Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Սարգսյանական համակարգի ճեղքերը

analitik.am

Մեր նախորդ հրապարակմամբ փորձեցինք ընդհանուր գծերով հետհայացք գցել Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգի վրա, որն, ըստ էության, շարունակեց մնալ անձնակենտրոն,  իհարկե, յուրօրինակ առանձնահատկություններով: Այս դիտարկման մեջ, թերևս, փորձենք անդրադառնալ ներկայումս էլ դեռևս գործող համակարգի բացերին ու ճեղքերին:

Ինչ խոսք ցանկացած քաղաքական համակարգ, անկախ  երկրում ժողովրդավարության, ազատությունների մակարդակից,  ներքին ու արտաքին գործոնների առանձնահատկություններից, ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ թերություններն ու թուլությունները: Այս տեսանկյունից, բնականաբար, սարգսյանական համակարգը  բացառություն չէր: Երկու նախագահական ժամկետների ընթացքում, չնայած Սարգսյանը կարողացավ հնարավորինս թուլացնել լարվածությունը  հասարակական և քաղաքական դաշտում, սակայն դա դեռ չէր նշանակում, որ հանրային դժգոհությունը կամ այդ դժգոհության պատճառները վերացվեցին: Քաղաքական դաշտում Սարգսյանը, հրաժարվելով մամլիչ մեխանիզմներից, այնուամենայնիվ, սեփական գործիքակազմով հասավ նրան, որ ըստ էության, դաշտն ամայացավ: Այս գործելակերպի արդյուքնում  հայաստանյան քաղաքական համակարգը զրկվեց այդ համակարգի, կարելի է ասել, պարտադիր բաղադրիչ ընդդիմությունից: Սա, իհարկե, չի նշանակում, թե ընդդիմությունը վերացավ կամ չեզոքացվեց հանրային ընդդիմությունը: Բանն այն է, որ ընդդիմադիր ճամբարում սկիզբ առած միակը լինելու մրցավազքի հետևանքով ընդդիմության գաղափարն ավելի շատ հեղինակազրկվեց, քան  իշխանությանը:

Պետք չէ գերագնահատել Սարգսյանի դերը, քանի որ հենց ընդդիմադիր դաշտում կատարվող գործընթացներն իրենց հերթին բերեցին ընդդիմության տարրալուծմանը: Ասվածի վառ ապացույցն այն էր, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում ավելի քան 30 տոկոս ձայներ ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը՝ դաշինք կազմելով երկու այլ բավական տարօրինակ քաղաքական ուժերի հետ, այդպես էլ չկարողացավ հաղթահարել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը: Սակայն, սա այլ քննարկման թեմա է: Ընդդիմության կամ ընդդիմություն ներկայացող մյուս թևերում ևս իրավիճակը նախանձելի չէր, քանի որ պարզապես չկար այն քաղաքական ուժը, որը կկարողանանար գեներացնել  հանրային ընդդիմադիր հատվածին:

Հենց քաղաքական կշիռ ունեցող ընդդիմության բացակայությունն էլ դարձավ սարգսյանական համակարգի առաջին թերացումներից մեկը: Խնդիրն այն է, որ որքան էլ տարօրինակ հնչի, ընդդիմությունը յուրօրինակ իշխանության թև է, որի վրա ներքին կամ արտաքին ֆորս մաժորային իրավիճակում կարող է հենվել երկրի նախագահը կամ դե յուրե իշխանության որոշակի թևը: Այս հնարավորությունը Սարգսյանը կորցրեց  փաստացի ռեալ ընդդիմությանը ոչնչացնելու հետ մեկտեղ: Արդյունքում, Սարգսյանի մանևրելու ասպարեզը սահմանափակվեց միայն իշխանական կամ մերձիշխանական ուժերով ու շրջանակներով:

Միաժամանակ, և՛ հանրապետական կուսակցության, և՛ մերձիշխանական շրջանակներում Սերժ Սարգսյանը չեզոքացրեց նաև բոլոր հնարավոր մրցակիցների  ժառանգորդներին, ինչի արդյունքում, չնայած, նրա ձեռքում մնացին քաղաքական միջավայր ստեղծելու բոլոր լծակները, բայց  Սարգսյանը մնաց միայնակ՝ արտաքին ներգործությունների դեմ: Թերևս, Հովիկ Աբրահամյանի փոխարինումը Կարեն Կարապետյանով նաև այդ ներգործությունների և ճնշման արդյունք էր: Կարելի է երկար քննարկել և համադրել փաստերը, թե ինչքանով էին միմյանց հետ կապված Կարապետյանի նշանակումը և ՊՊԾ գնդի գրավումը մի խումբ զինյալների կողմից, ուստի շրջանցենք այս խնդիրը և չփորձենք զբաղվել կոնսպիրատիվ տեսությունների առաջմղմամբ: Արձանագրենք, որ մի շարք իրողություններ ուղղակիորեն վկայում են այն մասին, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունները, մինչ այդ ապրիլյան պատերազմական գործողություններն  առանցքային դերակատարություն ունեցան  Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող տեղաշարժերի և տեղափոխությունների վրա: Այս ամենի հետևանքով ներկայումս Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտնվել է բավական դժվարին կացության մեջ. Սեփական կուսակցության և իշխանաբուրգի մեջ չունենալով մրցակիցներ կամ լայն տրամաչափի գործիչներ, Սարգսյանը կանգնեց ժառանգորդի բացակայության խնդրի առջև:  Մինչ այս պահը դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու ՀՀԿ վարչապետի թեկնածուն: Իհարկե, լրատվական դաշտում  շատ են պնդումները՝ Սարգսյանի վարչապետի աթոռին մնալու պլանների մասին: Սակայն, այս տեսանկյունից պետք է փաստենք, որ, որպես կանոն, նման պնդումներն  ընդամենը քարոզչական ակցիաների շրջանակում են և չեն ներկայացնում ռեալ քաղաքական իրադրությունը: Չի բացառվում, որ այդ իրադրության մեջ Սարգսյանն առավելագույնս ցանկանում է հեռանալ դե յուրե իշխանությունից, բայց  առկա քաղաքական համակարգը նախ պետք է  Սարգսյանին թույլ տա դա անել: Սա շատ կարևոր խնդիր է, որի վերաբերյալ լռում են բոլորը՝ թերևս ցանկացած քննարկում կամ վերլուծություն տանելով անձնական և էմոցիոնալ դաշտ՝  Սերժ Սարգսյանը կհեռանա և ամեն ինչ լավ կլինի:

Քաղաքականության մեջ անձերը գուցե կարևոր են, բայց որոշիչ չեն: Այս կանոնը գործում է ցանկացած երկրում և ցանկացած քաղաքական համակարգում:

Մյուս կողմից՝ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը նույնպես լուրջ վտանգներ է պարունակում: Ընդ որում, պետք է շեշտենք, որ այդ վտանգները քաղաքացիական ակտիվիզմի կամ ակտիվիստական սեկտիզմի կողմից նշվող թալանի վարչակարգ, հանցագործ իշխանության թեզերի շրջանակում չեն, այլ շատ ավելի լայն ընդգրկում ունեն:

Խնդիրն այն է, որ հնարավոր վարչապետության դեպքում Սերժ Սարգսյանը, բնականաբար, շարունակելու է մնալ թիվ մեկ քաղաքական գործիչը, որը կարողանում է միանձնյա որոշումներ կայացնել ու ստանալ ոչ միայն սեփական կուսակցության, այլև մերձիշխանական ուժերի  լուռ համաձայնությունը: Բնականաբար, այս առումով հայաստանյան քաղաքական համակարգը հայտնվելու է հարվածի տակ, քանի որ պարզից էլ պարզ է, որ շատ ավելի հեշտ է պայմանավորվել, ճնշել կամ հակազդել թեկուզ և  ուժեղ քաղաքական գործչին, քան թեկուզ և թույլ, բայց կոլեգիալ երաշխավորություն ունեցողին: Այս խնդրում անշուշտ կան շատ նրբերանգներ, որոնք մանրամասն քննության ու վերլուծության կարիք ունեն:

Ամփոփելով՝ նշենք, որ մենք գործ ունենք լայն ընդգրկմամբ հայաստանյան քաղաքական համակարգի զարգացման կամ տրանսֆորմացիայի հետ, քանի որ անկախ հնչող տեսակետներից՝ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման մոդելին: Այդ անցումը բնականաբար տևելու է  բավական երկար և այստեղ հարց է առաջանում, թե ինչ ուղղությամբ այն կընթանա:

Այս և հարակից մի շարք այլ խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին հաջորդիվ:

Շարունակելի

Աղասի Մարգարյան

Նույն շարքից