Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքական սատիրա 

Գազպրոմյան սինդիկատի գոյատևման միակ հույսը մնացել է Ադրբեջանը. Մարտի մեջ են մտնում բանակն ու գողականները

analitik.am

Սույն թվականի մայիսի 7-ին կկայանա ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, որից հետո նա պետք է ընտրի կառավարության կազմը: Լինելով համաշխարհային գլխավոր հարցերից մեկը՝ այս ինտրիգն իր արձագանքն է գտել նաև մեր տարածաշրջանում: Արձագանք, որը սպառնում է թեժացնել իրավիճակը ֆինանսական աշխարհում, Ադրբեջանի հետ շփման գծում և նույնիսկ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների շրջանում:

Համարվում է, որ ՌԴ ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լիբերալիզմի առաջին դեմքերից մեկն է, մինչդեռ Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ավելի պահպանողական աջ թևը: Այս ճամբարների միջև հակամարտությունը սկսվել է դեռևս խրուշյովյան ժամանակներից: Որոշ փորձագետների հավաստմամբ, հենց այս երկու ճամբարների բախման պատճառով է փլուզվել Սովետական Միությունը: Փլուզումը վերագրվում է պայմանական Տրոցկիստների՝ պայմանական Ստալինիստների նկատմամբ տարած հաղթանակին: Ձախ ճամբարի Տրոցկի-Կուուսինեն-Անդրոպով շղթան զարգացման իրենց տեսլականն ավարտին հասցրեցին սկզբում Գորբաչովի, այնուհետև՝ Ելցինի շնորհիվ: «Անդրոպովյան մատրիցա» անվանումը ստացած ռազմավարության հիմքում տարատեսակ խմբավորումների ստեղծումն էր, որոնք դուրս կլինեին Սովետական վարչական ուղղահայացից և կկարողանային հարվածել համակարգի ամենախոցելի կետերին: Այդ մատրիցայում կային ինչպես մտավորականների խմբեր, այնպես էլ՝ ուլտրա ազգայնական, էթնիկ, հանցավոր խմբեր և բազմաթիվ այլ ենթամշակութային միավորումներ:

Սովետական ՊԱԿ-ը (КГБ-ն) հանրապետություններում ակտիվ աշխատում էր անջատողականների հետ՝ Գայդար-Չուբայս տեսակի տնտեսագետներին խմբավորում և ուղարկում էր՝ մասնակցելու տարատեսակ մերձեցման միջոցառումների, առանձնահատուկ ջանասիրությամբ աշխատում էր էթնիկ հանցավոր խմբերի ստեղծման վրա: Այդ ժամանակահատվածում մեծ մասամբ ապազգայնացված հանցավոր աշխարհը սկսեց ազգայնական երանգներ ստանալ, որոնցից առավել հաջողակ էին կովկասյան՝ հայերի, վրացիների, չեչենական ու դաղստանական հանցավոր խմբավորումները, որոնք սկսեցին արագ զարգանալ: Ասիայում էլ ուզբեկական հանցավոր խմբերն էին գլուխ բարձրացնում: Բանը հասավ նրան, որ 1980-ականների սկզբին հանցավոր խմբավորումները պարենային արդյունաբերության բոլոր հիմնական ճյուղերն իրենց վերահսկողության տակ էին պահում: Որոշված պահին երկրում արհեստական դեֆիցիտ սկսեց ստեղծվել: Պատրաստի արտադրանքը մնում էր պահեստներում և փտում: Տեղական իշխանություններն անզոր էին հակադրվել ուժային կառույցների հետ սերտաճած հանցավոր խմբերին: Հաջորդ քայլով հրահրվեցին էթնիկ կոնֆլիկտները՝ Արցախում, Մերձնեստրում, Աբխազիայում և Օսիայում իրավիճակն արագորեն դուրս էր գալիս կենտրոնի վերահսկողությունից՝ հաճախ հենց կենտրոնի ուժային կառույցների և բանակի ուղղակի աջակցության շնորհիվ: Երբ իրավիճակը հասավ կրիտիկական աստիճանի, հզորագույն գերտերությունը փլուզվեց:

Փլատակների վրա վերև բարձրացան լիբերալ տնտեսագետները, որոնք վերցրեցին պետական կառավարման լծակները : Մինչդեռ, փողոցներում իրավիճակի վերահսկողության գործառույթն իրականացնում էին հանցավոր խմբերը: Անջատողական շարժումները թափ էին առնում արդեն ՌԴ ներսում: Դաշնության սուբյեկտները նախագահներ էին նշանակում, իսկ Չեչնիան էլ իրեն անկախ պետություն հռչակեց: Լիբերալիզմի և ժողովրդավարության մասին հեքիաթներից հոգնած բնակչությունը սկսեց կարգ ու կանոն պահանջել: Այդ կարգ ու կանոնը պետք է հաստատեր հատուկ այդ նպատակով օլիգարխիայի կողմից ընտրված Պուտինը: Պուտինը եկավ, պառակտեց օլիգարխիան և տիրեց: Տիրելու հիմնական գրավականը լիբերալ ճյուղին երկրի երկրորդ պաշտոնը տալն էր: Այդ պաշտոնին նշանակվեց բոլորի համար ընդունելի Դմիտրի Մեդվեդևը՝ ստանձնելով տնտեսական զարգացման պատասխանատվությունը: Զարգացման տակ, բնականաբար, ենթադրվում էր ազդեցության գոտիների վերապահում:

Դաղստանական և ուզբեկական հանցավոր բուրգերի օժանդակությամբ՝ լիբերալները ստացան երկրի խոշորագույն հիմնարկը՝ Գազպրոմը, և բազմաթիվ այլ ռեսուրսներ: Մեդվեդևի աջ ձեռքն է համարվում Արկադի Դվորկովիչը, ով, լինելով հայտնի ֆինանսական դինաստիայի անդամ, իր դիրքերն ամրապնդեց՝ ամուսնանալով 90-ականների դաղստանական հանցավոր աշխարհի պարագլուխ Խանդադաշ Ռուստամովի դստեր հետ: Խանդադաշ Ռուստամովի կրտսեր գործընկերներ Սուլեյման Կերիմովը և Ախմետ Բիլալովը ստանձնեցին այդ բուրգի ապագա աճի պատասխանատվությունը՝ Դմիտրի Մեդվեդևի բարձր հովանու ներքո: Ուզբեկական հանցավոր կլանների ղեկավարներից մեկի՝ Իսկանդեր Մախմուդովի հետ միասին նրանք հաջողացրեցին կառուցել հսկայական ֆինանսա-արդյունաբերական կոնցեռն: Կոնցեռնի մաս կազմեցին խոշորագույն շինարարական, արդյունաբերական, հանքարդյունբերական, էներգետիկ և այլ ոլորտների հիմնարկներ: Ռուսաստանը շատ մեծ և շատ հարուստ երկիր է, ըստ այդմ՝ պայմանական «աջերն» ու «ձախերը» կարողացան այնպես բաժանել ազդեցության գոտիները, որ բոլորը գոհ մնան: Բոլորը գոհ էին, մինչև Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումը: Բնականաբար, հանուն ՌԴ տարածքային ամբողջականության «աջ» ճամբարը պատրաստ էր զրկանքներ կրելուն, ուստի արժանացավ Վլադիմիր Պուտինի վստահությանը, մինչդեռ, «ձախերը», ինչքան էլ փորձեցին հանդես գալ ազգայնական քողի տակ, միևնույն է՝ այդպես էլ այդ վստահությանը չարժանացան: Ակնհայտ էր, որ Ռուսաստանի մեկուսացման պարագայում տուժելու են հենց լիբերալները, որոնք՝ ի թիվս այլ գործառույթների, նաև ստանձնել էին Արևմուտքի հետ կամուրջ լինելու պատասխանատվությունը:

Կամուրջ, որը այլևս չէր գործում: Այս ամենով հանդերձ, իրական լրջագույն գաղափարական տարաձայնություններն ակնհայտ էին արդեն Մեդվեդևի նախագահության օրոք. Երբ Վրաստան զորք մտցնելն ուշացնելու պատճառով ՌԴ զինված ուժերը բազմաթիվ կորուստներ ունեցան, երբ Մեդվեդևը հրապարակավ հակաճառեց Պուտինին՝ Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի շուրջ և վերջապես, երբ Մեդվեդևն Ադրբեջանին զենք մատակարարելու այնպիսի պայմանագիր ստորագրեց, որն ակնհայտորեն խախտում էր տարածաշրջանում ուժերի բալանսը և հարվածում առաջին հերթին հենց ՌԴ շահերին: Այս ամենի արդյունքում Պուտինի ուժային բլոկը 2012-ին տեղեկատվական գրոհ սկսեց Մագոմեդով եղբայրների ուղղությամբ, որոնք հանդիսանում էին վերոհիշյալ Ախմեդ Բիլալովի պրոտեժեները և Մեդվեդևի իշխանության հիմքերից էին: Հրաժարվելով առաջադրվել նախագահի պաշտոնում՝ Մեդվեդևն ազատություն գնեց Մագոմեդով եղբայրների համար, ինչը սակայն երկար չտևեց: Իր երրորդ ժամկետի ավարտին մոտենալիս՝ Պուտինը նորից գրոհեց Դաղստանի ուղղությամբ, սակայն այս անգամ առանց ներման: Սկզբում Դաղստանի վարչական ուղղահայացը ռեպրեսիաների ենթարկվեց, փոխվեց անփոխարինելի համարվող Մախաչկալայի քաղաքապետը, այնուհետև Դաղստանի ղեկավարը: Ֆրանսիայում տարօրինակ հանգամանքներում ձերբակալվեց Իլսամ Կերիմովը: Փախուստի դիմեց Ախմեդ Բիլալովը: Չորրորդ ժամկետով ընտրվելուն պես Պուտինը հրահանգեց ձերբակալել նաև Մագոմեդով եղբայրներին: Հյուսիսային Կովկասում, գրեթե կորցնելով իրավիճակի վերահսկողության լծակները, Մեդվեդևի թիմը ստիպված է լինելու ապավինել Ադրբեջանի իշխանության աջակցությանը, որն ավանդաբար շատ մտերիմ է Դաղստանի կլաների հետ: Ադրբեջանական մամուլը ՌԴ-ում ամենահարուստը համարվող Դվորկովիչի կնոջը՝ Զումրուդ Ռուսամովային, հենց Ադրբեջանից է համարում: Վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները հուշում են, որ ռուսաստանյան լիբերալների հակագրոհը հենց մեր տարածաշրջանում է սկսելու: Ապրիլյան քառօրյա պատերազմին հետևեց պարտության քարոզը, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավումը և կառավարության հրաժարականը: Պաշտոն ստացավ հենց Գազպրոմի կադրերից մեկը՝ Կարեն Կարապետյանը, ում հանդեպ թե՛ ՊՊԾ-ն գրաված զինյալները, թե՛ արևմտյան ֆոնդերից սնվող քաղհասարակությունն ու ԶԼՄ-ները զարմանալիորեն լոյալ են: Առանձնահատուկ լոյալություն էր դրսևորում «Ազատություն» ռադիոկայանը, որը վարչապետի ու զինյալների անթաքույց գովազդից զատ, նաև հեռացնում էր Բաքվում հայերի ջարդերի մասին նյութերն իր կայքից:

Ներհայկական հակամարտությունն իր արտացոլանքն ունեցավ նաև հանցավոր աշխարհի շրջանակներում: Մամուլում լուրեր հայտնվեցին առ այն, որ զինյալների հանդեպ վերաբերմունքի հողի վրա վեճ է ծագել Մելիքյան Գևորգի (Օշականցի Գևորիկի) և Սողոյան Անդրանիկի (Լենինականցի Զապի) միջև: Վերջերս ռուսական lenta-ru-ն բավականին ծավալուն և մեծ մասամբ շահարկումներով լի մի հոդված հրապարակեց, որտեղ մեղադրում էր Սողոյան Անդրանիկին (Լենինականցի Զապ) Նադիր Սալիֆովին (Բաքվեցի Գուլիին) թիրախավորելու մեջ: Բաքվեցի Գուլին համարվում է պաշտոնական Բաքվի, այսպես կոչված, հաստիքային օրենքով գողը, որոնք առաջանում են պետության կողմից հանցավոր աշխարհում վերահսկողություն հաստատելու գործողությունների շրջանակներում: Փաստացի Lenta.ru-ն ակնարկում է, որ Լենինականցի Զապը Հայաստանի իշխանությունների հետ սերտ կապ ունի, և նա փորձում է թիրախավորել Բաքվի գլխավոր գողին: Հիշեցման կարգով նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, հենց Լենինականցի Զապն էր դեմ, որ Սասնա Ծռերի զինյալները արտոնյալ վերաբերմունք ստանան ազատազրկման վայրերում: Եվս մի հետաքրքրական փաստ՝ Lenta.ru-ն պատկանում է վերոհիշյալ դաղսատանական կլանների գործընկերոջը: Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ խոսնակը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի վրա՝ մինչ օրս հանգիստ համարվող Նախիջևանի ճակատային կողմից: Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել նաև Տավուշի մարզի ուղղությամբ՝ վնասելով մի քանի անասունի: Նույն օրը ՌԴ ԱԳՆ Լավրովը հարցազրույց տվեց, որում հանգամանալից խոսեց Կազնայան պրոցեսի տապալման և հնարավոր ապագայի մասին: Նույն օրը ռուսական Սպուտնիկ գործակալությունը հայտնեց, որ ռուսական նավատորմն Աստրախան քաղաքից տեղափոխվել է Դաղստանական Կասպիյսկ քաղաքի նավահանգիստ և ակնարկվում էր, որ սա Բաքվի համար մտորելու առիթ պետք է լինի: Դրան զուգահեռ ներհայաստանյան արևմտամետ բլոկն ակտիվացել է և խոստանում է թեժ պայքար՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ՝ չնշելով, սակայն, թե ով է իրենց նախընտրած վարչապետի թեկնածուն... Դժվար է կանխագուշակել, թե ինչ զարգացումներ կունենան իրադարձությունները, սակայն ակնհայտ է, որ վերջին երկու տարվա իրադարձությունների ինտրիգի հանգուցալուծումը մոտ է և, ըստ ամենայնի, այն կլինի այն օրը, երբ Վլադիմիր Պուտինը կհրապարակի ՌԴ կառավարության կազմը:

Հ.Գ. Ապրիլի 9-ի երեկոյան Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտարարեց, որ հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից