Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ամեն ինչ դաջվածքի մասին՝ զրույց դաջվածքի մասնագետ Գագիկ Մկրտչյանի հետ

analitik.am

Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին և չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների: Հայաստանում նույնպես դաջվածքը լայն տարածում ունի ինչպես երիտասարդության, այնպես էլ որոշ մեծահասակների շրջանում։ Դաջվածքի հետ կապված մի շարք հետաքրքիր հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց դաջվածքի մասնագետ Գագիկ Մկրտչյանի հետ։

Նախ և առաջ մի փոքր մանրամասնեք  դաջվածքների  հանդեպ ձեր հիմնական դիրքորոշումը ։ Ինչքա՞ն  ժամանակ է զբաղվում եք այս գործով և ինչպե՞ս կներկայացնի  մասնագետը դաջվածքի պատմությունն ու իմաստը։

Ասեմ , որ դաջվածքն իր մեջ ներառում է լուրջ հոգեբանություն , ինչքան գոյություն ունի մարդը , այդքան էլ դաջվածքը : Այն օգտագործվել է տարբեր ժամանակներում ու տարբեր աշխարհամասերում և ամեն տեղ ունեցել է իր սեփական շատ կարևոր նշանակությունը : Այսօր այն բնութագրում է մարդուն , նրա տեսակը , ճաշակը և, իհարկե, ունի ինքնաարտահայտման շատ կարևոր տոկոս :

Ըստ որոշ տվյալների` Հայաստանում արական սեռի կողմից ավելի մեծ է պահանջարկը ,  քան իգական սեռի ։ Ինչո՞վ է դա պայմանավորված և Ձեզ դիմողները հիմնականում տղամարդի՞կ են, թե՞ կանայք ։

Չէի ասի , որ տղամարդիկ ավելի շատ են դիմում դաջվածքներ անելու համար , քան կանայք : Հիմա բոլորն են անում դաջվածքներ՝ փոքր թե մեծ , պարզապես տղամարդկանց մարմնի վրա դաջվածք տեսնելիս,  հասարակությունը նորմալ է ընկալում , իսկ կանանց դեպքում կան չպատճառաբանված և հնուց մնացած կարծիքներ ՝ նրանց ազատամիտ լինելու վերաբերյալ՝ կարծելով, որ դաջվածքը սխալ է : Թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մարմնին  դաջվածքը պետք է լինի շատ գեղեցիկ և շատ ճիշտ տեղում արված :

Լինում են դեպքեր, երբ դաջվածք ունենալ ցանկացող մարդը երկար չի մտածում կատարվելիք գործողության  լրջության ու ֆիզիկական ցավի , ինչպես նաև ընտրված պատկերի մասին։ Դեպքեր եղե՞լ են,  որ դաջվածքն անելու ընթացքում ֆիզիկական ցավի պատճառով հրաժարվեն շարունակել, իսկ անելուց հետո դժգոհեն :

Շատ են լինում դեպքեր, երբ մարդը պահի ազդեցության տակ որոշում է կայացնում , որովհետև գնահատում է հենց այդ պահը  և հետո ամբողջ կյանքում պատմում , որ դա ակնթարթային կայացրած որոշում էր , իսկ մարդիկ էլ կան , որ տարիներով են մտածում : Կան նաև մարդիկ , ովքեր շատ լուրջ են վերաբերվում դաջվածքին և դա կապում են կյանքի ինչ-որ հատվածի հետ կամ ընտրում են ինչ որ նշաններ , որոնք իրենց կյանքում ինչ-որ բարեփոխումներ կանեն : Իսկ ինչ վերաբերում է ցավին , առաջ, իհարկե, ցավն ավելի շատ է եղել , քան այսօր , եթե իհարկե հիմա օգտագործում են ամենավերջին արտադրության գործիքներ , գումարած մասնագետի գործոնը , որը շատ կարևոր է : Մասնագետը պետք է ճիշտ խորությամբ աշխատի , որպեսզի ոչ ավելորդ  վնասվածք հասցնի , ոչ էլ ցավը հասցնի այն աստիճան, որ մարդ ստիպված կիսատ թողնի , դրա համար մասնագետի պրոֆեսիոնալ լինելը շատ կարևոր է  : Իսկ դեպքեր , որ մարդիկ ուղղակի կիսատ թողնեն ու գնան , կարող եմ ասել իմ մոտ դեռ չեն եղել , պատահել է , որ այդ օրը դադար տանք , հետո շարունակենք , ճիշտ է քիչ, բայց նման դեպքեր եղել են : Դադարը կախված է աշխատանքի շատ լինելու հետ , մաշկին մի երկու երեք ժամից ավել չարժե չարչարել , թողնում ենք հանգստանա, լավանա, դրանից հետո նոր շարունակում, դա վերաբերում է կոնկրետ մեծ աշխատանքներին: Իսկ փոքր և միջին աշխատանքներն արվում են մեկ օրում և ցավի պատճառով ոչ մեկ կիսատ չի թողել :

Հասարակության մեծամասնության կարծիքները հաշվի առնելով՝ պարզել ենք, որ դաջվածների դեմ արտահայտվողները  որոշ ժամանակ անց  փոխում են իրենց տեսակետը : Սա իրականությո՞ւն է,  թե՞ միֆ ։

Սովետական ժամանակներում ամեն ինչ շատ ուրիշ է եղել և դաջվածքն, այդ թվում, այլ ընկալում է ունեցել , բայց այսօր ամեն ինչ փոխվել է , փոխվել են նաև մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր ապրել են այդ ժամանկներում: Դաջվածքը դա չի պատմում մարդու մասին որևէ տվյալ, այսինքն՝ օրինակ, հենց դաջվածք անող աղջիկը կարող է շատ նորմալ աղջիկ լինել , ընտանիքի կին և նախկինում ձևավորված այդ մտածելակերպը կամաց-կամաց փոխվում է : Հիմա շատերն են դաջվածքներ անում ու, ոնց ասում են, աչքները տեսնում է և սովորում : Ինչպես նաև, չեմ կարող չնշել , որ վերջին տարիներին տուրիզմը մեր երկրում գնալով փոքր-ինչ զարգացում է ապրել, այդ թվում, արտերկրից եկած մարդկանց թիվն է ավելացել, ովքեր որոշակի պայմանագրերով աշխատում են Հայաստանում՝ խոսքը վերաբերում է երիտասարդներին, ովքեր ունեն թե՛ դաջվածքներ, թե՛ փիրսինգներ , և ովքեր լինում են փողոցներում, սրճարաներում: Մարդիկ էլ տեսնում ու հասկանում են՝ ինչո՞ւ չէ, շատ լավ ու կիրթ մարդիկ են, ովքեր ունեն իրենց երիտասարդական քմահաճույքները: Եվ ոչ միայն երիտասարներն են դաջվածքներ անում, այլ նաև  մեծահասակները, ովքեր այն ժամանակ, ավելորդ կարծիքներից խուսափելու համար, ստիպված չեն արել , իսկ հիմա գալիս են և անում այն, ինչ երիտասարդ ժամանակ երազել են ունենալ, իհարկե, հիմա ունենում են շատ ավելի բարձր որակի դաջվածքներ :

Գագիկ, բացի դաջվածքներ անելը ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք, գիտենք , որ զբաղվում եք նաև դերասանական արվեստով և այլ ոլորտներում աշխույժ գործենեությամբ։ Պատմեք այդ մասին և նաև ընդգծեք՝ որքանո՞վ է մոտ կամ հեռու դաջվածքի արվեստը մնացած ձեր զբաղմունքներին։

Այո, նաև աշխատում եմ թատրոնում: Թե՛ դաջվածքը, թե՛ թատրոնն իմ համար հոբբի չեն: Կա նման կարծիք, որ եթե մարդ զբաղվում է մի քանի գործով , ապա մեկը կարևոր է՝ մնացածը հոբբիներ, ոչ , ինձ համար հոբբի չի ոչ մի զբաղմունք, որով ես զբաղվում եմ: Իսկ թե ինչքանով է դա օգնում՝ նախորդ հարցերից մեկում արդեն նշել եմ, որ դաջվածքն իր մեջ ներառում է շատ ուժեղ հոգեբանություն:  Թատրոնում մենք ուսումնասիրում ենք մարդկանց՝ նրանց, ում պետք է խաղանք և ճիշտ ներկայացնենք, որ հանդիսատեսի մոտ տպավորություն չստեղծվի , թե վատ խաղով փորձում ենք խաբել իրենց , պետք է հնարավորինս անկեղծ լինել , նույնն էլ օգնում է դաջվածքներ անելու ժամանա: Պետք է հնարավորինս անկեղծորեն մարդու հետ շփվել, խոսել, խորհրդակցել և հասկանալ՝ ինչ խորհուրդ կարելի է նրան տալ դաջվածք անելիս : Բավականին շատ է օգնում մարդկանց հետ շփումը իմ երկու աշխատանքներին, իսկ մարդկանց մեծամասնությունը գալիս է  ինձ մոտ, առաջին հերթին, հենց խորհրդատվություն ստանալու,  որովհետև նրանց հետաքրքրում է ոչ միայն դաջվածքի տեսքը, այլ նաև դրա իմաստը, թե ինչքանով դա կապ կունենա իր հետ: Պարտադիր պետք է ծանոթանալ, զրուցել, հարց ու փորձ անել : Երբեմն լինում են դեպքեր , որ հարցերը, որոնք տալիս եմ, կթվա թե դաջվածքի հետ որևէ կապ չունեն , որոշակի անձնական բնույթ են կրում , բայց այդ բոլոր հարցերը բերում է ինձ որոշակի մի վիճակի , թե ինչ խորհուրդ տալ տվյալ մարդուն:

Լինում է այնպես , որ դաջվածք անողը մասնագետ չէ և հասարակ մարդուն դժվար է լինում հասկանալ   մասնագետի պրոֆեսիոնալիզմը։ Ինչպե՞ս տարբերել պրոֆեսիոնալ մասնագետին ոչ պրոֆեսիոնալից  և ինչի՞ն է պետք առաջնահերթ  ուշադրություն դարձնել ։

Առաջին հերթին, բոլորն էլ նկարչությունից որոշ չափով հասկանում են, որովհետև թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ ուղղակի ազատ ժամանակ  մարդիկ հիմնականում նկարչությամբ զբաղվում են: Դա բժշկություն չի , դա այնպիսի բան է , որ մարդիկ կյանքի ընթացքում, ուզած թե չուզած, առնչվում են: Դրա համար դժվար չի ուղղակի ծուռ գիծը տարբերել ուղիղ գծից, մի խոսքով, պետք է շատ ուշադիր լինել մինչև մասնագետի մոտ գնալը, ուսումնասիրել տվյալ մասնագետի էջը, սոցցանցերում նրա աշխատանքների նկարները, ճշտել՝ արդյոք դա իր գործերն են, թե ոչ և դրանից հետո միայն գնալ խորհրդատվության: Դա, իհարկե, շատ բարդ է, որովհետև այսօր մարդիկ շատ արհեստավարժ և գեղեցիկ են խոսում, բայց երբ հերթը հասնում է աշխատանքին, իրենց թվում է, թե իրենք հոյակապ գործ են արել, բայց իրականում  պրոֆեսիոնալ մասնագետը թերություններ հաստատ կգտնի: Բացի այդ, անպայման պետք է հետևել մեկանգամյա օգտագործվող պարագաներին՝ խոսքը ոչ թե ուղղակի հարցնելն ու պատասխաններից ենթադրելն է, այլ պետք է անպայման անձամբ տեսնել՝ մեկանգամյա են, թե ոչ , ինչ տուփից են հանում այն և այլն: Այդ ամենը դժվար չէ իմանալ սոցցանցերից, թե ինչ տեսք ունի դաջվածքի ասեղը և ինչ տեսք ունեն մնացած այլ պարագաները, որովհետև վատ արված աշխատանքը հետո հնարավոր է ուղղի կամ գոնե գեղեցկացնի պրոֆեսիոնալ մասնագետը, որի դեպքում առողջությունը շատ ավելի դժվար կլինի ետ բերել :

Հայտնի է, որ դաջվածքից հետո արյունը՝ որպես դոնոր, դառնում է անպետք ։ Այս փաստը որքանո՞վ է զսպում դաջվածքի հանդեպ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական ձգողությունը և նաև բժշկական տեսանկյունից կա՞ն ապացույցներ, որ շաքարախտով հիվանդներին խորհուրդ չի տրվում դաջվածք անել։ Ի՞նչ կասեք այս մասին, նման ռիսկային գործոնը վտանգավորության ո՞ր աստիճանում է։

Այո, կա նման բան, սակայն, շատերը սխալ կարծիք ունեն այդ մասին, որովհետև չգիտեն՝ ինչն է պատճառը : Դաջվածքն անելուց հետո կա որոշ ժամանակ, որից հետո պետք է արյան անալիզ հանձնել, որպեսզի պարզ դառնա՝ դաջվածք անելու ընթացքում մարդը վարակվել է ինչ-որ հիվանդությամբ, թե ոչ, որովհետև այդ ամենը բժշկական գործողություն է և ուղիղ կապ ունի արյան հետ : Հնարավոր է՝ մասնագետն անբարեխիղճ մարդ է եղել և  օգտագործելով հին ասեղ, փոխանցել է նախորդ հաճախորդի հիվանդությունը հաջորդ հաճախորդին: Եվ նաև ներկերի դերը՝ ներկերը շատ կարևոր մաս են կազմում, դրանք պետք է լինեն պարտադիր պրոֆեսիոնալ, որոնք հատուկ մշակված են հենց դաջվածքի համար: Դրանց մեծամասնության տոկոսային մասը բուսական է և նաև որոշակի անվտանգ քիմիա կա, որն ապահովում է գույնի խտությունը, իսկ դաջվածքի ներկի առկայությունն արյան մեջ  խթան հանդիսանալ չի կարող, որպեսզի մարդը դոնոր չդառնա , ուղղակի հարցը վարակվելուն է վերաբերում : Դա նույնն է  ոնց որ մարդն ամեն անգամ ատամնաբույժի մոտ գնալուց հետո դոնոր դառնալ չկարողանա, որովհետև վարակվել կարելի է նաև ատամնաբույժի գործիքներից,  որոնք մեկանգամյա չեն: Իսկ թե որ հիվանդությունների դեպքում չի կարելի դաջվածք անել, ասեմ՝  իմ փորձի ընթացքում շատ են եղել շաքարախտով հիվանդ և տարբեր այլ հիվանդություններով մարդիկ, այդ թվում ալերգիկ, ովքեր նյութերից ալերգիա ունեն: Մասնագետի բարեխղճության գործոնն այս դեպքում նույնն է, կա որոշակի խորություն, թե ինչ խորությամբ պետք է մաշկին վնասվածք հասցնել, որովհետև շաքարախտով հիվանդների մոտ վնասվածքներն ավելի ուշ են լավանում, այդ իսկ պատճառով  վնասվածքն այսպես, թե այնպես պետք է բավականին քիչ լինի, այսինքն՝ ասեղն այն քանակությամբ պետք է մտնի մաշկի տակ և վնասի, ինչքանով որ պետք է ներկը բավականին մնալու համար: Ես բժիշկ չեմ, բայց զուտ իմ փորձից ելնելով, կարող եմ ասել , որ ինչ-որ չափով սխալ է համարել, որ շաքարախտով տառապող մարդկանց չի կարելի դաջվածք անել, որովհետև եղել են շաքարախտով հիվանդներ, ում մոտ  վնասվածքը շատ ավելի արագ է լավացել, քան այն մարդկանց մոտ, ովքեր շաքարախտով հիվանդ չեն եղել :

Հարցման արդյունքում պարզվեց նաև, որ կան մարդիկ , ովքեր ունեն սպիեր և հիմնականում դաջվածքի օգնությամբ ծածկում են այդ հատվածները ։ Հե՞շտ է արդյոք աշխատել այդ տեսակ խնդրի դեպքում և վերջնական արդյունքը լիարժեք ծածկում է այն հատվածը , որտեղ կան սպիեր կամ այլ խնդիրներ ։

Այո, կան մարդիկ, ովքեր փոքր ժամանակ կամ մեծ տարիքում վիրահատություններից կամ այլ պատահարներից հետո ունեն սպիեր, որոնցից ուզում են ազատվել : Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փորձել են բժիշկների մոտ այդ սպիերն ուղղակի հարթեցնել կամ վերացնել, որը իհարկե, որոշակիորեն օգնում է , բայց վերջնական արդյունքը բերում է նրան, որ պետք է դաջվածք անել, որպեսզի վերջնականապես ազատվեն դրանցից : Իրականում, բավականին բարդ է սպիերի վրա դաջվածք անել, բայց սպիերի հետ աշխատելու իմ փորձը բավականին մեծ է, մասնավորապես, այրվածքներից առաջացած սպիերը,  որոնք շատ խորդուբորդ են և չունեն հարթ մակերես, բայց վերջնական արդյունքում ես անում եմ այնպես, որ դրանց նայելիս չերևա այրվածքի տեղը: Հիմա բավականին մեծ թվով մարդիկ են գալիս  և հիմնականում հենց բժիշկների կողմից ուղարկված, այսինքն՝ նրանք էլ են հասկանում, որ մեկ է մարդը տվյալ սպիերից վերջնական չի ազատվելու և հնարավոր է, թեկուզ նուրբ ինչ- որ մի բան դաջել, որպեսզի ծածկվի այդ հատվածը : Եվ, որպես կանոն,  այն մարդիկ, ովքեր չեն սիրել դաջվածքներ և ստիպված՝ խնդրի պատճառով, արել են, դրանից հետո դառնում են դաջվածքի սիրահար :

Գագիկ, վստահ ենք՝ չեք հերքի այն, որ դաջվածք հեռացնելը հեշտ գործընթաց չէ ։ Դաջվածքի հեռացման ի՞նչ տեսակներ կարող եք նշել , ո՞րն է լավագույն տարբերակը  և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դաջվածքի սխալ հեռացումը ։

Դա, իհարկե, բարդ պրոցես է, որովհետև ներկի քանակությունը մաշկի տակից հենց այնպես հնարավոր չէ հանել, դա հեռացվում է միայն լազերային տարբերակով: Լազերային հեռացումն էլ հերթականությամբ՝ բազմաթիվ անգամներ մաշկի շերտի այրումն է, մինչև դաջվածքի վերանալը : Իհարկե , այդ պրոցեսում դաջվածքի ներկը վերջնական չի վերանում, որովհետև որոշակի ֆոն միևնույնն է, մնում է : Շատ բարդ է գունավոր դաջվածքներ հեռացնելը և նաև շատ հնարավոր, որ դաջվածքի հեռացնելուց հետո սպիեր մնան, դրա համար դաջվածք անելուց առաջ պետք է լավ մտածել, ընտրել լավագույն մասնագետին:

Եվ վերջում՝ Ձեր խոսքը դաջվածք ունենալու ցանկությամբ լցված մեր հայ հասարակությանը ։

Շատերը գիտեն , որ ես  իմ մարմնի վրա դաջվածքներ չունեմ և գրեթե բոլորի մոտ դա հարց է առաջացնում՝ թե ինչո՞ւ: Առաջին անգամ ես այս հարցին կպատասխանեմ այսպես՝ ավելի անկեղծ: Ես շատ լուրջ եմ վերաբերվում դաջվածքին, դա իհարկե պատճառ չի, որ ես չանեմ և լրջության աստիճանը չի, որ պետք է որոշի իմ դաջվածք չունենալը, ոչ , պարզապես, շատ լուրջ եմ վերաբերվում դաջվածքին հենց որպես դաջվածքի մասնագետ : Եվ եթե ես չլինեի դաջվածքի մասնագետ, հնարավոր է իմ մարմնի կեսից ավելին ծածկված լիներ դաջվածքներով , այդքանով ես սիրում եմ դաջվածքներ : Իսկ ինչ վերաբերում է կոչ անելուն ՝ ասեմ , որ առաջին հերթին կոչ եմ անում՝ պահի ազդեցության տակ որոշումներ չկայացնել, քանի որ  չես կարող ամուսնանալ առաջին իսկ պատահած մարդու հետ, այդպիսի մի բան էլ դաջվածքն է , սակայն, շատ ավելի վտանգավոր : Ամուսնանալն ու բաժանվելն այսօր շատ հեշտ է դարձել, իսկ դաջվածքը ձեզ հետ է լինելու ամբողջ կյանքում, ասեմ ավելին՝ այն ավելի երկար է ապրելու, քան դուք : Եվ հետո կոչ եմ անում չկրկնօրինակել ուրիշների դաջվածքները, եթե կա սեփական միտք , սեփական խելք , սեփական կյանքի ուղի , ուրեմն նստեք և մտածեք,թե ինչն է ձեր համար ավելի հետաքրքիր : Գտեք ձերը կամ որոշեք մասնագետի հետ  կամ եթե չեք կողմորոշվում ինչ դաջվածք անել՝ կոչ եմ անում որոշ ժամանակով դադար տալ և չմտածել դրա մասին, դաջվածքի միտքը ինքն իրեն կգա : Եվ ևս մեկ կետ՝ կոչ անելու հետ կապված, նորից կնշեմ , որ պետք է ընտրել ճիշտ մասնագետի , որովհետև հնարավոր է տվյալ մասնագետը շատ ուրիշ դաջվածքներ շատ լավ է անում , բայց կոնկրետ ձեր ուզած պատկերը շատ ավելի բարդ կտրվի նրան , ուղղակի հարևանի կամ ընկերոջ խորհրդով մասնագետ չընտրել , որպեսզի հետո ոչ մեկի չմեղադրել:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից