Բարի օր Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Անչափ կարևոր է, որ հասարակության լայն շերտերը  պատրաստ լինեն այս արմատական փոփոխություններին. Արսեն Ջուլֆալակյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Հայտնի է, որ 2017 թ.-ի դեկտեմբերին, ֆրանսիական  «CP Besançon Lutte» ակումբի կազմում դարձել եք երկրի առաջնության բրոնզե մեդալակիր: Մի փոքր պատմեք այդ մասին:

7 տարի շարունակ (2009-2016թթ) հանդես էի գալիս գերմանական Բունդեսլիգայում՝ «KSV Aalen 05» ակումբի կազմում և հասցրել էի դառնալ Գերմանիայի չեմպիոն ու մրցանակակիր։ Ցավոք, 2017թ -ին շատ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան Բունդեսլիգայում և իմ ակումբում, հինգ այլ առաջատար ակումբների հետ միասին, արգելվեց հանդես գալ բարձրագույն  լիգայում՝ ազգային ֆեդերացիայի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով։ Որոշեցի արմատական փոփոխության գնալ և փոխել ակումբային երկիրս։ Շատ լավ առաջարկ ստացա ֆրանսիական «Besançon» ակումբից և տեղափոխվեցի այնտեղ։ Գերազանց ակումբ է, հիանալի մարդիկ ու մարզումային պայմաններ։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է։ Ցավոք, մարզիկներից մի քանիսը վնասվածք ստացան առաջնության կեսերից, ինչի պատճառով չստացվեց չեմպիոն հռչակվել։ Հուսով եմ, այս տարի ևս հանդես կգամ այդ ակումբում և արդեն կլրացնենք անցած տարվա բացթողումը։ Ինքս արեցի 9 գոտեմարտ 77 կգ և 85 կգ քաշային կարգերում, բոլորն էլ հաղթեցի բավական գեղեցիկ ձևով։

Նաև հայտնի է, որ պայքարելու եք Տոկիո-2020-ի համար, ինչպե՞ս եք նախապատրաստվում, տրամադրվածությունը դրակա՞ն է:

Ռիոյից  հետո  մոտ 1 տարի դադար վերցրեցի՝ հասկանալու, արդյոք ունեմ ցանկություն վերադառնալու հավաքական և պայքարելու ամենաբարձր մեդալների համար։ Ժամանակի ընթացքում համոզվեցի, որ և՛ ցանկությունս է վերականգնվել (ինչն ամենակարևորն էր իմ պարագայում), և՛ կա մոտիվացիա պայքարի ու նոր հաղթանակների համար։ Հիմա ամենայն լրջությամբ սկսել եմ պատրաստվել ու կա վստահություն, որ առջևում վառ հաղթանակներ են լինելու։ Այո, նպատակը Տոկիո-2020-ն  է՝ կարիերայիս չորրորդ ՕԽ-ն։

Արսեն, ձեր հայրը` Լևոն Ջուլֆալակյանը, համարվում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Ինչպիսի՞ն է հոր և Լևոն Ջուլֆալակյան մարզչի դերն ու ազդեցությունը Ձեր կյանքում:

Բնականաբար, բախտավոր եմ, որ նման մասնագետ կա կողքիս, ում խորհուրդների շնորհիվ այսօր հասել եմ ըմբշամարտի ամենամեծ բարձրունքներին ու ձեռք բերել անփոխարինելի գիտելիքներ իմ մարզաձևում։ Եթե ուրիշները տարիներով պետք է ուսումնասիրեն, կարդան, դիտեն տարբեր տեսագրությունները, փորձարկեն, որպեսզի ինչ-որ նրբություններ հասկանան ու այդ ճանապարհին շատ հաճախ ձախողվեն դիլետանտության պատճառով, Լևոն Ջուլֆալակյանի շնորհիվ ես այդ խնդիրը երբեք չեմ ունեցել։ Նա ըմբշամարտի հանրագիտարան է, որից պետք է կարողանաս մաքսիմալ վերցնես ու հետագայում փոխանցես հաջորդ սերնդներին։ Ահռելի և փայլուն ճանապարհ է անցել թե՛ որպես մարզիկ, թե՛որպես մարզիչ, և այդ հնարավորությունից լիարժեք չօգտվելը մեծ բացթողում կլիներ իմ կողմից։ Նաև անչափ շնորհակալ եմ իմ այն մարզիչներից, ովքեր տարբեր տարիքային շրջանում աշխատել են ինձ հետ և անշահախնդիր օգնել են ինձ։

Վերջերս  Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում եք կատարել Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների մրցույթի վերաբերյալ: Ի՞նչ կարող եք ավելացնել այդ մտքին:

Ճիշտը որ ասեմ, արդեն հոգնել եմ նույն բանը կրկնելուց։ Ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք։ Եվ չեն լսում ոչ թե այն պատճառով, որ սխալ ես ասում կամ նրանք շատ գիտեն, բացարձակ, ուղղակի շահագրգռվածություն չկա, պրոֆեսիոնալիզմի ու սրտացավության մեծ պակաս կա։ Ցավով պետք է նշեմ՝ մեր երկրում լիքը բաներ սխալ են արվում և սպորտը բացառություն չի։ Արդեն որերորդ տարին է այս խնդիրը կա։ Իսկ վերջին «10 լավագույնի» ընտրության նման ձևաչափի հեղինակներն այնպիսի հայտարարություններ արեցին այդ ընթացքում, որ չէին դիմանա ոչ մի քննադատության։ Ուղղակի հասկանում ես, որ խոսելով ու անընդհատ դիտողություն կամ առաջարկություն անելով զուտ նյարդերդ ես վատնում  ու ժամանակդ՝ երկու բան, որ երբեք այլևս չեն վերականգնվում։ Մեծ հաշվով ոչինչ չի փոխվում ու ոչ մեկ չի պատժվում գործած սխալների համար։ Մեծապես ցավում եմ դրա համար։ Ցանկացած պաշտոնյա՝ անկախ բնագավառից, պետք է հասկանա, որ եկել է ծառայելու, աշխատելու և նա անձեռնմխելի մի ինչ-որ գերմարդ չէ։ Իսկ խորհուրդներ լսելը քո բնագավառի առաջադեմ, փորձառու ներկայացուցիչներից բխում է քո իսկ շահերից։ Եվ ամենակարևորը՝ շատ լավ կլիներ, որ մարդիկ իրենց տեղերում լինեին, զբաղվեին իրենց գործով, իրենց մասնագիտությամբ, թե չէ այսօր ամեն ինչ խառնվել է: Այդ առումով նախանձելի է, թերևս, Կանադայի մինիստրների կաբինետը։

Դուք միացել եք նաև  ՅՈՒՆԻՍԵՖ-ի #EndViolence online կոչին, ի՞նչ առաքելություն ունի այդ կոչը և ո՞րն է հենց ձեր մասնկացության նպատակը:

Անվանումն ինքնին խոսում է դրա առաքելության մասին։ Այսօր համացանցը շատ ուժեղ գործոն է դարձել, որից սխալ օգտվելու դեպքում, կարելի է ֆատալ վնասներ կրել։ Նպատակը հենց կոչն է հանրությանը՝ առավել ուշադիր լինել և գիտակցաբար ու զգույշ օգտվել համացանցում առկա տարբեր ծրագրերից, հավելվածներից և այլն: Հատկապես պետք է չափազանց զգոն լինել երեխաների պարագայում։ Նրանք ամենախոցելին են, քանզի դեռ նոր են կայանում որպես անձ/անհատ և շատ հեշտ է նրանց մանիպուլյացիայի ենթարկելը։ Այդ առումով վիճակագրությունն ուղղակի սահմռկեցուցիչ է։ Իսկ իմ մասնակցության նպատակը, ինչպես և ցանկացած հանրային ճանաչված մարդու, այդ մեսիջն ավելի լսելի դարձնելն ու տարածելն է։ Առհասարակ, հաճախ եմ մասնակցում սոցիալական տարբեր նախաձեռնությունների։ Կարծում եմ՝ հայտնի մարդիկ պետք է իրենց անունը նման կերպ օգտագործելով, կարողանան դրական փոփոխությունների իրականացնողներից լինել։ Եվ, որ անչափ կարևոր է, սեփական կենսակերպով կարողանան օրինակ ծառայել հանրության լայն շերտերի համար։

Հետաքրքիր է՝  կա՞ն արդյոք  ըմբշամարտում աղջիկներ  և ինչպե՞ս եք ընդունում նրանց ներկայությունը այս սպորտաձևում:

Կան, բայց ազատ ոճում, եթե չեմ սխալվում՝  հունահռոմեականը միակ մարզաձևն է մնացել օլիմպիականներից, որտեղ չկան աղջիկներ (դեռ)։ Իսկ իմ վերաբերմունքը կարող եմ ասել՝ նեյտրալ է, եթե աղջիկներին հաճելի է զբաղվել նման ծանր, զրկանքներով ու վնասվածքներով հարուստ մարզաձևով, ուրեմն հաջողություն նրանց այդ բարդ գործում։ Ինքս  գրեթե չեմ դիտում աղջիկների ըմբշամարտ՝ բացառությունները չհաշված։ Ուղղակի չեմ կարողանում դիտարժանությամբ ու տեխնիկայի բազմազանությամբ համեմատել տղամարդկանց ըմբշամարտի հետ։ Մասնագիտական է…

Եթե չընտրեիք այս մարզաձևը, ապա ի՞նչ սպորտաձև կընտրեիք:

Եթե Հայաստանում, ապա  հաստատ ըմբշամարտ։  Չնայած, ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ էլ եմ շատ սիրում, բայց միևնույնն է՝ կընտրեի իմ ոճը։ Շատ կուզեի զբաղվել հոքեյով կամ էլ ծովային էքստրեմալ մարզաձևերով, բայց մեր երկրում դրա համար նպաստավոր պայմաններ չկան։

Բազմիցս նշել եք նաև, որ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո հնարավոր է Ձեզ տեսնենք քաղաքականության կամ դիվանագիտության ասպարեզում: Ի՞նչ մտահաղացումներ և ծրագրեր ունեք այդ ոլորտում:

Հենց այնպես չեմ ասել՝ երկրորդ մասնագիտությամբ միջազգայնագետ եմ։ Հուսամ, ամենաուշն այս ամառ կպաշտպանեմ նաև գիտական թեզս ու կդառնամ գիտությունների թեկնածու վերոհիշյալ մասնագիտությամբ։ Անչափ հետաքրքիր են ինձ համար երկուսն էլ՝ քաղաքականություն-դիվանագիտություն, բայց, հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցող սպեցիֆիկ քաղաքական գործընթացները, համենայնդեպս մոտ ապագայի կտրվածքով, նման որոշում ինքս ինձ համար չունեմ։ Ավելի ուշ՝ միգուցե։ Այս պահին կենտրոնացած եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերաս փայլուն ավարտին հասցնելու վրա Տոկիո 2020-ին և ապա կփորձեմ անցնել միջազգային սպորտային կառույցներ՝ ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիա, Միջազգային Օլիմպիական կոմիտե կամ նման այլ կառույց։ Նշված բնագավառում հենց հիմա էլ ունեմ բազմաթիվ ծրագրեր ու մտահաղացումներ, որոնք կարծում եմ՝ շատ օգտակար կլինեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային սպորտի համար։ Կարճ ասած՝ուզում եմ երկու մասնագիտություններս համատեղել։

Ի՞նչ եք մտածում Հայաստանում առկա գործընթացների մասին,  ի՞նչ կցանկանայիք փոխել մեր երկրում:

Կարծես, նախորդ հարցի սահուն շարունակություն ստացվեց։  Կարծում եմ՝ անչափ կարևոր պահ է մեր երկրի համար՝ հասկանալու, թե իրականում ինչ ենք ուզում և ուր ենք շարժվելու։ Չնայած, մի քանի շատ կարևոր գործընթացներ վերջին մի քանի տարում արդեն սկսել ենք ու առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ,  ավարտին կհասցնենք։ Խոսքս Եվրասիական Միությանն անդամակցությունն է, Եվրոասոցացման պայմանագիրը և կառավարման պառլամենտական կարգին անցումը։ Հուսով եմ՝ ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, մեզ մոտ ևս կատարվող գործընթացների գերնպատակը  հզոր, զարգացած, ժողովրդավարական, առաջադեմ արժեքներով պետության կառուցումն է։ Հակառակ դեպքում, ուղղակի կորում է այդ պրոցեսների իմաստը՝ վերածվելով ֆարսի։ Անչափ կարևոր է, որ բացի քաղաքական վերնախավից, հասարակության լայն շերտերը ևս պատրաստ լինեն այդ արմատական փոփոխություններին, ինչը կարծես թե դեռ չի նկատվում։ Միգուցե պատճառը սոցիալական ծանր վիճակն է, որը փակում է հետաքրքրությունը ցանկացած այլ զարգացումների հանդեպ, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ ընդհանուր վերցրած, հանրությունը դեռ զարգանալու շատ մեծ տեղ ու պոտենցիալ ունի, մնում է ցանկությունը ևս լինի։ Իսկ փոխելու առումով, շատ բան կա։ Եթե հնարավորություն ունենայի, ամենայն հավանականությամբ կսկսեի օրենքի գերակայության հաստատումից բոլորի համար՝ առանց բացառության։ Եթե մի պահ խորանանք ասածիս մեջ, կհասկանանք, որ մեր այսօրվա խնդիրների առյուծի բաժինը հենց այդ պատճառով է՝ տարբեր մարդկանց համար նույն օրենքը տարբեր ձևով է աշխատում։ Դրանից էլ ծնվում և շարունակվում են մյուս արատավոր երևույթները:

Վերջում, կցանկանայինք լսել Արսեն Ջուլֆալակյանի կոչը հայ ժողովրդին:

Կատարելագործվենք բոլոր առումներով, կրթվենք, զարգանանք, դաստիարակվենք ավելի, քան այս պահին կանք, ընդ որում՝ յուրաքանչյուրս։  Վստահեցնում եմ՝ դրանով լիքը խնդիրներ շատ ավելի հեշտ կլուծվեն, քան մեզ թվում է:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից