Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

Այդ ե՞րբ մենք մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանող պետություն դարձանք, որ մեր քաղաքացիներն էլ լքում են Հայաստանը. Մանե Թանդիլյանը՝ կարևոր հարցերի մասին

analitik.am

Սպասվող օրենսդրական նախագծերի, Ավստրալիայի կառավարման համակարգի, փորձի և մի շարք այլ  հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց  «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

Տիկին Թանդիլյան, կառավարությունը վերջին շրջանում մի քանի օրենսդրական նախագծեր է հաստատել, որոնք պետք է ուղարկվեն ԱԺ, խոսենք ամենաաղմկահարույցների մասին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծով առաջարկվում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնել:Ի՞նչ կասեք այս առաջարկության մասին, ինչպե՞ս եք քվեարկելու: Նշենք, որ որպես օրինակ բերվեց Գերմանիան, այս մասին ի՞նչ կարծիք ունեք:

 Դռնփակ նիստերի առաջարկն անթաքույց հետադիմական քայլ է և ապացուցում է, որ ՀՀ կառավարությունը խորհրդարանական պետություն դառնալու նախաշեմին պատրաստվում է լինել ավելի փակ՝ սահմանափակելով մեդիայի ներգրավվածությունը, հետևաբար՝ թափանցիկ և հրապարակային աշխատելաոճը։ Պարզ է, չէ՞, որ նախքան կառավարության նիստը բոլոր որոշումները, բոլոր հնարավոր բանավեճերն արդեն իսկ տեղի ունեցած են լինում և նիստի ժամանակ որևէ անակնկալ կամ չհամաձայնեցված վիճակ չի լինում։ Այնուամենայնիվ, մեր հասարակության մեջ իշխանության հանդեպ տիրող համատարած անվստահության պարագայում նման սահմանափակումները և հետընթաց քայլերն էլ ավելի են խորացնում այդ անվստահության մթնոլորտը և խզում հանրության հետ կապը։ Գերմանիայում այսպիսի իրավիճակ չկա, և Գերմանիան, այո, կարող է իրեն թույլ տալ փակ նիստեր անցկացնել։ Սակայն, մեր պես պետությունները պետք է ամեն բան անեն, որպեսզի վաստակեն հանրության վստահությունը կամ գոնե էլ ավելի չխորացնեն անվստահությունը։ Ամեն անգամ, երբ մեր իշխանավորները Գերմանիայի պես երկրների հետ համեմատություն են անում, ուզում եմ ասել՝ իսկ կլինի՞ դուք համեմատեք նաև Գերմանիայի իշխանության կոռումպացվածության աստիճանը կամ քաղաքացիների կենսամակարդակը ՀՀ-ի հետ, նախքան նման համեմատություններ անելը։ Չնայած որ այս օրենքի շուրջ մեր խմբակցությունում դեռ քննարկում չի եղել, ակհայտ է, որ այն հավանության չի կարող արժանանալ մեր խմբակցության կողմից։

Բուռն քննարկման արժանացավ նաև դատական նոր օրենսգրքի նախագծի տուգանքներին վերաբերող հատվածը, որի համաձայն նախատեսվում էր 100 000 ՀՀ դրամի չափով տուգանք կիրառել փաստաբանների նկատմամբ, այնուհետև որոշվեց , որ դատական սանկցիաների շարքից հանվեն դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները և այդ հարցը կարգավորվի Դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխություններով։ Ի՞նչ կասեք այս մասին, փաստացի ստացվում է, որ որոշվել է «գումարելիների» տեղն ընդամենը փոխել:

Այս կարգավորումն ակնհայտորեն կաշկանդող հանգամանք է լինելու փաստաբանների գործունեության համար։ Առանց այդ էլ ունենք արդարադատության խայտառակ համակարգ և նման սահմանափակումներն էլ ավելի են ամրապնդելու ժողովրդի մեջ արդեն իսկ «անարդարադատություն» անունը ստացած դատական համակարգի նկատմամբ անվստահության մեծ չափաբաժինը։ Ներկայիս Հայաստանում նման կարգավորում որևէ պարագայում չի կարելի ընդունել։ Մեր խմբակցության տարբեր անդամներ այս հարցի հետ կապված արդեն իսկ քննադատական ելույթներ են ունեցել։ Մենք այս հարցը պահելու ենք ուշադրության կենտրոնում։

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում էլ Կառավարության կողմից փոփոխություններ արվեցին՝ մասնավորապես ի՞նչ կարծիք ունեք յուրաքանչյուր տարի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ծառայությունների մատուցման վարձավճարի 50%-ի չափը հոգալու որոշման մասին: Ըստ Ձեզ, այս փոփոխությամբ կկարգավորվի՞ կանանց կամ խնամքին երեխա ունեցող անձանց ավելի շուտ աշխատանքի վերադառնալու հարցը:

Ես շատ կուզենամ, որ սա աշխատի։ Փաստացի, պետությունն աջակցում է բոլոր այն կանանց, ովքեր որոշում են ծննադաբերությունից հետո ավելի շուտ վերադառնալ աշխատանքի։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ երկար բացակայության պարագայում կանայք աշխատաշուկայում դառնում են անմրցունակ ։ Սակայն, ցավոք, պետք է արձանագրել, որ բազմաթիվ հրաշալի օրենքներ կան Հայաստանում, որոնք չեն գործում, բայց մարդկանց տեղեկացնելու միջոցով մենք կարող ենք և պետք է հասնենք այն բանին, որ հնարավորինս շատ կին տեղեկացված լինի և, անհրաժեշտության դեպքում, հեշտությամբ օգտվի այս հնարավորությունից։

Ամենաքննարկված թեմաներից էր ծխելու դեմ պայքարի շրջանակներում չթույլատրված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքների չափը: Խոսվեց նույնիսկ այն մասին, որ դա արվում է ինչ-որ մարդկանց բիզնես շահերից ելնելով՝ այլընտրանքային ծխախոտների դեպքում տուգանք չի կիրառվելու և այլն, այս մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ ծխելու դեմ պայքարից այս տուգանքների կիրառումը չվերածվի ինչ-որ մարդկանց բիզնես շահերին ծառայող նորմի:

Իրականում պետք է ասեմ, որ ես առողջ ապրելակերպի ջատագով եմ և շատ թանկ եմ գնահատում հայ մարդու կյանքը, ուստի ծխախոտի օգտագործումը խոչընդոտող նախաձեռնությունը չեմ կարող անտեղի համարել։ Սակայն, ինչպես ամեն բան մեր երկրում, այնպես էլ այս օրենքը կացնով է գալիս։ Նախ՝ անհամաչափ է տուգանքի չափը, երբ համեմատում ենք նմանատիպ, նույնիսկ առավել անթույլատրելի խախտումների համար սահմանված տուգանքների հետ։ Եվ սա գալիս է ապացուցելու, որ սա միտված է լուծելու պետական բյուջե լցնելու խնդիր, այլ ոչ թե մարդկանց առողջությունը պահպանելու խնդիր։ Նշված է, որ արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, և եթե օրենքի ընդունումից հետո որոշ այլընտրանքային ծխախոտի տեսակներ առաջարկող ընկերություններ կարողանան ապացուցել, և այսպես ասած, «համոզել» կառավարությանը, որ իրենց ապրանքատեսակը չի համարվում ծխախոտի փոխարինիչ, կպարզվի, որ մարդկանց առողջությունը չէր մտահոգության առարկան, այլ կային այլընտրանքային ծխախոտի ներկրման մեջ հայտնի խաղացողներ, ում սա ծայրահեղ ձեռնտու է։ Հայաստանը փոքր երկիր է նման տեղեկատվությունը քողարկելու համար, այնպես որ կառավարության հետ սերտաճած օլիգարխիայի շահերը ևս տեսանելի են։ Մենք մեր հերթին բաց ենք յուրաքանչյուր առաջարկի համար, որը կկասեցնի բիզնես միջավայրում որևէ խաղացողի շահեկան դիրքավորումը։

Եվ վերջում, մենք գիտենք, որ Դուք վերջին շրջանում եղել եք Ավստրալիայում, կարծում ենք՝ անցկացրել եք որոշակի ուսումնասիրություններ թե իրենց կառավարման համակարգի, թե սոցիալ-տնտեսական վիճակի մասով, ի՞նչ հետաքրքիր առանձնահատկություններ եք նկատել և ըստ Ձեզ, ի՞նչ կարող ենք սովորել այնտեղի պաշտոնյաներից և հասարակությունից:

Յուրաքանչյուր երկիր այցելելիս մշտապես ուսումնասիրում եմ իրենց կենսակերպը և փորձում հասկանալ, թե ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Անկեղծ պետք է ասեմ, որ Ավստրալիան և այնտեղ ապրող հասրակությունն ապրում է բացարձակապես այլ հոգսերով և խնդիրներով, եթե դրանք ընդհանրապես կարելի է խնդիր կոչել։ Պետական կառավարման մեխանիզմներն ամենօրյա կատարելագործման ճանապարհին են։ Յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է իրավունքի ուժով՝ անկախ նրանից տիրապետում է քաղաքացին իր իրավունքին, թե ոչ։ Օրենքով նախատեսված յուրաքանչյուր իրավունքի կիրարկման պրակտիկան հանդիպում է տարբեր իրավիճակներում։ Քաղաքացին պետության հետ շփվում է մեկ համակարգի միջոցով, և չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունի։ ԶԼՄ-ներն այնպիսի զորեղ չորրորդ իշխանության կրող են, որ քաղաքացիները կարիք չունեն որևէ խնդրի համար մղել այնպիսի պայքար, ինչպես մեր հանրությունը։ Մամուլն ի զորու է պաշտոնանկ անել պաշտոնյաներին՝ բացահայտելով նրանց գործողությունների անօրինականությունը կամ որևէ օրենքի խախտում։ Օրինակները շատ են, և հանրությունը տեսնում է աշխատող համակարգ։ Դիտարկելով այս ամենը՝ հասկանում ես, թե ինչու են նման կայացած պետությունները ձգում այլ երկների քաղաքացիներին՝ ներառյալ Հայաստանի։ Եվ այդ ֆոնին մեր իշխանավորների պատճառաբանությունը արտագաղթի տեմպերի մասին, թե միևնույն է մարդիկ գնում են, անհեթեթ են հնչում։ Այդ ե՞րբ մենք մեր քաղաքացիների իրավունքները և ազատությունները պաշտպանող պետություն դարձանք, որ մեր քաղաքացիներն էլ չեն գնահատում և լքում են Հայաստանը։ Ես դեռ չեմ խոսում կենսամակարդակի մասին, որովհետև երբ խորամուխ ես լինում պատճառների մեջ, համոզվում ես, որ դրանք վաղուց արդեն ավելի քիչ սոցիալական բնույթ են կրում, քան արդարության, պետության կողմից պաշտպանված լինելու քաղաքացիների բնական ակնկալիքների և իրականության անհամապատասխանության սկզբնաղբյուր ունեն։ Սակայն ես շարունակում եմ մնալ իմ այն համոզմունքին, որ Հայաստանը կարող է և կդառնա այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ կգտնի իր տունը և յուրաքանչյուր քաղաքացու իրավունք կլինի պաշտպանված պետության կողմից այն ընկալումով, որ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։

Հարցազրույցն անցկացվել է  «Անալիտիկ» կենտրոնի «Կայացած կանանց ակումբ» նախագծի շրջանակներում

 

Նույն շարքից