Այսօր կինեմատոգրաֆում դժվար է տալ մի ռեժիսորի անուն, որը հայտնի լինի շատ մեծ թվով հանդիսատեսների: Ուր մնաց թե նրան ճանաչեն դեմքով: Կարեն Շահնազարովը բացառություն է և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքում: Դժվար է չնկատել նրա արտաքինը. բարձր հասակ, ալեհեր գլուխ և մի ինչ-որ արիստոկրատական վեհանձնություն: Նա շատ հաջողակ ռեժիսոր է: Պարզվում է` նաև հաջող ղեկավար է: 46 տարեկանում դառնալով Եվրոպայում ամենախոշոր կինոստուդիայի` «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրենը` Շահնազարովն այն տառացիորեն վերականգնեց ավերակներից:
Կարեն Շահնազարովը ծնվել է 1952թ. հուլիսի 8-ին, Կրասնոդարում: Հայրը` Գեորգի Խոսրոյի Շահնազարովը, ղարաբաղցի է: Երկար տարիներ աշխատել է ԽՄԿԿ ԿԿ միջազգային բաժնում: Կարենի հորենական պապը, խորհրդային իշխանությունների հետ խնդիր չունենալու պատճառով, իր ազնվականական ազգանունը` Մելիք-Շահնազարյան, փոխեց ավելի ընդունելի` Շահնազարով տարբերակով: Մինչև հեղափոխությունը նա աշխատել է Լյուդվիգ Նոբելի մոտ, որը եղբայրների հետ միասին Բաքվում հիմնել է նավթարդյունաբերական ձեռնարկություն: Հայտնի փիլիսոփա Պավել Ֆլորենսկու տոհմաբանությունը խաչվում է Մելիք-Շահնազարյանների ճյուղի հետ: Ֆլորենսկու մայրը Ղարաբաղի հայ էր և ընդհանուր արմատներ ուներ Կարենի հորենական գծով նախատատի հետ, որը պատկանում էր Փիրումովների հայտնի գերդաստանին: Նա Սարդարապատի ճակատամարտում թուրքերին ջախջախած ցարական գեներալ Դանիել Բեկ-Փիրումովի քույրն էր: Հոր գերդաստանում եղել են Նապոլեոնի զինակիցներ: Կարենի նախնիներից մեկն էլ ծառայության մեջ է եղել Ալեքսանդր II-ի մոտ: Մեկն էլ, Թեհրանում ռուսական դեսպանատան աշխատակից լինելով, սպանվել է Գրիբոյեդովի հետ: Ռեժիսորի մայրը` Աննա Գրիգորևնան, ավարտել է ԳԻՏԻՍ-ի թատերագիտական բաժինը: Կարեն Շահնազարովը երեք երեխաների` Աննայի, Իվանի և Վասիլիի հայրն է: Նրանք արդեն 18, 10 և 7 տարեկան են:
Մանուկ հասակում ապագա կինոռեժիսորը շատ էր սիրում նկարել և նույնիսկ ցանկանում էր ընդունվել ՎԳԻԿ-ի գեղարվեստի ֆակուլտետը: Բայց քանի որ միջնակարգ մասնագիտական կրթություն չուներ և ընդունվել չէր կարող, առանց երկար մտածելու ընդունվեց ռեժիսորական ֆակուլտետ` Իգոր Տալանկինի վարպետական դասարան: Որպես ռեժիսոր կայանալու դասական ճանապարհ է անցել. ռեժիսորի ասիստենտ, բեմադրող ռեժիսոր, «Ստարտ» ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար, որը հետո վերանվանվեց «Ցրիչ» («Курьер») ստուդիայի: 1998-ից «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրենն ու վարչության նախագահն է: Ինքնուրույն ֆիլմեր սկսել է նկարահանել շատ վաղ տարիքից, բայց նրան իբրև խելացի ու տաղանդավոր ռեժիսորի հռչակ բերած կինոնկարը դարձավ «Մենք ջազից ենք» ֆիլմը (1983): Կինոնկարում գլխավորը, իհարկե, ջազն է: Բայց այն նման չէ երկրում նկարահանված բազմաթիվ երաժշտական ֆիլմերից և ոչ մեկին: Ոճով այն շատ նման է հին ու բոլորի կողմից շատ սիրելի «Ուրախ տղաներին»: Հնարավոր է` այդ զգացողությունն առաջանում է հեղինակների ընտրած «ռետրո» ոճի կամ Լեոնիդ Ուտյոսովի երգերի, կամ էլ այն պատճառով, որ գործողությունը տեղի է ունենում 1920-ական թթ., Օդեսայի փողոցներում: Ֆիլմում շատ են խիստ ծիծաղելի իրավիճակները: Այն արժանացել է Երաժշտական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին (1984թ., Գրենոբլ, Ֆրանսիա): 1985թ. ԽՍՀՄ¬ում լավագույն երաժշտական ֆիլմ է համարվել Շահնազարովի հաջորդ` «Ձմռան գիշեր Գագրայում» կինոնկարը: Ֆիլմը պատմում է երբեմնի հանրահայտ դոփապարողի` հեռավոր 50-ականների հասարակության կուռքի, իսկ այսօր` էստրադային պարային անսամբլի համեստ ռեպետիտորի, տարեց ու միայնակ մարդու ոչ այնքան երջանիկ ճակատագրի մասին: Շատ վաղուց նա բաժանվել է կնոջից, իրենից հեռու է մեծացել դուստրը, որն իր հայրն է համարում բոլորովին այլ մարդու: Երկար ժամանակ երբեմնի փառքի ու արվեստի մասին միակ հիշատակությունները խնամքով պահվող հայտագրերն էին: Բայց մի անգամ երջանիկ մի դիպված կտրուկ փոխում է ամեն ինչ նրա կյանքում, և պարզվում է` նրա արվեստը կարող է ուրախություն պարգևել և՛ մեր օրերում, և՛ որ այն չի ծերացել: «Ձմռան գիշեր Գագրայում» կինոնկարը մարդկային արժանապատվության ու արտիստականության հավաստիացումն է նաև: Այն հարուստ է երաժշտական բազում հոյակապ համարներով, դերասանական կազմն անկրկնելի է:
Շահնազարովի հաջորդ ֆիլմը` «Ցրիչը» (1986), բարքերի կատակերգություն է: «Ցրիչը» սյուժետային գիծ չունի: Դա տարբեր իրավիճակների միահյուսում է, որոնցում հայտնվում է կինոնկարի 18-ամյա հերոսը` Իվանը: Ֆիլմի վերնագիրը միայն հերոսի մասնագիտությունը չի նշում: Այս պատմության մեջ ցրիչը նաև պատանի սերնդի սուրհանդակն է` առաքված մեծերի` «հայերի» աշխարհ: Կինոնկարում Իվանին է վստահված փոխհարաբերություններ հաստատել ու դրանք բացահայտել զավակների ու հայրերի միջև. իր տանը, աշխատանքում և անծանոթ ընտանիքում, ուր նրան նետում է ցրիչի ճակատագիրը: Ֆիլմի ողջ ընթացքը հիշեցնում է, որ առկա է ու հրատապ «հայրերի ու որդիների» հավերժական հիմնախնդիրը, որը, սակայն, պարզապես ջնջվել էր կյանքից, համարվել ընդհանրապես գոյություն չունեցող կամ, եթե գոյություն էլ ունի, ապա ամենևին էլ էական չէ: Ֆիլմը մեծերի, ինքնուրույն կյանքի ձգտող երիտասարդների մասին է: Ի՞նչ են ուզում նրանք, ի՞նչ են սպասում նրանցից, ինչին են հավատում. ահա ֆիլմի առաջադրած գլխավոր հարցերը: Կարեն Շահնազարովին հուզում է ժամանակակից ամենասուր վեճերից մեկը` պատանի ժամանակակցի, նրա սոցիալական ու բարոյական կերպարի հարցը: Եվ նա դրան ինքնատիպ լուծում է տալիս. չի դրամատիկացնում իրավիճակը, երբեմն նույնիսկ բաց է անում դրա կատակերգականությունն ու անհեթեթությունը: Մի խոսքով, «Ցրիչը» շատ ուրախ ֆիլմ է:
Ռեժիսորի հաջորդ ֆիլմը նախորդներից տարբերվում է թե՛ ժանրով, թե՛ նյութով: Սյուժետային գիծը կրկին բացակայում է: Իրար են հաջորդում միմյանց հետ գրեթե չկապված իրավիճակներ, որոնցում հայտնվում է մի ինչ¬որ ցնորական Զրո քաղաք գործուղված ինժեները: «Զրո քաղաքը» կինոնկարում (1989) Շահնազարովին հաջողվում է պահպանվել ամենաէական հատկությունը` շատ լուրջ բաների մասին խոսել հումորով ու հնարամտությամբ: Հերոսն անսպասելիորեն վկան ու մասնակիցն է դառնում մի շարք իրադարձությունների, որոնք արտաքնապես սովորական են թվում, բայց իրականում անհեթեթ ու աբսուրդ են: Ֆիլմը սատիրական ոճով բաց է անում կենսական մի քանի երևույթների այլանդակությունը, մարդկային շատ փոխհարաբերությունների անբնականությունը, որոնք մենք, ցավոք, սովորական ենք ընդունում, ասես այդպես էլ պետք է լիներ:
«Արքայասպանը» ֆիլմի (1991) գործողությունը տեղի է ունենում երկու ժամանակային կտրվածքում. քսանամյա վաղեմության իրադարձությունների մասին է պատմում հոգեկան հիվանդանոցի հնաբնակը, որը պնդում է, որ «ականատեսն» է եղել Եկատերինբուրգում 1918թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Նիկոլայ ցարի գնդակահարությանը` կնոջ, աղջիկների ու հիվանդ տղայի հետ:
«Ամերիկացի աղջիկը» ֆիլմը (1995) մի մարդու պատմություն է, որի կինը մեկնել է Ամերիկա և իր հետ տարել աղջկան` առանց նրանից բաժանվելու և անգամ դրա մասին նրան հայտնելու: Մի քանի տարի անց կինոնկարի հերոսը մեկնում է Ամերիկա և գտնում դստերը, որը, չցանկանալով բաժանվել հորից, փախչում է մորից: Ոստիկանությունից փախուստ տվող և սկզբում նույնիսկ միմյանց հետ հաղորդակցվել չկարողացող (աղջիկը միայն անգլերեն գիտի, հայրը` ռուսերեն) հոր և դստեր արկածներն էլ կազմում են ֆիլմի սյուժետային գիծը: Կինոնկարը սենտիմենտալ մելոդրամա է` կատակերգական տարրերով:
«Երազներ» կինոնկարը (1993) կոմեդիայի, ֆանտաստիկայի ու գրոտեսկի խառնուրդ է... Մինչհեղափոխական Ռուսաստանի ու հետխորհրդային Ռուսաստանի միջև խորհրդավոր կապ է ստեղծվում: Երիտասարդ կոմսուհին ու ճաշարանում աշխատող աման լվացողը նույն երազն են տեսնում. նրանք երկուսն էլ հայտնվում են վերացական երկրում. հանդիսատեսն անմիջապես գլխի է ընկնում, որ դա Խորհրդային Միությունն է: Համաշխարհային թունավորողների մասին է Շահնազարովի «Թույներ կամ թունավորումների համաշխարհային պատմությունը» (2001) ֆիլմը: Կինոնկարի հերոսը նույն սեղանի շուրջ է գտնվում մեծ թունավորողների հետ միասին. Ներոն, Կալիգուլա, Մարիա Մեդիչի, պարսկական թագուհի Փարիսադ և Հռոմի պապ Ալեքսանդր VI:
«Մահ անունով հեծյալը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում, դարասկզբին: Ահաբեկչական «Մարտական կազմակերպության» անդամները արյունալի ահաբեկչական գործողություններ են իրականացնում` վերացնելով պետության բարձրաստիճան պաշտոնյաներին: Կազմակերպությունը մտադիր է սպանել Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչին: Ահաբեկիչները հանցանքի են դիմում տարբեր պատճառներով: Մեկը` վրեժխնդրությունից դրդված, մյուսը` հանուն մերձավորի սիրո, երրորդը` լուսավոր ապագային հավատալով: Սակայն ահաբեկչական գործողությունները ձախողվում են մեկը մյուսի հետևից, ընդ որում` մեռնում են դրանց բոլոր կազմակերպիչները:
Մեծ իշխանի սպանությունը կյանքի նպատակ է դառնում «Մարտական կազմակերպության» ողջ մնացած ղեկավարի համար, որը պատրաստ է ամեն ինչի` միայն թե իրագործի այդ հանցագործությունը: Կարեն Շահնազարովի վերջին` «Անհետացած կայսրությունը» (2008) ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է Մոսկվա, անցյալ հարյուրամյակի 70-ական թվականներ: Սյուժեի կենտրոնում դասական եռանկյունին է` երկու տղա և մեկ աղջիկ: Նրանք սովորում են նույն ինստիտուտում և չեն էլ կասկածում, որ երկիրը, որտեղ ապրում են, շուտով կդադարի գոյություն ունենալ: Սիրային պատմությանը զուգահեռ ֆիլմում զարգանում է մեկ այլ պատմություն: Այն ներկայացնում է մի ողջ սերնդի մեծանալու պատմությունը, սերունդ, որն անցնում է սովորական ներքին ընդդիմությունից պետական կարգ փոխելու ճանապարհը: Կարեն Շահնազարովի գրեթե բոլոր կինոնկարները պարգևների են արժանացել միջազգային կինոփառատոներում:
Կարեն Շահնազարովն, իհարկե, հայ է: Բայց այդ մասին խոսել, նա, ինչպես երևում է, չի սիրում: Բազմաթիվ հարցազրույցներում ինձ չի հաջողվել նրանից իր ազգության հետ կապված որևէ խոսք կորզել: Բայց ահա թե ինչ է պատասխանել «Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը» հարցին: «Հայրենիքն ինձ համար այն լեզուն և այն մշակույթն է, որի մեջ ես գտնվում եմ: Եվ քանի որ ես գտնվում եմ ռուսերեն լեզվի և ռուսական մշակույթի աշխարհում, ապա հայրենիքն ինձ համար Ռուսաստանն է: Ես կարծում եմ, որ ազգությունը անգամ մարդու ցանկությամբ չի որոշվում, այլ լեզվով, որովհետև այն իր կնիքն է թողնում մարդու աշխարհայացքի և արժեհամակարգի վրա: Լեզվի մեջ է կենտրոնացված, թե ինչ է հայրենիքը»: Ամեն ինչ ասված է: