Գլխավոր Իրավական Հարցազրույց 

Դատական իշխանությունն անկախ չէ, մեղադրող կողմի քմահաճույքները մարդկանց համար լինում են ճակատագրական, պետությունն էլ ՀՀ քաղաքացիների դեմ է. Արսեն Մկրտչյան

analitik.am

Դատական համակարգի բացերի, փաստաբանների նկատմամբ կիրառվելիք տուգանքի, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորած ոչ հայանպաստ դիրքորոշման, արտերկրում կալանք կրող ՀՀ քաղաքացիների անպաշտպան լինելու և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ:

Պարոն Մկրտչյան, Հայաստանում որպես կանոն բավականին քննադատվում է իրավական և դատական համակարգը, քանի որ շատ հաճախ ականատես ենք լինում ոչ արդար դատական վճիռների կայացման և ապօրինի գործողությունների: Նոր դատական օրենսգիրքն այս մասով որևէ դրական փոփոխություն ներառո՞ւմ է, թե ոչ:

Լինեմ անկեղծ, մեծ հաշվով, որևիցե լուրջ դրական փոփոխություն դատական օրենսգրքով  նախատեսված չէ: Իրականում, տեղի են ունենում որոշակի շտկումներ, որպեսզի ֆորմալ առումով օրենսգրքերը հարմարեցվեն  նոր Սահմանադրությանը, իսկ, իրականում և ավելի շատ, այդ փոփոխություններն արտահայտում են որոշ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների կամակոր  ցանկությունները:

Ինչպես գիտենք, դատական իշխանությունը պետության հիմնասյուներից մեկն է, սակայն Հայաստանում շատ են կարծիքներն ու երբեմն հիմնավորումները, որ դատական իշխանությունն անկախ չէ, ի՞նչ կասեք այս մասին, արդյոք ներկայիս սահմանադրությամբ երաշխավորվում է դատական իշխանության անկախությունը:

Միանշանակ, ՀՀ-ում դատական իշխանությունն անկախ չէ և, ինչպես ԽՍՀՄ ժամանակ, այնպես էլ հիմա մեղադրող կողմի քմահաճույքները մարդկանց համար լինում են ճակատագրական:  Այն բացառիկ դեպքերում, երբ անձին թվում է, թե դատարանն իր նկատմամբ կայացրել է  արդար դատական ակտ, դա որպես կանոն արդյունք է լինում  կոնկրետ գործով դատավորի բարձր մարդկային, կամայական և, ցավոք սրտի, բացառիկ խիզախության արդյունքում, կամ փաստաբանի անմարդկային, տաժանակիր և տիտանիկ աշխատանքով /կամ երբեմն  երկուսը միասին/: Անկախ դատական համակարգ ունենալու համար նախ պետք է ունենալ անկախ դատավորներ, իսկ այդպիսիներն օդից չեն կարող առաջանալ, քանի որ դատավոր են նշանակվում հիմնականում հարուստները, հարուստների երեխաները, կուշտ կերած-խմած անձիք, որոնք վաղուց արդեն մոռացել են, կամ նույնիսկ չեն իմացել, թե ինչ բան է քաղցած լինելը, օրվա հացի պայքար մղելը և  առանց հովանավորչության մեր դատարաններում արդարություն փնտրելը: Իհարկե, կան բացառություններ և դատավորներ, որոնց,  իմ կարծիքով, 10 տոկոսը մեր երազած հայրենիքի արդար դատավորներն են, սակայն եթե հիմա տամ նրանց անունները, մտավախություն ունեմ, որ այս արատավորված համակարգը նախ կձերբազատվի նրանցից: Ցավոք սրտի, մենք դեռ փոքր երեխայի պես շարունակում ենք ուրախանալ, երբ ՀՀ դատարանում` ՀՀ անունից հռչակվում է ՀՀ քաղաքացու անմեղությունը: Բավական է համեմատել նման վճիռների քանակը մեղադրական վճիռների հետ և պարզ կդառնա, որ ՀՀ Գլխավոր դատախազն է այս ոլորտում նորաձևությունների և նորամուծությունների թույլտվություն տվողը, միայն թղթի վրա է, որ դատարանի դերն ավելի բարձր է, քան դատախազությանը, իսկ փաստացի, ինչպես ասում էի սկզբում` գործում են ԽՍՀՄ ավանդույթները:

Վերջերս շատ խոսվեց նաև փաստաբանների նկատմամբ կիրառվելիք 100 հազար ՀՀ դրամ տուգանքի մասին, մի՞թե սա փաստաբաններին ճնշելու նպատակ չունի և ի՞նչ եք անում Դուք որպես փաստաբան այս օրինագծի գործարկումը կանխելու համար:

Ես չեմ կարծում, որ 100.000 ՀՀ դրամի չափով  վիրավորված դատավորի կողմից փաստաբանի գրպանին խփելը հատուկ մտածվել է` փաստաբաններին ճնշելու նպատակով: Ի վերջո, նույնիսկ նման զավեշտների հեղինակները պետք է  հասկանային, որ, եթե փաստաբանը, օրինակ` իմ նման փաստաբանը, ցանկություն ունենա մի վիրավորվող, նրբիկ մեկին վիրավորի` նա այնպայման դա կանի՝ նույնիսկ 100.000 ՀՀ դրամ տուգանքի դեպքում: Կարծում եմ՝ դա վատ, սխալ, անիմաստ, չաշխատող, անհեթեթ, տուժողի հոգեբանություն ունեցող անձանց գաղափար է: Փաստաբանների պալատում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ է եղել, և լինելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով այս օրենքի  դեմն առնելու գործին: Մասնավորապես, մենք նամակ ենք ուղարկել ՀՀ նախագահին` խնդրանքով չստորագրել այդ օրենքը:

Դուք շփում ունեք կալանվորների և դատապարտյալների հետ, ի՞նչ կասեք նրանց պահման պայմանների մասին, քանի որ շատ են տեղեկություններն այն մասին, որ կալանավայրերում կան բազմաթիվ խնդիրներ:

Ինչ վերաբերում է կալանավայրերի խնդիրներին, ապա պետք է ասեմ, որ ամենակարևոր խնդիրը այն է, որ այսօր քննչադատախազադատական արատավորված «մեքենան» տալիս է ավելի շատ կալանավորներ և դատապարտյալներ, քան մեր հարկատուներն ի վիճակի են նորմալ պայմաններում պահել: Սա է գլխավոր և գերխնդիրը, որը  նաև կայանում է նրանում, որ կալանքի կամ ազատազրկման ուղարկող` քննիչը, դատախազը, դատավորը, էլ չեմ ասում նախարարներն ու փոխնախարարները` իրենց վարչության պետերով, նույնիսկ հեռավոր պատկերացումներ չունեն, թե ինչ զրկանքներ, տանջանքներ, ցավ ու կարիք են պատճառում կալանվորներին և նրանց ընտանիքներին: Եթե պաշտոններին նշանակվելուց առաջ այդ փափկամարմին և լավ դաստիարակված անձանց, որպես պրակտիկ աշխատանք մի երկու ամսով, բոլորին անխտիր ուղարկեին կալանք կրելու, որպեսզի նրանք սեփական մաշկի վրա զգային այլոց` երբեմն նույնիսկ անտեղի պատճառվող դժվարությունները, վստահ եմ, որ իրավիճակը բավականին կբարելավվեր:

Հայաստանում գտնվող կալանավորներն ու դատապարտյալները դեռ կարող են իրենց խնդիրները լուծել իրենց հարազատների կամ ընկերների օգնությամբ, իսկ ինչպես է վիճակը  արտերկրում կալանք կրող ՀՀ քաղաքացիների մոտ: Ունե՞ք տեղեկություններ այդ մասին:  

Իհարկե ունեմ նման տեղեկություններ, ներկա պահին չորս ՀՀ քաղաքացի, որոնք հայտնվել են օտարերկրյա պետությունների օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում օգտվում են իմ ծառայություններից, սահայն, երբ համեմատում եմ մեր քաղաքացիների պաշտպանվածությունը պետական, դիվանագիտական, դատախազական մարմինների կողմից այլ երկրների քաղաքացիների հետ, ապա պիտի ասեմ, որ այդպիսիններն իսպառ բացակայում են: Մասնավորապես, ինձ հայտի չէ որևէ  դեպք, երբ կալանքի վերցված ՀՀ քաղաքացու համար պետությունը հօգ տանի կամ մտածի, որ նման անձանց, անկախ ամեն ինչից,  պետք է պետական օժանդակություն ցույց տան, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց պաշտպանության իրավունքը, իսկ եթե ունեն նման նպատակ հնարավորինս սեղմ ժամկետում տեղափոխե ՀՀ՝ կալանք կրելու, կամ դատարանի առջև կանգելու համար: Ի տարբերություն, օրինակ, ՌԴ-ի, որը նույնիսկ Պերմյակովի պես վայրագություն կատարած անձին չթողեց օտար պետությունում կրեր կալանքը, ՀՀ չինովնիկները ոչ միայն բացարձակ անտարբերություն են ցուցաբերում ՀՀ-ից դուրս հետապնդման ենթարկված անձանց նկատմամբ, այլև հնարավորինս անտարբերություն են ցուցաբերում և ստեղծում են մի շարք բյուրոկրատական անհարմարություններ այդ անձանց համար:

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ-ում բավականին դժվար է էքստրադիցիայի գործընթացը և շատ դեպքերում ՀՀ քաղաքացիները ստիպված իրենց կալանքը կրում են այլ երկրներում:  Մի՞թե սա նորմալ է, որ պետությունն իր քաղաքացիներին, թեկուզ դատապարտված, չի կարողանում ապահովել անհրաժեշտ օգնությամբ և տեղափոխել իրենց հայրենիք, առավել ևս, որ այդ մարդիկ այնտեղ գուցե որևէ հարազատ կամ բարեկամ չունեն: Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ-ն էքստրադիացիայի գործընթացները բավականին դժվար է, ավելի շուտ հազվադեպ դեպքերում է իրականացնում:

Էքստրադիցիայի գործընթացը բավականին բարդ և, ներողություն արտահայտությանս համար, բավականին հին, հիմար արարողակարգեր է նախատեսում: Նախ,  էքստրադիցիոն կոնվենցիաներին բավարար չափով մինչև օրս չեն տիրապետում և, նույնիսկ, ծանոթ էլ չեն ՀՀ գլխավոր Դատախազությունում և ՀՀ դատական համակարգում: Դրա վառ ապացույցն է, օրինակ, իմ գործն ընդդեմ ՌԴ-ի, որով ժամանակին ՀՀ գլխավոր Դատախազությունը նախ իմ նկատմամբ հետախուզում հայտարարեց` չկատարված հանցագործության համար, հետո վատնելով պետական բյուջեյից մոտ 10.000 ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամ, իրականացրեց իմ էքստրադիցիան , այնուհետև չբաշարեց գործը դատարան հասցնել, հետո պահանջեց ինձանից այդ 10.000 ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամը, ինչը մերժվեց դատարանի կողմից, իսկ արդյունքում, երբ ես Եվրոպական դատարան բողոք ներկայացրեցի ընդդեմ ՌԴ-ի, ՌԴ կառավարությունն Եվրոպական դատարանի վճռով պարտավորվեց ինձ վճարել 8.350 Եվրո գումար, որը կարող էր և չլինել, եթե ՀՀ գլխավոր Դատախազության որոշ  աշխատակիցներ բողոքներս կարդալու ունակություն ունենային կամ լցված չլինեյին միայն մի նպատակով, որպեսզի ամեն գնով անմեղ ՀՀ քաղաքացուն կալանավորեն: Ասեմ, որ այդ մասով ներկայումս էլ որևէ բան չի փոխվել և հենց հիմա ցանկացած հարցում, որը կատարվում է օտար երկրներից, այդ թվում նաև մահմեդական երկրներից ՀՀ դատախազություն, դատախազությունն աշխատում է անմիջապես ՀՀ քաղաքացուն վերցնել կալանքի տակ և օտարերկրյա գործընկերներին հաղորդել, որ մեր քաղաքացին ձեր խնդրանքով կալանավորված է:

Մինչդեռ, հանձնման մասին Եվրոպական, Մինսկյան և Քիշնևյան կոնվենցիաները նման դեպքերում նախատեսում են նաև այլընտրաքային խափանման միջոցներ, որոնք հաջողությամբ կիրառվում են, երբ խոսքը գնում է ոչ ՀՀ քաղաքացիների մասին:  Սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունում  դրանց կիրառելիությունն անհնարին է համարվում, նույնիսկ այն դեպում, երբ օտարերկրյա  պետությունում հետապնդվող ՀՀ քաղաքացին վեց երեխայի հայր է, իսկ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող քննիչն ակնհայտ թշնամանք և պաշտոնեական դիրքի չարաշահում է դրսևորում հայերի նկատմամբ, ինչի մասին ես հայտնել եմ դատախազության համապատասխան վարչությանը, սակայն ինչպես հասկանում եք, ամիսներ շարունակ արձագանք չեմ ստացել: Ինչ վերաբերում է արտերկրում դատապարտված և կալանքը կրող հայրենակիցների ճակատագրերին, ապա այստեղ պատկերը ողբերգական է:

Մեր հայրենակիցները հիմնականում կալանքը կրում են տաժանակիր պայմաններում, նրանց նկատմամբ հաճախակի լրացուցիչ, շինծու գործեր են կարվում այնտեղ, նրանք, արդարության հույսը կորցրած, փորձ են կատարում դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի կարողանան գոնե իրենց բանտային դժոխքը տեղափոխել ՀՀ: Սակայն, մեր փառահեղ արդարադատության նախարարության հանձնաժողովը, առանց որևէ լուրջ հիմնավորումների, մեր հույսը կորցրած ՀՀ քաղաքացիներին պատասխանում է չոր երկտող ուղարկելով արտերկիր ` «նպատակահարմար չենք գտնում Ձեզ տեղափոխելը»:

Ես ցանկացած կալանավորված կամ կալանքը կրող հայի տեղափոխումը ՀՀ նպատակահարմար և տրամաբանական եմ համարում իրեն հարգող պետության համար: Էքտրադիցիայի թեման բավականին արդիական և լուրջ է, կարգավորող փաստաթղթերն անտանելի հնացել են, նորոգելու կարիք ունեն, իսկ ՀՀ-ում դրանց իրավակիրառ պրակտիկան այլանդակ ապօրինի է: Ցավով պետք է ասեմ, որ վերջին պնդմանս ապացույցը կստանանք տարիներ հետո, երբ իմ գործի օրինակով Եվրոպական Դատարանը հերթական վճիռները կկայացնի առ այն, որ  ՀՀ-ն, ըստ սովորության, ՀՀ քաղաքացու դեմ է, ոչ թե` կողքին: Ասածիս լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ Արդարադատության նախարարությունը և  ՀՀ գլխավոր դատախազությունն առնվազն պետք է միավորվեն այն գաղափարի շուրջ, որ հնարավորինս արագ արտերկրում ձերբակալված և կալանքը կրող ՀՀ քաղաքացիները  հնարավորություն ստանան վերադառնալ ՀՀ: Սկզբից պետք է հայրենակիցներին օգնել վերադառնալ հայրենիք, այնուհետև նոր սպիտակ, փոմփոլիկ, բանակում չծառայած, պատերազմ ու կալանք չտեսած պաշտոնյաների բերանով դժբախտ ՀՀ քաղաքացիներին հանցագործի պիտակ կպցնել:

Նույն շարքից