Վիդեոխաղերը սկսեցին գրավել մարդկանց դեռ 1980-ական թվականներից սկսած, իսկ այժմ վիդեոխաղերն արդեն լայն տարածում ունեն ամբողջ աշխարհով, այդ թվում Հայաստանում: Շատերին թվում է, որ վիդեոխաղերն անիմաստ զբաղմունք են և օգուտ չեն տալիս: Սակայն, պարզեցինք, որ բազմաթիվ հոգեբաններ փաստում են, որ վիդեոխաղերը զարգացնում են մարդու ուղեղի ճկունությունը, իսկ Օքսֆորդի համալսարանի գիտնականներն էլ երկար տարիներ ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ ոչ թե վիդեոխաղերն են բացասաբար ազդում մարդկանց վրա, այլ խաղալու ընթացքում համակարգչի առջև անցկացրած ժամանակը:
Analitik.am- ը փորձեց հայ գեյմերներից, ովքեր տարիներ շարունակ զբաղված են վիդեոխաղերով, ինչպես նաև այդ ոլորտի ուսումնասիրությամբ, պարզել վիդեոխաղերի դրական և բացասական կողմերը:
Հայ գեյմերների կարծիքով վիդեոխաղերն ունեն դրական և բացասական կողմեր: Նրանք պատմեցին վիդեոխաղերի ստեղծման վերաբերյալ հետաքրքիր պատմություններ և կիսվեցին իրենց կարծիքներով:
«Վիդեոխաղերը 46 տարվա պատմություն ունեն, իսկ առաջին վիդեոխաղը եղել է սև ու սպիտակ՝ բոլորիս կողմից սիրված պինգ-պոնգը: Վիդեոխաղերը 46 տարվա ընթացքում զարգացում են ապրել թե խաղային, թե գրաֆիկական տեսանկյունից», -նշում է գեյմերներից մեկը:
Իսկ այն հարցին, թե ինչ վերաբերմունք կա վիդեոխաղերի նկատմամբ Հայաստանում, գեյմերներից մեկն ասաց . «Մեր ժամանակներում վիդեոխաղերն ունեն միայն ժամանցային պատկեր, որովհետև շատ խաղեր տալիս են ավելի շատ էմոցիաներ, քան շատ ֆիլմեր՝ թե գրաֆիկական, թե վիզուալ տեսանկյունից և թող զարմանալի չթվա, որովհետև օրինակ ՝ GTA 5 խաղի ստեղծումը չի զիջում հոլիվուդյան ֆիլմերի ստեղծման համար ծախսված բյուջեին»:
Մեր ուսումնասիրություններով պարզեցինք, որ Հայաստանում վիդեոխաղերը բավականին զարգացում են ապրել: Խաղում են հիմնականում միջին և փոքր տարիքի մարդիկ, բայց փորձառու գեյմերները քիչ են և մեր երկրում չկան հայտնի գեյմերներ:
Վիդեոխաղերի բացասական ազդեցությունների մասին ևս զրուցեցին հայ գեյմերների հետ:
«Խորհուրդ չի տրվում խաղալ օրական 1-2 ժամից ավել, քանի որ վիդեոխաղերն ունեն մարդուն կլանելու և կախվածություն առաջացնող կողմեր:Վիդեոխաղերի չարաշահումը կարող է լուրջ առողջական և նյարդային խնդիրներ առաջացնել, հատկապես պետք է ուշադիր լինել փոքր տարիքի երեխաներին, որպեսզի նրանք խաղային պրոցեսի ժամանակ չափազանց չտարվեն, ինչը կարող է ազդել երեխայի գիտակցականի վրա: Երբեմն խաղային պրոցեսը շատ արագ հաճույքի և լիցքաթափվելու միջոցից վերածվում է լուրջ խնդրի», -զգուշացնում են գեյմերները:
Գեյմերներից մի քանիսի կարծիքով էլ վիդեոխաղերն ունեն դրական կողմեր. Օնլայն խաղային պրոցեսում կարող ես ձեռք բերել լավ ընկերներ:
«Օնլայն խաղերի շնորհիվ շատ ծանոթություններ եմ ձեռք բերել և մինչև օրս էլ կապ պահում ենք այդ տարբերակով ծանոթություն հաստատած մարդկանց հետ՝ անկախ տարիքից, սեռից և մասնագիտությունից, չէ՞ որ մեզ միավորել է հենց վիդեոխաղերը», -ասաց գեյմերներից մեկը:
Նրանցից մեկի կարծիքով էլ դրական կողմերից մեկն ազատությունն է, մասնավորապես նշեցին INDI և INTERAKTIV ժանրերը, որոնցում խաղացողը ստանում է լիարժեք ազատություն որոշումների կայացման և հետագա խաղի ընթացքի համար:
«Նմանատիպ խաղերը էմոցիոնալ տեսանկյունից անփոխարինելի են համեմատած մյուս ժանրերի հետ, երբ պարզապես ուզում ես հանգստանալ և կտրվել արտաքին աշխարհից: Հին ու բարի ինտելեկտուալ ժանրի խաղերը կարող են մարզել ուղեղը և օգնել արագ կողմնորոշվելուն: Թերևս, այս ժանրի խաղերն ավելի քան բարենպաստ ազդեցություն են ունենում մարդկանց վրա», -հավելեց գեյմերներից մեկը: