Քաղաքական Հասարակություն Տնտեսություն գլխավոր 

Շքեղության հարկ Հայաստանում. Որքանո՞վ է իրատեսական

Եկամուտների անհավասարությունը հարթելու և բյուջեն լցնելու համար մի շարք երկրներում կիրառվում են հարկային համապատասխան նորմեր, որոնցից մեկը կարելի է համարել շքեղության հարկը: Առհասարակ «շքեղություն» են համարվում հաճույքի համար ձեռք բերվող և  հիմնական հարմարավետությունից դուրս ապրանքները: Նմանատիպ ապրանքների ձեռքբերում իրենց կարող են թույլ տալ միայն հարուստները՝ հիմնականում զուտ հաճույքի նպատակով:

Շքեղության հարկի դեպքում հարկվում են այն ապրանքների համար, որոնց օգտագործումը վկայում է հարստության մասին: Հիմնականում հարկվում են ֆիզիկական անձինք, ովքեր ունեն շքեղ ապրանքներ: Որոշ երկրներում հարկի չափը որոշվում է ըստ ապրանքի գնի՝ ինչքան թանկ է, այնքան շատ է վճարում: Հարկի չափը սահմանվում է  հաշվի առնելով դրա կիրառման նպատակը, երկրում սոցիալական վիճակ, ՀՆԱ-ի չափ, տնտեսական աճ և այլն: Շքեղ ապրանքների դասին են պատկանում թանկ անշարժ գույքը, թանկարժեք մեքենաները, ոսկյա զարդերը և այլ թանկարժեք ապրանքներ: Շքեղության հարկի կիրառման փորձ ունեն մի շարք երկրներ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև.

Շքեղության հարկը Ֆրանսիայում

Դեռևս 1982-ին Ֆրանսիայում ներդրվեց հարստության հարկ: Հարկման ենթակա էին քաղաքացու բոլոր ակտիվները՝ այդ թվում արտերկրում գրանցված անշարժ գույքը, բանկային հաշիվները, արժեթղթերը: Հարստության հարկ են վճարում բոլոր այն քաղաքացիները, որոնց կարողությունը գերազանցում է մոտ 1,3 միլիոն եվրոն: Մինչև 3 միլիոն եվրո ունեցող քաղաքացիների դեպքում հարկադրույքի չափը կազմում է 0,25% տոկոս, իսկ 3  միլիոն եվրոյից ավել կարողության դեպքում՝ 0,5% տոկոս: Միայն այս հարկատեսակից 2012-ին Ֆրանսիայի բյուջե է մուտք եղել 3 միլիարդ եվրոյից ավել գումար:

2012-ին նախագահ Օլանդը որոշեց ավելացնել գերկարողություն ունեցող մարդկանց համար շքեղության հարկի դրույքաչափը, քանի որ նա այդ կերպ էր տեսնում պետական բյուջեի պակասուրդը լրացնելու լուծումը: Պետք է նշել, որ Ֆրանսիայում կարևորվում է սոցիալական արդարությունը, այսինքն բյուջեն լցնելու բեռն ընկնում է  ոչ թե ցածր կամ միջին եկամուտ ունեցող մարդկանց, այլ հարուստների և  գերեկամուտներ ունեցող մարդկանց վրա:

Շքեղության հարկը Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիան աշխարհի առաջին երկրն է, որի կառավարությունը գերեկամտի հարկ սահմանեց (1915 թվականին), որն էլ հետագայում հիմք դարձավ ֆիզիկական անձանց համար շքեղության հարկ սահմանելուն:

Մեծ Բրիտանիայում շքեղության հարկի այլընտրանքն է հանդիսանում թանկ անշարժ գույքի գնման ժամանակ վճարվող հարկը: Հարկի չափը կախված է գնվող գույքի արժեքից:

Մեկ միլիոն ֆունտից ավել արժեք ունեցող անշարժ գույքի սեփականատերերն ամեն տարի պետությանը 5%-ի չափով հարկ են վճարում:

Պետք է նշել, որ Մեծ Բրիտանիայում հարուստներին հարկելու հատուկ և կայացած համակարգ գոյություն ունի:

Շքեղության հարկն ԱՄՆ-ում

Սկզբնական շրջանում ԱՄՆ-ում շքեղության հարկը կիրառվել է բյուջեն լցնելու համար, բայց հետագայում արդեն հասարակության սոցիալական համահարթեցման նպատակով: 1990-ականներին ԱՄՆ-ում հարուստները սկսեցին ավելի շատ հարկեր մուծել ինքնաթիռների, շքեղ մեքենաների,  ոսկյա զարդերի և այլ շքեղ ապրանքներ ունենալու համար: Ճիշտ է՝ ներկայումս ԱՄՆ-ում շքեղության հարկ որպես այդպիսին չկա, բայց կան մի շարք հարկեր, որոնք փաստացի կատարում են շքեղության հարկի գործառույթները: Առհասարակ ԱՄՆ-ն միշտ հետևում է սոցիալական համահարթեցմանը՝ աշխատելով շահագրգռել կապիտալի ներհոսքը ԱՄՆ, բայց միևնույն ժամանակ հարկային բեռը հիմնականում թողնել  հարուստ խավի վրա:

Շքեղության հարկը Չինաստանում

Չինաստանում շքեղության հարկը տարածվում է բոլոր այն ապրանքների վրա, որոնք թանկարժեք են՝ ժամացույցներ, էլենտրոնիկա, գինի, մեքենա և այլն:  Միավոր հարկի պաշտոնական դրույքաչափը կազմում է 15%: Բացի այս, կա նաև անշարժ գույքի հարկ:

Շքեղության հարկն իր մեջ ներառում է մի շարք այլ պարտականություններ՝ ներմուծման, ԱԱՀ և սպառման հարկ: Հարկադրույքի չափը կապված է ապրանքատեսակից: Օրինակ՝ էլիտար կոսմետիկ միջոցների ներմուծման հարկը կարող է կազմել մինչև 50%,ԱԱՀ-ն՝ 17%, սպառման հարկը՝ 10%:

Բերված օրինակներից պարզ է դառնում, որ տարբեր երկրներում հարկային բեռն ավելի շատ փորձում են դնել հարուստ խավի վրա, այլ ոչ թե միջին կամ ցածր եկամուտներ ունեցող մարդանց: Այս առումով հետաքրքիր է իրավիճակը ՀՀ-ում: Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ն այսօր բյուջե լցնելու խնդիր ունի՝ թե արտաքին պարտքի սպասարկման, թե անվտանգության կազմակերպման և բազմաթիվ այլ հարցեր հոգալու համար, պետությունը պետք է առաջին հերթին հարկային բեռով ծանրաբեռնի հարուստ խավին, այլ ոչ թե միջին և ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներին, ինչն այսօր արվում է: Զարմանալի է, որ այս մասին որևէ հայ գործիչ չի խոսում, բացառությամբ Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանից, ով փետրվարի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կոչ արեց հարկել օլիգարխների շքեղ գույքը: Թանդիլյանը ելույթում բավականին հետաքրքիր առաջարկ արեց՝ գույքահարկի մեխանիզմները վերանայել, ինչի արդյունքում հարուստները գումարներ կմուտքագրեն պետական բյուջե:

Առաջին հայացքից իրատեսական չի թվում այն, որ ներկայիս Հայաստանում հնարավոր կլինի շքեղության հարկի մասին օրենք ընդունել, քանի որ քաղաքականությունն ու տնտեսությունը սերտաճած են, բայց նայելով աշխարհի տարբեր երկրների փորձին, ինչպես նաև ստեղծված ՀՀ պայմաններին, հասկանալի է դառնում, որ  օրհասական հարց է, որը պետք է իշխանությունն էլ հասկանա և կարողանա իրագործել՝ հաշվի առնելով, որ ցածր և միջին խավին հարկային բեռով ծանրաբեռնելիս ոչ միայն նպաստում է արտագաղթին, այլ նաև այդ մարդկանց ֆիզիկական գոյության համար ուղակի անհնարին պայմաններ ստեղծում:  Շքեղության հարկի ընդունումը ոչ միայն կլցնի ՀՀ բյուջեն, այլ կնպաստի սոցիալական համահարթեցմանը, և չի ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ բնակչության մոտ 5 տոկոսի մոտ կուտակված հարստության հիմնական մասը ծառայում է բացառապես այդ մարդկանց անձնական շահերին, այլ ոչ թե նաև պետական և հասարակական շահերին, ինչը բազմաթիվ երկրներում մեծապես կարևորվում է:

 

«Անալիտիկ» վերլուծական թիմ

 

Նույն շարքից