Լավ է արդյո՞ք, որ Հայաստանն ունենալու է նոր վարչապետ և այդ վարչապետը լինելու է հենց սկսված շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Այս հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, թույլ տվեք առաջ ընկնել ու ասել, որ մայիսի 8-ից մենք նոր վարչապետ ենք ունենալու ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Դա լավ է, թե՝ վատ: Լա՞վ է, որ նոր վարչապետ ենք ունենալու, ու լա՞վ է, որ հենց հեղափոխության առաջնորդն է լինելու այդ պաշտոնում:
-Անշուշտ լավ է, ու կցանկանամ, որ դա առանց ձգձգումների տեղի ունենա: Պատճառները շատ են, բայց դրանցից գոնե երկուսը, իմ կարծիքով, այս պահին առավել կարևորներն են. Մեր երկրի արտաքին ու ներքին միջավայրերի կայունությունը շատ փխրուն է, ու այն անկայունություն չտանելու համար պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը մի կողմից վայելի լայն հանրության աջակցությունը, մյուս կողմից կարևոր ուղերձ լինի, որ կառավարության լիազորությունների ու իշխանության սահուն փոխանցումն անշրջելի է:
Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը աներկբա այն առաջնորդն է, ով կարող է կայունացնել երկրի արտաքին ու ներքին միջավայրերը: Դա նաև նշան կլինի, որ թավշյա հեղափոխության կոնտրհեղափոխության փորձերը բացառված են: Նիկոլ Փաշինյանը նաև մեկ այլ առաքելություն ունի՝ ավարտին հասցնել իշխանության վերադարձը ժողովրդին:
Կառավարության լիազորությունների փոխանցումը Նիկոլ Փաշինյանին դեռևս իշխանության վերադարձ չէ: Դրա տակ ու դրա վերջին հանգրվան կամ փուլ պետք է հասկանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն ազատ, արդար, թափանցիկ ու մրրցակցային հիմքունքներով՝ թույլ տալով ձևավորել հանրության կամքն արտահայտող, լեգիտիմ Ազգային ժողով ու հիմնական կառավարություն:
Սրանք գործառույթներ են, որոնք կարող է միայն Նիկոլ Փաշինյանն իրականացնել որպես հեղափոխության առաջնորդ:
-Տեսեք, պարոն Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իր կառավարության հիմնական խնդիրը լինելու է խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը: Ի՞նչ գիտենք այդ ընտրությունների մասին, երբ են դրանք կայանալու և արդյո՞ք Փաշինյանը կհասցնի համակարգն այնպես փոխել, որ ընտրություններն անցնեն այնպես, ինչպես ինքն է ասում՝ ազատ և արդար:
-Նախորդ հարցի ներքո ես գրեթե դրա մասին խոսեցի: Նիկոլ Փաշինյանը քանիցս ու նաև վերջերս հայտարարեց, որ իր ճանապարհային քարտեզից այդ հարցը հանված չէ: Նա խոսեց երկու ամսվա մասին: Բայց ինքներդ էլ հասկանում եք, որ ոչ ոք այս պահին չի կարող ասել, թե ինչ դիպաշարով կզարգանան իրադարձությունները: Թեպետ փոքր հավանականությամբ, բայց բացառել պետք չէ նաև մայիսի 8-ին այնպիսի զարգացումները, որոնց արդյունքում ԱԺ արտահերթ ընտրություններն ավելի վաղ լինեն:
Եւ բացառված չէ նաև, որ իշխանության սահուն փոխանցման պայմանավորվածությունների շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու ներկայիս դե ֆակտո իշխանությունը այլ ժամկետների շուրջ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերեն: Մի բան հստակ է՝ Հանրապետության դե ֆակտո վիճակը պետք է դառնա դե յուրե բոլոր առումներով՝ իշխանության, ժողովրդի կամքի կատարման ու այլ:
-Պարոն Սաֆարյան, իսկ Դուք պատրաստվում եք արդյոք մասնակցել ընտրություններին: Եթե այո, ինչ թիմով:
-Ես անցած տարի մասնակցեցի խորհրդարանական ընտրություններին Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած Ազատ դեմոկրատների ու Հրանտ Բագրատյանի գլխավորած Ազատություն կուսակցության ձևավորած ցուցակով: Ինքս էլ գիտակցել էի ու հայտարարել եմ ժամանակին, որ ընդունել եմ ամենառիսկային տարբերակը՝ ինձ արած առաջարկների առումով: Ի վերջո՝ ԵԼՔ-ից ու այլ կուսակցություններից նույնպես առաջարկություններ ստացել էի, սակայն ընդունեցի այդ առաջարկը, քանի որ հռչակված ծրագիրն ամենամոտն էր իմ դավանած սկզբունքներին, արժեքներին ու երկրի տեսլականին: Ես որևէ կուսակցության անդամ չեմ բավական երկար ժամանակ: 2013թ. վերջերից իմ և իմ նախկին կուսակցության՝ Ժառանգության ճանապարհները սկսեցին հեռանալ այն պատճառով, որ ես համաձայն չէի շատ որոշումների հետ, ու նախընտրեցի լուռ իմ առանձին ճանապարհն անցնել, առանց դուռ շրխկացնելու, ասուլիսների՝ պարզապես թանկ գնահատելով մեր անցած համատեղ ճանապարհը: Ինքս որևէ քաղաքական ուժ չեմ ստեղծել և եթե անգամ առաջիկայում էլ ցանկություն լինի մասնակցել որևէ ընտրության, այս պահի դրությամբ միակ տարբերակն այն է, որ կրկին դիտարկեմ մեծ թիմի մաս կազմելու ինձ արված որևէ առաջարկ: Բայց, իհարկե, կրկին այնպիսի թիմի, որի ծրագրային դրույթները, երկրի տեսլականի վերաբերյալ նրա պատկերացումները չհակասեն իմին: Եթե անգամ բոլոր հարցերի շուրջ ու 100 տոկոս համընկնում չլինի էլ, գոնե նվազագույնի շուրջ կոնսենսուսը պարտադիր է: Խոսքը մասնավորապես վերաբերում է ազատ, իրավական, ինքնիշխան, եվրոպական մոդելի ժողովրդավարական պետության կառուցմանը՝ անկախ նրանից, այս կամ այն ուղղությամբ լիարժեք ու վերջնական ինտեգրման խնդիր դրվում է, թե՝ ոչ:
Երկրորդ կարևոր հանգամանքն ինձ համար ընտրական միջավայրի ու խաղի կանոնների արմատական փոփոխությունն է՝ ընտրական օրենսգրքի վերանայում, ԿԸՀ արմատական փոփոխություն, վարչական ռեսուրսի չարաշահման ու ընտրակաշառքի իսպառ բացառում, ծրագրային թեզերի ներկայացման հնարավորության երաշխավորվածություն…
Եթե վերոնշյալները չլինեն, թերևս իմաստ չունի հերթական անգամ նույն գետը մտնելը որևէ թիմում հրավիրյալի կարգավիճակով, մասնակցել մեծ ֆարսին, հիասթափվել ու հիասթափեցնել թիմին, ժողովրդին ու քո հետևորդներին:
-Ու վերջին հարցը, ըստ Ձեզ, մի տեսակ շուտ չհանձնվեցի՞ն Հանրապետականները: Հնարավոր է արդյո՞ք, որ նրանք չէին պատկերացնում իրավիճակը և թերագնահատում էին սկսված շարժումը:
-Իրենց փոխարեն ես լինեի, ավելի վաղ փոխանցած կլինեի կառավարության լիազորությունները: Հեղափոխության ընթացքն անկասելի է, անշրջելի: Ընդհակառակը, ՀՀԿ-ն անգամ անիմաստ ձգձգեց՝ փորձելով տարբեր անձերի միջոցով գործընթացը ետ շրջելու, կանգնեցնելու անմիտ փորձեր նախաձեռնել: Դրա արդյունքում թանկացրեց այլ դերակատարների գինը Նիկոլ Փաշինյանի համար, իսկ իրեն էլ դրեց տխուր վիճակի մեջ:
Ի վերջո, սարսափելի ոչինչ չկա: Եթե գտնում են, որ լավ քաղաքական համակարգ են կառուցել, որտեղ ընդդիմությունը իրեն լավ է զգում, ուրեմն ինչո՞ւ են վախենում ընդդիմություն դառնալուց կամ ինչո՞ւ են հապաղում… ՀՀԿ-ն նախկինում շատ էր «ափսոսանք հայտնում», թե կառուցողական, կայացած ընդդիմություն չունեն: Այժմ շանս ունեն ապացուցելու, որ իրենք այդ ընդդիմությունն են կամ կարող են օրինակ ծառայել, թե ինչպես կայացնել այդպիսի ընդդիմություն: