Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

«Մամուլ»-ից ազատությունը դառնում է քաղաքական օրակարգի առաջնահերթություն

analitik.am

Օրերս, մասնակցելով «Բանաձև Ակումբ»-ի հաղորդմանը, ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ Ավագանու նիստերը կառուցողական հուն բերելու լուծումը կայանում է նիստերի կանոնակարգման մեջ: Ավագանու մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի դիրքորոշումը սպասել չտվեց: Հայտարարվեց ավագանու նիստերից լրագրողների հեռացման մասին: Այս պարզ և արդյունավետ որոշումը, թեպետ, աղմուկ բարձրացրեց, բայց սա ոչ մի կերպ անակնկալ չի կարելի համարել:

Նախ՝ Երկիր Ծիրանի կուսակցությունն ամեն ինչ արեց նրա համար, որ ավագանու հարթակը շահագործվի այդ կուսակցության տեղեկատվական առաջխաղացման համար։ Հետզհետե սրվող ակցիաներն էլ որոշակիորեն օգնում էին առանձնապես հետևորդ չունեցող և սեփական մանդատների 40% -ը կորցրած կառույցին ուշադրություն գրավելու հարցում։ Այա ուշադրությունը հնարավոր չէր լինի գրավել շահագրգռված ԶԼՄ-ների կողմից լուսաբանման բացակայության պայմաններում, քանի որ քաղաքական գաղափարից զուրկ ակցիաները կարող են գրավել միայն էպոտաժի և ԶԼՄ-ների առկայության պարագայում:

Քաջ գիտակցելով սա՝ քաղաքապետարանը ԵԾ-ին զրկեց հիմնական խաղաքարտից: ԵԾ-ն զրկված չէ ակցիա իրականացնելու իրավունքից, նրանք կարող են «բազմաթիվ» հետևորդների աջակցությամբ շարունակել ակցիաներն ավագանու նիստերի դահլիճից դուրս՝ թիրախավորելով նույն քաղաքապետին, բայց ստիպված կլինեն դա անել առանց նիստերը խափանելու: Առհասարակ, ավագանիներն իրենց ելույթներում այսուհետ ստիպված կլինեն դիմել գործընկերներին, ոչ թե քաղաքացիներին: Քաղաքացիներին նրանք կկարողանան դիմել ցանկացած այլ վայրում, բայց ոչ քաղաքապետարանի նիստերի դահլիճում։

Այս որոշումը հետևեց կառավարության նիստերի լուսաբանման կանոնակարգմանը և, առհասարակ, Հայաստանում դանդաղ, բայց հաստատուն կերպով հասունացող մամուլի աշխատանքի կանոնակարգման օրակարգի մասն է կազմում։ Հարցումների համաձայն, չնչին վստահության աստիճան ունեցող լրատվական դաշտը վերջին տարիներին զբաղված էր ինքնաոչնչացմամբ։ Սա տեղի ունեցավ, երբ այս ոլորտը ստացավ տոտալ ազատություն և սկսեց այդ ազատությունը վաճառել՝ սպասարկելով տարբեր շահեր՝ լինի դա գողականների գովազդ, ահաբեկիչների հերոսացում, հանցագործների արդարացում, անմեղ մարդկանց հանցագործ ներկայացնելու համար ջանքերի գործադրում, թե տարատեսակ պաշտոնյաների դեմ արշավների սպասարկում՝ լավատեղյակ աղբյուրների վրա հղմամբ:

Տարիներ շարունակ շարունակաբար որակազրկվող լրատվական դաշտը հասել է վարկաբեկման այնպիսի աստիճանի, որ արդեն այդ ոլորտը կանոնակարգելու հանրային պահանջ է հասունացել։ Իշխանությունը, սա զգալով, համապատասխան քայլեր է ձեռնարկում: Փաստացի, որքան հուժկու մեդիա մանիպուլյացիների դիմեն այդ ալիքների ետևում կանգնած հովանավորները, այդքան ավելի կձգվեն համապատասխան սանձերը: Հաշվի առնելով այն, որ քաղաքական օրակարգերը և առողջ դիսկուրսը հետևողականորեն ոչնչացվել են հենց «ընդդիմադիր» ԶԼՄ-ների կողմից, ուստի իրենց դեմ սկսած արշավն էլ չի մոբիլիզացնի համապատասխան մասսաներին:

Զանգվածներին օրակարգ է պետք, գաղափար: Մասսաները կուլ չեն տա օրակարգի տեղ հրամցվող ՊՆախարարի արտաքին տեսքը, բանակի նախկին աշխատողի ֆեյսբուքյան գրառումները, Արմեն Սարգսյանի «չափալախը», Հրայր Թովմասյանի «չաթլախը», Շուշան Պետրոսյանի «պաթոսը», Զարուհի Փոստանջյանի «ընդվզումը» և վերջինիս օգնականի «կրծքերը»: Ինչքան էլ հրամցնեն, դրանք օրակարգ չեն դառնալու, այլ մնալու են շարքային «մուտիտ»:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից