Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Ինչպե՞ս արագ և ճիշտ նիհարել. Հարցազրույց պրոֆեսիոնալ մարզչի հետ

analitik.am

Սպորտի մասին պատկերացումներն ամբողջ աշխարհում տարբեր են և կարևոր հատկությունների մասին բազմիցս խոսվել է ։ Այն մնայուն «թրենդ» է և գրեթե ամեն օր ուղեկցում է մեզնից շատերին ու երբեք չի  «հնանում» : Ընդհակառակը` վերջին ժամանակներում առավել արդիական է դարձել` շատերի համար վերածվելով կենսակերպի :

Այս և այլ հարցերի շուրջ Analitik․am - ը զրուցեց Հայաստանի Բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի կողմից որակավորում ստացած , Բոդիբիլդինգի և Ֆիթնեսի անհատական մարզիչ Աննա Սմբատյանի հետ ։

Աննա,  գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ , որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական ։ Ի՞նչ տեսակի սպորտաձևով եք զբաղվում և քանի՞ տարի է , ինչ սկսել եք զբաղվել տվյալ սպորտաձևով ։

Արդեն 2,5 տարի է ինչ զբաղվում եմ ֆիթնեսով , որն էլ իր հերթին , հանդիսանում է բոդիբիլդինգի  միջազգային ֆեդերացիայի կողմից սահմանված դիսցիպլինաներից մեկը , սակայն, դրանից բացի , վերջին ժամանակներում  շեշտակի կերպով զբաղվում եմ Փաուերլիֆթինգով , այլ կերպ ասած՝ ուժային եռամարտով , բառն արդեն իսկ հուշում է , որ տվյալ սպորտաձևում կան երեք վարժություններ , որոնք մարզիկը պետք է կատարի՝սեղմում հենարանից , կքանստում և ձգում ։ Այս ուժային սպորտաձևը կարելի է համարել ծանրամարտի ճյուղ , քանի որ երկու դեպքում էլ աշխատում ենք ծանրաձողով և նպատակը  սահմանված քաշերը բարձրացնելն է , ձգելը  կամ հրելը և, բացի այդ ,  վարժություններն իրենց տեսակներով միմյանց նման են ։ Ի տարբերություն ֆիթնեսի, այստեղ կարևորը  բարձրացրած քաշերն են , այլ ոչ թե մարզիկի էսթետիկ կառուցվածքը։

Ընդհանրապես բոդիբիլդինգը շատ քննադատվող մարզաձև է, հատկապես, երբ բոդիբիլդինգով զբաղվում են իգական սեռի ներկայացուցիչներ ։ Ձեր դեպքում  արձագանքներն ինչպիսի՞ն են և ինչպե՞ս եք վերաբերվում դրանց ։

Իհարկե, մարդիկ քննադատաբար են վերաբերվում իգական սեռի ներկայացուցչի ուժային սպորտաձև ընտրելու փաստին , նրանք չեն պատկերացնում , որ կինը նույնպես կարող է հզոր լինել , գուցե նաև անընդունելի է այդ կազմվածքը ։ Սակայն, բավարար ինֆորմացված չլինելու պատճառով  մարդիկ սխալ կարծիք են կազմում այս ծավալուն աշխատանքի նկատմամբ , ինչպիսին մարմնակերտությունն է , և, թերևս, միայն բոդիբիլդերը կհասկանա ,  թե որքան դժվար է մկաններ աճեցնելը , դրանց տեսք հաղորդելը և խիստ ռեժիմով ապրելակերպը ։ Կոնկրետ ես կտրուկ արձագանքներին վերաբերվում եմ շատ հանգիստ և ըմբռնումով , հարկ եղած դեպքում փորձում եմ ճիշտ ինֆորմացիա տալ ,  որպեսզի հետևություններն էլ հնարավորինս ճիշտ լինեն ։ Անկեղծ ասած , իմ պարագայում , գրեթե միշտ դրական արձագանքներ եմ լսել , ծանոթ, թե անծանոթ մարդիկ փորձել են ավելի ոգևորել և քաջալերել , շատերն են ասել , որ մոտիվացիայի աղբյուր եմ հանդիսանում ։ Չեմ կարող չասել , որ դա ուրախալի է և պարտավորեցնող ։

Հայաստանում մարդիկ քիչ են տեղեկացված բոդիբիլդինգի մասին, ու շատ քչերը գիտեն՝ ինչի միջով են անցնում մարզված բեմական վիճակի հասնելու համար: Մի փոքր պատմեք այդ մասին և ի՞նչ է պետք նմանօրինակ մրցումներին հաղթելու համար ։

Իրոք դա շատ բարդ պրոցես է , ատլետը սնվում է հատուկ ռեժիմով, մարզվում հատուկ ծրագրով  համապատասխան դիսցիպլինային կառուցվածք ունենալու համար ։ Ատլետից պահանջվում է ֆիզիկական , հոգեբանական և ֆինանսական մեծ ռեսուրսներ  բաղձալի արդյունքին հասնելու համար ։ Այստեղ ամեն բան հաշվարկված է: Չմոռանանք նաև  վերականգնվելու մասին , սրանից շատ բան է կախված , քանի որ մկաններն աճում են ոչ թե մարզվելիս, այլ վերականգնվելիս ։ Բարդ փուլերից մեկն է նաև մարմնի չորացումը , ջրազրկումը ։ Մրցումներից առաջ ատլետն անցնում է ածխաջրային դիետայի , որի ընթացում այրվում է ենթամաշկային ճարպը , որպեսզի մկանների ռելիեֆն ավելի արտահայտիչ լինի ։ Ամեն փոքրիկ սխալ կարող է վատ հետևանքներ ունենալ ատլետի առողջության վրա , չնայած ,  որ հենց պրոֆեսիոնալ բոդիբիլդինգը շատ հեռու է առողջ ապրելակերպ ասվածից ։

Հայտնի է, որ շատ մարզիկներ բացի կոնկրետ սպորտաձևից , ունեն այլ զբաղմունքներ ։ Ի՞նչով եք զբաղվում դուք սպորտից դուրս և արդյոք մոտակա մի քանի տարվա նպատակները կապված են սպորտի հետ  ։

Ես ունեմ շատ նախասիրություններ , դրանցից են օրինակ՝ մոմագործությունն ու օճառագործությունը , բայց այս ամենից զատ , ունեմ առաջնային մասնագիտություն՝ նկարչությունն է ։ Այժմ էլ ուսումս նույն ուղղությամբ շարունակում եմ Մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում ։ Նկարչությունն ինձ համար ուրիշ աշխարհ է , որտեղ միայն ես եմ  և իմ երևակայությունը , շատ ասելիքներ հենց նկարելով եմ արտահայտում ։ Նկարչությունը երբևիցե չի մղվի երկրորդ պլան , սակայն որպես աշխատանք նախընտրում եմ սպորտը ։ Մոտակա ծրագրերս նույնպես սպորտի հետ են կապված , բայց հրաշալի կերպով այս երկու ծավալուն աշխարհները համատեղում եմ և երկուսն էլ ինձ լիարժեք կերպով բավարարում են ։

Աննա , մենք տեղեկացանք , որ դուք բուսակեր եք ։ Ի՞նչով է պայմանավորված նման դիրքորոշումը և որո՞նք են բուսակերության լավ ու վատ կողմերը ։

Արդեն 4 տարի է՝ բուսակեր եմ , այն  ինձ համար գիտակցական աստիճանի նոր համակարգ է ։ Ես սիրում եմ բնությունը և  կենդանիներին ։ Ուզում եմ որպեսզի կենդանիներն օգտվեն ապրելու իրենց հնարավորությունից ։ Ինքս էլ փորձում եմ ներդաշնակ ապրել բնության հետ ։ Երբևէ ինչ որ մեկի չեմ ասել , որ դառնա բուսակեր , կարծում եմ՝ մարդ ինքը պետք է գա այդ որոշմանը ։ Ի վերջո, դա լուրջ պրոցես է և այն ունի դրական և բացասական կողմեր ։ Կարող եմ վստահ ասել , որ բուսակերություն ընտրած մարդիկ ավելի շատ են հակված առողջ սննդի և ուշադիր են շրջակա միջավայրի պահպանման հանդեպ ։ Այն նաև նպաստում է ավելի շատ ստեղծագործելուն և նոր բաներ բացահայտելուն , թերևս դա գալիս է ընդունած առողջ և թարմ սննդից , որը լավ է անդրադառնում գլխուղեղի աշխատանքի վրա ։ Բացասական կողմերից է այն , որ երբ մարդը տեղեկացված չլինելով կտրուկ անցնում է բուսական սննդի և բավարար օգտակար նյութեր չի ստանում  վնաս է հասցնում օրգանիզմին ։

Այնուամենայնիվ , հարկ է նշել , որ մարզիչ լինելը դժվարին կարգավիճակ է , պարբերաբար մարզումները խլում են չափազանց մեծ ժամանակ ։ Ո՞րքան ժամանակ եք տրամադրում մարզվելուն և հերիքո՞ւմ է այն մշտապես լավ մարզավիճակում լինելու համար ։

Թեմային համապատասխան սիրով մեջբերում կանեմ Մարկ Տվենի մտքերից ․  «Աշխատեք զբաղվել ձեր սիրած գործով և դուք չեք ունենա ոչ մի  աշխատանքային օր» ։ Բնականաբար մարզումները ժամանակատար են , բայց նման մասնագիտությունը հենց դա էլ ենթադրում է ։ Ես մարզվում եմ շաբաթական 3-4 անգամ, 1,5 ժամով, բայց դա չափանիշ չէ , պետք է միշտ հիշել, թե ինչ նպատակի համար ես մարզվում և, ըստ այդմ էլ կազմես համապատասխան գրաֆիկ ։

Նորություն չէ , որ նիհարելու կամ պարզապես էներգիա ու լավ տրամադրություն ստանալու համար  մարդիկ այցելում են մարզասրահներ , սակայն շատերը կենսական ուժերի փոխարեն ստանում են հիասթափություն՝ չունենալով սպասված արդյունք : Ի՞նչ կասեք այս մասին և մեր քաղաքի մարզասրահներ հաճախող մարդկանց վերաբերյալ ։

Հիասթափության պատճառները կարող են տարբեր լինել՝ մոտիվացիայի պակաս , սխալ մարզումային ծրագիր, սխալ սննդակարգ , հոգեբանական խնդիրներ և ինչու չէ նաև վատ մարզչական աշխատանք ։ Օրեցոր մարզասրահ այցելող մարդկանց թիվն աճում է, մարդիկ սկսել են ավելի շատ հետևել իրենց էսթետիկ տեսքին և աշխատում են այդ ուղղությամբ։  Փառք Աստծո, ունենք բավականին գրագետ մարզիչներ , ովքեր ճիշտ ուղղորդում են այցելուներին։

Իսկ դուք նկատե՞լ եք, որ վերջին տարիներին մեր երիտասարդները պինդ ու ամրակազմ տեսք ունեն ։ Այսպիսով , դա արդյոք մեզ թույլ է տալիս մտածել , որ մեր երկրում սկսել են ավելի շատ սպորտով զբաղվել ։

Իհարկե դա ուրախալի փաստ է , երբ տեսնում եմ մարզական պայուսակով մարզասրահ այցելող մարդկանց և հասկանում , որ մարզումների են գնում կամ արդեն վերջացրել են։  Միանաշանակ սպորտի սիրահարների թիվը գնալով աճում է և դրան խթան է հանդիսանում մեր հայ մարզիկների նվաճումները , որպես նկատելի մոտիվացիա, և  նաև մեր քաղաքում օր օրի ավելացող գերհզոր մարզասրահների առկայությունը ։ Կցանկանայի նաև նշել՝  «workout » - ի դրական ազդեցությունը մեր սերնդի վրա ,  դրա շնորհիվ մենք հասկանում ենք  , որ պարտադիր չէ մարզասրահ գնալ մարզվելու համար , դա կարող է կազմակերպվել նաև ձեր սեփական բակում ։

Եվս մի հարց , որը կարծում եմ մտահոգում է շատերին ։ Ասում են , որ մշտական մարզումները  նույնիսկ մեկ շաբաթով  դադարեցնելուց հետո մենք կորցնում ենք այդքան մեծ ջանքերով ձեռք բերված ռելիեֆային գեղեցիկ մկանները , մի՞թե դա ճիշտ է և ինչպե՞ս պահպանել նախկինում ձեռք բերված կազմվածքը ։

Դա կախված է մարզիկի տարիների փորձից ։  Չմոռանամ նշել մկանային հիշողության մասին , որը մեր օրգանիզմում շատ գրագետ է կազմված ։ Երբ փորձառու մարզիկը որոշակի ժամանակ չի մարզվում , ապա կորցնում է նախկինում ձիգ և գեղեցիկ տեսքը ։ Սակայն, համեմատ սկսնակների , փորձառու մարզիկն ավելի արագ է վերադառնում իր մարզավիճակին, և դա հենց մկանային հիշողության հաշվին է ։ Մեր օրգանիզմն արագ է ընտելանում այդ գրաֆիկին և գլխուղեղն արդեն իսկ ունի այդ ինֆորմացիան , այդպիսով , մարզիկին շատ հեշտ վերադարձնելով նախկին տեսքին ։

Աննա , մոտիվացիան սպորտում համարվում է գլխավոր շարժիչ ուժ ։  Ո՞րն է ձեր մոտիվացիան և ինչպե՞ս կմոտիվացնեք մեր ընթերցողներին ։

Մոտիվացիայից շատ բան է կախված , բազմաթիվ սոցցանցերում կարող ենք տեսնել սպորտային նկարներ և հոլովակներ , սակայն իմ կարծիքով լավագույն մոտիվացիան սեփական ցանկությունն է ։ Ենթադրենք՝ ինչ որ մեկը մոտիվացվում է որևէ պրոֆեսիոնալ մարզիկի հետևելով , դա կտևի մեկ օր , մեկ շաբաթ , նույնիսկ ամիսներ , բայց ուրիշների արդյունքներով և նյութերով հասնել սեփական նպատակներին սխալ է, դա միայն կպահի աշխատանքային տեմպը ։ Ոչ ոք չի կարող տալ քեզ մոտվիացիայի այն քանակը , որն անհրաժեշտ է քո նպատակներին հասնելու համար ։ Հենց դրանում էլ կայանում է իմ մոտիվացիան , թե ով եմ ես , ինչի եմ ձգտում և ինչ արդյունքների եմ հասել ։ Անկախ նրանից՝ մարդիկ սպորտով են զբաղվում, թե ոչ  , կցանկանայի բոլորին ասել , որպեսզի վստահ լինեն սեփական ուժերի վրա , հավատան իրենց հնարավորություններին , որովհետև շատ քչերն են պատկերացնում թե ինչ հնարավորություններ ունի մարդը ։ Հարկավոր է առաջ գնալ , նույնիսկ եթե դժվար է , նույնիսկ եթե չես ուզում ։

Յանա Մարտիրոսյան 

 

Նույն շարքից