Գլխավոր Վերլուծական 

Ժողովրդավարական արժեքներն ու Հայաստանը

analitik.am

Անկախացումից ի վեր Հայաստանում բուռն քննարկվում են ժողովրդավարական արժեքները, ստեղծվում են մի շարք կառույցներ, կազմակերպություններ, որոնց նպատակն է այդ արժեքների տարածումն ու պահպանումը: Այդուհանդերձ, հասարակության մի ստվար հատված, նաև այն մարդիկ, ովքեր այդ արժեքների ջատագովն են երբեմն  չեն էլ ընկալում այդ արժեքները:

Այս խնդիրը կարևոր է այն պարզ պատճառով, որ եթե պետությունն ընտրել է ժողովրդավարական ուղին, ապա նախ պետք է հասկանա, թե ինչ է դա նշանակում: Հայաստանում կա անհանդուրժողականության բարձր աստիճան: Պահպանողականներից սկսած վերջացրած լիբերալ արժեքների հետևորդներով բոլորը չեն ցանկանում լսել իրենց կարծիքից տարբեր կարծիք, ավելին՝ պատրաստ են նույնիսկ ոչնչացնել այդ կարծիքը հայտնող մարդուն: Սակայն, ժողովրդավարության հիմնական արժեքներից է սեփական կարծիքն ունենալը և դա ազատ արտահայտելու հնարավորությունը: Ժողովրդավարության հիմքում է հանդուրժողականությունը, ինչը նշանակում է, որ մարդը պետք է ունակ լինի լսել դիմացինի նույնիսկ իր համար ծայրահեղ սխալ համարվող կարծիքը: Հայաստանում մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի ցանկանում, որ իր կարծիքից տարբեր այլ կարծիք լինի, սրերով ու քարերով են ընդունվում այն մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում՝ սա վերաբերում է թե քաղաքական, թե հասարակական, թե կենցաղային թեմաներով ունեցած մոտեցումներին: Բնական է, որ անհանդուրժողականության այս պայմաններում լծակներ ունեցող մարդիկ բոլոր հնարավոր ձևերով փորձելու են ճնշել այն մարդկանց, ում կարծիքն իրենց դուր չի գալիս: Հենց այստեղ էլ սկսում է խախտվել իրավական պետության հիմքերը, քանի որ ճնշելու համար ընտրված մեթոդները, որպես կանոն, դուրս են օրինականության սահմաններից: Մյուս կողմից՝ ավելանում է լարվածությունը մարդկանց և խմբերի միջև, ինչի արդյունքում էլ հարցին ադեկվատ մոտենալը մղվում է երկրորդ պլան՝ տեղը զիջելով յուրաքանչյուր կողմի կարծիքն էմոցիոնալ հարթության մեջ առաջմղելուն ուղղված քարոզչությանը:

Այս պայմաններում խոսել ժողովրդավարության կայացման մասին, ուղղակի անիմաստ է, քանի որ խախտված են ժողովրդավարության հիմնական արժեքները: Ըստ էության, հայ հասարակությունն իր մտածելակերպով չի էլ համապատասխանում ժողովրդավարության պահանջներին, իսկ այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներից ելնելով իբր թե քարոզում են ժողովրդավարական արժեքներ, էլ ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ հենց իրենք են սկսում խախտել ժողովրդավարության հիմնական սկզբունքները:

Արդյունքում ունենում ենք մի վիճակ, երբ բոլորը բոլորին դեմ են, որևէ մեկի գործողության կամ անձի շուրջ հնչեցրած կարծիք, մոտեցում կամ վերաբերմունք ընկալվում է բացառապես սուբյեկտիվ մոտեցմամբ: Այսինքն՝ եթե ես չեմ ընդունում որևէ կուսակցության, ապա այդ կուսակցության կողմից արված նույնիսկ ամենալավ գործողությունը պետք է քննադատեմ և հակառակը: Ժողովրդավարության շղարշի ներքո զարգանում են ցեղին բնորոշ մոտեցումները: Փաստացի, մարդիկ բաժանվում են խմբերի և սկսում պաշտպանել խմբակային շահեր և փոխադարձ քարկոծել միմյանց: Սա ոչ միայն կապ չունի ժողովրդավարության հետ, այլ ավելի շատ նման է ցեղերին բնորոշ վարվելակերպին: Այս պայմաններում ուղղակի անհնար է դառնում տարբերակել օրինականն ու անօրինականը, դրականն ու բացասականը, քանի որ չկա որևէ հարցի վերաբերյալ օբյեկտիվ և փաստարկված մոտեցում, կան մարդիկ, ովքեր դեմ են և մարդիկ, ովքեր կողմ են: Այս երկու խմբերն էլ պատրաստ չեն լսել միմյանց, փաստարկներ ներկայացնել, ապացուցել, որ իրենք ճիշտ են: Այս իրավիճակը պետք է շտկվեր հենց ժողովրդավարական արժեքներ քարոզող անհատների և կազմակերպությունների կողմից, բայց զարմանալիորեն հակառակ վիճակն է տեղի ունենում, որպես կանոն, հենց նրանք են ամենաանհանդուրժող կողմը: Այս ամենից կարելի է անել մի եզրահանգում՝ Հայաստանի հասարակությունը դեռ չի կողմնորոշվել՝ ուզո՞ւմ է դառնալ ժողովրդավարական պետություն, թե ոչ:

«Անալիտիկ» վերլուծական թիմ

Նույն շարքից