Գլխավոր Հասարակություն Վերլուծական Տնտեսություն 

Ի՞նչ տնտեսական խոշոր աղետներ են սպասվում

analitik.am

Համաշխարհային տնտեսական Գլոբալ ռիսկերի 2018 թվականի զեկույցում նշվել են 10 հնարավոր աղետները, որ կարող են պատահել աշխարհում:

1.Սննդամթերքի ճգնաժամ

Էքստրեմալ եղանակային երևույթներն ավելի հաճախ են դարձել աշխարհում. Փոթորիկները, ջրհեղեղները և այլ բնական աղետներ բացասական ազդեցություն են ունենում սննդամթերի ապահովման ցանցի վրա:   Բերքատվության նվազումը բերում է գնի բարձրացման, ինչն էլ իր հերթին  աղքատ բնակչությանը դատապարտում է սոված մնալուն:

Զեկույցում պնդում են, որ եթե եղանակային էքստրեմալ պայմանները զուգորդվեն քաղաքական անկայունությամբ կամ գյուղատնտեսական կուլտուրաների հիվանդություններով, ապա պարենի ճգնաժամը մի գիշերվա մեջ կտարածվի ամբողջ աշխարհում:

Սննդամթերքի ապահովման ցանցի  յուրաքանչյուր մասնիկի ոչ բավարար չափով աշխատանքը կարող է բերել գլոբալ դեֆիցիտի, ինչն էլ իր հերթին՝ գների բարձրացման, աղքատության մակարդակի աճի, ինչն էլ՝ քաղաքական և տնտեսական ճգնաժամի և վերջիվերջո՝ կոնֆլիկտների:

Այս իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է ավելացնել գյուղատնտեսական կուլտուրաների տեսականին և անցկացնել ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է ստանալ  ավելի դիմացկուն կուլտուրաներ:

2.Ալգորիթմների կողմից համացանցի արգելափակում

Արհեստական ինտելեկտի հետ կապված հիմնական մտավախությունները եղել են  մարդասպան-ռոբոտների և աշխատուժի ավտոմատացման հետ կապված:

Այս զեկույցում, սակայն, շեշտը դրվում է ցածրակարգ ալգորիթմների՝ հեղինակներն անվանում են դրանք «արհեստական ջրիմուռներ», վրա, որոնք կամաց-կամաց գրավում են համացանցը:

Զեկույցում ասվում է, որ մարդկությունն այսօր կախվածության մեջ է համացանցից, և մենք ստիպված ենք ամենուր կոդեր մուտքագրել, որոնք էլ իրենց հերթին կարող են սեփական կոդը գրել (արհեստական ինտելեկտի հիմնական ֆունկցիաներից մեկն է): Խնդիրն այն է, որ մենք կորցնում ենք դրան հետևելու և վերահսկելու ունակությունը, իսկ համացանցի յուրաքանչյուր ցնցում զանգվածային բնույթ կարող է ունենալ:

Առաջարկվում է արհեստական ինտելեկտի կառավարման համար մշակել հատուկ կանոններ և կառուցվածք, որպեսզի հետագայում ընդլայնվելու  դեպքում այն չկարողանա մարդկանց դուրս մղել համացանցից:

3.Մեզ ծանոթ առևտրային հարաբերությունների ավարտ

Մի շարք քաղաքական որոշումներ ազդում են գլոբալիզացիայի տարածման վրա, ինչն էլ իր հերթին բերելու է նրան, որ բազմակողմանի առևտրային հարաբերությունները կխաթարվեն:

Սա էլ իր հերթին կբերի գործազրկության աճի և համընդհանուր դժգոհության:

Զեկույցում կառավարություններին առաջարկվում է առևտրային հարցերում համաձայնության գալ:

4.Դեմոկրատիայի անկում

Դեմոկրատիան այսօր գտնվում է մեծ ճնշման տակ: Քաղաքականության բևեռացումը կարող է գաղափարապես այնքան հեռացնել մարդկանց միմյանցից,  որ համաձայնության գալու որևէ եզր այլևս չլինի: Վատագույն դեպքում քաղաքական դեբատները կավարտվեն ուժի կիրառմամբ՝ ընդդիմությունները կմտնեն զինված  պայքարի մեջ, առավել ևս այն երկրներում, որտեղ կա զենք ձեռք բերելու հնարավորություն և զինված ապստամբության փորձ:

Զեկույցում առաջարկվում է ավելի մանրամասն ուսումնասիրել դեմոկրատիայի ճեղքերը, որոնք առաջացել են տնտեսական, սոցիալական մեդիայի և ազգային ինքնության մոդելների փոփոխության ազդեցության ներքո:

5.Ձկնապաշարի անհետացում

Արհեստական ինտելեկտի հաջորդ վտանգը դրոնների միջոցով ձկնապաշարի սպառումն է, ինչը կվտանգի այն հասարակություններին, որոնք հենվում են հենց ձկնապաշարից ստացած եկամուտների վրա: Սա նաև խնդիր է պետության ջրային ռեսուրսներ առանց թույլտվության ներխուժելու մասով, ինչը կբերի պետությունների միջև  դիվանագիտական և ռազմական լարված հարաբերությունների:

Առաջարկվում է նպատակային սխեմաներ ստեղծել, որոնց միջոցով հնարավոր կլինի հետևել ձկների հոսքին և նավերի ընթացքին՝ մատակարարման ամբողջ շղթայի ժամանակ: Զեկույցում ասվում է, որ անհրաժեշտ է նաև նորագույն տեխնոլոգիաների կառավարման համար  գլոբալ նորմեր և վերահսկողական  ինստիտուտներ մշակել:

6.Նոր ֆինանսական ճգնաժամ

Ըստ զեկույցի, հաջորդ ֆինանսական ճգնաժամին գուցե մարդկությունը չկարողանա դիմադրել: Վերջին ֆինանսական ճգնաժամի ժամանակ համակարգային կոլապսը հաղթահարվեց, բայց եթե այն նորից կրկնվի, ապա դժվար կլինի վերահսկել, ինչի արդյունքում երկրները, տարածաշրջանները և նույնիսկ ամբողջ աշխարհը քաոսի շրջան կմտնի:

Ֆինանսական համակարգերի թուլացման դեպքում ժամանակակից տնտեսությունը խաթարվում է՝ փողային շրջապտույտը դադարում, աշխատավարձերը չեն վճարվում, մատակարարումների ցանցը խախտվում, և դեֆիցիտն էլ ավելի է տարածվում , ինչն էլ վտանգում է քաղաքական և սոցիալական կարգի կայունությունը:

Զեկույցում առաջարկվում է ավելի կայուն ֆինանսական համակարգեր ստեղծել, ինչպես նաև արմատապես փոխել բանկային գործունեության համակարգերը: Որոշ հասարակություններին էլ խորհուրդ է տրվում ակտիվ պատրաստվել ամենավատ սցենարներին դիմակայելու համար:

7. Սոցիալական բևեռացվածության աճ

Բիոինժեներիայի ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները, ինչպես նաև դեղորայքի բարելավմանն ուղղված աշխատանքները դեռևս սաղմնային վիճակում են, ինչը ժամանակավոր բնույթ է կրում: Դրանցում բավականին լուրջ ներդրումներ են կատարվում, սակայն դրանք հասանելի են հասարակության շատ քիչ շերտին՝ հարուստներին:

Որոշ ժամանակ անց կլինեն երկրներ, որոնք կառաջարկեն առողջական վիճակի կտրուկ բարելավման համար ստեղծված թանկարժեք պրեպարատներ, ինչն էլ իր հերթին էլ ավելի կսրի հարաբերությունները աղքատների և հարուստների միջև:

Անհնար կլինի նաև վերահսկել, թե ում և ինչ չափով թույլատրված կլինի օգտագործել նման դեղամիջոցները, ինչպես նաև հնարավոր չի լինի կանխատեսել դրանց օգտագործման արդյունքում առաջացած հետևանքները, ինչը կարող է բերել առողջապահական համակարգի զանգվածային ճգնաժամի:

Զեկույցում առաջարկվում է նախապես պատրաստվել նորագույն դեղամիջոցների արտադրմանը և համակարգեր մշակել, որպեսզի դրանք հասանելի լինեն հասարակության բոլոր շերտերին՝ դառնալով պատվաստման նման մի բան, ինչը հնարավորություն կտա թե վերահսկել ընդունման չափաբաժինը, թե խուսափել սոցիալական բևեռացվածությունից:

8.Պատերազմ առանց կանոնների

21-րդ դարի պատերազմները չեն ենթադրում զենքի և ռումբերի կիրառում, դրանք ավելի շուտ կլինեն զանգվածային կիբեռ-հարձակումների ձևով:

Եթե երկրի կարևորագույն ենթակառուցվածքները վնասվեն կիբեռ-հարձակումներից, դա կարող է հանգեցնել հիմնական ծառայությունների խաթարման և մարդկային կորուստների: Այս դեպքում կառավարությունները պետք է պատասխան հարված տան հարձակվող կողմին, ինչը կարող է սխալ ուղղությամբ լինել, քանի որ կարող է չպարզվել, թե իրականում ում կողմից է եղել կիբեռհարձակումը:

Զեկույցում առաջարկվում է կիբեռ-պատերազմների համար հատուկ կանոններ և փոխհամաձայնեցված որոշումներ ընդունել, որոնք գործում են  սովորական պատերազմների դեպքում:

9.Ո՞վ ենք մենք

Զեկույցում պնդում են, որ ազգային ինքնության և ինքնորոշման մարդկանց պահանջմունքն արդեն ընթանում է դեպի բռնության և սահմանադրական անկայունության ճանապարհով: Որոշ գերտերություններ էլ ավելի են խորացնում խնդիրը: Այս երևույթի վառ օրինակներ են այն պետությունները, որոնք ազգային, կրոնական փոքրամասնություններին ճնշել են կամ աքսորել, ինչպես նաև ազգային պետությունները, որոնք միջազգային սահմանափակումները խախտում են:

Պետության ներսում տարբեր մշակույթների, քաղաքական դիրքորոշումներ ունենալու իրավունքի պաշտպանությունը կարող է թուլացնել լարվածությունը տարբեր ազգերի միջև, ինչն էլ իր հերթին կնպաստի պետությունների միջև  տնտեսական և այլ կապերի զարգացմանը:

10.Համացանցի բնականոն գործունեության խաթարում

Եթե կիբեռ-հարձակումները հաճախակի դառնան, դրանք կարող են բերել համացանցի գործունեության խաթարման:

Տարբեր ազգեր կարող են ստեղծել թվային պատեր՝ իրենց պաշտպանելու համար: Սակայն, դրանք կարող են ոչ միայն անվտանգության, այլ նաև այլ նպատակներով ստեղծվել՝ կարգավորումների, տոտալ կառավարման, ճնշումների և այլն: Երբ կառավարությունները զգան, որ կորցնում են վերահսկողությունը գլոբալ առցանց կազմակերպությունների նկատմամբ, նրանք կփորձեն կառավարել համացանցը:

Սա իր հերթին կառաջացնի մի շարք խնդիրներ՝ կաճեն անօրինական գործարքները, կստեղծվեն հավելյալ ծրագրեր, որոնք կխոչընդոտեն առցանց կազմակերպությունների աշխատանքը և տարածումը:

Զեկույցում առաջարկվում է կառավարություններին և տեխնոլոգիական կազմակերպություններին բանակցել հետագա համագործակցային պայմանների շուրջ՝ խուսափելով վերոնշյալ խնդիրների առաջացումից:

Զեկույցում ներկայացված 10 հիմնական խնդիրները ոչ թե կանխատեսումներ են, այլ մտածելու տեղիք տվող հարցեր, որոնց շուրջ արդեն այսօր պետք է մտածեն և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն տարբեր երկրների կառավարությունները:

«Անալիտիկ» վերլուծական թիմ

 

Նույն շարքից