Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

Իրանը ղարաբաղյան հակամարտության մասով փաստացի ընդունում է ներկայիս ստատուս քվոն. Իրանագետ

analitik.am

Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռյակի համագործակցության, Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին Հայաստանի դեմ օգտագործելու հնարավարության  և այլ թեմաների մասին Analitik.am-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ.

Պարոն Վարդանյան, օրեր առաջ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան Սիրիայից փախցրել է խոշոր ահաբեկիչներին, որոնք կարող են օգտագործվել այլ երկրներում: Նա նշել է նաև Կովկասի մասին: Որքանո՞վ մենք պետք է անհանգսատանք, եթե իրոք նման բան կա:

Իրանական կողմը շատ անգամներ է հայտարարել, որ ԱՄՆ-ն ահաբեկիչներին փորձում է ոչ միայն Սիրիայից, այլև Իրաքից տեղափոխել ավելի արևելք, մասնավորապես՝ Աֆղանստան և այնտեղից զանազան միջոցներով և մեթոդներով վերջիններիս օգտագործել Իրանի դեմ։  Այս թեմային նույնիսկ ԻԻՀ հոգևոր առաջնորդն է իր ելույթներից մեկում անդրադարձել։  Իրանական ղեկավարությունը մշտապես անահանգստացել է ահաբեկիչների ներթափանցումներից կամ ներթափանցման փորձերից և ակտիվ պայքար է մղում նրանց դեմ։ Բավական է միայն հիշել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, ճանաչված գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, որի անունն, առանց չափազանցնելու, ասոցացվում է ահաբեկչության դեմ պայքարի հետ։

Ինչ վերաբերում է Կովկասին, ապա ահաբեկչության վտանգն ամբողջ աշխարհում, այդ թվում և Կովկասում, առկա է, իզուր չէ, որ այն համարում են 21-րդ դարի չարիքներից մեկը։ Հայաստանում այդ առումով բավականին ապահով է, բայց մենք էլ ապահովագրված չենք ահաբեկչությունից և պետք է աչալրջորեն հետևել տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերին, ինչն էլ անում են մեր համապատասխան մարմինները։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք չի խորշել Հայաստանի դեմ ահաբեկիչներ օգտագործելուց: Հնարավոր է արդյո՞ք, որ Սիրիայից հեռացած ահաաբեկիչները տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին:

Շարունակելով ահաբեկիչների և ահաբեկչության թեման՝ կարող ենք նշել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն օգտագործել և ներկայումս էլ օգտագործում է ահաբեկիչներին Հայաստանի դեմ, այլև հենց Ադրբեջանի պահվածքն է ահաբեկչական։ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը հատուկ քաղաքականություն և այս համատեքստում, իհարկե, ենթադրելի է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիններիս օգտագործելու է Հայաստանի դեմ։

Բայց, իհարկե, ԻԻՀ ՊՆ հրամանատարին այս հարցը հետաքրքրում է առաջին հերթին իրենց երկրի անվտանգության տեսանկյունից, քանի որ, ինչպես վերը նշեցի, իրանական կողմը ռադիկալ պայքար է մղում բոլոր տեսակի ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների դեմ, իսկ Ադրբեջանում դրանցից, փաստորեն շատ կան։

Պարոն Վարդանյան, իսկ տարօրինակ չի արդյո՞ք, որ Իրանը և Ռուսաստանը Սիրիայի հարցում համագործակցում են Թուրքիայի հետ, եթե հաշվի առնենք այն, որ Թուրքիան ահաբեկչություն հովանավորող երկիր է:

Եթե ռուսական կողմին թողնենք մի կողմ և դիտարկենք միայն Իրանի համագործակցությունը Թուրքիաի հետ, ապա կարող ենք ասել, որ, ըստ էության, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը բացառապես «իրավիճակային համագործակցություն» է, ոչ ավել։ Դիցուք, այս հարցում երկու երկրներն ունեն համագործակցության եզրեր, որոնք, իհարկե, ինչ-որ պահի խաչվում են և բերում շահերի բախման և որտեղ էլ ավարտվում է համագործակցությունը։ Այդպես եղավ, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի  հանրաքվեի, ինչպես նաև Կատարյան ճգնաժամի դեպքերում։

Հարկ է նշել նաև, որ ինչպես Իրանը, այնպես էլ Թուրքիան, փոխադարձ հարաբերությունները կարգավորում են շատ զգուշորեն, և միմյանց հանդեպ ունեն բավականին մեծ անվստահություն ու տարածաշրջանում համարվում են մրցակից պետություններ։ Նույնիսկ Իրանի ներսում միանշանակ չեն ընդունվում Հասան Ռուհանիի վարած քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, և հակադիր ճամբարից ժամանակ առ ժամանակ հնչում են դժգոհություններ և վերջինիս քաղաքականությունը քննադատող խոսքեր։

Տեսեք, Սիրիայի հակամարտության հենց սկզբից Իրանը հայտարարեց գործող նախագահ Ասադին աջակցելու և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Թուրքիան այս երկու կարևորագույն հարցում հակառակ դիրքորոշում ունի: Սա արդյո՞ք չի խանգարում համագործակցությանը:

Ինչպես արդեն վերևը նշեցի՝ Իրան-Թուրքիա համագործակցությունը զուտ «իրավիճակային համագործակցություն» է։ Ակնհայտ է, որ Թուրքիան Սիրիայում ունի սեփական շահերը և , ինչպես բազմիցս հայտարարել է Էրդողանը, այդ շահերից չի բխում Սիրիայի նախագահ  Ասսադի՝ նախագահի պաշտոնում  մնալը։ Իսկ Իրանի պարագայում այլ է․ Իրանը սատարում է Սիրիայի կենտրոնական իշխանություններին և այս հարցում ունի իր հստակ դիրքորոշումը։

Կողմերը տարբեր մոտեցումներ ունեն նաև տարածքային ամբողջականության խնդրի վերաբերյալ։ Ճիշտ է, վերջին հանդիպման ժամանակ երեք երկրների ղեկավարներն էլ ևս մեկ անգամ ընդգծեցին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, սակայն, ըստ էության, մենք ականատես ենք լինում պարադոքսալ երևույթի, քանի որ, ինչպես գիտենք, թուրքական զինուժը, բառացիորեն զավթել է Սիրիայի հյուսիսային հատվածը և սպառնում է շարժվել Մանբիջի ուղղությամբ։  Այս հարցի վերաբերյալ իրանական կողմը հստակ շեշտել է, որ պետք է Աֆրինից դուրս բերվեն այլ երկրի զինված ուժերը և  տարածքի վերահսկողությունը հանձնվի Սիրիայի կենտրոնական իշխանություններին։ Փաստորեն, կա երկու սկզբունքային կետ, որ Իրանի և Թուրքիայի շահերը բախվում են։ Վերջին հանդիպման ընթացքում, հավանաբար, փորձ է արվել հենց այս տարատեսակ շահերն էլ համադրել, թե ինչքանով արդյունավետ կլինի այդ փորձը, ցույց կտա ժամանակը, բայց կրկնում եմ, ներկայումս պարզապես կողմերի միջև կա իրավիճակային, ժամանակավոր համագործակցություն։

Փաստորեն, Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռյակից միայն Թուրքիան է, որ ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ի անդամ խոշոր երկրների քաղաքականությունն Իրանի կողմից ոչ մեկ անգամ է քննադատվել: Հնարավոր չէ արդյո՞ք, որ Անկարան երկակի խաղ է խաղում:

Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, պարզապես, Թուրքիան կարողանում է խաղարկել Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունները և այդ խաղարկման արդյունքում տարբեր դիվիդենտներ շահել։ Անկարան իր սիրախաղը կշարունակի այնքան, ինչքան նրան թույլ կտան Արևմուտքում։ Ստիպված եմ  կրկնել՝ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը պարզապես իրավիճակային է և ոչ երբեք հեռահար ժամանակաշրջանի համար։  Այս համատեքստում՝ Թուրքիան ոչ թե երկակի խաղ է խաղում, այլ «պատեհապաշտական» քաղաքականություն է վարում՝ փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ, ինչը դեռևս ստացվում է, բայց, կարծում եմ՝ որսը հասնելու է մի կետի, երբ պարզապես հնարավոր չի լինելու համատեղել ՆԱՏՕ-ի անդամ լինելը, ռուսական С-400 տեղադրելը և Իրանի հետ համագործակցելը։ Գալու է պահը, երբ Թուրքիան ընտրության առջև է կագնելու։

Ակնհայտ է, որ սա մեծերի խաղ է: Եթե հանկարծ Թուրքիան փորձի օգտվել Ռուսաստանի մեկուսացումից և զիջումներ ստիպի Մոսկվային Արցախի հարցում, Իրանը կարո՞ղ է պաշտպանել Հայաստանի շահերը:

Նախ՝ կուզենամ նշել, որ Հայաստանի շահերը պաշտպանում է բացառապես Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, ուրիշ ոչ ոք՝ լինի դա Իրանը, Ռուսաստանը, Արևմուտքը, թե մեկ այլ ուժ։ Սա մենք հստակ պետք է ֆիքսենք, ապա նոր շարժվենք առաջ։

Այնուհետ, ինչ վերաբերում է Իրան դիրքորոշմանն այս հարցում, ապա իրանական կողմը մշտապես շեշտել է իր համար տարածաշրջանի կայունության և անվտանգության կարևորությունը։ Ինչպես նաև բազմիցս անդրադարձել են  տարածաշրջանում սահմանների  փոփոխություն ոչ ընդունելի լինելուն, այսինքն, կարող ենք ասել, Իրանը փաստացի ընդունում է ներկայիս ստատուս քվոն։

Նույն շարքից