Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

Հայաստանն Իրանի այն եզակի հարևաններից է, ում  Թեհրանը գազ է վաճառում.Արմեն Իսրայելյան

analitik.am

Ինչո՞ւ Իրանը հայտարարություններով հանդես չի գալիս Ադրբեջանի նախագահի՝ Երևանը գրավելու մասին խոսքերի հետ կապված և ինչպե՞ս է Իրանը վերաբերվում հայ-իսրայելական հարաբերություններին: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

Պարոն Իսրայելյան, մի քանի օր առաջ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մինչ այդ խոսվում էր այն մասին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Ձեր կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մասին քննարկում եղե՞լ է, կարելի՞ է ինչ-որ զարգացում սպասել այդ մասով, եթե իհարկե թեման արծարծվել է:

Չեմ կարծում, թե որևէ ազդեցություն կունենա: Տեղի է ունեցել երկկողմ համագործակցության շրջանակներում հանդիպում: Պետք է նշել, որ սա Պաշտպանության նախարարի պաշտոնում Ամիր Հաթամիի առաջին այցելությունն էր Ադրբեջան: Այստեղ առաջին հերթին կար փոխճանաչողության խնդիր: Սակայն, կան մի շարք այլ խնդիրներ, որոնք հետաքրքիր են և՛ ադրբեջանական կողմին, և՛ իրանական՝ սկսած սահմանային խնդիրներից, մինչև երկկողմ համագործակցություն: Ինչ վերաբերում է կոնկրետ արցախյան խնդրին, ապա նախորդող օրերին Իրանի պաշտոնական աղբյուրների և նաև Պաշտպանության նախարարության կայքի տարածած ինֆորմացիայի համաձայն Իրանի պաշտպանության նախարարն ուղղակի անդրադարձ չի կատարել արցախյան հակամարտությանը, սակայն ընդհանուր խոսվել է երկրների տարածքային ամբողջականության մասին: Բնականաբար, ադրբեջանական կողմը, ինչպես մյուս դեպքերում՝ հատկապես իրանցի պաշտոնյաների հետ կապված, շատ հաճախ խեղաթյուրում է հայտարարությունները:

Տեսեք, վերջերս  Ադրբեջանի նախագահը հայտարարեց Երևանը գրավելու մտադրության մասին: Եթե հանկարծ պատերազմ սկսվի, ակնհայտ է, որ դա չի վերաբերելու բացառապես Հայաստանին և Ադրբեջանին, այն ընդգրկելու է ողջ տարածաշրջանը: Սա հաշվի առնելով՝ ինչո՞ւ իրանական կողմը համապատասխան հայտարություններով հանդես չի գալիս:

Իրանական կողմը նույնիսկ ուղղակիորեն Իրանին վերաբերող հայտարարություններին շատ հաճախ պաշտոնապես չի էլ անդրադառնում Դա վերաբերում է ոչ միայն ադրբեջանական կողմի հայտարարություններին այլ նաև՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլն: Ինչ վերաբերում է կոնկրետ ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, ապա պետք է նշել, որ իրանական մի քանի ազդեցիկ ԶԼՄ-ներ՝ մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հովանու տակ գործող հայտնի գործակալություններն անդրադարձան հարցին՝ իրանական իշխանությունների ուշադրությունը հրավիրելով թեմայի վրա: Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն Իրանի նկատմամբ ևս տարածքային նկրտումներ ունի: Եթե նախկինում այդ մասին խոսում էին առանձին պատգամավորներ և պաշտոնյաներ, այսօր արդեն նման հայտարարություներով հանդես են գալիս Գիտությունների ակադեմիայում կամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով: Ադրբեջանական կողմից պատմությունը կեղծելու հայտարարություններն իրանական հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկում են, այսպես ասած, հայ-իրանական համատեղ խնդիր: Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարությունից հետո, ճիշտ է, իրանական պաշտոնական շրջանակները հայտարարություններով հանդես չեկան, բայց իրանական մտավորական շրջանակները խոսեցին այն մասին, որ Ադրբեջանը նույն նկրտումներն ունի նաև Իրանի նկատմամբ՝ շահարկելով թյուրքախոս ատրպատականցիների հանգամանքը: Պարզապես, Ռոհանին այլ քաղաքականություն է վարում: Եթե Ահմադինեժադի ժամանակ կարող էին կոշտ հայտարարություններ հնչել, դեսպաններին ետ կանչեին, ապա Ռոհանիի իշխանության ժամանակ դրա մասին խոսվում է հանդիպումների ժամանակ, ոչ հրապարակայնորեն: Եթե այդ մասին չի բարձաձայնվում, դա դեռ չի նշանակում, որ հարցը չի բարձրացվում, որ Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրները վերացել են:

Դուք խոսեցիք այն մասին, որ իրանական պաշտոնական որոշ շրջանակների հովանու տակ գործող որոշ ԶԼՄ-ներ պարբերաբար բարձրացնում են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների խնդիրը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ իրանական կողմը երբեմն խոսում է լրատվամիջոցների միջոցով:

Այդպես էլ կա, բայց վերոնշյալ լրատվամիջոցները չեն խորշում նաև քննադատել իրանական իշխանություններին: Օրինակ՝ պահպանողականների հովանու տակ գործող լրատվամիջոցները քննադատում են իշխանություններին՝ հարց բարձրացնելով, թե ինչու գործող իշխանությունները համարժեք պատասխան չեն տալիս Ադրբեջանի գործողություններին: Հետաքրքիր է, որ այս կոնտեքստում հիշատակվել է նաև Հայաստանի օրինակը: Մասնավորապես, նշվել է, որ հայկական կողմը շատ արագ է արձագանքում նման հայտարարություններին, սակայն, դա չի անում Թեհրանը: Իրանական ԶԼՄ-ները երկրի իշխանություններին քննադատում են նաև կապված վիզային ռեժիմի հետ: Բանն այն է, որ իրանական իշխանությունները 2010 թվականից միակողմանի չեղյալ են համարել Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Սակայն, Ադրբեջանը, տարբեր հանգամանքներից ելնելով, չի անում նույնը: Բացի դրանից, մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ադրբեջանցի է համարում իրանցի մի շարք գրողների, մտավորականների: Այս հարցը ևս իրանցի մտավորականները պարբերաբար բարձացնում են, այս մասին խոսում են նաև հեղինակավոր լրատվամիջոցներ:

Պարոն Իսրայելյան, եկեք վերադառնանք հայ-իրանական հարաբերություններին. Օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ Թեհրանը կարող է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին, եթե հայկական կողմը ցանկանա, բացի դրանից՝ խոսվեց նաև երկաթուղու մասին: Սակայն, հայկական կողմն անմիջապես հերքեց գազի մասով հայտարարություները: Մենք ի՞նչ գիտենք այս մասով:

Կարծում եմ, որ այս հարցում թյուրըմբռնում կա մեզ մոտ: Պետք է ասել, որ Հայաստանն Իրանի այն եզակի հարևաններից է, ում  Թեհրանը գազ է վաճառում: Իրանը Հայաստանին անխափան գազ է մատակարարում: Ճիշտ է՝ այս պահին շատ քիչ քանակությամբ գազ է մատակարարվում, սակայն արդեն 2018 թվականի վերջին մատակարարվող գազի ծավալները պետք է 3 անգամ ավելանան: Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ երրորդ էլեկտրահաղորդման գիծն ամբողջությամբ շահագործվի: Ես կարծում եմ, որ պետք է դրական համագործակցության կառուցենք հարաբերությունները: Մենք շատ լավ համագործակցում ենք իրանական կողմի հետ, որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով արտահանում իրականացնելուն, ապա կարծում եմ, որ շահագրգիռ կողմերն էլ ակտիվություն ցուցաբերեն: Եթե խոսքը կոնկրետ վերաբերում է դեպի Եվրոպա արտահանումներ իրականացնելուն, ապա գոնե ես, վերջին տարիների ընթացքում եվրոպական կողմից ռեալ բանակցություններ վարում չեմ տեսել: Օրինակ՝ երկու տարի առաջ Վրաստանի կողմից նման առաջարկ եղավ և Հայաստանի տարածքով թեկուզ փոքր ծավալով արտահանում տեղի ունեցավ: Իսկ եթե ռեալ գործողություններ լինեն ու խնդիրներ ի հայտ գան, մենք կարող ենք խոսել այդ մասին:

Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է Իրանը վերաբերվում հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվությանը, որը նկատվում է վերջին շրջանում: Կարո՞ղ են  հայ-իսրայելական հարաբերությունները վնասել հայ-իրանական հարաբերություններին:

Չեմ կարծում, թե կարող են վնասել: Հայաստանի և Իրանի միջև կան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, ուստի իրանական կողմի մասով պարզաբանումների կարիք չի լինի: Իրանական կողմը նորմալ է նայում հայ-իսրայելական հարաբերություններին: Սա երկկողմ ձևաչափով համագործակցություն է: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունն է վարում, որի մեջ առանձնահատուկ տեղ ունի Իրանը: Առաջին հերթին հենց Հայաստանի շահերից է բխում վարել այնպիսի քաղաքականություն, որը բացասական ազդեցութուն չի ունենա տարածաշրջանում իր գործընկերների հետ հարաբերությունների վրա:

Նույն շարքից