Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

ՀՀԿ-ի հույսին մնացած ԵԼՔ-ը. Հայաստանյան քաղաքականության սնանկության ևս մի դրվագ

analitik.am

Հունվարի 19-ին Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը Վուդրո Ուիլոսնի պատվին վերանվանելու հարցը, ինչը բացի այն, որ բուռն քննարկումների առարկա դարձավ, նաև մերկացրեց հայկական ընդդիմության տոտալ սնանկությունը:

Նիստն, ինչպես և ակնկալվում էր, սկսվեց ԵԼՔ խմբակցության կազմում ընդգրկված և Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հանրապետություն կուսակցության անդամ ավագանիների վրդովված ելույթներով: Նշված նախագծի անընդունելի լինելու մասին խոսելիս Հանրապետություն կուսակցության անդամները հասկանալիորեն դժվարանում էին զսպել հուզմունքը, քանի որ հարցը վերաբերում էր ոչ միայն պետական գործչի, հայ հերոսի հիշատակին, այլ նաև մի մարդու, ում նրանք անձամբ ճանաչել էին և այս կամ այն կերպով փոխկապակցված են: Հանրապետության 3 ավագանիների ելույթներից հետո ամբիոնին մոտեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և շատերի համար անսպասելիորեն հայտարարեց, որ իրենց խմբակցությունը բոյկոտում է հարցի քննարկումը՝ դահլիճը լքելով : Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշատակելով ամեն կերպ նախագծի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարած Հանրապետության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսքերը, հեգնանքով նշեց, որ փաստորեն ամեն կերպ պայքարելն ընդդիմադիրների պատկերացմամբ նշանակում է ոչ մի բան չանելը:

ԵԼՔ խմբակցության ղեկավարը փորձեց իրենց քայլն արդարացնել նրանով, որ իբր ՀՀԿ-ն ծուղակ է լարել իրենց դեմ՝ հարցը քննարկման դնելով միանգամից՝ ոչ թե սպասելով 3 ամիս, իսկ թե 3 ամիս հետո ինչն էր փոխվելու նա չմանրամասնեց: Մինչդեռ, չար լեզուները համառորեն պնդում են, որ ԵԼՔ-ի դեմ ծուղակ լարել էին հենց ԵԼՔ-ի որոշ անդամներ՝ սպառնալով կողմ քվեարկել նախագծին, եթե ԵԼՔ-ը մասնակցի նիստին: ԵԼՔ-ի որոշումը ստորացնող հեգնանքով ուղեկցող Տարոն Մարգարյանն անշուշտ քաջ տեղյակ էր սրա մասին և նախապես պատրաստել էր այդ «պորտատեղադրումը», ինչն անշուշտ վերջինիս խոսքերի հնչեղությունը չի նվազեցնում: Նիստին հետևած բազմաթիվ քաղաքացիներ դեռ երկար ժամանակ չեն կարող հասկանալ, թե ինչպես կարող էր ԵԼՔ-ը Զարուհի Փոստանջյանին մեղադրանքներ ներկայացնել՝ անզուսպ արտահայտություններ օգտագործելով, սակայն այդպես էլ դեմ չքվեարկել և կես բառ անգամ չասել սեփական դաշինքում ծվարած իրենց «Փոստանջյան»-ին : Ըստ էության, ԵԼՔ-ի համար Վազգեն Սարգսյանի հիշատակը շատ կարևոր է, բայց բավական կարևոր չէ, որպեսզի հարցի տակ դնեն սեփական քաղաքական ապագան:

Կեղտոտ քաղաքականության այս լավագույն օրինակներից մեկը մի կողմ դնելով՝ հարկ է նաև անդրադառնալ բուն հարցին, որի արծարծումն առհասարակ հետևանք է հայկական մշակույթի մեջ խորն արմատացած կռապաշտության: Վազգեն Սարգսյանի անձը պարբերաբար դառնում է քննարկման առարկա: Ոմանք նշում են նրա նվաճումները, այլոք՝ բացթողումները, շատերն էլ արձանագրում են նրա անձի հակասականությունը, բայց ավագանիում տեղի ունեցած քննարկման ժամանակ, ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, ոչ մեկ չանդրադարձավ հարցի գաղափարական կողմին՝ զերծ մնալով անձնականից:

Անկախ նրանից, թե ինչ մեղքեր է գործել քաղաքացի Վազգեն Սարգսյանը, անհերքելի է այն փաստը, որ նրա անունը մարմնավորում է պետականության, բանակաշինության և հայրենիքին նվիրվելու գաղափարները: Դիպչելով իր անվամբ կոչված փողոցներին, դպրոցներին կամ հուշարձաններին՝ մարդիկ հարվածի տակ են դնում հենց վերոհիշյալ գաղափարները: Տվյալ դեպքում բանակաշինության գաղափարը ստորադասվում էր Հայաստանին ոչ մի բան չտված թղթի կտորին: Բարեբախտաբար, ՀՀԿ-ն այս նախաձեռնությունը կանխեց, մնում է միայն գուշակել, թե ի՞նչ արդարացում էին ման գալու ԵԼՔ-ի անդամները, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն չլիներ...

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից