Բարի օր Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

«Ժետիսու» ակումբից ստացած հրավերի և առհասարակ ֆուտբոլի մասին զրույց Կամո Հովհաննիսյանի հետ

analitik.am

Analitik.am –ի զրուցակիցն է  Հայաստանի Ազգային հավաքականի և «Ժետիսու» ակումբի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:

Ի՞նչ է Ձեզ համար ֆուտբոլը` աշխատանք,  թե՞ ապրելակերպ:

Երկուսը միասին: Սկզբում, երբ սկսում ես այն, սիրելի խաղ է, հետո երբ հասկանում ես, որ ուզում ես ամբողջ կյանքումդ զբաղվել միայն ֆուտբոլով, դառնում է ապրելակերպ, իսկ հետո այն սկսում է քեզ եկամուտ բերել:

Արդեն տեղյակ ենք , որ այս տարվա հունվար ամսին ղազախական «Ժետիսու» ակումբում նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր եք ստացել: Մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

Բոլորին հայտնի է, որ ես պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտ» ակումբի հետ: Պայմանավորվածություն կար, որ եթե լինի առաջարկ, որը կգոհացնի մեզ, ապա առանց որևէ խնդրի ինձ բաց կթողնեն: Ստորագրելուց երկու օր անց ինձ զանգահարեցին և հրավիրեցին մասնակցելու 2 ստուգողական հանդիպման, որից հետո պարզ կդառնար կմիանամ իրենց, թե ոչ: Քննարկեցինք Բագրատ Նավոյանի հետ, շնորհակալ եմ իրեն, որ հասկացավ ու համաձայնեց բաց թողնել ինձ: Հանդիպումներին մասնակցելուց հետո պայմանագիր ստորագրեցի «Ժետիսու» -յի հետ 1 տարով:

Ի՞նչ պլաններ կան, արդյո՞ք  սպասվում են փոփոխություններ մոտ ապագայում  Ձեր ակումբային խաղում:

Իհարկե, պլաններ և նպատակներ կան դրված, ուզում եմ խաղալ էլ ավելի բարձր մակարդակով, էլ ավելի բարձր մակարդակով ակումբներում և առաջնություններում:

Հայաստանի ազգային հավաքականում Ձեր առաջին խաղն անցկացրել եք 2012 թ.- ին:Ինչպե՞ս եք զգում Ձեզ հավաքականում հիմա և ի՞նչ հանդիպումներ կան առաջիկայում:

Այո, արդեն 39 անգամ դաշտ եմ դուրս եկել հավաքականի համազգեստով և ամեն խաղում փորձել եմ անել իմ ուժերի սահմանում ամեն ինչ, նվիրվել եմ 100%, իհարկե ոչ միշտ է ստացվել լավ արդյունքի հասնել, բայց նպատակը միշտ էլ եղել է հաղթանակը: Առջևում ունենք ևս 2 հանդիպում, որից հետո արդեն կսկսվեն ազգերի լիգայի հանդիպումները, որտեղ միակ ընդունելի արդյունքը կլինի հաղթելը:

Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը՝ Երևանում պարտվելով Լիտվայի հավաքականին։ Ի՞նչ կասեք այս խաղի մասին:

Այդ խաղում մեզ մոտ ոչինչ չստացվեց, ինչ-որ ծրագրել էինք խաղային առումով ամբողջովին տապալվեց: Այո, կային փոփոխություններ թե՛ կազմում թե՛ խաղային սխեմայում, բայց եթե վերցնենք խաղը հետագային նայելու տեսանկյունից ինձ թվում է, որ մարզիչները տեսան այն, ինչ հարկավոր է: Հավաքականում բոլորը վստահում են միմյանց ու վստահ եմ, որ հաջողություններն երկար չեն սպասեցնի:

Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար պարտությունը ֆուտբոլում:

Իհարկե, փորձում ես հաղթել ամեն խաղում, իսկ երբ չի ստացվում, վերլուծում ես ամեն ինչ, թե ինչը ստացվեց, ինչը՝ ոչ: Պարտությունները ցույց են տալիս թույլ կողմերը, որոնց վրա պետք է աշխատել և ավելի բարելավել:

Ո՞րն է ձեր ամենասիրած խաղային դիրքը և ո՞րքանով է համապատասխանում Ձեր ներկայիս դիրքին:

Ինձ համար սիրելին դաշտում գտնվելն է: Կարիերայիս ընթացքում խաղացել եմ շատ դիրքերում և այնքան հաճախ եմ փոփոխել, որ բոլորն էլ սիրելի են: Հաճույքով խաղում եմ այն դիրքերում, որտեղ մարզիչը գտնում է, որ ավելի օգտակար կլինեմ:

Ինչպիսի՞ լուրջ վնասվածքներ եք ունեցել և որքա՞ն ժամանակ եք դադար տվել:

Ամենավատ բանը, որ կա սպորտում,  վնասվածքներն են, ոչ մեկի չեմ ցանկանա: Ամենալուրջ վնասվածքս եղել է ուսահոդի վնասվածքը, որից հետո վիրահատվել եմ: Վիրահատությունից 25 օր անց սկսել եմ վերականգնողական մարզումներն ու, եթե ճիշտ եմ հիշում, ամիս ու կես կամ  2 ամիս անց արդեն մասնակցել եմ հանդիպման:

Ձեր կարծիքով ո՞րն է մրցավարի դերը ֆուտբոլում:

Մրցավարներն այն մարդիկ են, ովքեր իրոք կարող են վճռել խաղի ելքը, իհարկե բոլորս մարդ ենք և կարող ենք սխալվել, ոչ մեկս ապահովագրված չենք սխալներից, բայց ինձ թվում է՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դաշտում արդյունքը որոշեն միայն ֆուտբոլիստները:

Ո՞րն է ժամանակակից ֆուտբոլն ըստ Ձեզ։

Նայեք Մադրիդի Ռեալի հանդիպումները, Բարսելոնայի, Մանչեսթեր Սիթիի, նայեք Մեսսիի, Ռամոսի, Նեյմարի, Իսկո-ի հանդիպումները: Նրանք ժամանակակից ֆուտբոլի իսկական ներկայացուցիչներն են:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից