Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Արևմուտքի արդարության տարօրինակ չափանիշները. Հալածյալ կարող է լինել միայն ահաբեկիչը

analitik.am

Հունվարի 24-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը տեղեկատվություն տարածեց, որի համաձայն Հայաստանից ստացված դիմումների քանակը կտրուկ նվազել է՝ արձանագրելով ավելի քան 50 տոկոսանոց անկում: ՄԻԵԴ-ի ներկայացրած տվյալների համաձայն, 2017 թվականին Հայաստանից ստացվել է 356 դիմում, մինչդեռ 2016-ին՝ 753 էր, ինչն էլ ավելի ուշագրավ է, քանի որ Եվրոպական Խորհրդի երկրներից ստացված դիմումների ընդհանուր քանակը 19% -ով աճ է արձանագրել:

Հաջորդ օրը՝ հունվարի 25-ին, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակն անդրադարձավ այս նյութին՝ նշելով, որ Հայաստանից ստացված ընդհանուր դիմումների քանակը, այնուամենայնիվ, շատ է և այդ քանակը վկայում է իրավապահների և դատավորների շրջանում տարածված կոռուպցիայի մասին: Բուն վիճակագրությունը «Ազատություն»-ը չմեկնաբանեց, քանի որ այս նյութի իմաստը կայանում էր նրանում, որ ընթերցողներին հերթական անգամ հիշեցնեն, թե ամեն ինչ միևնույն է վատ է: Նմանօրինակ խմբագրական քաղաքականությունն էլ ավելի տարօրինակ է թվում, եթե համադրենք բազմաթիվ հայաստանյան ԶԼՄ-ների վերաբերմունքը ՄԻԵԴ-ի կողմից ընդունված վարույթներին:

Հունվարի 23-ին բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան Հայկ Կյուրեղյանի հանդեպ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կարճման որոշումը բողոքարկող դիմումի ընդունմանը ՄԻԵԴ-ի կողմից: Մինչդեռ, «Անալիտիկ» կայքի հիմնադիր, լրագրող Անի Հովհաննիսյանի կալանքի բողոքարկման դիմումի ՄԻԵԴ վարույթ ընդունման փաստը ոչ մի կերպ չլուսաբանվեց:

Մի դեպքում խոսքը վերաբերում է դատարանի առջև ավտոմեքենայի վրայից բոլորին պայթեցնելու կոչեր հնչեցրած և պնևմատիկ ատրճանակից ոստիկանների վրա կրակած երիտասարդի մասին, մյուս դեպքում՝ հայաստանյան «ՎՏԲ Բանկ»-ում Ադրբեջանական պետական նավթային հիմնադրամի փայ ունենալու փաստը լուսաբանած և այդ ադրբեջանական կապիտալը ՀՀ տնտեսությունից դուրս մղելու համար ստորագրահավաք նախաձեռնած լրագրողի մասին:

Առաջին դեպքում կա միջադեպն ապացուցող կադրեր և վկայություններ, երկրորդ դեպքում՝ դատարանը անհիմն կալանքի սանկցիաներ և դատապարտող դատավճիռ տվեց առանց որևէ ապացույցի: Առաջին դեպքի մասին գրում են բոլորը, երկրորդ դեպքի մասին՝ հատուկենտ ԶԼՄ-ներ: Չի գրում ոչ միայն պարբերաբար ադրբեջանական քարոզչություն տարածող «Ազատություն»-ը, այլ առհասարակ չի գրում գրեթե ոչ ոք։ Մեզ մնում է գուշակել, թե ինչ նպատակներ է հետապնդում արևմտյան դոնորներից սնվող լրատվական դաշտը, երբ գովազդում է բռնության կոչեր անողներին , բայց փաստացի լռեցնում հակաադրբեջանական փաստերով հիմնավորված քննադատությունը:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից