Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Ինչու՞ Արևմուտքը նախընտրեց Կարեն Կարապետյանին. Ո՞րն է Արմեն Սարգսյանի դեմ արշավի պատճառը

analitik.am

Ամբողջ գրանտակեր և գրանտատու համայնքը ոտքի է ելել: Անհանգստացած են բոլորը՝ մեծից փոքր, անդրազգային «Թրանսփարենսի Ինթերնեշընլ»-ից մինչև ԱՄՆ դեսպանատան երրորդական կայքերը: Ստորագրահավաքներ, բացահայտումներ, որոնց հիման վրա էլ բազմաթիվ շահարկումներ լրատվական կայքերում: Թվում է, թե արևմտյան կապալառուների հայոց աշխատակիցները ներկա պահին ավելի կարևոր խնդիր չունեն, քան այն պատճառների ջրի երես հանումը, որոնք կոչված են համոզելու, թե ինչու Արմեն Սարգսյանն իրավունք չունի լինել ՀՀ նախագահ: Հիմնական թեզերի կառուցվում են քաղաքացիության և բիզնես շահերի վերաբերյալ շահարկումների շուրջ:

Այս հանգամանքը կարող էր լինել բնական, նույնիսկ՝ ողջունելի: Վերջիվերջո, հասարակությունը պետք է տեղեկացված լինի, նույնիսկ, եթե ուղղակիորեն չի մասնակցում ընտրություններին: Չնայած, որ տեղեկատվության մատուցման հին ու «բարի» ոճն ավելի շուտ մանիպուլյացիաների հեղեղ է հիշեցնում, քան՝ լրատվություն, միևնույն է՝ կարելի էր ընդունելի համարել: Սակայն, այս ամենը տարօրինակ երանգ է ստանում, երբ իրադարձություններին համեմատական կարգով ենք նայում:

Բանը այն է, որ մոտ մեկ ու կես տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած ոստիկանական գնդի գրավման, ոստիկանների գնդակահարման և քաղաքացիների պատանդառման հետևանքով մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա նշանակվեց, ում կենսագրությունը ևս կարող էր բազմաթիվ հարցեր առաջացնել նույն խավի մոտ: Կարող էր, բայց չառաջացրեց: Մոսկվայից վերադարձած Կարեն Կարապետյանը ևս նախկինում բարձր պաշտոն էր զբաղեցրել, նա նույնպես էներգակիրներ արդյունաբերող խոշոր անդրազգային ընկերության աշխատակից էր, ուներ խնդիր ՀՀ-ում մշտական բնակության հետ կապված և իր խոսքերով կարողություն է կուտակել զբաղվելով բիզնեսով որից ոչ ոք տեղյակ չէ: Ավելին, նույնիսկ «չափալախ» ստանալու պատմության առումով են Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նման, միայն այն տարբերությամբ, որ Սարգսյանինը հերքվեց, իսկ Կարապետյանինը՝ նույնիսկ լրատվական դաշտ չարտահոսեց (թեպետ, Հայաստանում մի ողջ մարզ տիրապետում է այդ պատմության մանրուքներին):

Բոլոր այս նմանությունները չստիպեցին «Թրանսփարենսի»-ին ստորագրահավաք կազմակերպել Կարապետյանի դեմ, «հայրենասեր» ընդդիմադիրները չշոշափեցին Կարապետյանի 1991-96-ականներին հույժ կարևոր մշակութային պաշտոնն Արցախյան ճակատից հեռու: Նույնիսկ, այն շարքային քաղաքացիները, ովքեր նկատել են այս արևմտյան կողմնապահությունը, տարակուսում են՝ չհասկանալով, թե ոնց կարող է «Գազպրոմ»-ի կադրը չթիրախավորվել, իսկ «Բրիթիշ Պետրոլիում»-ինը՝ թիրախավորվել: Առաջին հայացքից, այս փաստի արձանագրումն, անշուշտ, դիսոնանս է առաջացնում, որն ուղղելու փաստարկված միջոց դեռևս չկա: Շարքային քաղաքացին կարող է միայն ենթադրություններ անել՝ շատ սպեկուլյատիվ ու սուբյեկտիվ ենթադրություններ:

Ենթադրություններ անելիս չէր խանգարի հիշել մի քանի քաղաքական գործչի, որոնք արժանացան Արևմուտքի բարձրագույն գնահատականներից մեկին՝ Նոբելյան խաղաղության մրցանակին:

1993 թվականին այդ մրցանակը ստացավ Նելսոն Մանդելան: Նա համարվում էր հեղափոխական, ով դատապարտված էր ահաբեկչական ակտեր իրականացնելու համար: Դառնալով Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ՝ նա իր կառավարման հինգ տարիների ընթացքում հաջողացրեց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 25%-ով իջեցնել, ընդ որում, այդ ցուցանիշն իր շնորհիվ շարունակում էր իջնել նրա հեռանալուց հետո ևս երեք տարի: Երբեմնի խոշորագույն արդյունաբերական երկիրը դարձավ հումքային բազա Արևմուտքի համար: Մասնագետների պնդմամբ, նա այն ներքին գործոնն էր, որը շահագործելով Արևմուտքը կարողացավ ՀԱՀ-ին զրկել միջուկային զենքից և, ըստ այդմ, խոսքի իրավունքից միջազգային հարթակներում:

1991 թվականին Նոբելյան խաղաղության մրցանակը ստացավ Աուն Սան Սու Չժին՝ իր հարազատ Բիրմայում զինվորական ղեկավարության դեմ պայքարի համար: Այս մարդու իրավունքների ու ժողովրադավարության ասիական փարոսը, վարչապետ լինելով հանդերձ, թույլ տվեց սեփական երկրում մահմեդական քաղաքացիների կոտորածը՝ երբեմն, նույնիսկ, հարցի տակ դնելով այդ մարդկանց քաղաքացի լինելու փաստը: Բայց դա կարևոր չէր, կարևորն այն էր, որ առանց մարտունակ զինված ուժերի այդ երկիրն այլևս ունակ չէր դիմակայել արտաքին և ներքին մարտահրավերներին: Ըստ ամենայնի, հենց սա էլ մրցանակին արժանանալու հիմնական պատճառն էր:

1990 թվականին նույն մրցանակը ստացավ Միխաիլ Գորբաչյովը: Դե իսկ նրա վաստակի մասին , վստահ եմ՝ շատերս գիտենք...

Մնում է հուսալ, որ Հայաստանի քաղաքացիները և քաղաքական վերնախավը երբեք թույլ չեն տա, որ երկիրը կառավարվի այնպիսի մարդու կողմից, որը կարող է մի պայծառ օր Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանալ: Պրակտիկան ցույց է տալիս, որ դա կործանարար կարող է լինել ոչ միայն ՀՀ տնտեսության, այլ նաև բնակչության ֆիզիկական գոյության համար:

Հ.Գ. 1994-ին Նոբելյան մրցանակ է ստացել Յասեր Արաֆատը, ում 35 տարի տևած կառավարման ընթացքում Պեղեստինը կորցրեց գրեթե իր ամբողջ տարածքը՝ ի օգուտ Իսրայելի:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից