Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Կոչ եմ անում մեր ծնողներին վստահել մեզ, ուղիղ կապի մեջ լինել ոլորտի պատասխանատուների հետ. Աննա Ստեփանյան

analitik.am

Երևանի հանրակրթության ոլորտին առնչվող խնդիրների և մայրաքաղաքի կրթական օջախներում իրականցվող ծրագրերի շուրջ Analitik.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ:

Տիկին Ստեփանյան, Երևան քաղաքի հանրակրթության ոլորտի հետ կապված ամենաառաջնային հարցերից մեկը, կարծում եմ` մանկապարտեզներում գոյացած հերթերն են: Երևանի քաղաքապետարանի կողմից երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգի մշակումը և ներդրումը որքանո՞վ  է ծառայում իր նպատակին և որո՞նք են դրա հիմնական առավելությունները:

Մանկապարտեզներում էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդրումն, իսկապես, կանոնակարգեց այս գործընթացը: Մինչ համակարգի ներդրումը, ներկայացվում էին հերթագրված երեխաների տարբեր թվեր, համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն ունեցանք լիարժեք պատկերացում կազմել հերթագրված երեխաների ստույգ թվի մասին:

Համակարգի ներդրումը, փաստորեն, բացահայտեց նաև հերթագրման թվերի ուռճացման պատճառները, որոնցից է նույն երեխային կրկնակի, անգամ՝ եռակի և ավել անգամ հերթագրելու  փաստը: Մտադիր չեմ ասել, որ ներկայումս ընդհանրապես չկան հերթագրված երեխաներ, կան, բայց աստիճանաբար՝ յուրաքանչյուր ամսվա առաջին երեք օրը, իրականացվում է ընդունելություն՝ պահպանելով խմբերի խտության նորմատիվը:

Ո՞ր տարիքից կարող են ծնողները հերթագրել  երեխաներին:  

Յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր երեխային գրանցել  մեկ մանկապարտեզում: Կանոնակարգված գործընթաց է, հստակ գիտենք, որ եթե երեխայի 3 տարին լրացել է, նա կարող է ընդունվել մանկապարտեզ: Մսուր-մանկապարտեզներ հաճախող երեխաները կարող են հերթագրվել երկու տարեկանից:

Երևանում այսօր գործում է 77 մսուր - մանկապարտեզ՝ 86 խմբով: Դրանց թիվը նախկինում ավելի քիչ էր, որը, ելնելով անհրաժեշտությունից, ավելացվել է: Բնականաբար գիտենք, որ մսուրային խմբերը կավելանան՝ ըստ անհրաժեշտության: Ծնողներից շատերը դժգոհում են, որ երեխան դպրոցամուտի շեմին է, բայց հերթը դեռ չի հասել: Քայլեր ձեռնարկվեցին և այս ուղղությամբ՝ առաջնահերթություն տրվեց վերոնշյալ երեխաներին: Արդյունքում 2012-2013թթ. ծնված բոլոր այն երեխաները, որոնք հերթագրված էին, առաջնահերթությամբ ընդունվեցին մանկապարտեզներ: Հիմա կարելի է ասել՝ մենք այդ առումով հերթագրում չունենք, և պետք է նշեմ, որ դպրոց հաճախելուց առաջ երեխան արդեն նախադպրոցական կրթություն է ստանում և արդյունքում՝ պատրաստ լինում դպրոց հաճախելուն:

Այսօր Երևան քաղաքում դեռևս կան մանկապարտեզներ, որոնք նորոգման կարիք ունեն: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 160 մանկապարտեզ: Տասնամյակների դադարից հետո վերջին տարիներին կրթական այս օջախներում սկսեցին հետևողական աշխատանքներ տարվել ինչպես նորոգման ու հիմնանորոգման, այնպես էլ գույքի թարմացման ուղղությամբ: Միայն 2017թ. ընթացքում հիմնանորոգվել է 8 և մասնակի նորոգվել 23 մանկապարտեզ: Այս մանկապարտեզներին տրամադրվել է նաև նոր գույք: Երևանի զարգացման հնգամյա ծրագրով վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված բոլոր այն մանկապարտեզներում, որտեղ դեռևս խնդիրներ կան: Այս ծրագրի վերջնարդյունքում Երևան քաղաքում մենք այլևս չվերանորոգված ու չկահավորված մանկապարտեզ չենք ունենա:

Անդրադառնանք նաև մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպմանը: Որքանո՞վ է վերահսկելի այս գործընթացը:

Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից անակնկալ ստուգայցերը կրում են մշտական բնույթ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ  այս գործընթացին մասնակից ենք դարձրել նաև ծնողներին, որոնք վստահ եմ՝ ամենալավ վերահսկողներն են: Պետք է նշեմ, որ այս հետևողականության արդյունքում է, որ այսօր մանկապարտեզներում ունենք որակյալ սնունդ, անհրաժեշտ գույքով կահավորված խոհանոցներ, սննդի պահպանման միջավայրն էլ ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Քաղաքացիների կողմից հաճախ են դժգոհություններ լինում դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվող դրամահավաքության հետ կապված: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում վարչությունը երևույթը բացառելու ուղղությամբ:

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ ծնողների հավատը ավելի է մեծացել մեր հանդեպ, եթե նախկինում մտավախություն կար, որ տեղեկացնելու պարագայում ոչինչ չի ուղղվի, չի փոխվի, ապա հիմա մարդիկ դիմում են նաև սոցիալական ցանցերի միջոցով և մենք միանգամից հետամուտ ենք լինում, ուսումնասիրում ենք բարձրացված խնդիրն ու համապատասխան լուծումներ տալիս դրանց: Ես կոչ եմ անում մեր ծնողներին, մշտապես վստահել մեզ, ուղիղ կապի մեջ լինել ոլորտի պատասխանատուների հետ, խնդիրը տեսնելուն պես արձագանքել, որովհետև մենք հետամուտ ենք լինելու բարձրացվող բոլոր խնդիրների լուծմանը: Մեր նպատակն է բարելավել երեխայի միջավայրը, տալ համապատասխան կրթական որակ, իսկ դրա համար նաև ծնողների օգնությունն է շատ կարևոր մեզ համար: Օգնել՝ նշանակում է դիմել և աջակցել: Վստահ եմ՝ եռակողմ աշխատանքի՝  հանրակրթության վարչություն, դպրոց կամ մանկապարտեզ և իհարկե ծնողական համայնք, արդյունքում մենք ապահովելու ենք թե՛ լավ կրթություն, թե՛ լավ միջավայր, ինչպես  նաև լուծելու ենք բոլոր խնդիրները:

Տիկին Ստեփանյան, 2018թ. հոբելյանական տարի է Երևանի համար: 2800-ամյակի շրջանակում ի՞նչ նախաձեռնություններ կլինեն հանրակրթության ոլորտում:

Բոլորիս համար, իսկապես, մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնակատարությանը  մասնակից դառնալը մեծ պատասխանատվություն է: Երևանն արդեն 2800-ամյա պատմություն ունի: Իհարկե, և՛ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, և՛  մանկապարտեզներում կլինեն հետաքրքիր նախաձեռնություններ ու տոնական միջոցառումներ: Վստահ եմ՝  թե՛ մեր սաները,  թե՛ կրթօջախների աշխատակազմերը մեծ սիրով կմիանան մեր բոլոր նախաձեռնություններին ու կդառնան տոնի անմիջական մասնակիցը:

 

Նույն շարքից