Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Մշակույթի մարդկանց միայն ուզում են օգտագործել ինչ-ինչ նպատակների համար.Արամ Իսաբեկյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ Արամ Իսաբեկյանը:

Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր ուղին և Ձեր կողմից ստեղծված աշխատանքները:

Սկսեմ նրանից, որ իմ հայրը՝  Է.Իսաբեկյանն իր անուրանալի տեղն  ունի որպես բազմաթիվ կոմպոզիցիոն աշխատանքների հեղինակ, մեծածավալ կտավների՝ կատարված բարձր պրոֆեսիոնալիզմով, ներշնչանքով, իմաստով և որակով։ Նրա՝ հայ ժողովրդի պատմական նկարները հիրավի մեր արվեստի ոսկե ֆոնդն են։ Իմ ուղին արվեստում տարբերվում է հորս ընտրած ուղուց, և դա հասկանալի է, որովհետև ես ուրիշ սերունդի ներկայացուցիչ եմ, ուրիշ միջավայրում մեծացած և ուրիշ խնդիրների առաջ կանգնած։ Կարևորն այն է, որ կրթություն ստանալուց հետո ես միշտ ստեղծագործել եմ առանց նախապաշարումների, արել եմ այն, ինչ ցանկացել եմ և համարել ճիշտ տվյալ պահին: Աշխատել եմ և աշխատում եմ կերպարվեստի համարյա բոլոր ժանրերում և տարբեր ոճերով:

Իսկ նկարչությունից դուրս  ուրիշ ո՞ր ոլորտում եք պատկերացրել Ձեզ:

Ուսանող ժամանակ զգացողություն ունեի, որ կարող եմ որպես ռեժիսոր ֆիլմեր նկարել, հրապուրվել եմ հնաբանությամբ, գրելու մարմաջ ունեի, բայց բարեբախտաբար ժամանակին հասկացա, որ իմը նկարչությունն է, որին սիրահարված եմ ոտքով և գլխով և շարունակում եմ սիրահարված մնալ, եթե այդպես կարելի է արտահայտվել։

Կրթությունը Ձեզ տվե՞ց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր նկարիչ դառնալու համար, թե՞ բնությունն արդեն տվել է անհրաժեշտ հատկությունները  և կրթվելն այնքան էլ էական չի:

Կարծում եմ՝ մեծամտություն թող չթվա, որ հորիցս և հիանալի նկարչուհի մորիցս՝  Արփենիկ Նալբանդյանից, որոշակի շնորհքներ գեներով ինձ փոխանցվել են։ Բայց համոզված եմ, որ առանց պրոֆեսիոնալ կրթության և աշխատասիրության, ոչ մի շոշափելի հաջողության հասնել հնարավոր չի։

Խոսենք ցուցահանդեսների մասին, անհատական ի՞նչ ցուցահանդեսներ եք ունեցել և մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք:

Անհատական ցուցահանդեսներ ունեցել եմ Երևանում տարբեր ժամանակներում 4 թե 5 անգամ, Հալեպում Սիրիայում, Փարիզում՝ 3 անգամ, Թբիլիսիում  200-ից ավել  խմբակային ցուցահանդեսնեմ եմ ունեցել ։ Կարող էի ավելի անհատական ունենալ , բազմաթիվ առաջարկներ եմ մերժել՝  ժամանակ չունենալու պատճառով, այսինքն՝ Ակադեմիայի ռեկտոր լինելուս հանգամանքը խանգարել է։ Այս տարի մասնակցելու եմ մի շարք շատ կարևոր ցուցադրությունների Հայաստանում և արտասահմանում նոր նկարներով, որ շատ կարևորում եմ։

Ժամանակակից իրականությունը բազմաթիվ նորամուծություններ է մտցրել  նկարչության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

Նորամուծություններին նորմալ եմ վերաբերվում, եթե դրանք արվեստագետի մոտ բնականորեն է առաջանում, ոչ արհեստական՝ մոդայից ելնելով։ Նոր բան անելը, ստեղծելն իսկական արվեստագետի բնական զարգացումների հիմնական մասն են կազմում, բայց դա պետք է գա իր ներքին զգացողություններից, սրտից պետք է գա, մնացածը կոնյուկտուրա է։

Ըստ Ձեզ, ո՞րն է արվեստագետի անկախությունը և ո՞րն է պետության անկախությունը:

Անկախ պետություններ, ըստ ինձ, չկան, գուցե միայն ԱՄՆ - ն։ Արվեստագետի ազատությունն իր ազատ արտահայտվելն է  արվեստի լեզվով հնարավորության մեջ է։

Ազգայինը հնարավո՞ր է համատեղել մոդեռնի հետ: Ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում ազգային մշակույթը:

Այո, կարելի է, եթե ստեղծվում է որակյալ ինքնուրույն արվեստ, ոչ կապկած, այլ խորապես ընկալված և մարսած։ Ընդհանրապես, ազգային արվեստը ստեղծվում է անհատների կողմից, եթե ստեղծվում է բարձր որակի ստեղծագործություններ,  հենց դրանք էլ ընկալվում են որպես ազգային։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել մեր և արտասահմանյան  ստեղծագործողների օրինակներով։

Կարծրատիպ կա, որ հայկական նկարչությունը տաք նկարչություն է: Համամի՞տ եք այս մտքին:

Հայ նկարչությունը, բարեբախտաբար, այնքան տարբեր և հարուստ է իր արտահայտչամիջոցներով, որ համոզված եմ՝ այդ միտքը տեղին չէ, դա ուրիշների կողմից հայկական արվեստը նսեմացնելու, սահմանների մեջ դնելու փորձ է։

Ցանկացած նոր գաղափար մեր մոտ անցնում է քննադատությունների փշոտ ճանապարհով, ինչո՞ւ է այդպես:

Մեծ գաղափարները մեծ հովանավորների կարիք ունեն, ինչպես՝ օրինակ եղել է վերածնունդի դարաշրջանում   Իտալիայում: Մեր ժամանակներում, երբ ճաշակի անգրագիտության համատարած անկում ենք տեսնում, ուրիշ արդյունք հնարավոր չի ստանալ։

Քաղաքականությունը մշակույթի մի մասն է, բայց այն չի  սնվում մշակույթով: Ինչո՞ւ, միգուցե մշակութային գործիչներն են մեղավո՞ր, թե սա պետության կողմից անտարբեր դիրքորոշման արդյունք է:

Մեր իրականությունում քաղաքականությունը և մշակույթը նույնիսկ զուգահեռ չեն ընթանում: Մշակույթի մարդիկ մեղք չունեն, որովհետև ոչ թե նրանց անկեղծ խոսքն են ուզում լսել, այլ օգտագործել ինչ-ինչ նպատակների համար, իսկ արվեստագետը, որպեսզի Աստծու կողմից տրված այս կարճ ժամանակում կարողանա ստեղծագործել և կատարել այն միսիան, որի համար ծնվել է, պետք է հարմարվի։

Ի՞նչ կցանկանաք Հայաստան երկրին և հայ ժողովրդին:

Իհարկե, անվրդով խաղաղություն, արժանապատիվ աշխատանք, ամուր ընտանիքներ  և սեր ու հարգանք իրար նկատմամբ։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից