Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ամեն տեղ էլ խնդիրներ կան, այնպես չէ, որ ԱՄՆ-ում դոլարը ծառերի վրա կախված է․ Ռաֆայել Երանոսյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է դերասան, հումորիստ և շոումեն Ռաֆայել Երանոսյանը:

Ռաֆայել, ինչպե՞ս կգնահատեք Ձեր դերասանական հմտության մակարդակը և ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

Դժվար թե հիմա ես լինեի այնպիսին, ինչպիսին որ եղել եմ, իմ ես-ը բնականաբար չի փոխվել, բայց այս տարիների ընթացքում իսկապես գրանցում եմ աճ, համենայն դեպս, փորձում եմ գրանցել, որ անընդհատ նույն տեղում չդոփեմ: Թե՛ ստեղծագործական աճ կա, թե՛ մի քիչ ավելի ուրիշ ձև կյանքին նայելու, թե՛ ավելի ուրիշ տեսակի մեջ ինքս ինձ փորձելու, բնականաբար, այդ ամեն ինչը գալիս է այս տարիների ընթացքից: Այսօր, փառք Աստծո, չեմ դժգոհում այն ամենից, ինչ ունեմ ու ինչը, որ ձեռք եմ բերել, համենայն դեպս, դեռ չեմ պատրաստվում մնալ մի կետում և հասկանալ, որ սա իմ համար վերջն է, չէ, դեռ վերջը չի, կարելի է ասել՝ սա նոր սկիզբ է: Իսկ հաջողության մասին շատ չեմ ուզում խոսել ու ընդհանրապես չեմ սիրում իմ հաջողությունների մասին խոսել, որովհետև իմ հաջողությունների մասին ավելի շատ պետք է խոսի հանդիսատեսը, եթե իմ դահլիճները լեփ-լեցուն են, ուրեմն ես աշխարհի ամենահաջողակ մարդն եմ:

Արդյո՞ք դերասանի համար հեշտ է խաղալ ներկայիս պայմաններում, ի՞նչ դժվարությունների առաջ են կանգնում հայ դերասանները:

Ոչ մի տեղ հեշտ չի, ոչ մի բանում հեշտ չի, նույնիսկ, եթե մարդիկ երազում են ուրիշ տեղ գնալ՝ այնտեղ էլ հեշտ չի: Յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր գործ հեշտությամբ չի տրվում, ինչ գործ հեշտությամբ գտնվում է, նույն ձև էլ գնում է: Յուրաքանչյուր գործի համար պետք է տքնաջան աշխատել, առավել ևս, որ դերասան ես, առավել ևս ,որ հանրային մարդ ես, որովհետև դու չես ապրում միայն քո համար, որովհետև դու ունես ես, որը նաև հանրային է: Պետք է ամեն օր, ամեն վայրկյան աշխատել ես-ի վրա: Ես իրոք չեմ սիրում բողոքել, դժգոհել… Լավ, եկեք ասենք դժվար է ու ի՞նչ , մնանք տանն ասենք դժվար է, իսկ այդ դժվարության համար ի՞նչ եմ անում ես, ի՞նչ եմ անում, որպեսզի ավելի բարելավեմ: Եթե յուրաքանչյուրս մտածենք մի բան անելու մասին, ինձ թվում է այդ դժվարությունները շատ հեշտ կհաղթահարվեն: Հասկանում եմ, որ ՀՀ-ում դերասանները ֆինանսապես ապահովված չեն՝ այսինքն չեն ստանում ըստ արժանավույնս, բայց համենայն դեպս, եղածին էլ պետք է հարմարվել և փորձել ինչ-որ մի բան անել, որպեսզի մեր կյանքը մի փոքր բարելավենք:

Ի՞նչն է Ձեզ ամենից շատ անհանգստացնում մեր երկրում:

Չեմ սիրում ինչ-որ բան որակել, ցանկացած տեղ, ցանկացած բնագավառ ունի իր բարձր և ցածր մակարդակը: Բնականաբար, յուրաքանչյուր մասնագիտության մեջ պետք է լինի փոփոխություն: Սերնդափոխություն է լինում, ամեն սերունդ իր հետ բերում է նորը, կարևորը՝ պետք է շարժվել ժամանակի հետ համահունչ:

Մեր օրերում ամեն մարդ, ով ցանկանա, կարող է ֆիլմում կամ սերիալներում նկարահանվել:

Ի՞նչ կասեք այս մասին: Չեմ ուզում ինչ–որ մեկին վատաբանել, չեմ ուզում ասել, թե ինչո՞ւ է այդ մարդն եթերում: Եթե ինչ-որ մեկը՝ թեկուզ տվյալ ռեժիսորը կամ հանդիսատեսն, ընդունում է այդ մարդուն, ուրեմն, երևի թե այդպես էլ պետք է լիներ: Ըստ իս, ավելի շատ մեղավոր են ոչ թե ռեժիսորներն ու հանդիսատեսը, այլ ավելի շատ ոչ պրոֆեսիոնալ բլոգերները: Այսօր պետք է ավելի շատ վախենալ ոչ պրոֆեսիոնալ բլոգերներից, ովքեր անիմաստ ֆան-կլուբեր են ստեղծում: Բայց ասեմ, որ այսօրվա հանդիսատեսն էլ միամիտ չի ու լավ տարբերում է լավն ու վատը: Եվ առհասարակ, եթե ինչ-որ մի բան լավն է, դու միշտ փորձում ես փայփայել, որպեսզի այդ լավը մնա քո կյանքում, եթե ինչ-որ բան քո կյանքում ուղղակի պահի տակ եկել է, դա այդպես էլ գալիս ու գնում է:

«Դեպուտատի շոու»-ն թեմատիկ նոր ուղղվածությու՞ն է, թե սա իրոք այս ձևով բողոք է:

«Դեպուտատի շոու» ներկայացումը պետք է պատրաստ լիներ, բայց քանի որ շատ շրջագայություններ եղան, ես ու Անդոն մեկնեցինք, հետո մինչև եկանք, արդեն ես գնացի շրջագայության, ու այդպես մի քիչ ձգձգվեց, բայց այս տարի մեծ շոու ծրագիր է սպասվում, շոու ներկայացում՝ «Դեպուտատի շոու», որտեղ ես և Անդրանիկ Հարությունյանը հանդիսատեսին մի նոր շոու ծրագիր կմատուցենք: Համենայն դեպս, հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ ու միաժամանակ աշխատում ենք մի քանի ուղղությամբ, շուտով իմ նոր «stand up» ներկայացումը կլինի, երևի թե մայիսին կկայանա պրեմիերան: Իսկ «Դեպուտատի շոու» -ում ոչ մի բողոք չկա, դա մեր իրականության մասին է, այս տարիների իրականությունն է՝ այն, ինչ կա: Ընդհանրապես բողոքել պետք չի, օրինակ իմ նոր «stand up» ներկայացման մեջ էլ բողոք չկա, ճիշտ է՝ ես խոսում եմ այն թեմաների մասին, որն իրոք հուզում է հանրությանը, բայց դրա մասին չեմ բողոքում, այլ ավելի շատ հումորով եմ ասում, որ սա է իրականությունը, և մենք պետք է համակերպվենք դրա հետ:

 Բազմաթիվ երկրներ եք մեկնել հյուրախաղերով, երբևէ ցանկություն կամ միտք չի՞ առաջացել մնալ այդ երկրներից որևէ մեկում:

Չեմ սիրում ասել երբեք, չգիտեմ՝ վաղն ինչ կլինի, համենայն դեպս, ներկայիս պահին ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Միացյալ Նահանգներում էլ՝ հարցազրույցի ժամանակ հարցրեցին՝ չե՞ք ուզում գալ այստեղ, ես էլ ասեցի՝ չէ, հարցրեցին՝ ինչո՞ւ, ասացի՝ քանի որ այնտեղից բոլորն արտագաղթում են, ես համարվում եմ տաղանդավոր դերասան, բոլոր տաղանդավոր մարդիկ գնացել են և հիմա ես այստեղ համարվում եմ տաղանդավոր դերասան (ժպտում է):

 Ի՞նչ անելու կամ ասելու համարձակություն չունեք:

Ես ինքս ինչ-որ մի բանից կամ ինչ-որ կառույցից կախում չունեմ, ես անհատ եմ, եթե ինչ-որ բան ինձ հուզում է, ես դա բարձրաձայնում եմ, հնարավորություն ունեմ բեմից բարձրաձայնելու, իսկ այսօր բոլորն ունեն այդ հնարավորությունը, հատկապես սոցցանցերում: Շատ խնդիրներ կան, որ կուզեի իրոք այդպես չլիներ, բայց չեմ սիրում ուղղակի դրա մասին ասել, սիրում եմ դրա մասին մտածել և դրա համար մի բան անել, որպեսզի դա չլինի: Ես հավաքում եմ իմ կողքին միայն ուժեղ մարդկանց, իսկ թույլ մարդկանց մոտ չեմ թողնում: Մենք՝ ուժեղներով մի բան կփոխենք: Դեռ ամեն ինչ առջևում է…

Ինչի՞ն էիք հավատում Ձեր կարիերայի սկզբում, որ այլևս չեք հավատում:

Ես միշտ հավատում եմ, որ ինձ համար ունեմ լուսավոր  կետ և  միշտ ձգտում եմ այդ լուսավոր կետին: Ինձ չէին հավատում, ես համոզեցի բոլորին, որ հավատացեք ինձ, որ կարող եմ գալ գյուղից ու հասնել ինչ-որ կետի և դեռ գնում եմ: Իրականում չունեմ երազանքներ, ունեմ նպատակներ, որոնք ժամանակ առ ժամանակ իրականացնում եմ:

Գաղտնիք չէ, որ շատ ֆիլմեր երբեմն տարիներ շարունակ սպասում են ֆինանսավորման, Ձեր դեպքում ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվում։

Նույն «Դեպուտատի շոու»-ն նույնպես մեծ ֆինանսերի հետ կապված գործ է: Օրինակ՝ ես ու Անդոն ժամանակ առ ժամանակ ինչ-որ միջոցառումներ ենք վարում, այդտեղից մի քիչ հասցնում ենք ապրել, մի քիչ էլ ներդնում ենք ներկայացման մեջ, ամեն ինչ փորձում ենք անել մեր ուժերով, դեռ հովանավորների չենք դիմում, եթե հասկանանք, որ չենք ձգում, փառք Աստծո, ունենք ընկերներ, ովքեր պատրաստ են մեր կողքին կանգնել:

Ձեր խոսքը մեր ընթերցողներին:

Ես՝ լինելով ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր մարդու, չափահաս աղջկա, թե տղայի շատ կխնդրեի՝ եկեք չվատաբանենք մեր երկիրը, որովհետև մեր երկիրը, բացի վատ կողմերից, ունի նաև լավ կողմեր: Շատ կուզեի, որպեսզի մարդիկ հանեին իրենց միջից բամբասանքն ու նախանձը: Դադարեին մեկը մյուսի հասցեին մեկնաբանությունները, որովհետև դա իրոք տհաճ է և մեզ չի սազում: Այսօր փողոցում նայում ես մարդկանց դեմքին, ժպիտ չկա… Երկիրը մեղավոր չի, այս հողն ու ջուրը ոչ մի բանում մեղավոր չեն: Ես իմ ընթերցողին կխնդրեի, որ իրոք սա հաշվի առներ: Ոչինչ, ամեն տեղ էլ կան խնդիրներ, այնպես չի, որ ամերիկայում դոլարը ծառերի վրա է կախված, այնտեղ էլ իրենք իրենց խնդիրներն ունեն: Մենք ունենք թասիբ, գոնե մեր ազգի թասիբը պետք է պահենք: Հատկապես այս վերջին շրջանում, երբ մտնում եմ ինտերնետ, վատ լուրեր եմ կարդում կամ մտնում ես, գրած է՝ տեսեք, թե ինչ է արել Քիմ Քարդաշյանը, մտնում ես, գրած է՝ Քիմ Քարդաշյանը կինո է գնացել …Այնքան վատ ու զզվելի է այս ամենը: Եկեք միմյանց ասենք շնորհակալություն, ասենք ներողություն, լավ բաներ ասենք միմյանց և ապրենք մեր կյանքով, ոչ թե ուրիշի:

Յանա Մարտիրոսյան

 

Նույն շարքից