Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Դերասանուհու հետ պետք է անընդհատ աշխատել, որ ջութակի պես լարից չընկնի. Նաիրա Մովսիսյան

analitik.am

Analitik.am -ի զրուցակիցն է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

Նաիրա, ե՞րբ սկսեցիք զբաղվել դերասանական արվեստով:

2005 թ.- ին, երբ ընդունվեցի Երևանի Սունդուկյանի անվան թատրոն, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար  Վահե Շահվերդյանի շնորհիվ այնտեղի ներկայացումների մասայական տեսարաններում խաղալու հնարավորություն ստացա: Այդ վայրկյանից սկսվեց իմ բեմելը որպես դիլետանտ դերասանուհի, իհարկե մինչ այդ 10 տարվա չափով եղել եմ բեմում, որին զուգահեռ եղել են առաջարկներ սերիալներից, գեղարվեստական ֆիլմերից և նախագծերից: Առաջին անգամ էկրաններում հայտնվեցի, երբ նկարահանվում էր Դավիթ Բաբախանյանի «Արջաորս» ֆիլմը, այնտեղ փոքր կերպար խաղալու առաջարկ ստացա և  դա արդեն եղավ շարունակական: Դրան հաջորդեց՝ Կարուսելը, Միլիոնատերը և այդպես շարունակ:

Անցել եք առողջ ապրելակերպի և առողջ սննդակարգին եք  հետևում: Ի՞նչը նպաստեց այս որոշմանը:

ՀՀ- ում տարբեր ռեժիսորների կողմից «շտամպ» է դրված, որ դերասանուհին պարտադիր պետք է «սկիլետ» լինի, բայց անընդհատ ըստ կերպարների նիհարել-գիրանալը մարդուն շատ հաճախ հոգնեցնում է և վնասում առողջությանը: 4 տարի առաջ ես արդեն իսկ նիհարել էի 20 կգ և երբ սկսեցի աշխատել «ԷԿՈ ԳՐՈՒՊ» -ի և դիետոլոգ Գայանե Շահխատունու հետ, հիշեցի 4 տարվա վաղեմություն ունեցող իմ փորձն՝ առողջ ապրելակերպի հետ կապված և այդպես սկսեցի կիսվել մարդկանց հետ սեփական փորձով: Իհարկե, տարբեր պատճառներով ընդհատումներ  լինում են, բայց ես աշխատում եմ պահել ստաբիլությունը:

Ձեր անձնական կյանքը բավականին շատ է քննարկվում հանրության կողմից: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը:

Ի սկբանե ես եմ մեղավոր եղել, ես եմ միանգամից դռները բացել իմ անձնական կյանք հասարակության և լրագրողների առաջ: Ես այդ ամենի համար ոչ մեկի չեմ մեղադրում, բայց եկավ մի պահ, երբ լռեցի ես, իմ փոխարեն խոսեցին արդեն բոլորը:

Ո՞րն է ավելի բարդ՝ լինել դերասանուհի, թե՞ մայր:

Ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետև եթե ինչ-որ մի բան սիրով ես անում, ուրեմն բարդույթներ փնտրել պետք չի: Ինձ համար ավելի բարդ է մտածել կերպարի շուրջ՝ ինչպե՞ս նոր գույներ տալ կերպարիս, որպեսզի չկրկնվեմ, իհարկե ռեժիսորի օգնությամբ: Իսկ երեխայի առումով բարդություններ կարող են լինել, երբ մտածում ես, որ հանկարծ որևէ սխալ քայլ չանես, որովհետև երեխան վաղը կարող է լինել քո արտացոլանքը:

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ այս երկրում այլևս ասելիք չունեք և պատրաստվում եք գնալ: Ներկայումս ի՞նչ կարող եք ավելացնել այս մտքին:

Դերասանուհին միշտ էլ ասելիք ունի, իսկ մեր երկրի մասին խոսելիս նկատի չեմ ունեցել կենցաղը, ապրելակերպը, աղքատությունը, միջին կամ վերին խավը, այլ նկատի եմ ունեցել առհասարակ արտիստներին: Արտիստն երկար ժամանակ չի կարող մնալ նույն քառակուսու մեջ: Սա այնպիսի մասնագիտություն է, որ պետք է համաշխարհային դարձնել, որպեսզի ավելի շատ մարդիկ ճանաչեն քեզ: Մենք ոչնչով չենք զիջում արտերկրի դերասաններին կամ երգիչներին, ասեմ ավելին՝ մեր մշակույթն ավելի խորն է, քան յուրաքանչյուր այլ ազգի մշակույթ: Հիմա, ճիշտն ասած, ոչ մի նպատակ չունեմ, որին հետապնդեմ ու գնամ այլ երկիր, ես գոհ եմ նրանից, ինչով զբաղվում եմ և ունեմ, իհարկե, գերազանց չի, բայց բավարար է:

Ձեր կարծիքով, ո՞րն է այսօր Հայաստանում ամենաակտուալ խնդիրը, որի մասին պետք է բարձրաձայնել:

Շատ խնդիրներ կան, բայց ամենակարևոր խնդիրն ուրիշի հոգսով չապրելն է, ուրիշին չքննադատելը, ուրիշին չվատաբանելը, այսինքն՝ ամեն մարդ սկսի մտածել իր կատարելության և կայացման մասին, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի: Երբ մենք մեր խնդիրները, մեր երջանկությունները չտեսնելով սկսում ենք ուրիշների կյանքը քննարկել, այդտեղ չի կարող լինել ներդաշնակություն:

Ներկա պահին կա՞ նոր նախագիծ, որի վրա աշխատում եք:

Ոչ և, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչու: Իհարկե, հիմա թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես իմ նախագծի հեղինակ,  շնորհակալ եմ իմ հետևորդներին, ես իհարկե գիտեի, որ սիրված եմ, բայց այս աստիճան սեր ու պահանջարկ չէի սպասում, իսկ դա հորինվածք չէ, այլ փաստ: Ես ցավում եմ, որ ներկայումս ասելիք չունեմ, շնորհիվ, իհարկե, ռեժիսորների և պրոդյուսերների, որոնց հետ հիմա չեմ աշխատում: Իսկ եթե աշխատեմ ,ասելիք կունենամ, մանավանդ, երբ սիրված ես քո բարձրակարգ  կերպարներով:

Լավագույն աշխատանքային առաջարկը, որին հաճույքով կհամաձայնեք, կամ որին սպասում եք, ո՞րը կլինի:

Միայն ներկայացում և, անկեղծ ասած, գումարի մասին չեմ էլ մտածի: Իհարկե, հիմա «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ խաղում եմ, բայց դա շատ քիչ է: Անկեղծ լինեմ, վերջերս մի քասթինգի մասնակցեցի և չանցա, որովհետև երբ չես լարվում՝ ջութակի նման է, սկսում ես ֆալշ նվագել, սկսում ես չնվագել: Դերասաններ կան, ովքեր քասթինգներին աննորմալ են վերաբերվում, իսկ ես իրականում շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին, որովհետև եթե չմասնակցեմ նմանատիպ քասթինգների , որպես դերասանուհի գնալով կմարեմ: Ռեժիսորներն անընդհատ պետք է  աշխատեն դերասանուհու հետ, պետք է խնդիրներ ու քննարկումներ լինեն, որպեսզի ջութակի պես լարից չընկնես:

Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կինը:

Գործի բերումով առնչվել եմ տարբեր կանանց հետ և մի բան եմ հասկացել, որ մենք շատ բան ենք վերցնել մեր ուսերին: Եվ նաև շատ ցավալի բան, պետք է ասեմ՝ կանանց խոսելաձևի վերաբերյալ, որը դարձել է ավելի տղամարդկային, որը հարիր չէ ոչ միայն հայ կնոջն, այլ ընդհանրապես կնոջը: Այս հարցում չի կարելի տարանջատել երկիրը: Չի կարող լինել այնպես, որ դրսում ուրիշ ձև խոսես, իսկ եթեր դուրս գալիս դառնաս սուրբ:

Ի՞նչ կմաղթեք բոլոր նրանց, ովքեր հետևում են Ձեր ստեղծագործական կյանքին:

Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ գնահատում են այն, ինչ անում եմ: Իրենց շնորհիվ է, որ ամեն վայրկյան ավելանում է պատասխանատվությանս զգացումը: Ուզում եմ ներողություն խնդրել, որ դեռ ոչ մի նոր նախագծում չկամ: Հուսամ, ինչու չէ, նաև վստահ լինեմ, որ առաջիկայում կլինեմ նոր նախագծերում և կուրախացնեմ նրանց, որովհետև վերջերս իմ հետևորդներից ստանում եմ նամակներ, որոնք կարդալիս հուզվում եմ:

 Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից