Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանի երդմնակալությունը, Փաշինյանի արշավը, Փոստանջյանի վիրավորանքները, Գեղամյանի սուրբ օրը. Շաբաթվա ամփոփում

analitik.am

Այս քաղաքական շաբաթը սկսվեց Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությամբ: Վերջինս դարձավ ՀՀ 4-րդ նախագահ՝ երդվելով. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ սահմանադրությանը և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել: Աստված ինձ օգնական» խոսքերով:

Այնուհետև հաջորդեց ՀՀ կառավարության հրաժարականը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին  ներկայացրեց  կառավարության հրաժարականի դիմումը:

Հաշվի առնելով այն, որ նույն օրը՝ ապրիլի 9-ին լրացավ նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, մի խումբ մարդիկ՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատ և «Մերժիր Սերժին» նախաձեռնություների  մասնակիցները ակցիա  կազմակերպեցին  Ազատության հրապարակում՝ հրաժեշտ տալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մինչ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հացադուլ սկսեց Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ  պայքարում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ, այդ ընթացքում էլ ծաղիկներ ստացավ ՍԴՀԿ կուսակցության կողմից, ովքեր ներողություն խնդրեցին, որ ուշացրել են ծաղիկները մի քանի օր (ի նկատի ունենալով կանանց միամսյակը),  արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ որոշել են  կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն՝ որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս ընթացքում ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանը հասցրեց իր ոճի մեջ վիրավորել իրեն քաղաքականություն բերած Րաֆֆի Հովհաննիսյանին՝ անվանելով նրան իշխանության հաճախորդ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին զանգահարեց Նիկոլ Փաշինյանին, ով դեռ քայլում էր դեպի Երևան՝ սկսելու համար իր կողմից խոստացված պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Մինչ Փաշինյանը քայլում էր, նրա ակցիան մեկնաբանեցին մի շարք քաղաքական գործիչներ՝ հիմնականում տալով հումորային ժանրի մեջ մեկնաբանություններ, որոնցից  կարելի է առանձնացնել Սեյրան Սարոյանի խոսքերը՝ «Ասենք, որ եկան փակին, ո՞վ ա գալու վլաստի, Նիկոլը՞, ի՞նչ ա փոխվելու: Հենա նորմալ գնում ենք առաջ էլի: Ես Նիկոլի դեմ բան չունեմ ասելու, նորմալ տղա ա, թող շուխուր անի, պիտի շուխուր էլ լինի: Հիմա որ մուզիկա լինի, թմբուկ-մմբուկ չլինի, տենց կլինի՞»:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռոստոմյանն էլ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ կապված խորհրդարանի դռները փակելու և պատգամավորներին քվեարկության մասնակցել թույլ չտալու հետ, որակեց  անօրինական: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելի անլուրջ վերաբերմունք ցույց տվեց  Նիկոլ Փաշինյանի արշավին՝  նշելով, որ քայլելն առողջարար է:

Այս թոհուբոհի մեջ Արտաշես Գեղամյանը հասցրեց սուրբ օր անվանել այն օրը, երբ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ:

Անցնող շաբաթ ԱԺ նիստերը նույնպես անցան բավականին հետաքրքիր մթնոլորտում: Մինչ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մտահոգված էր «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, նրանով, որ պետք է այն թարմացվեր՝ նշելով, որ Հայաստանը կարող էր և պետք է ավելին ստանար,  Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ վարորդների իրավունքների ոտնահարումներով և անկախ դատական համակարգ ստեղծելով,  ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թռուցիկներով արագաչափերն էր  փակում և մեկնաբանում, թե ինչու  վարտիքներով դա չի անում՝ նշելով, որ մարդիկ մնացել են անտռուսիկ:

ԱԺ-ում, սակայն, նույնպես հետաքրքիր ներկայացումներ տեղի ունեցան՝ ապրիլի 11-ին, երբ քննարկվում էին մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը  որոշեցին, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը վերջ տալուն և երազանքների Հայաստանը կերտելուն կարելի է հասնել ԱԺ-ում գունավոր հրավառություն կազմակերպելով:

Այս քայլը բավականին հումորային մեկնաբանությունների և քննադատությունների առիթ տվեց: Իրավիճակը փորձեց մեղմել և գործընկերներին ծաղրի առարկա դառնալուց փրկել Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դահլիճում կոչ անելով, որ բոլոր նրանք, ովքեր հեգնանքով են վերաբերվում, նման դրսևորումներ ցույց  չտան: Ավելի ուշ Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն եղել ՔՊ-ի այս ակցիայից, դա գործընկերային վերաբերմունք չէ, բայց նա, միևնույն է, թույլ չի տա, որ հեգնանքով արձագանքեն ՔՊ անդամների ակցիային:

Այս ընթացքում մարտի 31-ին Գյումրիից մեկնարկած «Իմքայլը» արշավի ղեկավար, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում էր քայլերթը՝ տնկելով տարբեր անուններ կրող ծառեր՝ «Երջանիկ ծառ», «Զինվորի ծառ», «Ուսանողի ծառ», «Ժողովրդավարության ծառ» և այլն:
Փաշինյանը նաև հայտարարում էր կարևոր որոշումներ կայացնելու մասին՝  նկատի ունենալով «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը և այն, որ քննարկումներ են տեղի ունեցել, և իրենք պատրաստ են Երևանում ծավալվելիք իրադարձություններին:

Փաշինյանի լուրջ որոշումները, սակայն չխանգարեցին, որ ՔՊ անդամներին ՀՀԿ-ականները հիմար անվանեին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը գունավոր հրավառությունը մեկնաբանելիս ասաց, որ դա անպարկեշտ պահվածք և հիմարություն էր:

Այս ընթացքում ԱԺ-ում մեկնարկեց  կառավարության հետ հարցուպատասխանը: Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խոսեց ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում կրած վնասների, միայն մի ուղղությամբ աշխատելու վտանգների մասին՝ ցանկանալով ստանալ կառավարությունից պատասխան այդ հարցերի հետ կապված: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այդ կոնկրետ հարցադրումներին՝ ասաց, որ վատ է, որ մեզ համար հասկանալի ԵԱՏՄ շուկայում խնդիրներ կան, սակայն դա կատաստրոֆա չէ:

ԱԺ քննարկումներին չմասնակցող Նիկոլ Փաշինյանը տնկեց հերթական ծառը՝  «Քաղաքացու ծառը»՝ հայտարարելով, որ իրենք հարթակ ենք ստեղծում քաղաքացու հաղթանակի համար, և եթե քաղաքացին ցույց տա հաղթելու ցանկություն, կհաղթի, ինչն իրենք երաշխավորում են: Անհասկանալի էր, իհարկե, թե ինչում էր այդ երաշխավորությունը դրսևորվում, ինչևէ Փաշինյանը շարունակեց քայլել դեպի Ազատության հրապարակ:

Երևան մտնելուն պես Փաշինյանը հույս հայտնեց, որ Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու և հենց հավաքվող մարդկանց թվից է կախված, թե ինչ գործողություններ կլինեն՝ փաստացի իր գործողությունների հետևանքների ու նպատակների պատասխանատվությունը դնելով մարդկանց վրա: Փաշինյանը նաև հայտարարեց, որ մինչ Ազատության հրապարակ հասնելը փողոցներ, խանութներ, շենքեր ու տարբեր բաց բաներ են փակելու: Երևան մտնելուն պես Փաշինյանին միացավ նաև Դավիթ Սանասարյանը, ով անձրևի հետ կապված հայտարարեց, որ հանվում է, որպեսզի ցույց տա, որ անձրևը թարմացնող է: Սակայն, ոչ ծառերը, ոչ հանվելը, ոչ արագաչափեր փակելը չօգնեցին, որպեսզի շատ մարդ միանա Փաշինյանին: Արդյունքում նրանք մի քանի տասնյակ մասնակիցներով շարժվեցին դեպի ԵՊՀ, որտեղ թակեցին դռները, ասացին, որ ռեկտորին կանչեն, ԱԺ պատգամավոր Փաշինյանն է եկել, սակայն ռեկտորն այդպես էլ չեկավ, արդյունքում կոտրեցին դռան բռնակը, անվտանգության աշխատակցի մատը, սնվեցին և շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Ազատության հրապարակում Փաշինյանին միացավ  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Մինչ այս ցաքուցրիվ և անհասկանալի գործողություններից բաղկացած արշավի նպատակը քաղաքացիների համար անհասկանալի էր մնում, ինչպես նաև անտրամաբանական, Փաշինյանը շարունակում էր կոչերը, հայտարարությունները, նույնիսկ Հանրային ռադիոյի դուռը կոտրեցին, մուտք գործեցին այնտեղ, ուղիղ եթեր պահանջեցին, կոչով քաղաքացիներին դիմեցին, այնուհետև նորից վերադարձան մի խումբ ցուցարարների մոտ, կարտոֆիլ խորովեցին քաղաքի կենտրոնում և այլն: Այս ընթացքում, բնական է, ՀՀԿ-ն հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Եզրահանգելու համար, թե ինչով կավարտվի այս ամենը դեռ վաղ է, բայց մի բան պարզ է, որ որպես կառուցողական ընդդիմություն այս պահին կարելի է համարել միայն Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Սա ապացուցում է նաև այն փաստը, որ չնայած Լուսավոր Հայաստան կուսակցությունը բազմիցս մանրամասն ներկայացրել է, թե ինչու չեն միացել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության արշավին, բայց միևնույն է տարբեր շահարկումներ են արվում այս թեմայով՝ փորձելով  նրանց վարկաբեկել, սակայն որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչու ԵԼՔ դաշինքի անդամ Հանրապետություն կուսակցությունը չի միացել ՔՊ-ին:  Ինչ վերաբերում է Քաղաքացիական Պայմանագրին, ապա արշավն իր ընթացքով և իր առջև դրած նպատակներով ավելի շատ հիշեցնում է ոչ թե քաղաքական պայքար, այլ քաղաքականությամբ զբաղվել փորձել դիլետանտների ժամանց:

Ի վերջո, եթե Հայաստանում գերխնդիրը օրենքի գերակայության հաստատումն է, պետք է փաստել, որ օրենքներ խախտելով փաստացի լեգիտիմ են դարձնում  անօրինականությունը՝ ինչքան էլ դրա անունը դրվի պայքար կամ ընդվզում:

Անցնող շաբաթվա կարևոր ներքաղաքական ձեռքբերումը կարելի է համարել Ազգային ժողովում միաձայն վավերացրած  «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:

 

 

Նույն շարքից