«Կա հաշմանդամության վերաբերյալ գոնե ինձ հայտնի երկու պատկերացում և խնդիրները լուծելու մոտեցում: Առաջինը խորհրդային տարիներին ընդունված մոտեցումն է՝ եթե մարն ունի հաշմանդամություն, ուրեմ նա հիվանդ է, պետք է բուժել նրան և մշտապես խնամել, իսկ եթե բժշկությունն անզոր է, մարդը հիմնականում մնում է անօգնական վիճակում: Եվ կա երկրորդ մոտեցումը, որ մարդկությունը բազմազան է, և միշտ կան յուրահատուկ մարդիկ»,-այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար ուղղակի պետք է խելամիտ մոտեցում ցուցաբերել, անել այնպես, որ նրանց համար հարմար լինի ապրել:
Պատգամավորի խոսքերով, մենք չենք կարող փոխել մարդուն, բայց հնարավոր է անել այնպես, որ նա ունենա արժանապատիվ կյանքի հնարավորություն, ինչը չի արվում:
Նազարյանը խոսեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի դիտարկմանը մասին, թե պետք է այնպես անել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չլինեն. «Կարծում եմ, որ սա կոռեկտ ձևակերպում չէ: Նույնիսկ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեն է նկատել այս մեկնաբանությունը, որը Դուք նախկինում էլ արել եք՝ մեկնաբանելով այն որպես խտրական: Մենք չենք կարող անել այնպես, որ բոլորը լինեն բոյով և կապուտաչյա: Հաշմանդամություն ունեցող անձինք միշտ կլինեն, իսկ մենք խնդիր ունենք անել այնպես, որ նրանք մեզ հետ ապրեն լիարժեք կյանքով»:
Իր խոսքում Հակոբյանն ասաց, թե ասվածը վերաբերում է կանխարգելիչ գործողություններին, որոնք թույլ կտան խուսափել հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճին: