Մենք սկսել ենք գիտահանրամատչելի նախագիծ, որի ընթացքում մանրամասն կներկայացնենք աշխարհի զարգացած պետությունների տնտեսական կարգավորումների համակարգը: ԱՄՆ տնտեսությունը համարվում է օրինակ աշխարհի շատ պետությունների համար, ուստի առաջինը ներկայացնում ենք ԱՄՆ տնտեսության կառավարման համակարգը: Նյութի առաջին մասը՝ այստեղ: Այս հոդվածում կներկայացնեմ ԱՄՆ-ում բանկային համակարգի վրա պետության միջամտության ձևերի զարգացման փուլը:
Սկսեմ նրանից, որ բանկերի գործունեությունը ոչ միայն իրենց հաճախորդների տնտեսական վիճակի վրա է ազդում, այլ նաև ամբողջ հասարակության: Հաշվի առնելով բանկերի գործունեության կարևորությունը՝ դեռևս 30-ականներին ԱՄՆ-ում մշակեցին բանկերին հատուկ կարգավիճակ տվող կարգավորիչ նորմեր:
Դրանցից ամենակարևորն ավանդների երաշխավորումն էր: Մեծ ճգնաժամի տարիներին ԱՄՆ տնտեսությունը մեծապես տուժեց, երբ մարդիկ, վախենալով բանկերի սնանկացումից, զանգվածաբար դուրս բերեցին իրենց միջոցները: Վախեցած ներդրողները հավաքվում էին փողոցում և պահանջում վերադարձնել իրենց գումարները: Շատ բանկեր սննկացան, քանի որ չկարողացան արագ կոնվերտացնել իրենց ակտիվները և կազմակերպել ներդրողների գումարների վերադարձի գործընթացը: Արդյունքում կրճատվեց կազմակերպություններին և արդունաբերության ոլորտին տրվող վարկերի քանակը, ինչն էլ սրեց տնտեսական անկումը:
Այս հարցը կարգավորելու համար ԱՄՆ-ում ստեղծվեց ավանդների երաշխավորման Դաշնային կոռպորացիա կոչվող պետական մարմինը, որը բանկի սննկացման դեպքում, օգտագործելով հենց բանկերի կողմից վճարվող գումարները, պարտավորվում էր վճարել ներդրողների գումարները: Անհրաժեշտության դեպքում կառավարությունը հնարավորություն ուներ նաև օգտագործել հարկային մուտքերը՝ ներդրողների ֆինանսաների պաշտպանության համար:
Ընդունվեց նաև Գլասս-Ստիգալլի օրենքը, որի համաձայն արգելվեց բանկային, արժութային և ապահովագրական բիզնեսների միացումը: Բանկերը դժգոհեցին՝ պատճառաբանելով, որ այլ ֆինանսական ընկերությունների գործունեության պայմաններում հաճախորդների կորուստ կունենան:
1999-ին ԱՄՆ Կոնգրեսը ֆինանսական ծառայությունների արդիականացման վերաբերյալ օրենք ընդունեց, որով թույլատրվեց բանկերին, ապահովագրական և արժեթղթերով զբաղվող ընկերություններին ֆինանսական միություններ ստեղծել, որը կկարողանա ֆինանսական լայն ապրանքատեսականի առաջարկել:
ԱՄՆ, Մեծ ճգնաժամի տարիներին, մարդիկ բանկերից պահանջում են իրենց գումարները

Նոր օրենսդրական բարեփոխումենրը հաջողություն ունեցան և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ բանկային համակարգն առողջացավ: 80-90-ականներին այն նորից վտանգվեց հասարակական կարգավորումների հետևանքով: Պատերազմից հետո կառավարությունը ձգտում էր խթանել բնակարանային շինարարությունը, ուստի այն աջակցում էր նոր բանկային հատվածի՝ վարկային-խնայողական, ստեղծմանը, ինչը հնարավորություն կտար զարգացնել հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացը: Սա խնդիրների հանգեցրեց, քանի որ հիփոթեքային վարկերը տրամադրվում էին 30 տարով և ֆիքսված տոկոսադրույքով և սա այն դեպքում, երբ դեպոզիտների մեծ մասն անհամեմատ ավելի կարճաժամկետ էին: Երբ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները գերազանցում են երկարաժամկետ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը, վարկային-խնայողական ասոցիացիաները կարող են գումարներ կորցնել, ինչը կանխելու համար կարգավորիչ մարմինները որոշեցին վերահսկել ավանդների տոկոսադրույքները:
Որոշ ժամանակ գրեթե բոլոր ամերիկացիները տուն գնելու համար ստանում էին վարկային-խնայողական ֆինանսավորում, սակայն 60-ականներին, գնաճով պայմանավորված, ընդհանուր տոկոսադրույքները բարձրացան, իսկ 80-ականներին էլ շատ ներդրողներ սկսեցին ձգտել դեպի ավելի եկամտաբեր ոլորտներ: Նրանք սկսեցին ներդրումներ կատարել փողային շուկայի ներդրումային այն հիմնադրամներում, որոնք պատկանում էին ոչ բանկային կազմակերպություններին: Սա վատ ազդեց բանկային համակարգի վրա, քանզի բանկերը չկարողացած նոր ավանդներ ներգրավել իրենց տված երկարաժամկետ վարկերի ծախսերը փակելու համար:
80-ականներին կառավարությունը սկսեց տոկոսադրույքների մասով սահմանափակումների վերացման քաղաքականություն, ինչը, ճիշտ է, օգնեց ավանդներ ներգրավելու հարցում, բայց մեծ և զանգվածային կորուստներ ունեցան հիփոթեքային վարկեր տրամադրող բանկերը և վարկային-խնայողական ասոցիացիաները: Նորից Կոնգրեսն ընդառաջ գնաց բողոքներին և թուլացրեց վարկավորման մասով սահմանափակումները, ինչը հնարավորություն տվեց վարկային-խնայողական ասոցիացիաներին ավելի եկամտաբեր ներդրումներ կատարել: Կոնգրեսը հնարավորություն ընձեռեց վերոնշյալ ասոցիացիաներին զբաղվել սպառողների, բիզնեսի և անշարժ գույքի գործարքների վարկավորմամբ:
Վարկային-խնայողական ասոցիացիաներն իրենց հերթին սկսեցին ռիսկային գործունեություն իրականացնել՝ մասնավորապես անշարժ գույքի շուկայում սպեկուլյատիվ գործարքներ կնքել: Սա ոչ միայն եկամուտ չբերեց այդ կազմակերպություններին, այլ նաև որոշ ժամանակ անց ոլորտում ճգնաժամն այնքան խորացավ, որ մի քանի տարում դարձավ ԱՄՆ ամենախոշոր ֆինանսական սկանդալը: 1989-ին վարկային-խնայողական ասոցիացիաների կեսն արդեն դադարել էր իր գործունեությունը, սնանկացավ վարկային-խնայողական ասոցիացիաների ներդրողների գումարների վերադարձը երաշխավորող ապահովագրման դաշնային կորպորացիան: 1989-ին Կոնգրեսն ԱՄՆ նախագահի հետ միասին պայմանավորվեցին հարկատուների հաշվին «փրկող» նորմ կիրառել և ընդունվեց ֆինանսական ինստիտուտների բարեփոխումների, ամրացման և պաշտպանության մասին օրենքը (FIRREA):
Այս օրենքի շրջանակներում 50 միլիարդ դոլար տրամադրվեց սննկացած վարկային-խնայողական ասոցիացիների փակման համար, ամբողջովին փոխվեց խնայողական հաստատությունների կարգավորման համակարգը, պորտֆելների ձևավորման նոր սահմանափակումներ դրվեցին:
Վարկային-խնայողական ասոցիացիաների վերջնական լիկվիդացման համար ծախսվեց մոտ 200 միլիարդ դոլար:
Բանկային հատվածում ունեցած վերոնշյալ խնդիրներից հետո ամերիկացիներն արեցին մի քանի հետևություններ
- Պետության կողմից ավանդների երաշխավորումը պաշտպանում է մանր ներդրողներին և նպաստում բանկային համակարգի կայունությանը՝ նվազեցնելով բանկերից ավանդների զանգվածային դուրսբերման վտանգը:
- Տոկոսադրույքների նկատմամբ վերահսկողությունն անարդյունավետ է:
- Կառավարությունը չպետք է թելադրի ներդրումային բանկերին, թե ինչ է պետք անել, հակառակը՝ ներդրումային քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի շուկայի մասնակիցների վիճակը և տնտեսական ձեռքբերումները:
- Ինսայդերների և դրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների վարկավորումը պետք է խիստ վերահսկել և սահմանափակել:
- Սննկացած բանկերից պետք է հնարավորինս շուտ ազատվել՝ դրանց վարկերը փոխանցելով ավելի առողջ վիճակում գտնվող վարկատուներին: Սննկացած հիմնարկությունների պահպանումը ոչ միայն սառեցնում է վարկավորումը, այլ կարող է ճնշել տնտեսական աճը:
Ներկայումս ԱՄՆ վերահսկող մարմինները մեծ նշանակություն են տալիս բանկերի սեփական կապիտալի չափին: Պահանջներն այնպիսին են, որ տվյալ կապիտալը հնարավորություն է տալիս ոչ միայն պարտքերը մարել, այլ նաև ստիպում է բանկերի սեփականատերերին ավելի պատասխանատու լինել, քանի որ բանկի սննկացման դեպքում սեփականատերը կորցնում է այդ միջոցները: Կարգավորիչ մարմինները նաև պարտադրում են բանկերին պարբերաբար իրենց ֆինանսական դրության մասին տեղեկատվություն տրամադրել:
Մյուս նյութում կանդրադառնամ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի գործունեությանն ու առանձնահատկություններին: