գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Հայաստանը դե ֆակտո Ռուսաստանի պատանդն է. Ռուբեն Մեհրաբյանն այն մասին, թե ինչու է Մոսկվան ներում բոլորին, բայց ոչ Հայաստանին

Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանը ներեց Ղրղզստանի 240 միլիոն ԱՄՆ դոլար կազմող  պարտքը: Բացի դրանից, երբ այդ երկիրը միացավ ԵԱՏՄ-ին, Ռուսաստանը տրամադրեց 1 միլիարդ 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ամիսներ առաջ Մոսկվան ներել էր նաև Կուբայի և Սիրիայի պարտքերը: Հայաստանի դեպքում ամեն ինչ այլ է: Հայաստանի պարտքերը ոչ միայն չեն ներվում, այլ նաև դրանց փոխարեն անընդհատ ինչ-որ բան է վերցվում Երևանից: Ինչո՞ւ է այդպես և ո՞վ է մեղավոր: Այս հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ.

Պարոն Մեհրաբյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ է Մոսկվան ներում այլ երկրների պարտքերը, սակայն դա չի անում Հայաստանի դեպքում: Որո՞նք են նման քաղաքականության պատճառները:

-Իհարկե, դա առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի խոցելիությամբ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Դա չկա Ղրղզստանի, Կուբայի կամ այն երկրների պարագայում, որոնց Ռուսաստանը ներում է: Բացի դրանից, Ռուսաստանն, այնուամենայնիվ, Հայաստանում իր ներկայությունը համարում է ուղղակի տարածաշրջանային կարևորության ներկայություն, որը նաև համարում է իր ազգային անվտանգության հարցը: Իր նպատակին հասնելու համար Մոսկվան չի խորշում նաև անել այն, ինչը կարող է հակասել Հայաստանի շահերին՝ ի հաշիվ Հայաստանի շահերի և, ի հեճուկս, Հայաստանի շահերի:

Սա հարցի օբյեկտիվ հիմքն է, սակայն, կա նաև դրա սուբյեկտիվ կողմը՝ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, որը ես բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ քննադատել: Երևանն ուղղակի թույլ է տալիս Մոսկվային այդպես վարվել Հայաստանի հետ:

Իսկ Երևանն այլ կերպ կարո՞ղ է վարվել: Ի՞նչ պետք է անեն մեր իշխանությունները:

-Ես չեմ կարծում, թե Հայաստանն ուղղակի դատապարտված է նման կեցվածքի: Դա ամենևին էլ այդպես չէ: Հայաստանի իշխանություններն օբյեկտիվորեն ունեն բոլոր հնարավորությունները Հայաստանի շահերը պաշտպանելու համար: Սակայն, մեր իշխանությունն այդ հնարավորությունից շատ վատ է օգտվում՝ դա անելով մասամբ, ոչ լիարժեք ու ոչ հետևողական: Իսկ արդյունքում մենք ստանում ենք բացասական բալանս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անեն մեր իշխանությունները, ապա նրանք պետք է առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության շահերով, իսկ եթե դա չեն կարող, թող տեղը զիջեն նրանց, ովքեր կարող են կամ սովոր են դա անել: Մենք, որպես պետություն, այդ հնարավորություններն ունեցել ենք, ունենք ու ունենալու ենք: Մնում է անենք:

Լավ, իսկ մենք իրավունք ունե՞նք քննադատել Ռուսաստանին, չէ՞ որ նրանք իրենց ազգային շահերի մասին են մտածում:

-Այս հարցը հռետորական եմ համարում: Ես ուղղակի իրերը կոչում եմ իրենց անուններով: Պետք է երևույթները պատկերացնել և ներկայացնել ճիշտ պատճառահետևանքային կապերով և անել համապատասխան գործնական հետևություններ:

Իրականում Դուք շատ պարզ եք ներկայացնում, թե ինչու է Ռուսաստանն այս կերպ վարվում, դա, ըստ երևույթին տրամաբանական քաղաքականություն է, սակայն ինչո՞ւ ենք մոռանում դաշնակցային հարաբերությունների մասին, ո՞ւր մնացին դրանք:

-Ռուսաստանի ղեկավարները, դեռ ցարերից սկսած, դաշնակից չունեն: Ռուսաստանի դաշնակիցներն են բանակն ու նավատորմը: Դա այդպես է նաև այսօր, իսկ մնացածը՝ Ռուսաստանի հարևանները կարող են լինել կամ թշնամիներ, կամ վասալներ: Տվյալ դեպքում, Հայաստանը դաշնակից չէ: Մեր երկիրը կոչվում է դաշնակից, սակայն դե ֆակտո Հայաստանը Ռուսաստանի պատանդն է:

Արթուր Մնացականյան

  • 76
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    76
    Shares

Related Articles