Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Բենզինի գները, արժութային հիմնադրամը, Սորոսը և Արցախը . Հայաստանին դաժան փորձություն է սպասվում

analitik.am

1992 սեպտեմբերի 16-ը համաշխարհային արժութային սպեկուլյացիների պատմության մեջ ընդունված է անվանել «Սև չորեքշաբթի»: Այդ օրը Միացյալ Թագավորության գանձապետարանը կորցրեց 7 միլիարդ դոլար և ստիպված եղավ սեփական արժույթը Եվրոպական արժութային շուկայից դուրս բերել։ Նման որոշման պատճառ դարձավ այն փաստը, որ աշխարհի խոշորագույն արժութային սպեկուլյանտներից մեկը՝ Ջորջ Սորոսը, 10 միլիարդ դոլարի չափով դրույք կատարեց՝ ի օգուտ ֆունտի անկման։ Այս քայլով ֆունտը տապալվեց, ահռելի վնասներ հասցվեց ՄԹ տնտեսությանը, իսկ Սորոսին 2 միլիարդ դոլարի եկամուտ ապահովվեց մեկ դրույքով, որի հիմքում սակայն իր սեփական միջոցները չէին:

Այս, զուտ սպեկուլյատիվ թվացող գործարքն իրականում լուրջ քաղաքական պայքարի դրվագներից մեկն էր: Բանն այն է, որ 90-ականների սկզբին արդեն հայտնի էր, որ Եվրամիությունն ունենալու է միացյալ արժույթ: Սակայն 1992-ի փետրվարի 7-ին Միացյալ Թագավորությունը հրաժարվեց ստորագրել Մաաստրիխտի պայմանագիրը, որով նախատեսված էր ստեղծել Եվրոն: Ջոն Մեյջերի պահպանողական կառավարությունը շարունակում էր Մարգարետ Թետչերի կենտրոնամետ քաղաքականությունը, ուստի ծախսվում էին ռեսուրսներ ֆունտ ստերլինգի արժեքը և դիրքը պահպանելու համար: ՄԹ չինովնիկները հետևողականորեն փորձում էին երաշխավորել, որ ՄԹ ֆունտ ստերլինգը 2,7 անգամ ավելի թանկ կարժենա, քան գերմանական մարկը։ Այս նշաձողը պահպանելու համար ՄԹ կառավարությունը ստիպված երկրի ներսում հանդուրժում էր բավականին բարձր գնաճը: Բրիտանացիների համար զորեղ ֆունտը հույժ կարևոր էր՝ Եվրազոնայում ազդեցությունը պահպանելու համար: Չստացվեց. Մաաստրիխտից կես տարի անց «Սև չորեքշաբթին» ցույց տվեց ֆունտի խոցելիությունը միացյալ Եվրոպայի նկատմամբ և պատժեց Բրիտանիայի պահպանողականներին: «Սև չորեքշաբթին» շատ ցավոտ էր, բայց այնքան ցավոտ չէր, որ ստիպեր բրիտանացիներին հրաժարվել սուվերենության գլխավոր երաշխիքներից մեկից: Նրանք կորցրեցին 10 միլիարդ, այլևս չէին կարող թելադրող լինել Եվրոպայում, սակայն որոշեցին դիմակայել և սեփական արժույթից չհրաժարվեցին:

Թեպետ, Սորոսի կենսագրության մեջ նշվում է, որ 80-ականների վերջում նա դադարել է իր ֆինանսական կառույցի կառավարումը՝ կենտրոնանալով բարեգործության և 1984 թվականին ստեղծված Բաց Հասարակություն (Open Society) հիմնադրամի գործունեության վրա, այնուամենայնիվ, իր բարեգործական ծրագրերի «թիրախ» դարձած երկրներում պարբերաբար լուրջ ֆինանսական աղետներ են տեղի ունենում: Երբեմն այդ աղետներն ամբողջ տարածաշրջաններ են ընդգրկում՝ օրինակ, 1997-ին Ասիայում, երբ Սորոսի թիրախը դարձան Թայլանդի և Մալազիայի կենտրոնական բանկերը: Հոնկ Կոնգին էլ փրկեց Չինաստանը, որի ֆինանսական հզորության դեմ Սորոսն անզոր էր:

Հայաստանն ակտիվ համագործակցում է ինչպես Միջազգային Արժութային Հիմնադրամի (IMF), այնպես էլ վերոհիշյալ միջազգային արժութային սպեկուլյանտի հետ: Այստեղ գործունեություն է ծավալում Սորոսի հիմնադրած Open Society հիմնադրամը, բազմաթիվ այլ միջազգային և տեղական լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսի կողմից: Հետաքրքրական է, որ հիշյալ լրատվամիջոցներն առանձնանում են ներկայիս ՀՀ իշխանության նկատմամբ ունեցած խիստ ընդդիմադիր հայացքներով: Այս կառույցներն են, որ անընդհատ լուսաբանում են ապօրինությունների, մսխումների, չարաշահումների մասին և շահարկում իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու հարցը: Քննադատությունից հաջողվում է խուսափել միայն տրանսազգային կազմակերպություններին՝ «Գազպրոմ», «ՎՏԲ բանկ», չնայած որ այստեղ գուցե ավելի շատ մսխում ու ապօրինություն կա, քան մնացած բոլոր հիմնարկներում միասին վերցրած, բայց հենց վերջիններն են մշտադիտարկման թիրախ հանդիսանում:

Զարմանալի է, սակայն, այն փաստը , որ անկախ բոլոր վերոհիշյալ կազմակերպությունների զեկույցներից, միջազգային արժութային հիմնադրամը շարունակում է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: ՀՀ պետական պարտքը ստաբիլ աճում է, դրան զուգահեռ ստաբիլ աճում են հարկերը, որոնցով, ըստ նախատեսվածի, պետք է մարվի այդ պարտքը: Այս փաստը զարմանալի է, քանի որ տրամաբանական կլիներ ենթադրել, որ լեգիտիմության խնդիր ունեցող իշխանությանը պարտքով փող տալուց պետք է կանխատեսվի, որ լեգիտիմ իշխանության հաստատման դեպքում այդ պարտքը հնարավոր է՝ չվերադարձվի: Այսինքն, եթե վարկատուն վարկ է տալիս ոչ լեգիտիմ մի կառույցի, որը վարկը նպատակային չի ծախսում, տրամաբանական է ենթադրել, որ հարկատուները կհրաժարվեն մարել այն պարտքը , որը գոյացել է իրենց կամքից անկախ և չի ծախսվել ի օգուտ հարկատուների: Սակայն, արի ու տես, որ վարկերը շարունակում են գալ, և դրանց զուգահեռ շարունակում են գալ գրանտերը, որոնք այդ վարկ վերցնողներին դելեգիտիմացնելու նպատակ ունեն:

Հարց է առաջանում՝ լավ, իմաստը՞. Ո՞րն է իմաստը վարկ տալ այդ վարկը մսխողին, հետո պարտադրել ոչ պոպուլյար քայլեր, ինչպիսին են հարկերի բարձրացումներն ու թանկացումները, դրան զուգահեռ անընդհատ քարկոծել թե՛ վարկառուին, թե՛ տնտեսական մթնոլորտը և թե՛ պետական ինստիտուտները: Ո՞րն է այս մարդկանց շահը, երբ նրանք պարտադրում են հարկային քաղաքականություն, որը ոչ մի կերպ չի կարող նպաստել տնտեսական աճին, առանց որի հնարավոր չի մարել արտաքին պարտքը: Ո՞րն է պատճառը, որ Միջազգային Արժութային Հիմնադրամը Հայաստանին ուղղորդում է դեպի անխուսափելի դեֆոլտ:

Ըստ ամենայնի, շահը պետք է փնտրել ոչ թե տնտեսական բնագավառում, այլ՝ քաղաքական: Հայաստանը միջազգային քաղաքական հարթակում հանդիսանում է ՌԴ գործընկերը և Իսրայել-Ադրբեջան առանցքի հիմնական թիրախը։ Ըստ էության, սա նշանակում է, որ եթե մենք չհրաժարվենք ՌԴ ռազմաբազայից ու Արցախից, մենք դատապարտված ենք ունենալ ոչ լեգիտիմ իշխանութուն, համենայն դեպս, մեզ դա անընդհատ կհամոզեն և էլ ավելի եռանդով կանեն դա բենզինի և այլ ապրանքների գնի աճին զուգահեռ: Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները և հարցումները ցույց են տալիս, որ զիջում պարտադրելու միակ խոչընդոտը հայկական բանակներն են, ուստի հիմնական հարվածը հենց այդտեղ է ուղղվելու: Հայաստանին պիտի կանգնեցնեն ֆինանսական և ռազմական կոլապսի առջև, որպեսզի մենք չկարողանանք «թփրտալ»:

Հ.Գ. Ֆունտ ստերլինգը տապալվեց ոչ թե Սորոսի դրույքի պատճառով, այլ այդ դրույքին զուգորդած համապատասխան ապոկալիպտիկ տեղեկատվական տարափի պատճառով։

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից