Analitik.am-ը մի շարք հարցերի շուրջ զրուցեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Պարոն Աբրահամյան, ապրիլյան քառօրյայից արդեն 2 տարի է անցել ու նույնիսկ բանակից շատ հեռու մարդկանց ակնհայտ է, որ սահմանին դիվերսիաներ այլևս չեն լինում: Եթե ամփոփելու լինենք 2 տարվա աշխատանքը, ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ է արվել այս ընթացքում՝ սահմանի պաշտպանությունն ամրացնելու համար:
-Սահմանին տեխնիկական վերազինման արդյունքում դիվերիսիոն գործողությունների հավանականությունը կտրուկ իջել է՝ մոտեցել զրոյին: Մեծ ծավալի գործ է կատարվել՝ սկսած ինժեներական-ամրաշինական աշխատանքներից՝ սպառազինության արդիականացում, վերջացրած տեխնիկական վերազինումով՝ թիկունքային ծառայություն: Մի խոսքով, բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվել և այդ աշխատանքների բարձր տեմպը պահելու ենք:
Տեսեք, հայկական կողմից ամենաբարձր մակարդակով ոչ մեկ անգամ հայտարարվել է, թե հակառակորդն այլևս չի կարող նման մարտական գործողությունների դիմել, իսկ անակնկալության գործոնը հավասարեցված է զրոյի: Ի՞նչն էր պատճառը, որ այն ժամանակ կար այդ անակնկալության գործոնը:
-Բանն այն է, որ նոր տեխնոլոգիաները ներթափանցել են հանրային կյանքի բոլոր անկյունները, որից անմասն չի բանակաշինության ոլորտը: 5-10 տարի առաջ դժվար էր պատկերացնել-իրականացնել մի բան, ինչն այսօր ենք անում: Սրանք զուտ տեսանկարահանող սարքեր չեն, որոնք տարբեր ուղղություններով տեղակայվում են, լուրջ համակարգ է ներդրվել, որը ֆունկցիոնալ առումով մեծ խնդիրներ է լուծում: Այսօր արդեն անակնալության գործոնը դրա շնորհիվ կտրուկ նվազել է:
Իսկ ինչ կասեք օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի մասին: Ցուցահանդեսից առաջ ՀՀ ՊՆփոխնախարար Դավիթ Փախչանյանը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում ռոբոտացված համակարգեր ստեղծելու ուղղությամբ, որոնք կկարողանան տարբեր թիրախներ խոցել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ մեր սահմանն ամեն օր ավելի ամուր է դառնում:
-Հայկական ռազմաարդյունաբերության մեջ վերջին տարիներին մեծ ներդրումներ են իրականացվել, օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ և աստիճանաբար գործածության մեջ մտցվում մարտական պայմանններում: Տրամաբանական չէր լինի չօգտագործել բարձր տեխնոլոգիական մոտեցումները, ինչը նորարարական նոր լուծումներ է ենթադրում: Ամեն ինչի հիմքում զինծառայողի անվտանգության աստիճանի բարձրացումն է, խոցելիության ռիսկի նվազեցումը:
Լավ, երևի թե պետք է խոսել նաև Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին: Տեսեք, կարծիք կա, որ Արցախի Հանրապետության նախագահի ամերիկյան այցը ազդակ է միջազգային հանրության կողմից: Ի՞նչ ազդակի մասին է խոսքը, եթե իրոք նման բան կա:
Մինչ Միացյալ Նահանգներ այցելելը նախագահ Սահակյանն արդեն եղել էր Փարիզում, Մոսկվայում և Բրյուսելում: Այս այցն այս շղթայի մի մասն էր կազմում. կարևոր հանդիպումներ կոնգրեսականների, միջազգային փորձագետների, գիտական շրջանակների, հայկական շահերը պաշտպանողների և իհարկե ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների հետ:
Սա և ազդակ էր Արցախի միջազգային ճանաչման գործում, և հնարավորություն՝ ներկայացնելու պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները ինչպես ԼՂ հարցի, այնպես էլ՝ արտաքին օրակարգի առաջնահերթությունների շուրջ: Ինչ վերաբերում է հայկական կազմակերպությունների հետ հանդիպումներին, ապա այդ հանդիպումերը հնարավորություն էին Արցախում և դրա շուրջ ընթացող զարգացումների ու ներդրումային ծրագրերի մասին խոսելու համար: