Այս օրերին բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ եղան այն մասին, որ ստեղծված քաղաքական ճգնաժամի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Ի՞նչ է սա նշանակում: Նախ պետք է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Սկսենք նրանից, որ Սահմանադրությունը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ.
Սահամանդրության 92-րդ հոդվածով սահմանվում է, որ ԱԺ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:
Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է.
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Սա նշանակում է, որ եթե մայիսի 1-ին վարչապետ չընտրվեց ԱԺ-ում, ապա այլևս ԵԼՔ-ը միայնակ չի կարող առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, պետք է կարողանա ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ միասին համաձայնության գալ և առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, սակայն նորից մնում է այն հարցը, որ ՀՀԿ-ի հետ քաղաքական համաձայնություն է պետք, քանի որ ԱԺ-ն կարձակվի միայն այն դեպքում, եթե խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն չընտրվի, իսկ ՀՀԿ-ն ունի խորհրդարանական բացարձակ մեծամասնություն:
Սահմանադրության 151-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է.
Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Սա նշանակում է, որ վարչապետ ընտրելու դեպքում ԱԺ-ն պետք է չհաստատի կառավարության ծրագիրը, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այստեղ նշենք, որ կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի վարչապետին ընտրելուց հետո 35 օրյա ժամկետում:
Սահմանադրության 151-րդ հոդվածի 4-րդ կետն էլ սահմանում է.
Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Նայում ենք Սահմանադրության 115-րդ հոդվածը, որը վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելուն.
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:
Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:
Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:
Այստեղից նույնպես պարզ է դառնում, որ փաստացի խորհրդարանական մեծամասնությունն է միայն ունակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում կայացնել, ինչպես նաև վարչապետ ընտրել:
Հաշվի առնելով վերոնշյալը, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ուլտիմատումներով խոսել խորհրդարանական մեծամասնության հետ, քանի որ փաստացի, եթե ՀՀԿ-ն իրավական հարթության մեջ հաղթում է Փաշինյանին, իսկ դա այդպես է, վերջինիս միակ զենքը հրապարակում հավաքված մարդիկ են, բայց նույնիսկ այդ դեպքում գործընթացը պետք է տեղափոխվի իրավական և քաղաքական հարթություն, քանի որ այլ տարբերակ ուղղակի չկա: Յուրաքանչյուր փորձ սահմաանդրությունից դուրս գործելու համար հիմք է արտակարգ դրություն մտցնելու համար, քանի որ դա դիտվում է սահմանադրական կարգը տապալելու փորձ: Սա նշանակում է, որ կամ պետք է քաղաքական համաձայնություն ձեռք բերվի ՀՀԿ-ի հետ կամ ՀՀԿ-ն ուղղակի սահմանադրության և օրենքների շրջանակներում իրավական որոշում կկայացնի:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նրանց կոչերը վերլուծելով, պարզ է դառնում ( հիշենք, որ բոլորն ասել են այն մասին, որ հարցը պետք է լուծվի սահմանադրության շրջանակներում), որ պետք է ՀՀԿ-ի հետ համաձայնության գալով կայացնել քաղաքական որոշում կամ ՀՀԿ-ն ուղղակի միանձնա կարող է սահմանադրության շրջանակներում ընտրել վարչապետ, ինչից էլ հենց Փաշինյանը պետք է հետևություն անի, որ ի վերջո չի կարող ուլտիմատումներով խոսել ՀՀԿ-ի հետ: