Հասարակություն 

Կնոջ կերպարը մեդիայում

Խոսքի և տեղեկատվության ազատությունը համարվում է հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական նախապայման: Այս ազատությյունները   կարևոր տեղ ունեն մարդու իրավունքների համակարգում, քանի որ տեղեկացված չլինելու պարագայում անհատը չի կարողանա իրականացնել իր մնացած իրավունքները: Այս կամ այն հասարակության ժողովրդավարության մակարդակի   մասին կարելի է դատել ըստ այն չափանիշի, թե որքանով են այդ հասարակության մեջ օրենսդրորեն ապահովված ու կարգավորված խոսքի, տեղեկատվության և լրատվամիջոցների ազատությունները: 

Հայաստանի Հանրապետությունում կան լրատվամիջոցներ, որոնք արագ և լիարժեք, շատ հաճախ նաև՝ ոչ ճիշտ տեղեկատվություն են մատուցում հասարակությանը` կյանքի տարբեր բնագավառների վերաբերյալ:  Իսկ ինչպիսի՞ կնոջ կերպար են ձևավորում լրատվամիջոցները հասարակական կարծիքի մեջ, մեր երկրում որքանո՞վ են լրատվամիջոցների կողմից լուսաբանվում գենդերային անհավասարության ու  բռնության խնդիրները, ո՞ր լրատվամիջոցներն են ավելի շատ անդրադառնում հիշատակված խնդրներին և ի՞նչ մակարդակով են քննարկում դրանք կամ ի՞նչ քայլեր են ձեռնարկում կամ ի՞նչ միջոցներ են առաջարկում այդ խնդիրների լուծման նպատակով լրատվամիջոցները:

Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի հայաստանյան գրասենյակի (CRRC – Armenia ) կատարած՝ «Հայաստանի ԶԼՄ-ի մասին 2011 թ. հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության» համաձայն՝ հայաստանցիների 81%-ն ամեն օր հեռուստացույցի առջև միջինը երեք ժամ է անցկացնում։ 33%-ի համար հեռուստատեսությունը ժամանցի հիմնական միջոցն է, որը օրական 7-12 ժամ է խլում։ Հայկական սերիալներ դիտում է Հայաստանի բնակչության 80%-ը։ Հեռուստաընկերությունները չեն հապաղում հեռուստադիտողին «ուրախացնել» նորանոր օճառային օպերաներով։ Ամեն հերթական սերիալ նախորդից ավելի շատ դաժան տեսարաններ, հայհոյախառը բառապաշար ու բռնություն է պարունակում։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի վերլուծության համաձայն՝ հայկական սերիալներում կանանց նկատմամբ բռնության, լացի ու ընկճվածության տեսարանները կազմում են 60%:  Նույն պատկերը արտացոլվում է նաև իրականության մեջ։ Հայաստանի կանանց 52%-ը գոնե մեկ անգամ բռնության որևէ տեսակի է ենթարկվել։ Ըստ հիշյալ Հկ-ի անցկացրած «Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» սոցիոլոգիական հարցման տվյալների՝ հայ տղամարդկանց 55%-ը կարծում է, որ կինն է մեղավոր, եթե տղամարդը նրա վրա ձեռք է բարձրացնում:

 Կանանց նկատմամբ մեդիայով «խրախուսվող» բռնությունը միակ խնդիրը չէ։ Լրատվամիջոցներն ամեն օր մարդկանց ներշնչում են, որ կնոջ արժեքն ուղիղ համեմատական է նրա տեսքին ու սեքսուալությանը:  Երգիչներին շրջապատում են կիսամերկ աղջիկներ, երգչուհիներն էլ իրենց երգը հանրահայտ դարձնելու համար էրոտիկ տարրեր պարունակող հոլովակներ են նկարահանում։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ հասարակության մեջ և տնտեսական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների ոլորտում առկա անհավասաարությունը հիմնականում պայմանավորված է ոչ միայն մշակութային ավանդույթներով ու սոցիալ-տնտեսական իրավիճակով, այլև իրականացվող քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի, գենդերային գաղափարախոսության՝ հետևաբար նաև ողջ հասարակության մեջ գենդերային մտածելակերպի բացակայությամբ: Կարելի է փաստել նաև, որ հայաստանյան մամուլը քիչ է անդրադառնում մեր իրականության մեջ առկա գենդերային հիմնահարցերին: Լրատվամիջոցների զգայուն քաղաքականությունն նպաստում է նրան, որխեսզի կինը  հասարակության կողմից ընկալվի որպես թուլ ու որէ լուրջ աշխատանք անելու անընդունակ էակ, որն անընդունակ են իրականցնել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն:    


Վարդուհի Երանոսյան

 

 

 

Նույն շարքից