Առողջապահություն Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Ինչպե՞ս խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից. Սրտաբան Արամ Գրիգորյանի մասնագիտական դիտարկումները

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է սրտաբան Արամ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս ընտրեցիք հենց սրտաբանի մասնագիտությունը:

Ինստիտուտում սովորելու տարիներին շատ մեծ ցանկություն և նպատակ ունեի դառնալ գաստրոէնտերոլոգ, բայց ժամանակի ընթացքում, աշխատելով շտապ օգնությունում,  ինձ սկսեցին հետաքրքրել սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդիկ: Սպասարկելով նման հիվանդների կանչերն՝ ավելի մեծ հետաքրքրասիրություն առաջացավ սրտաբանություն մասնագիտության նկատմամբ: Եվ այդպես կլինիկական օրդինատուրա ընդունվելուց առաջ փոխվեց մտադրությունս և ընտրեցի հենց սրտաբանություն մասնագիտությունը: Թեպետ, կա նաև այլ հանգամանք մասնագիտությանս ընտրության հարցում: Տատիկս նույնպես բժիշկ-սրտաբան է և մինչ օրս էլ աշխատում է և փոքրուց, տեսնելով նրա նվիրավածությունն ու մեծ սերն իր մասնագիտության և աշխատանքի հանդեպ, ինձ համար տատիկս՝ որպես բժշկի իդեալ, նպաստեց որ ես ընտրեմ սրտաբանի մասնագիտությունը:

Ի՞նչ է ցույց տվել Ձեր կարիերայի ամբողջ ընթացքը:

Այնքան էլ մեծ է չէ կարիերայիս անցած ճանապարհը, բայց հասկացել եմ մի պարզ բան, որ անկախ մասնագիտության ընտրությունից՝ պետք է սիրել այդ մասնագիտությունը: Իսկ այն, ինչ կատարվում է սիրով և նվիրվածությամբ, չի կարող հաղթանակներ չունենալ : Իսկ ինչ վերաբերվում է բժշկի մասնագիտությանը՝ հասկացել եմ, որ Աստծո կողմից ստեղծված օրգանիզմը նման է հանրագիտարանի, որի ամեն մի էջ թերթելիս բացահայտելու շատ բան ունենք:

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների ո՞ր տեսակներն են հիմնականում հանդիպում և որո՞նք են դրանց առաջացման հիմնական պատճառները:

Սիրտ-անոթային հիվանդություններից ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տարածված է սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, զարկերակային հիպերտենզիան և դրանցով պայմանավորված սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդություններ: Այս հիվանդությունների առաջացման պատճառները կարող են լինել տարբեր՝  նախ դրանց մեջ մտնում են ռիսկի գործոնները, որոնք պատճառ կարող են դառնալ սրտի իշեմիկ հիվանդության և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը՝ որպես նպաստող գործոններ և պայմաններ: Դրանց են պատկանում խոլեստերինի բարձր քանակությունն արյան մեջ, շաքարային դիաբետը, հավելյալ քաշը, նստակյաց կյանքը, ծխելու սովորությունը, որը  բավականին մեծ տոկոս է կազմում, նաև ժառանգական նախատրամադրվածությունը, որը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ սրտի իշեմիկ հիվանդության և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման մեջ, դա ապրելակերպից է, որ չենք հետևում դրան,  նաև այնպիսի սոցիալական գործոններ,ինչպիսիք են սթրեսները, որոնք անբաժան են մեզանից:

Որքանո՞վ են վտանգավոր սրտի հիվանդությունները և ըստ տարեկան վիճակագրության ՀՀ-ում մարդկանց քանի՞ տոկոսն է դիմում սրտի հետ կապված գանգատներով:

Աշխատելով որպես բժիշկ-սրտաբան և համատեղելով աշխատանքս շտապ օգնությունում՝ կարող եմ ասել, որ բավականին մեծ տոկոս են կազմում սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդությունները: Սրտի հետ կապված հիվանդությունները՝ ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում կարող են ավելի վտանգավոր լինել, քան կարող ենք պատկերացնել: Որպես օրինակ բերեմ հիպերտոնիկ հիվանդության բարդություններից մեկը՝ հիպերտոնիկ կրիզը, որը կարող է պատճառ հանդիսանալ ուղեղի արյան շրջանառության խանգարման, նույն ինքն ինսուլտի առաջացմանը,  իսկ մենք լավ գիտենք, որ ինսուլտը բավականին լուրջ և ծանր հիվանդություն է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել, մինչև անգամ հաշմանդամություն: Իսկ սրտի իշեմիկ հիվանդությունը կարող է բերել սրտային անբավարարության, սրտամկանի ինֆարկտի, սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների, որոնք որ իրենցից մեծ վտանգ կարող են ներկայացնել կյանքի որակի համար՝ մինչև անգամ կարող է առաջանալ հանկարծամահություն: Տոկոսային առումով թվեր չեմ կարող ներկայացնել, բայց բավականին շատացել է և կհավելեմ նաև, որ բավականին երիտասարդացել է սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներով հիվանդների քանակը:

Ի՞նչ է արվում նրանց շրջանում հիվանդության առաջացումը կանխարգելելու համար:

Նախ և առաջ, հատկապես ռիսկային տարիքում գտնվող անձինք՝ 40-ից բարձր տարիքի տղամարդիկ և 45-50-ից   բարձր տարիքի կանայք, տարին գոնե մեկ անգամ պետք է ստուգեն արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, հաճախակի չափեն զարկերակային ճնշումը, զբաղվեն սպորտով, չծխեն, եթե ծխում են՝ պետք է խուսափեն ծխելու սովորությունից, հետևեն իրենց քաշին, եթե ունեն զարկերակային ճնշման տատանումներ, խոլեստերինի բարձր մակարդակ և շաքարային դիաբետ, դիմեն բժշկի, ստանան խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ստանան բուժում, իսկ այն մարդիկ, որոնց ժառանգականության  մեջ կան սիրտ-անոթային համակարգի հետ կապված  խնդիրներով բարեկամներ, հարազատներ կամ ընտանիքի անդամների մոտ եղել են սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ, նրանք ավելի բարձր ռիսկային գոտում են գտնվում, պետք է ավելի ուշադիր լինեն և  հաճախակի գտնվեն բժշկի հսկողության տակ: Այս ամենն առողջ ապրելակերպի սովորությունն է, որը պետք է սերմանվի յուրաքանչյուրիս մեջ:

Վերջին տարիներին հանդիպած սիրտ-անոթային հիվանդություններն  ավելի շատ կանանց, թե՞ տղամարդկանց մոտ են գրանցվում:

Տղամարդիկ մոտ 4-5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով, բայց կանանց մոտ նույնպես բարձր տոկոս են կազմում՝ հատկապես դաշտանադադարից հետո: Եվ այն բավականին ծանր ընթացք է ունենում նրանց մոտ՝ և՛ մահացությունն է բարձր տոկոս կազմում, և՛ հաշմանդամությունը: Սակայն, մինչ այդ տարիքը, նրանց մոտ սովորաբար նման  հիվանդությունները շատ քիչ տոկոսով են հանդիպում:

Կան արդյո՞ք հիվանդության բուժման այնպիսի տարբերակներ, որոնք Հայաստանում հասանելի չեն:

Հայաստանյան առողջապահության մեջ սրտաբանությունն այն առաջնակարգ բնագավառներից մեկն է, որը մեծ քայլերով առաջ է գնում և այսօր  ինչպես հարևան, այնպես էլ Եվրոպական մի շարք երկրների հետ համահավասար մեր երկիրը քայլում է դեպի առաջ: Վերցնենք նույն ստենդավորումը՝ տարիներ առաջ, երբ մեր քաղաքացիները գնում էին արտերկիր այդ միջամտությունն իրականացնելու համար, այժմ արդեն մեզ մոտ գնային քաղաքականությունը նույնպես բավականին հասանելի է դարձել ազգաբնակչությանը, որպեսզի նրանք կարողանան այդ միջամտությունն իրենց երկրում իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է հասանելիությանն՝ ասեմ, որ Հայաստանում կան մի շարք կենտրոններ, որտեղ ներդրված են ժամանակակից տեխնիկա և բանիմաց մասնագետներ, որոնք կարող են իրականացնել բոլոր այդ ծառայությունները: Կուզենայի հավելել միայն, որ Հայաստանում դեռևս չի իրականացվում սրտի փոխպատվաստումը, որը կարծում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում նույնպես կիրականացվի:

Իսկ կա՞ որոշակի սննդամթերք, որ լավ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա:

Ճիշտ սննդակարգին հետևելը կարող է սիրտն առողջ պահել: Սննդամթերքներից առաջին տեղը տրվում է ձկնամթերքին և ծովամթերքներին, որոնք իրենց մեջ պարունակում են օմեգա-3, ինչպես նաև ընդեղենը, ընկույզը, նուշը, հատապտուղները, բանջարեղենը՝  բանջարեղեններից խորհուրդ է տրվում գազարը, բազուկը, բազուկը նաև ունի զարկերակային ճնշումը կարգավորող հատկություն, կարմիր և սպիտակ գինի, ծիրանաչիրը, որն իր մեջ պարունակում է կալիում, վարսակը, հատապտուղները, նաև շատ լավ ազզդեցություն է թողնում սրտի վրա սև շոկոլադը: Ցիտրուսային մրգերը ևս օգտակար են սրտի համար՝  հատկապես նարինջը, կիվին, ծիրանը:

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ խնդիրներ կան այս բնագավառում, որոնց լուծումը խիստ անհրաժեշտ է:

Որպես առաջնային խնդիր՝ այսօրվա դրությամբ  առողջապահության նախարարության կողմից փորձվում է մինչև տարեվերջ իրականացնել պարտադիր առողջապահական համակարգի ներդրումը, որն ավելի կհեշտացնի բժիշկների աշխատանքը: Բժիշկը կզբաղվի իր մասնագիտությամբ՝ բուժելով հիվանդին, այլ ոչ թե կզբաղվի սոցիալական հարցերով: Այս պարագայում արդեն ՀՀ քաղաքացիները ժամանակ առ ժամանակ կդիմեն բժշկի, կհետազոտվեն, իսկ հիվանդությունների ավելի վաղ ախտորոշումն ավելի լավ արդյունք կարող է տալ և ավելի հեշտությամբ կարող ենք հաղթահարել առողջական խնդիրները, որոնք կառաջանան մեր քաղաքացիների մոտ:

Տարբեր նշանակություն ունեցող մի շարք դեղեր միայն դեղատոմսերով վաճառելու որոշման վերաբերյալ ի՞նչ կասեք:

Ես կողմ եմ դեղատոմսերի ներդրմանը, բայց ոչ այս օրենքի ներդրմանը, քանի որ բացերը բավականին շատ են: Հայաստանը պատրաստ չէ միանգամից անցնելու հեղափոխական նման կտրուկ նախագծի, որն իր մեջ պարունակում է բավականին բացեր և խնդիրներ, որոնք հաշվի չեն առել: Կան հարցեր, որոնք  պետք է հանգուցալուծում ստանան, որից հետո նոր աստիճանաբար ներդրվի այս նախագիծն առողջապահական համակարգում: Նախ հաշվի չի առնվել այն հանգամանաքը, որ բավականին մեծ հերթեր կարող են կուտակվել պոլիկլինիկական ծառայություններում, քանի որ այսօրվա դրությամբ, մեր պոլիկլինիկական ծառայությունները հագեցված չեն բոլոր այն հետազոտության սարքավորումներով, լաբորատոր և գործիքային հետազոտության տվյալներով, որպեսզի կարողանան լիարժեք և ճշգրիտ ախտորոշում անել քաղաքացիներին: Հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են մինչև երեկոյան ժամերը՝  ի՞նչ պետք է անեն այդ քաղաքացիները: Ինձ դիմել են այդ հարցով՝ ասելով, որ իրենց աշխատանքային ժամն ավարտվում է երեկոյան 7-8-ին,  ո՞ւր դիմեն, եթե պոլիկլինիկաներում այդ պահին հերթապահություններ չկան, չունեն համապատասխան գումար, որպեսզի դիմեն հիվանդանոցային ծառայությունների և ստանան այդ դեղատոմսը: Դեղատոմսերը սահմանված են երկու դեղ գրելու համար, բայց անհրաժեշտ է լինում նաև մի քանի դեղորայք գրելու համար, այսինքն՝ այս դեպքում մեկ, երկու, երեք և ավելի բլանկներ պետք է դուրս գրվեն: Երբեմն անհրաժեշտություն է լինում փոխել դեղորայքը: Լինում է, որ հիվանդի մոտ առաջանում է ալերգիա տվյալ դեղորայքից, բայց հիվանդը հնարավորություն չի ունենում վերադարձնել այն կամ հիվանդը չունի համապատասխան գումար ամբողջ դեղատոմսում գրված դեղորայքը գնելու համար, այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Այս ամենը հաշվի առնելուց հետո,  բոլոր խնդիրները լուծելուց և բացերը լրացնելուց հետո նոր միայն պետք է օրենքը կիրառել:

Որպես բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել սրտային խնդիրներից խուսափելու համար:

Որպես բժիշկ խորհուրդ կտամ, որ մեզանից յուրաքանչյուրս կարողանանք մեր համար ստեղծել և կերտել առողջ ապրելակերպի կուլտուրա, որը բազմաթիվ խնդիրներից կարող է մեզ զերծ պահել: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի, տարին 1-2 անգամ բուժ-հետազոտություններ անցնել, վարել ակտիվ և առողջ կենսակերպ, հետևել սննդակարգին, չծխել, ալկոհոլ չօգտագործել, չվարել նստակյաց կյանք, սպորտով զբաղվել, շատ քայլել, հետևել քաշին, եթե ունեք զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ՝ կարգավորել, ովքեր ունեն շաքարային դիաբետ և խոլեստերինի բարձր քանակություն ,դրանք վերահսկողության տակ պահեն: Ինձ թվում է՝ այս բոլոր հարցերը կարգավորելուց հետո յուրաքանչյուրս կարող ենք ապրել առողջ և երկար: Եվ որպես բժիշկ՝ ցանկանում եմ մեր հայ ազգին քաջ առողջություն, քանի որ առողջությունն ամենաթանկն է մեր կյանքում, որը լինում է անվերադարձ: Եղեք առողջ…

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից