Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանի նախագահության լեգիտիմությունը, աբորտները և ընդդիմության սնանկությունը

analitik.am

Աշխարհի ամենահեղինակավոր սոցիալոգիական հետազոտական կենտրոններից մեկի` Pew Research Center-ի տվյալների համաձայն ՀՀ բնակչության 70%-ը համարում է, որ հղիության վաղաժամ դադարեցումն անբարոյական քայլ է, սակայն, նույն հետազոտության տվյալներով, հարցվածների 56%-ը համարում է, որ աբորտները չպետք է օրինական լինեն: Այսինքն, հարցվածների առնվազն 26%-ը բարոյականության ու օրինականության մեջ կապի առկայությունը պարտադիր չի համարում: Իրականում, այդ կապը չեն տեսնում շատ ավելի շատ մարդիկ, քան 26%-ը:

Դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից՝ Հայաստանի բնակչության մշակույթի հիմնական մաս է դարձել պրագմատիզմի այն տեսակը, որի համաձայն ընդունվում են թելադրվող խաղի կանոնները, բայց ապրում են դրանցից դուրս: Սա է պատճառը, որ հայերս ազգովի լուրջ հոգեբանական արգելքների ենք հանդիպում, երբ անհրաժեշտ է ապրել օրենքի սահմաններում՝ անկախ նրանից հարցը վերաբերում է ճանապարհը ճիշտ անցնելուն, բարեկամին գործի դասավորելուն, թե ապրանք ներմուծելուն: Սա է նաև պատճառը, որ բնակչությունն ընտրում է ՀՀԿ-ին, բայց միաժամանակ քարկոծում է այդ կուսակցությանը: Այս հոգեբանական բարդույթն ինտուիտիվ մակարդակում շահագործում են ՀՀԿ-ին գոնե առերես ընդդիմացող կառույցները, որոնք անընդհատ փորձում են բնակչությանը համոզել, թե ՀՀԿ-ին քարկոծելը ճիշտ է՝ անկախ նրանից, թե ում եք ընտրել: Ընդդիմությունը ոչ թե փորձում է օրակարգային բովանդակությամբ հակադրվել՝ ցույց տալով, թե ինչպես նրանք կլուծեին տրանսպորտի, թոշակների կամ բնապահապանական խնդիրները, այլ շարունակում է սեղմել զուտ լիրիկական, հուզական կոճակներին: Այս ռազմավարության շարունակությունն էր Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու շուրջ աղմուկը:

Հայաստանում շատ քչերին է հետաքրքում, թե ինչ տեխնիկական խնդիրներ կան Սարգսյանի քաղաքացիության կամ Հայաստանում բնակվելու հետ կապված: Այս մարդու քաղաքացիության հարցը երբեք լուրջ գործոն չի հանդիսանա հանրության շրջանում: Մարդկանց շատ քիչ են հետաքրքրում թե սահմանադրությունը, թե դրանից բխող օրենսդրական ակտերը, փոխարենը՝ մարդկանց հետաքրքիր է այն, թե ով իրենց համար աշխատատեղ կստեղծի: Մարդիկ ուզում են ավելի լավ տրանսպորտ, ավելի մատչելի կրթություն և ավելի որակյալ առողջապահություն ունենալ և այդ ամենն ուզելիս չեն տեսնում նախագահի տեխնիկական լեգիտիմության և այդ ամենի իրագործման հետ կապը: Սրանք ակնհայտ իրողություններ են, որոնք, սակայն, չեն պատասխանում այն հարցին, թե ինչու է «ընդդիմությունը» արծարծում մի թեմա, որը հետաքրքիր չէ հանրությանը: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև համեմատական զուգահեռներ տանելով:

Այս երկու պաշտոնյաների միջև բավականին ընդհանրություններ կան: Տեղի ունեցող գործընթացների վրա կարող է լույս սփռել այս երկու անձերի նկատմամբ ընդդիմադիր դաշտի ունեցած վերաբերմունքը Կարապետյանը, վարչապետի պաշտոնում նշանակվելիս, խուսափեց, այսպես ասած, քաղաքական հարցերին պատասխանելուց, իսկ ընդդիմությունն էլ, անհայտ պատճառներով, հարգեց նրա այդ ցանկությունը՝ նրան տալով տնտեսագիտական հարցեր, որոնց տակից դուրս գալը Կարապետյանի համար դժվար խնդիր չէր, քանի որ հարց տվողները այդ ոլորտում ոչ գիտելիքներով, ոչ էլ փորձով չէին փայլում: Այն հազվագյուտ դեպքերը, երբ Կարապետյանին պարտադրում էին քաղաքական հարցերին պատասխանել, տեղի էր ունենում քաղաքական հարթակներից դուրս որոշ ԶԼՄ-ների առանձնահատուկ զոռբայության արդյունքում: Նման զոռբայությունն էր, որ ստիպեց Կարապետյանին իր դիրքորոշումը հայտնել ԵՄ-ի հետ շրջանակային պայմանագրի ստորագրման մասին, նույն զոռբայությունն էր, որ ստիպեց Կարապետյանին ասել, որ չգիտի՝ կան արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՝ ոչ:

Թեպետ, Արմեն Սարգսյանը նույնպես հայտնի է առաջին հերթին որպես գործարար, բայց նրան տրվող հարցերը մեծ մասամբ քաղաքական էին: Այդ հարցերից գլխավորը նույնպես վերաբերում էր քաղբանտարկյալների թեմային, որին պատասխանելիս, Սարգսյանը շատ հմտորեն հղում արեց միջազգային կառույցներին՝ քաջ գիտակցելով, որ իրենց հարգող մասնագետները «քաղբանտարկյալ» եզրույթը Հայաստանի նկատմամբ չեն օգտագործի: Բացահայտվեց նաև մեդիա դաշտի կողմնակալությունը Սարգսյան-Կարապետյան զույգի լուսաբանման հարցում: Սա առավել ուշագրավ է, եթե հաշվի առնենք նույն ընդդիմադիրների հայտարարությունները, որոնք պնդում են, որ Հայաստանում մեդիա դաշտը վերահսկվում է իշխանությունների կողմից, ինչը գուցե մասամբ ճիշտ է: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանի հասցեին հնչող քննադատությունն ունի շատ հստակ քաղաքական ենթատեքստ:

Ակնհայտ է, որ Կարապետյանը շատ ավելի ընդունելի թեկնածու էր թե՛ ընդդիմությունում , թե՛ իշխանության որոշ ճամբարների համար: Ակնհայտ է նաև, որ Արևմուտքում հարգված ու սիրված Արմեն Սարգսյանը Կարապետյանի ձեռքից վերցնելու է վերջինիս հիմնական և տապալված ոլորտի վերջին խաղաքարտերը: Ակնհայտ է նաև, որ բովանդակային պայքար վարելու ունակությունից զրկված կարապետյանական ֆան կլուբը կախվելու է փրփուրներից՝ փորձելով ապացուցել, որ իրենց կողմից չվիճարկված ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային Ժողովի կողմից ընտրված նախագահը լեգիտիմ չէ, իսկ դա հնարավոր է անել միայն լիրիկայի ու հուզականության դաշտում, որտեղ կան մութ ուժեր ու հերոսներ:

Ըստ այդմ, իրենց հերոս հայտարարողները պետք է ապրիլ ամսի առաջին կեսին մարտի դուրս գան չար ուժերի դեմ: Սակայն այս անգամ «հերոսն»-ները էլ ավելի պիտի միստիֆիկացվեն քանի որ Արմեն Սարգսյանի օգտին քվեարկել է ԱԺ 90%-ի, իսկ դեմ ՝այսինքն Կարապետյանին կողմ, ընդամենը 10%-ը: Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորեց իր ապագա գործընկերոջը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից