Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Ուկրաինական Մայդանի արյունալի դեպքերի հրահրողները գտնվում են Հայաստանում. Ինչո՞ւ չեն արտահանձնում Սահակաշվիլու զինվորներին

analitik.am

2013 թվականի նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ ժամանակավորապես սառեցնում է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը: Նույն օրը Կիևի կենտրոնում սկսվեց Եվրոմայդան անունը ստացած բողոքի ցույցը, որն աստիճանաբար տրանսֆորմացվեց արյունալի հեղափոխության և վերջիվերջո հանգեցրեց իշխանափոխության, ասոցացման պայմանագրի ստորագրմանը և քաղաքացիական պատերազմի: Այդ շարժման ընթացքում անհայտ անձանց կողմից առաջին գնդակահարաված անձն է համարվում Սերգեյ Նիգոյանը, ով 2014 թվականի հունվարի 22-ին մահացավ հրազենային վնասվածքներից։ Հունվարի 20-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Նիգոյանի մահվանը հաջորդեց ևս հարյուր քաղաքացիական անձի և 20 իրավապահի զոհվելը: Մարդիկ զոհվում էին տարբեր իրավիճակներում, սակայն, առավել առեղծվածային մնացին անհայտ դիպուկահարների կողմից գնդակահարված իրավապահների և ցուցարարների մահվան դեպքերը:

Վերոհիշյալ դեպքից մեկ տարի անց բրիտանական BBC-ն հրապարակում է 15 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ, որում պատմում են դիպուկահարների գործունեության մասին: Ֆիլմում բերված են իրական դեպքերին առնչվող կադրեր, որոնցից մեկում երևում է շենքը և նույնիսկ այն պատուհանը, որտեղից «աշխատում» էին դիպուկահարները, մյուս հատվածում ֆիքսվում է սպանության հերթական դեպքը: Կան կադրեր այդ շենքի զննությունից: Զննողները նշում են, որ գտել են սենյակը և փամփուշտները, սակայն դիպուկահարներին չեն գտել: Եվրոմայդանի կոմենդանտ նշանակված Անդրեյ Պորուբայն այդ ֆիլմի ընթացքում կարծիք է հայտնում, որ դիպուկահարներն ուղարկված էին ՌԴ հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի սադրեն արյունահեղությունը: Հարցին, թե ովքեր էին դիպուկահարներն իրականում այս ֆիլմը չի պատասխանում:

BBC-ի ֆիլմի հրապարակումից երկու տարի անց՝ 2017-ի նոյեմբերին, համացանցում տարածվում է իտալացի լրագրող Ջան Միկալեսսինի վավերագրական ֆիլմը, որը պատմում է մի քանի վրացի դիպուկահարների մասին, որոնց խոսքերով հենց իրենք էին, ի թիվս այլ անձանց, իրականացնում այդ երկկողմ սպանդը: Ընդ որում, վրացի նախկին զինվորականները պնդում են, որ իրենց խմբի անդամները, տարօրինակ զուգադիպությամբ, և էլ ավելի տարօրինակ հանգամանքներում, մեկը մյուսի հետևից մահանում են, ինչն էլ առիթ դարձավ, որ նրանք փորձեն ինքնապաշտպանվել՝ դիմելով ԶԼՄ-ներին: Այս ֆիլմում հարցաքննվողները բազմաթիվ փաստեր են նշում՝ պնդելով, մասնավորապես, որ իրենց անմիջական ղեկավարն է եղել Մամուկա Մամուլաշվիլին: Այս անձը Սահակաշվիլու նախագահության օրոք եղել է վերջինիս ռազմական գծով խորհրդատուն, իսկ ներկա պահին Դոնբասում պատերազմող զինված ուժերի «վրացական լեգիոնի» հրամանատարն է:

Այս հետաքննություններով, հասկանալի պատճառներով, սկսում են հետաքրքրվել ռուսական ԶԼՄ-ները, որոնք մատնանշում են Եվրոմյադանի այն պատասխանատուներին, որոնք տեսախցիկների ներքո հեռացնում էին դիպուկահարների կողմից օգտագործվող զինամթերքը, ինչը հերքում է Եվրոմյադանի կոմենդանտի այն խոսքերը, որ նրանք ոչ զենքն էին գտել, ոչ էլ դիպուկահարներին: Իմիջիայլոց, Կոմենդանտ կոչեցյալը հեղափոխությունից հետո դարձավ ուկրաինական Ռադայի նախագահ, իսկ զինամթերք տարհանող ակտիվիստն էլ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Իտալացի և անգլիացի լրագրողների մրցավազքն ընդունած ռուս լրագրողները գտան վրացի դիպուկահարներին, որոնցից մեկն ինչքան էլ զարմանալի է, փաստորեն, գտնվում է Հայաստանում և ցանկություն է արտահայտել ցուցմունք տալ Կիևում ընթացող դատավարության ժամանակ, սակայն ինչ-ինչ պատճառներով դատարանը դեռ չի ցանկանում նրան լսել: Իսկ մեզ մնում է հասկանալ, թե ինչու են իրենց անվտանգության համար մտահոգվող դիպուկահարներն ընտրել Հայաստանը՝ որպես անվտանգության գոտի և ո՞վ է նրանց այդ երաշխիքները տվել:

Հ.Գ. Այս նյութը պատրաստելուց ժամեր անց ռուսական Առաջին ալիքն իր կիրակնօրյա լրատվականի եթերում անդրադարձավ արդեն Իսրայելի լրագրողների հետաքննությանը, որոնք էլ ավելի մանրամասն էին լուսաբանել վրացի դիպուկահարների պատմությունը և, նույնիսկ, Երևանում հարցազրույց են վերցրել և տարածել կադրերը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից