանի միջև կնքվող պայմանագիր, առկա էին նաև բավականին լուրջ՝ նույնիսկ ճակատագրական նախագծեր: Ճակատագրականներից մեկն է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Այս փոփոխություններով նախատեսվում է «էլեկտրաէներգետիկ շուկայի մասնակիցներ»-ին նոր սահմանում տալ: Եթե նախկինում համակարգում կային երեք տեսակի մասնակից՝ արտադրող, բաշխող և սպառող, հիմա այդ խմբերին կավելանա ևս մեկը, որը կկարողանա արտադրողից գնել ու սպառողին վաճառել էլէներգիան՝ որպես ծառայություն օգտագործելով բաշխիչ ցանցերը: Շուկայի ազատականացման հայեցակարգի ներքո ներկայացվող այս «բարեփուխումը» ֆորմալ առումով, իհարկե, կարելի է համարել ազատականացում, քանի որ այն կոտրում է ՀԷՑ-ի սպառողին էներգիա մատակարարելու մենաշնորհային դիրքը։ Սակայն, եթե համադրենք սա վերջին շրջանում իրականացված փոփոխությունների հետ, ապա ակնհայտ կդառնա, որ սա ընդամենը «օֆշորիզացիայի» այլընտրանքային ձև է, որը չի պահանջում բուն օֆշորը:

Ըստ էության, կստեղծվի մի համակարգ, որի միջոցով արտադրող հիմնարկները կկարողանան օտարել հավելյալ արժեքից գոյացած շահույթները՝ այդ հիմնարկներում թողնելով պարտավորությունների ողջ բեռը: Կստեղծվեն թրեյդերներ, որոնք արտադրության կամ բաշխման ենթակառուցվածքների մեջ առանց որևէ ներդրում անելու կկարողանան էլէներգիայի առևտրով զբաղվել: Այսինքն, այն շահույթը, որն այսօր գոյանում է արտադրող ու բաշխիչ հիմնարկների մոտ բաժին կհասնի դրանց միջև ընկած սպեկուլյանտին, որը կաշկանդված չի լինի արտադրական հզորությունների վերանորոգմամբ, վարչական և օպերացիոն ծախսերով: Սպեկուլյանտը զուտ շահագործելու է այսօր առկա ենթակառուցվածքը, ինչի համար նա անգամ մեկ կոպեկ չի վճարելու:

Շահույթների «դուրս բերման» նման ձևաչափն արդեն իսկ փորձարկվել է գազի ոլորտում, երբ «Գազպրոմ»-ից առանձնացավ գազ սպառողների սպասարկման ստորաբաժանումը՝ դառնալով առանձին հիմնարկ, և սպառողներից գանձելով հավելյալ գումար մի ծառայության դիմաց, որը նախկինում կատարում էր «Գազպրոմ»-ը։ Փաստացի, մինիմալ ներդրումներով ստեղծվեց մի զրոյական հիմնարկ, որը «սեփականաշնորհեց» Հայաստանի գազի ցանցը, որը կառուցվել էր հարկատուների գումարներով:

Ինչևէ, օրինագիծը ներկայացված է և դատելով ժողովրդի ընտրյալների պասիվությունից, այն կանցնի առանց որևէ խնդրի: Հաշվի առնելով այն փաստը, որ «Գազպրոմ»-ում շահույթի դուրսբերման նախադեպից շահել է «Գազպրոմ»-ի նախկին տնօրեն և ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը, քանի որ հենց իրեն է պատկանում օդից միլիարդներ կուտակող AEG Service ընկերությունը՝ կարելի է ենթադրել, որ այս օրենքից օգտվելու են մոտավորապես նույն մարդիկ: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ օրենքը փորձում է անցկացնել Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Ցավոք, այն փաստը, որ էներգակիրների շուկան հետևողականորեն անիծվում է չշեղեց պատգամավորների ուշադրությունը թանկացումների հարցում մի քանի կաթիլ դիվիդենտ շորթելու փորձերից: Սա տրամաբանական է, քանի որ մսի գինը հենց հիմա է թանկացել, իսկ էլէներգիայի գնից մարդիկ շշմելու են մի քանի տարի անց՝ մոտավորապես այնպես, ինչպես հիմա են շշմում գազի գնից, որի գումարն անկախ եղանակային պայմաններից գրեթե չի փոխվում: Թեպետ, պատգամավորների պասիվությունն էլ որոշ առումով կարելի է հասկանալ: Ի՞նչ իմաստ ունի հարցեր տալ փոխնախարարին, ով չի խորշում իր պատասխաններում դիմել տվյալների աղավաղմանը, մանիպուլյացիաներին, երբեմն նույնիսկ կեղծիքին և չի կրում դրա համար որևէ քաղաքական պատասխանատվություն:

Հետո, երբ դանակը կհասնի ոսկորին, իհարկե կհնչեն մեղադրանքներ իշխանության հասցեին, երևի կոչեր կլինեն դուրս գալ ԵԱՏՄ-ից և այլն։ Ընդդիմադիրները կխաղան այս թատրոնում իրենց բաժին հասած դերը, իսկ բնակչությունը ստիպված կմուծի արևմտյան զարգացած երկներին հավասարվող կոմունալ վճարներ՝ շարունակելով ապրել 15 անգամ ավելի աղքատ երկրում և այդպես էլ չհասկանալով, որ հենց իրենք են ընտրել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Ժողովրդավարությունը կապիտալիստների կողմից պատասխանատվությունից խուսափելու ամենաարդյունավետ գործիքն է, քանի որ իրենց գինը ունեն բոլորը՝ լրագրողները, փորձագետները, ակտիվիստները և նույնիսկ ընտրողները:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից