Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքական սատիրա 

Վիճակագրությունը և Կարապետյանի անճաշակ տրագիկոմեդիան

analitik.am

Սույն թվականի փետրվարի վերջին օրերին կառավարությունը հրապարակեց մի հաշվետվություն, որի նպատակն էր իրազեկել հանրությանը նախորդ տարվա ընթացքում իրականացված ներդրումային ծրագրերի մասին: Ներդրում ներգրավելն, անշուշտ, վարչապետի պաշտոնը ստանձնելիս Կարեն Կարապետյանի հենասյուներից մեկն էր: Իր ելույթներից մեկում նա ասել էր, որ 3,2 միլիարդ դոլարի հաստատված ներդրումային ծրագրեր ունի և հաջորդիվ տարում էլ 850 միլիոն դոլարի չափով ներդրում կբերի: Զեկույցում առկա 856,5 միլիոն դոլար թիվը և այդ զեկույցի հրապարակման ժամկետը վկայում են վարչապետի կոսմետիկ ճշտապահության մասին: Այդ ճշտապահությունը կոչված էր ապրիլյան վերադասավորումների շեմին իրեն բարենպաստ լույսում ցուցադրելուն, բայց որևէ կերպ կոչված չէր իրականությունն արտացոլելուն: Կարապետյանն իրեն պարտավոր էր համարում զեկուցել, որ 850 միլիոն դոլարի թիվը կատարված է, իսկ այն ավելորդ 6,5 միլիոնն էլ այն «զդաչի»-ին է, որ նա աղայաբար մեզ է թողնում: Շատ կարևոր էր, որ այս զեկույցը հրապարակվեր «նախընտրական» շրջանում և վերոհիշյալ թվերը հաստատող ազգային վիճակագրության ծառայութան տվյալները հնարավորինս ուշանան: Այն, թե ինչու էր պետք ԱՎԾ ուշացումը, ակնհայտ դարձավ, երբ ԱՎԾ-ն սույն թվականի երկրորդ եռամսյակի զեկույցում վերջապես հրապարակեց նախորդ տարվա թվերը: Բուն թվերը, իհարկե, սահմռկեցուցիչ էին և որևէ առնչություն չունեին վարչապետի հրապարակած թվերի հետ: Թեպետ, մասնագետները, միայն վարչապետի զեկույցն ուսումնասիրելիս, արդեն ակնկալում էին նման զարգացում:

Կառավարության հրապարակած զեկույցում նշված էր, որ այդ 856,5 միլիոնի մեջ մասնավոր ներդրումները կազմում են ընդամենը 68%-ը, 25%-ը՝ վարկերի ու գրանտների «ներդրումներն» էին, իսկ 7% տոկոսը՝ ուշադրություն, պետբյուջեի հաշվին իրականացված «ներդրումներն» են: Գուցե ոմանք պնդեն, որ վարկեր ու գրանտներ ներգրավելը չպիտի համարվի ներդրում, բայց ավելի շատ մարդ կզարմանա, թե ինչու է վարչապետը քաղաքացիների հարկերից գոյացած բյուջեն ու դրա ծախսը վերագրել որպես սեփական ջանքերով իրականացված ներդրումային ծրագիր: Եթե, այնուամենայնիվ, Կարապետյանը դա համարում է ներդրում՝ ինչու՞ է ընդամենը 7%-ին համարժեք 60 միլիոն դոլարը համարել ներդրում, այլ ոչ թե ամբողջ բյուջեն: Նույն հաջողությամբ կարելի էր պնդել, որ մոտ 400 միլիոն դոլար «ներդրվել» է պաշտպանության ոլորտում, 250 միլիոն՝ կրթության և 800 միլիոնի հասնող դոլար՝ սոցիալական պաշտպանության ոլորտում: Այս տրամաբանությամբ շարժվելով՝ զեկույցում նշված մանկատների վերանորոգումը կարելի էր համարել ռազմական-ինժեներական աշխատանքներ և 60 միլիոն դոլարի փոխարեն ավելացնել ևս 3 միլիարդ դոլար: Վերջիվերջո, մեր ամբողջ բյուջեի ծախսային մասն ապագայի համար մեր ներդրումն է: Նույնիսկ թոշակառուների թոշակը ներդրում է՝ նրանց բարեկեցության համար, ինչը շղթայաբար դառնում է ներդրում՝ օրինակ, սննդամթերքի վաճառակետերում:

Բարեբախտաբար, 21-րդ դարում մարդկությանը հաջողվել է հնարել այնպիսի մեխանիզմներ, որոնք կտարանջատեին իրական ներդրումները թվացյալ ներդրումներից, բայց, ցավոք, ՀՀ կառավարության տնտեսական բլոկում դեռ տեղյակ չեն այդ նվաճումների մասին, սակայն, ԱՎԾ-ն, ի հեճուկս կառավարության իլյուզիոնիստների, տեղյակ է: Տեղյակ լինելով վիճակագրական աշխարհի նորարարություններից՝ ԱՎԾ-ն իր զեկույցում միանգամայն այլ պատկեր է ներկայացրել: ԱՎԾ-ի տվյալներով՝ օտարերկրյա ընդհանուր ներդրումները՝ 2016 թվականի համեմատ, երեք անգամ նվազել են՝ 1,2 միլիարդ դոլարից իջնելով 404 միլիոն դոլարի: Ընդ որում, այդ 404 միլիոնից ընդամենը 245-ն է օտարերկրյա ուղղակի ներդրում: Ավելին, եթե հիշյալ 245 միլիոնից հանենք մեկ հանքի շահագործման համար «Ջերսի» օֆշորային գոտուց եկած 225 միլիոն դոլարը, ապա կստացվի, որ Կարեն Կարապետյանի ներգրաված 20 միլիոն դոլարը հավակնում է նրան դարձնել տիտղոսակիր՝ համաշխարհային պատմության մեջ ամենաանփառունակ տապալմանն արժանացած վարչապետերի շարքում: Այստեղ հարկ է նաև նշել, որ հիշյալ հանքի նախագիծը հաստատվել էր դեռ Տիգրան Սարգսյանի օրոք, իսկ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին այդ հանքի հետ կապող ԶԼՄ-ներն առանձնանում են յուրահատուկ լոյալությամբ Կարեն Կարապետյանի հանդեպ: Մինչդեռ, բուն Սարգսյան Արմենը, մեղմ ասած, չարժանացավ Կարապետյանի լոյալությանը:

Պատկերն ավելի սարսափելի է, եթե համեմատենք Կարապետյանի արդյունքներն ԵԱՏՄ-ի շրջանակներում իր գործընկերների հետ, որոնք հաջողացրել են Ռուսաստանից ահռելի գումարներ բերել: Այսպես՝ նանոտեխնոլոգիաների համար ՌԴ-ն Ղազախստանին տրամադրել է 100 միլիոն դոլար, Բելառուսին՝ վենչուրային 25 միլիոն դոլար, իսկ Ղրղստանին՝ 500 միլիոն դոլար՝ հիմնադրամ բացելու համար: Մինչդեռ, ՀՀ կառավարությունը 2 միլիոն դոլար է ծախսել «գույքի օտարման ծրագրի» համար ու դա գրանցել է՝ որպես ներդրում բերել: Սա, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե խոսքը վերաբերվեր ինչ-որ երրորդ երկրի, ցավոք, մեզ համար այս կոմեդիան մղձավանջային է դառնում: Հարյուր տարի առաջ մեր հայրենակիցները նայում էին դեպի հյուսիս՝ հուսալով, որ մի օգնություն կգա, որը կփրկի իրենց ջարդից, հիմա ստիպված ենք նայել այն հույսով, որ Մեդվեդևին օր առաջ կհեռացնեն, որպեսզի «Գազպրոմ»-ի Հայաստանյան «մասնաճյուղին» էլ մաքրազերծման հերթը հասնի։

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից