Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Հայ ազգը և խաչքարագործությունը. Մեկնաբանում է խաչքարագործ Արտակ Համբարձումյանը

analitik.am

Հայաստանը մի երկիր է,որտեղ կան ավելի քան 50.000 ձեռատաշ խաչքարեր,որոնցից յուրաքանչյուրը ունի իր զարդանախշը: Աշխարհում ոչ մի ազգ չունի այսչափ մեծաքանակ խաչքարերի հնագույն պատմություն և այսչափ մեծ սեր խաչքարերի նկատմամբ:

Խաչքարագործ Արտակ Համբարձումյանի հետ զրույցում  Analitik.am-ն անդրադարձել է հայկական խաչքարերի պատմությանը և նրա ունեցած նշանակությանը հայ ժողովրդի կյանքում։

Արտակ,  ինչպե՞ս են ստեղծվել առաջին հայկական խաչքարերը:

Նախաքրիստոնեական դարաշրջանում խաչը եղել է պատժամիջոց,որով պատժում էին հանցագործներին:Ինչպես մեզ հայտնի է, Հիսուս Քրիստոսին ենթարկեցին մահապատժի՝ խաչելությամբ, և այդ ժամանակից ի վեր խաչը դարձավ փրկագործության խորհրդանիշ:Հայ ժողովրդի՝ որպես առաջին քրիստոնյա ժողովրդի, գաղափարական-դավանական և մշակութային զարգացման հետ միասին երևան եկան խաչի կոթողային հուշարձանները: Ըստ որոշ գիտական աղբյուրների՝ 4-րդ դարում խաչային հորինվածքները շատ պարզունակ էին: Խաչերը հավասարաթև էին, այնուհետև 5-րդ դարում խաչը ստացավ ձգված համամասնություններով տեսք և հանդես եկավ որպես տիեզերքի կենտրոն՝ որպես հաղթության և փրկագործության խորհրդանիշ սուրբ լեռան վրա: 8-9դդ.-ում ի հայտ են գալիս խաչքարային հորինվածքներ: Խաչքարերի զարդանախշերի հորինվածքները հանդես են գալիս 4 զարգացումներով՝ բուսական, երկրաչափական, օձակերպ և թռչնային: Շատ հաճախ հանդիպում ենք խաչքարերի՝ հենված հանգուցվող օձերի վրա, որը խորհրդանշում է դրախտի այգու պաշտպանություն: Թռչնայինը խորհրդանշում է սուրբ հոգու գաղափարը, բուսականը՝ արմավենի, կենաց ծառի խորհուրդն ունի և այլն: 12-րդ դարից խաչքարը հանդես է գալիս քիվով, որը խորհրդանշում է դրախտային, երկնային կյանքը, որի վրա հաճախ պատկերաքանդակված են ավետարանիչները: Միջնադարյան խաչքարերի ստորին մասում հիմնականում պատկերված է լինում վարդնյակը՝ երկրի խորհրդանիշը և կենտրոնում խաչը՝ որպես փրկագործության խորհուրդ, իսկ վերին հատվածը՝ քիվը՝ ձգվելով դեպի վեր, արտահայտում է դրախտի գաղափարը:

Հաճախ խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները ոչ միայն հիշատակարաններ էին, այլ նաև հոգևոր ու աշխարհիկ յուրահատուկ հրովարտակներ, արտոնագրեր, կալվածագրեր, հարկային փաստաթղթեր, գյուղերի, բնակավայրերի հիմնադրման, ռազմական գործողությունների վերաբերյալ սահմանաքարեր, պատմաքաղաքական անցքերին անդրադարձող ամենաստույգ աղբյուրներ, պատմության քարե մատյաններ, որոնց միջոցով տեղեկացնում էին պատմության անցուդարձի մասին, որը շատ դեպքերում պատմիչների մոտ չի արձանագրվել: Վերածննդի դարաշրջանը ևս արտացոլվեց խաչքարային հորինվածքներում: Մեր բոլոր խաչքարերն իմաստավորված և գեղեցիկ են, բայց իրենց զարգացման գագաթնակետին հասան 12-րդ դարից հետո: Այդ խաչքարերից մեկը, որը գտնվել է Գոշավանքում և վարպետն է եղել Պողոսը, այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Հորինվածքային առումով առանձնահատուկ է Նորավանք եկեղեցու խաչքարը, որն այժմ գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն 1308 թվականին կերտել է ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ Մոմիկը:

Ի՞նչ է կոնկրետ ձեր համար խաչքարագործի աշխատանքը և ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել խաչքարագործությամբ:

Խաչքարագործությունն ինձ համար հոգևոր սնունդ է, որի միջոցով առաջին հերթին փառաբանում եմ Աստծուն: Այն ինձ համար միջոց է երկխոսելու Աստծո հետ: Խաչքարագործի աշխատանքը կարծես մի քանի արվեստների համախմբում լինի՝ մանրանկարչություն, զարդարվեստ, քանդակագործություն, կոմպոզիցիա, գծանկար, ճարտարապետություն, ինչու չէ, նաև գունագիտություն: Դպրոցական տարիքում հաճախում էի հորեղբորս՝ Վարազդատ Համբարձումյանի արվեստանոց, ով նույնպես քանդակագործ է, ծանոթանում էի խաչքարի քանդակման եղանակներին, խորհրդաբանությանն ու իմաստաբանությանը: Հորեղբորս առաջարկությամբ սկսեցի իմ առաջին քայլերը դեպի արվեստ, դեպի խաչքարագործություն: Դպրոցում՝ աշխատանքի ուսուցման դասերին փայտի վրա զարդաքանդակներ փորագրելու առաջադրանքներ էին լինում: Ես փայտի փոխարեն տանում էի քար և քանդակում խաչքար: Այն այնքան լավ էր ստացվել, որ դրվեց դպրոցի թանգարանում՝ համարվելով իր տեսակի մեջ նորույթ, քանի որ բոլոր աշխատանքները փայտից էին: Երբ ես աշակերտում էի հորեղբորս արվեստանոցում, նա ինձ առաջադրանք էր տվել՝ առանց իր միջամտության քանդակել խաչքար: Այդ աշխատանքը կերտեցի հաջողությամբ, որը և ուղենշեց իմ հետագա անհատական ստեղծագործական գործունեությունը:

Այս հսկաները երբեմն կշռում են մի քանի տոննա և պահանջում են ծանր աշխատանք, տաղանդ և հսկայական ժամանակ: Որքա՞ն ժամանակ է պահանջվում մի նմուշ ստանալու համար:

Խաչքարերը լինում են տուֆից, բազալտից, գրանիտից և այլն: Ծանրությունը կախված է քարի տեսակից և չափերից: Քանդակման տևողությունը նույնպես կախված է նյութից և զարդերի բարդությունից ու քանակից: Միջին բարդության տուֆից խաչքարը տևում է մոտ երեք ամիս, երբեմն ստեղծագործական հորինվածքի փոփոխության պատճառով ավելի է երկարում: Աշխատանքը, եթե նվիրումով ես կատարում, ավելի թեթև և արագ է ստացվում, այդ իսկ պատճառով պետք է սիրել այն աշխատանքը և արվեստը, որով զբաղվում ես:

Հայաստանում մոտավորապես ի՞նչ քանակի խաչքարեր են պահպանվել:

Ըստ հավաստի աղբյուրների, Հայաստանում հաշվառվում են 80.000-ից ավել խաչքարեր, որոնց որոշ մասը վնասվել են:

Ի՞նչ նախաձեռնությամբ պետք է հանդես գա պետությունը բացառիկ նմուշների ոչնչացումը կանխելու համար՝ ընդ որում մեր երկրի սահմաններից դուրս:

Կարղ եմ ասել, որ մեր օրերում խաչքարագործությունը բավականին մեծ ձեռքբերումներ ունի՝ մասնավորապես այսօր վերակերտվում են Ջուղայի ոչնչացված խաչքարերի կրկնօրինակները: Միայն ես արդեն վերակերտել եմ հարյուրից ավել խաչքարեր: Այս արդյունքը չէր լինի առանց աշխատանքի նկատմամբ նվիրումի, առանց պետական աջակցության և տեղական կառավարման մարմինների օժանդակության: Դրա վառ օրինակներից է Երևանի հենց սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարակից պուրակում, տեղադրված խաչքարերի տեղադրումը: 2015 թ-ին Եղեռնի 100-րդ տարելիցին քաղաքապետարանի հետ համատեղ ուժերով՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, իրականացրեցինք մի նախագիծ, որը կոչվում էր «Մշակութային Եղեռն, խաչքարերի խորհուրդ»: Պուրակում տեղադրված են Հին Ջուղայի ոչնչացված 8 խաչքարերի և Արևմտյան Հայաստանի 4 խաչքարերի կրկնօրինակներ: Ասեմ նաև, որ տարբեր առիթներով խաչքարեր են տեղադրվում գրեթե ամբողջ աշխարհով մեկ:

Խաչքարերը հեռվից գրեթե միշտ սիմետրիկ են երևում, իսկ շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերն իրարից տարբերվում են։ Ինչո՞վ է պայմանավորված այս երևույթը:

Խաչքարագործության տարբեր ժամանակահատվածներում մեզ հանդիպում են ասիմետրիկ խաչքարային հորինվածքներ: Շատ դեպքերում սա բնութագրվում է նրանով, որ խաչքարագործ վարպետների հմտություններն այնքան էլ զարգացած չեն եղել: Այս  կարծիքի հետ ես համաձայն չեմ ,եթե մենք օրինակ բերենք Մոմիկին, ով փայլում է իր հորինվածքային և կատարողական արվեստով, կտեսնենք, որ իր մոտ էլ նկատվում են ասիմետրիկ հորինվածքներ: Ըստ իս, սա պարզապես ապացուցում է, որ վարպետներն ազատ են եղել իրենց ստեղծագործության մեջ և շատ դեպքերում միտումնավոր խախտել են սիմետրիան՝ արդյունավետ ընկալման նպատակով, որովհետև խիստ սիմետրիան սառնության, քարացածության տպավորություն է թողնում: Չէ՞ որ հենց բնությունն ասիմետրիա է:

Ի՞նչ են նշանակում խաչքարերի վրա քանդակած պատկերները և արդյո՞ք դրանք ունեն գաղափարային մեկ ուղղություն:

Քանի որ խաչքարը հենց պարունակում է փրկագործության խորհուրդ, հետևաբար իր բոլոր թեմաները կապված են քրիստոնեական ընկալման խորհրդաբանության հետ: Մենք շատ հաճախ խաչքարերի կենտրոնական և քիվի հատվածում հանդիպում ենք չորս ավետարանիչներին, որոնք պատկերաքանդակված են հրեշտակակերպ, առյուծի , եզի, արծվի տեսքով: Հրեշտակի կերպարը Մատթեոս ավետարանիչն է, առյուծը՝ Մարկոսը, եզը խորհրդանշում է Ղուկասի կերպարը, իսկ Հովհաննես ավետարանիչը հանդես է գալիս արծվի կերպարով: Առավել հաճախ հանդիպում են նաև Հիսուսի ծնունդը պատկերող տեսարաններ, որտեղ պատկերված են Մանուկ Հիսուսը, քրմերը, ախոռը, հրեշտակները, ավելի շատ հանդիպում ենք Տիրամոր կերպարին և այսպես բազմաթիվ կրոնական թեմաներ՝ չբացառելով նաև կենցաղային տեսարանները, որոնք հանդիպում են հատկապես Հին Ջուղայի խաչքարերի հորինվածքների մեջ: Հետևաբար գաղափարային մեկ ուղղությանն անդրադարձել են տարբեր կոմպոզիցիաների միջոցով:

Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն։ Ինչո՞վ է պայմանավորված այս գույների ընտրությունը

Քանի որ խաչքարերը խորհրդանշում են Քրիստոսի խաչելությունը, այս իմաստով կարմիրով են ներկվել՝ խորհրդանշելով Հիսուսի արյունը, որով մաքրագործվեցին մարդկության մեղքերը: Սպիտակը կրաշաղախ է, որը պաշտպանիչ շերտ է հանդիսանում, որով փակել են խաչքարերի վրայի անցքերը: Խաչքարերը կապույտ ներկել են երանգային հակադրություն ստանալու, տեսանելիության համար: Շատ ժամանակ խաչքարերը ներկվել են գեղագիտական ընկալման նպատակով: Այսպիսի խաչքարեր հիմնականում հանդիպում ենք միջնադարյան խաչքարագործության մեջ:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից