Տարօրինակ է, որ իշխանության բոլոր շերտերում լավատեղյակ աղբյուրներով հայտնի հայկական լրատվական դաշտը չի կարողացել ՀՀԿ ԳՄ վերջին նիստից ուշագրավ մանրամասներ կորզել: Թեպետ, գուցե և կորզել էր, սակայն կորզած տեղեկությունները չեն համապատասխանել «խմբագրական» քաղաքականությանը, ուստի տեղ չգտան համապատասխան մամուլի էջերում, թեպետ քննարկվելիք թեման վերջին օրերի թոփում էր:
Բանն այն է, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի օրակարգի կարևորագույն հարցը ՀՀ նախագահի թեկնածության հարցն էր: Նախագահ Սերժ Սարգսյանը, առաջարկելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ԳՄ բոլոր անդամներին հնարավորություն տվեց արտահայտվել: Բոլորը արտահայտվեցին, բացի վարչապետ Կարեն Կարապետյանից, ով ասաց, որ ասելու բան չունի:
Անշուշտ, նա ասելու շատ ավելի բան ուներ, քան ԳՄ մնացած բոլոր անդամները միասին վերցրած: Նրա փոխարեն այդ ասելիքն, ինչպես միշտ, սկսեցին արտահայտել մեդիա, քաղաքացիական, ընդդիմադիր և հեղափոխական դաշտի տարբեր ներկայացուցիչներ, ինչը վարչապետին, ըստ ավանդույթի, թույլ կտա ձևանալ, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում:
Վարչապետի «խոսնակների» շուրթերից նորից օրակարգ մտավ «Ամուլսար»-ի հարցը, ինչը թերևս միակ բովանդակային քննադատությունն էր Արմեն Սարգսյանի հասցեին: Մնացածը նման դեպքերում սահմանափակվում էին իրենց բնորոշ լիրիկական պոռթկումներով այն մասին, որ գալիք Սարգսյանը ներկա Սարգսյանից ոչնչով չի տարբերվում, որ երկրում «Սարգսյաններ»-ի իշխանություն է ձևավորվում, Արմեն Սարգսյանը թագուհու կարգավիճակում է լինելու, Սերժ Սարգսյանի կամակատարն է լինելու և այլն:
Չշոշափվեց միայն Արմեն Սարգսյանի Հայաստանում 6 տարի անընդմեջ բնակվելու հարցը, քանի որ նույն խնդիրն ունի նաև Կարապետյանը, և այս հարցն անհրաժեշտ է հնարավորինս փակ պահել: Նույնիսկ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վերջերս տխրահռչակ համբավ ձեռք բերած պետի կինն իր ֆեյսբուքյան էջի միջոցով վերաբերմունք արտահայտեց Արմեն Սարգսյանի առաջադրման լուրի տակ գրելով՝ «կարճ ասած – пыль в глаза»: Այս դրվագը շատ հատկանշական է ոչ միայն նրա համար, որ արտահայտվողը վարչապետի գործընկեր Գազի Կոլյայի թոռների անպատժելիության հարցում մեծագույն վաստակ ունեցող Արաբկիր վարչական շրջանի գլխավոր քննիչի կինն է (մի քննիչի, ում «գազավիկ» բարեկամության հետ վարչապետը տարիներ շարունակ աշխատել է և ում վեջերս պարգևատրել է):
Բանն այն է, որ բազմաթիվ անձանց շուրթերից ու ստեղնաշարներից հնչած այս «թոզ փչելու» թեզը շատ օրինաչափ է: Առաջին հերթին սա անուղակիորեն արձանագրում է Արմեն Սարգսյանի բարձր վարկանիշը, քանի որ դժվար ինչ-որ մեկը, օրինակ, Հովիկ Աբրահամյանի նշանակումը կարողանար որակել որպես «թոզ փչել»: Երկրորդ՝ սա արձանագրում է Կարապետյանի մարտավարությանն ուղղված ծանր հարվածը, քանի որ գլխավոր «թոզ փչող» Կարապետյանին գալիս է հակակշռելու շատ ավելի ազդեցիկ ու բարձրաստիճան «թոզ փչող» Արմեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանի Կարապետյանի «թոզ»-ին «հակաթոզ» է ներմուծում՝ վարչապետի ձեռքից խլելով վերջին «թոզ» զենքը:
Սերժ Սարգսյանն, իհարկե, միայն վերջակետն է դնում Կարապետյանին զինաթափելու գործում, հիմնական աշխատանքը վարչապետն ինքնուրույն է արել: Տնտեսական հրաշքի «թոզ»-ը նրա ձեռքից խլեց ժամանակը: Արդարամտության «թոզ»-ը խլեցին Գազի Կոլյայի թոռները և վերջիններիս ազատած Քննչական Կոմիտեն: Արդյունավետության «թոզ»-ը խլեցին ՍԱՊԾ-ն, «Ջրպետկոմ»-ը և իր թիմի մնացած անդամները: Մոսկվայից մեջք ունենալու «թոզ»-ը խլեցին Տիգրան Սարգսյանն ու Արա Աբրահամյանը (յուրաքանչյուրն իր քաղաքական հարթակում): Աշխարհը շուռ տալու «պոնտ»-ը խլեցին իր փեսայի կողմից ներկայացված էներգետիկ «բարեփոխումները» և վերջապես Սինգապուրի «թոզ»-ը խլում է Արմեն Սարգսյանը, ով միշտ շատ ավելի ընդունված է եղել Դավոսում, քան արդեն փրփուրներից կախվող Կարապետյանը:
Հեղինակ՝ Արթուր Դանիելյան